Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-205-22.03.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի 14-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելն եւ դրա կարգը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնումն իրականացվում է սույն հոդվածով սահմանված կարգով եւ դիմումը լիազոր մարմնի կողմից ստանալուց հետո մեկամսյա ժամկետում:

2. Անկախ այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու հանգամանքից՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած անձի քաղաքացիությունն, իր դիմումի համաձայն, կարող է վերականգնվել, եթե բացակայում են սույն օրենքի 13 հոդվածի յոթերորդ մասով սահմանված հիմքերը, եւ եթե նրա քաղաքացիությունը չի դադարեցվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով:

3. Սույն հոդվածով սահմանված դեպքերում ՀՀ քաղաքացիությունը վերականգնելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

4.  Ստացված դիմումը ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում պետք է  ուղարկվի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն՝ քսանօրյա ժամկետում եզրակացության տրամադրման նպատակով:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության եզրակացությունն ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելու կամ քաղաքացիության վերականգնումը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունում է՝ դիմողի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները:

Ընդ որում՝ քաղաքացիությունը վերականգնելու վերաբերյալ դիմումը չի կարող մերժվել, եթե դիմողի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրվել է դրական եզրակացություն:»

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Առկա իրավիճակը

 ՀՀ քաղաքացիության վերականգնումը ՀՀ քաղաքացիություն ձեռքբերելու եղանակներից մեկն է: Սա այն դեպքն է, երբ անձը ունենալով ՀՀ քաղաքացիություն, դադարեցրել եւ կամ ստացել է այլ պետության քաղաքացիություն կամ մերժվել է այլ պետության քաղաքացիություն տրամադրումը:

Իրավակիրառ պրակտիկայում շատ են դեպքերը, երբ անձինք կրկին ցանկանում են վերականգնել ՀՀ քաղաքացիությունը, սակայն իմանալով, որ անցնելու են նույն պրոցեսով, ինչ ՀՀ քաղաքացիություն առաջին անգամ ստացողները, չեն դիմում այդ քայլին:

Խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքացիության վերականգումը իրականացվում է քաղաքացիություն ստանալու ընթացակարգի անալոգիայով, ինչը մի կողմից արժեզրկում է քաղաքացիության վերականգման ինստիտուտը եւ հանգեցնում է դրա քիչ կիրառման, մյուս կողմից չի պահպանում քաղաքացիության վերականգման եւ այն ստանալու միջեւ առկա էական բովանդակային եւ իրավական տարբերությունների փաստացի արտացոլումը իրավակիրառ պրակտիկայում:

Սրանով պայմանավորված սույն օրենքի նախագծով առաջարկվում է քաղաքացիության վերականգման դեպքում գործը վարչապետի միջոցով չուղարկել նախագահին, այլ ԱԱԾ կողմից համապատասխան եզրակացություն ստանալուց հետո ԱՎՎ պետի կողմից ընդունված նորմատիվ-իրավական ակտով վերականգնել անձի քաղաքացիությունը:

Նախագծի ընդունումը կտա հնարավորություն առավել պարզեցված կարգով տրամադրել ՀՀ քաղաքացիություն այն անձանց, ովքեր նախկինում հանդիսացել են ՀՀ քաղաքացի, ընդ որում՝ նախագծով առաջարկվող կարգավորումը չի հակասում ՀՀ Սահմանադրության պահանջներին:

ՀՀ Սահմանադրության նախկին տարբերակի համաձայն ՀՀ քաղաքացիության շնորհումը ՀՀ նախագահի բացառիկ լիազորությունն էր: ՀՀ Սահմանադրության գործող խմբագրության 134-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:

Նախ, Սահմանադրությամբ սահմանված է իրավական հնարավորություն խնդիրը կարգավորել օրենքով, մասնավորապես՝  որոշել ՀՀ քաղաքացիություն շնորհելու դեպքերը:

Բացի այդ, «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 9-րդ, 13-րդ 14-րդ հոդվածներով հստակ տարանջատված են ՀՀ քաղաքացիություն ստանալու (շնորհելու՝ 13-րդ հոդված) եւ վերականգնելու ինստիտուտնները, որոնք տարբեր գործընթացներ են: Քանի որ վերականգման համար օրենքով հստակ կանոնակարգումներ չկան, պրակտիկայում այն իրականացվում է 13-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիություն ստանալու ընթացակարգով:  Ընդունվում են փաստաթղթղերը, ստուգումներ

իրականցնելուց հետո ուղարկվող քաղաքացիության հարցերով հանձնաժողով, այնուհետեւ ՀՀ վարչապետին,որից հետո ՀՀ նախագահի աշխատակազմ:

Քաղաքացիություն ստանալու եւ այն վերականգնելու տարբերությունը ապացուցվում է նաեւ այն փաստով, որ «Նորմատիվ-իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները՝ որոշակի հերթականությամբ:»

Նախագծով առաջարկվող կարգավորումը.

Նախագծով առաջարկվում է պարզեցնել ՀՀ քաղաքացիության վերականգնման գործընթացը՝ դրանով իսկ լուծելով առկա իրավական բացով պայմանավորված խնդիրները եւ նպաստել՝ նախկինում ՀՀ քաղաքացիության ունեցող անձանց կողմից ՀՀ քաղաքացիության վերականգմանը առավել պարզ ու արդյունավետ տարբերակով:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն