Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4231-23.12.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


ՀՈԴՎԱԾ 1. «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ – 94 օրենքի /այսուհետ` օրենք/ 9-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր «է» կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«է) «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, այդ թվում` տրանսպորտի տեխնիկական սպասարկման եւ նորոգման, արարողակարգային ծախսերի, այդ թվում` պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նպատակով միջոցառումների սպասարկման համար օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում պետության կողմից անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման մասին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հիմնավորում
««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ


«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն` անվտանգության ապահովման նպատակով պետական պահպանություն է տրամադրվում ՀՀ Նախագահին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին: Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական քաղաքական, կրոնական եւ այլ գործիչներին, ինչպես նաեւ այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել ՀՀ Նախագահի սահմանած կարգով եւ ժամկետներում:

Հիշյալ իրավական նորմի դրույթներից բխում է, որ նշված անձանց անվտանգության լիարժեք ապահովման նպատակով անհրաժեշտ է նաեւ խիստ հսկողություն սահմանել եւ գաղտնիության պայմաններում իրականացնել նրանց սննդի ձեռքբերման, կեցության եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի հետ կապված գործառնությունները: Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել «Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություն` նախատեսելով, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասով սահմանված հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի իրականացման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները նույնպես ներառվելու են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանում` համապատասխան լրացում կատարելով նաեւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում: