Armenian ARMSCII Armenian
Կ-208-24.03.2022-ԱՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2021 թ. հոկտեմբերի 8-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Բելառուսի Հանրապետության Կառավարության միջեւ հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Բելառուսի Հանրապետության Կառավարության միջեւ հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերի կնքումը նախատեսված է ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի N 61-Ն որոշմամբ հաստատված «Մաքսային միությանը եւ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի» հավելվածի 229-րդ կետով:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի եւ դրա իրականացման կարգի մասին կիրարկման արձանագրության կնքումը հնարավորություն կտա.

1. Համատեղ եւ համակարգված քայլեր իրականացնել Կողմերի տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ երրորդ երկրների քաղաքացիների եւ քաղաքացուիթյուն չունեցող անձանց հայտնաբերման եւ վերադարձի կազմակերպման հարցերում:

2. Կողմերի տարածքներում առանց թույլտվության գտնվող անձանց վերադարձի առնչությամբ Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության համապատասխան մարմինների միջեւ գոյություն ունեցող համագործակցությանը տալ իրավաբանական ձեւակերպում՝ համաձայնագրով սահմանելով, իսկ կիրարկման արձանագրությամբ կոնկրետացնելով Կողմերի իրավասու մարմինները, սահմանի հատման կետերը, փաստաթղթերի ցանկը, հետընդունման դիմումի ներկայացման կարգը, ձեւը, ժամկետները եւ այլն:

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացում եւ նվազեցում չի նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Կառավարության 2021-2026թթ. Ծրագրի 4.2-րդ բաժնում նշված է, որ Կառավարությունը կարեւորում է միգրանտների, այդ թվում՝ վերադարձող միգրանտների տնտեսական եւ մարդկային ներուժի ուղղորդումը երկրի զարգացման գործին: Նույն բաժնում Միգրացիոն քաղաքականության ոլորտում Կառավարության առաջնահերթությունների մեջ նշված է հետընդունման (ռեադմիսիայի) գործընթացների արդյունավետ կազմակերպումը՝ այդ բնագավառում ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան:

Նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել հետընդունման (ռեադմիսիայի) գործընթացների արդյունավետ կազմակերպումը:


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միեւնույն ժամանակ, Համաձայնագրի 8-րդ, 10-րդ, 12-րդ, 14-րդ հոդվածներով եւ հավելված 1-ով նախատեսվում է անձնական տվյալների մշակում: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ պետական մարմինների տնօրինության տակ գտնվող անձնական տվյալները կարող են փոխանցվել օտարերկրյա պետական մարմիններին միայն վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում (...): Ուստի, հաշվի առնելով այն, որ Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ լիազոր պետական մարմնի կողմից անձնական տվյալների փոխանցում այլ երկիր, Համաձայնագիրը ենթակա է վավերացման:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման Ազգային ժողովի կողմից՝ համաձայն Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերի դրույթների հիմքով: Իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում ենթակա է վավերացման նաեւ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների հիմքով:

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Բելառուսի Հանրապետության Կառավարության միջեւ հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Բելառուսի Հանրապետության Կառավարության միջեւ հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) կիրարկման արձանագրության 15-րդ հոդվածի ընդունումը այլ հավասար պայմաններում կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեից ծախսերի ավելացման, որի չափը գնահատել հնարավոր չէ՝ համապատասխան տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված:

Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ չի պարունակում:


ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՎ ԴՐԱ ՀԱՎԵԼՎԱԾԻ ԿՆՔՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Բելառուսի Հանրապետության Կառավարության միջեւ հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերի կնքումը նախատեսված է ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի N 61-Ն որոշմամբ հաստատված «Մաքսային միությանը եւ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի» հավելվածի 229-րդ կետով:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի եւ դրա իրականացման կարգի մասին կիրարկման արձանագրության կնքումը հնարավորություն կտա.

Համատեղ եւ համակարգված քայլեր իրականացնել Կողմերի տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ երրորդ երկրների քաղաքացիների եւ քաղաքացուիթյուն չունեցող անձանց հայտնաբերման եւ վերադարձի կազմակերպման հարցերում:
Կողմերի տարածքներում առանց թույլտվության գտնվող անձանց վերադարձի առնչությամբ Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության համապատասխան մարմինների միջեւ գոյություն ունեցող համագործակցությանը տալ իրավաբանական ձեւակերպում՝ համաձայնագրով սահմանելով, իսկ կիրակման արձանագրությամբ կոնկրետացնելով Կողմերի իրավասու մարմինները, սահմանի հատման կետերը, փաստաթղթերի ցանկը, հետընդունման դիմումի ներկայացման կարգը, ձեւը, ժամկետները եւ այլն:
Ելնելով վերոգրյալից եւ առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունը «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի եւ դրա հավելվածի կնքումը համարում է նպատակահարմար:

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ եւ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» համաձայնագրի ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Բելառուսի Հանրապետության Կառավարության միջեւ հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմիններ են՝

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը
 


ԱԳՆ եզրակածություն

ԱԳՆ տեղեկանք

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն