Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-428-28.12.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 93-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1 մասով`

«1.1 Նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով մեկ միլիարդ դրամից ավել շրջանառություն ունեցող Ընկերությունում Ընկերության աուդիտն իրականացնող անձը կամ վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործարքի կնքման որոշումն ընդունելուց հետո` մինչեւ պայմանագրի կնքումը, տալիս է եզրակացություն գործարքի` սույն օրենքի պահանջներին, ինչպես նաեւ շուկայական արժեքին համապատասխանության վերաբերյալ:»:

Հոդված 2. Օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1 մասով`

«1.1. Ընկերությունը պարտավոր է շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործարք կնքելու մասին որոշումը կայացնելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում գործարքի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակել www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը

Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների շարունակականության ապահովմամբ` Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» դասիչի բաղադրիչների ուղղությամբ, որն ամրագրված է ՀՀ կառավարության 07.03.2013թ. «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» թիվ 240-Ա որոշման 8.1 կետում:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Գործարար միջավայրի վերլուծությունները ցույց են տալիս, որ երկրների օրենսդրական բացթողումներն ընկերությունների սեփականատերերին եւ տնօրեններին թույլ են տալիս կատարել այնպիսի գործարքներ, որոնք օրինական են, չեն պարունակում կեղծիք կամ խաբեություն, սակայն, դրանք, այնուամենայնիվ, վնասում են ընկերության կառավարման գործում որոշիչ ձայնի իրավունք չունեցող բաժնետերերի շահերը: Ներկայումս, գործող օրենքը չի պահանջում մեկ միլիարդ դրամից ավել շրջանառություն ունեցող Ընկերությունում շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործարքներ կնքելու մասին Ընկերության աուդիտն իրականացնող անձի կամ վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) կողմից նախնական եզրակացության տրամադրում, գործարքի հրապարակայնություն եւ թափանցիկություն:

3. Իրականացվող քաղաքականություն

Ներդրումների խթանման եւ ներդրողների շահերի պաշտպանության նպատակով անհրաժեշտություն է առաջացել ապահովել փոխկապակցվածության եւ շահագրգռվածության առկայությամբ կնքվող գործարքների թափանցիկությունը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագիծը նպատակ ունի կատարելագործել շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործարքների բացահայտման մեխանիզմները, բարձրացնել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանվածության մակարդակը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումային եւ գործարար բարենպաստ միջավայրի ձեւավորում: Այս առաջարկությունների իրականացման արդյունքում ընկերություններն ավելի գրավիչ կդառնան փոքր, բայց բազմաթիվ ներդրողների համար, ավելի կաշխուժանա արժեթղթերի շուկան, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգչում «Ներդրողների պաշտպանվածություն» ցուցիչի բացահայտման ցուցանիշը կբարելավվի 3 միավորով:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Սույն օրենքի նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները: