Armenian ARMSCII Armenian
Պ-085-09.11.2021,13.01.2022-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի 2-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով՝

«5) զինծառայողի հետ գրանցված ամուսնության մեջ չգտնվող եւ համատեղ զավակ ունեցող անձը: Զինծառայողից ամուսնալուծված, սակայն համատեղ զավակ ունեցող անձը չի համարվում շահառու:».

2) լրացնել նոր 3.1.-ին մասով.

«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերում նշված շահառուների բացակայության պարագայում շահառու են համարվում նաեւ զինծառայողի՝

1) եղբայրը.

2) քույրը.

3) պապը.

4) տատը:»:

3) լրացնել նոր 3.2.-րդ մասով.

«3.2. Եթե զինծառայողը գտնվել է փաստական ամուսնության մեջ, սակայն չի ունեցել ամուսնության պետական գրանցում, ապա այն անձը, ում հետ զինծառայողը գտնվել է փաստական ամուսնական հարաբերության մեջ, համատեղ ամուսնական կենցաղ վարելու փաստը հավաստելու մասին տեղեկություններ է ներկայացնում Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ եւ վերջինիս կողմից հաստատվելու պարագայում համարվում է սույն հոդվածի 3-րդ մասի շահառու: Սույն կետի իմաստով տեղեկություններ կարող են հանդիսանալ համատեղ կյանքի լուսանկարները, կենսաբանական երեխաների առկայությունը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից տրված պսակադրության վկայականը, հարազատների, բարեկամների եւ հարեւանների գրավոր հավաստումները, եւ այլ ապացույցներ:»:

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մաս՝

«4.1. Սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում նշված շահառուների բացակայության դեպքում շահառու են համարվում նաեւ զինծառայողի եղբայրը եւ քույրը, եթե տվյալ զինծառայողների մասով նախկինում որեւէ այլ շահառու գումար չի ստացել:».

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մաս՝

«7. Սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի իմաստով շահառուների բացակայություն է համարվում համապատասխան շահառուի ֆիզիկապես գոյություն չունենալը՝ ներառյալ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված կամ ծնողական իրավունքներից զրկված լինելը կամ համապատասխան կարգավիճակ չունենալը:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի 1-ին կետում եւ 5-րդ մասում «3-րդ եւ 4-րդ» բառերը փոխարինել «3-րդ կամ 4-րդ կամ 4.1-ին» բառերով.

2) 4-րդ մասում «3-րդ եւ 4-րդ» բառերը փոխարինել «3-րդ, 4-րդ եւ 4.1-ին» բառերով:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եվ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած հատուցման դեպքերի վրա:

3. Սույն օրենքից բխող այլ նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները եւ լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ