Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-203-21.03.2022-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին տրամադրվող արտոնությունների տեսակները եւ տրամադրման կարգը:

Հոդված 2. Սույն օրենքի նպատակաը

Սույն օրենքի նպատակն է ապահովել սահմանային գոտու բնակավայրերի՝ տնտեսական, սոցիալական խնդիրների լուծման նկատմամբ համակարգված մոտեցումը:

Հոդված 3. Օրենքի խնդիրները

1. Սույն օրենքի խնդիրներն են՝

1) տարբերակված մոտեցումը՝ Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի նկատմամբ՝ ըստ վերջիններիս ռազմավարական կարեւոր նշանակության.

2) սահմանային գոտու բնակավայրերի՝ տնտեսական, սոցիալական խնդիրների լուծման նկատմամբ համակարգված մոտեցումը, այդ նպատակադրմամբ՝ սահմանային գոտու բնակավայրերի արտադրական ներուժի մակարդակի բարձրացումը, բնակչության արտահոսքի կանխարգելումը, լքված ու սակավ բնակեցված բնակավայրերի վերաբնակեցումը:

Գ Լ ՈՒ Խ  II

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 4. Վարկերի սուբսիդավորումը

Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորում՝ ոչ պակաս քան 20 %-ի չափով:

Հոդված 5. Ինքնապաշտպանության նպատակով զենքի տրամադրումը

Հայաստանի Հանրապետությունում մարտական գործողություններով պայմանավորված արտակարգ կամ ռազմական դրության իրավական ռեժիմ հայտարարելու դեպքում սահմանային գոտու բնակիչներին ինքնապաշտպանության նպատակով տրամադրվում է կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ տեսակի զենք:

Հոդված 6. Մարտական գործողությունների եւ տարերային աղետների արդյունքում տուժած ընտանիքներին միանվագ նպաստի տրամադրումը

Մարտական գործողությունների եւ տարերային աղետների հետեւանքով շարքից դուրս եկած կամ խիստ վնասված ենթակառուցվածքների (բնակարանային ֆոնդ, շինություններ, ճանապարհներ, խմելու ջրագծեր, առողջապահական, կրթական, կուլտուր-կենցաղային օջախներ, ոռոգման ցանցեր եւ կոյուղագծեր) համար կառավարության որոշմամբ սահմանված կարգով ենթակառուցվածքների սեփականատերերին տրամադրվում է միանվագ դրամական օգնություն:

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Հոդված 7. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված որոշումը կառավարությունն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները: Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի՝ սահմանային գոտին այն տարածքն է, որը Հայաստանի Հանրապետության պետական սահմանագծից ծավալվում է դեպի Հայաստանի Հանրապետության տարածքի խորքը՝ մինչեւ հինգ կիլոմետր լայնությամբ:

Սահմանային շերտը սահմանային գոտու մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին՝ մինչեւ մեկ կիլոմետր լայնությամբ: Սույն հոդվածին համապատասխան, սահմանային գոտու եւ սահմանային շերտի սահմաններն ըստ տեղանքի որոշում եւ փոփոխում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սահմանային գոտին ձգվում է 9 մարզերի տարածքով՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի:

Սահմանի երկարությունը 1431 կմ է, որից Ադրբեջանի հետ՝ 893. 6 (որից Նախիջեւանի հետ՝ 190,7), Թուրքիայի հետ՝ 289, Վրաստանի հետ՝ 211, Իրանի հետ՝ 37 կմ:

Սահմանամերձ շերտը կազմում է 1431. 0 քառ. կմ տարածք, իսկ սահմանային գոտին՝ 7155. 0 քառ. կմ կամ ՀՀ տարածքի 24.0 %-ը:

Սահմանային գոտում է գտնվում 9 քաղաքային եւ 173 գյուղական համայնք (200 բնակավայր, հանրապետության գյուղական բնակավայրերի թվի 20. 7 %), իսկ սահմանային շերտում է գտնվում 4 քաղաքային եւ 59 գյուղական համայնք:

Ադրբեջանի Հանրապետության կողմից Սյունքիքի մարզում սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունքում սահմանամերձ տարածաշրջաններում առաջացել են հետեւյալ հիմնախնդիրները

- տնտեսական ներուժի անկումը,

- ֆինանսական միջոցների բացակայությունը կամ սակավությունը,

- մարտական գործողությունների եւ տարերային աղետների հետեւանքով շարքից դուրս եկած կամ խիստ վնասված ենթակառուցվածքները (բնակարանային ֆոնդ, շինություններ, ճանապարհներ, խմելու ջրագծեր, առողջապահական, կրթական, կուլտուր-կենցաղային օջախներ, ոռոգման ցանցեր եւ կոյուղագծեր),

-կյանքի անվտանգության երաշխիքների բացակայությունը,

- բնակչության թվի զգալի նվազումը,

- երիտասարդության արտահոսքն ու ծնելիության մակարդակի անկումը,

- բեռնափոխադրումների հեռահարությունը, բարձր սակագները,

- մատակարար-գնորդ ենթակառուցվածքների անարդյունավետությունը:

Սահմանային գոտու բնակավայրերին (համայնքներին) սույն օրենքի նախագով արտոնություններ տրամադրելու հիմնական նպատակն է.

1) տարբերակված մոտեցումը՝ Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) նկատմամբ՝ ըստ վերջիններիս ռազմավարական կարեւոր նշանակության.

2) սահմանամերձ համայնքների (բնակավայրերի)՝ տնտեսական, սոցիալական խնդիրների լուծման նկատմամբ համակարգված մոտեցումը, այդ նպատակադրմամբ՝ սահմանային գոտու, համայնքների (բնակավայրերի) արտադրական ներուժի մակարդակի բարձրացումը, պահպանումը, գործարար ակտիվության բարձրացման, ներդրումների ներգրավման եւ տնտեսական աշխուժացման համար բարենպաստ պայմանների ձեւավորումը, բնակչության արտահոսքի կանխարգելումը, լքված ու սակավ բնակեցված բնակավայրերի վերաբնակեցումը:

Սահմանամերձ բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետության բարձրացման, այդ թվում՝ նվազագույն շահութաբերության ապահովման նպատակով, անհրաժեշտ է, ի թիվս այլ արտոնությունների՝ էապես բարձրացնել գյուղացիական վարկերի սուբսիդավորման ծավալները ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Առաջարկվող օրենքի նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման տոկոսադրույքի չափը՝ ոչ պակաս քան 10 տոկոսի չափով, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղական համայնքներում գյուղատնտեսության համար առաջնահերթ համարվող ոլորտներում զբաղված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության ապահովման համար:
 

Գրություն