Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-433-24.01.2014-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

2008Թ. ՄԱՐՏԻ 1-2-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԱՍԸ ԱՆՁԱՆՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՈՒ ԱՅԼ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՎ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ, ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, նկատի ունենալով, որ՝

1. դեռեւս բացահայտված չեն Երեւան քաղաքում 2008թ. մարտի 1-2-ին կատարված տասը սպանությունները, բացահայտված չեն նաեւ բազմաթիվ անձանց հրազենյաին (գնդակային ու բեկորային) եւ այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերը.

2. թեեւ սպանությունների եւ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերով հարուցված քրեական գործերը կասեցված ու կարճված չեն, սակայն դրանցով որեւէ առաջընթաց չի արձանագրվել, ինչի արդյունքում սպանվածների իրավահաջորդները, մարմնական (այդ թվում ծանր) վնասվածքներ ստացած անձինք մինչեւ օրս չեն օգտվել ՀՀ Սահմանադրությամբ ունեցած դատական պաշտպանության իրավունքից եւ չեն ստացել օրենքով նախատեսված համապատասխան փոխհատուցում.

3. թե՜ Ազգային ժողովում ներկայացված եւ թե՜ արտախորհրդարանական քաղաքական ուժերը, ողջ հասարակությունը ու միջազգային կառույցները շահագրգիռ են 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հանցագործությունները բացահայտելու, բոլոր մեղավորներին ի հայտ բերելու եւ պատժելու հարցում.

4. 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի բացահայտմանը նոր թափ հաղորդելու իրավապահ մարմիններին ու ՀՀ գլխավոր դատախազությանը ուղղված՝ ՀՀ Նախագահի հանձնարարականից ավելի քան երկուս ու կես տարի անց էլ այդ սպանությունների, այլ ծանր հանցագործությունների բացահայտման հարցում որեւէ տեղաշարժ արձանագրված չէ.

5. դեռեւս կատարված չեն ԵԽԽՎ թիվ 1609, 1620, 1643 եւ 1677 բանաձեեւերի՝ Մարտի 1-2-ի իրադարձությունների եւ դրանց հանգամանքների անկախ, անկողմնակալ եւ վստահելի հետաքննություն անցկացնելու, մահվան բոլոր դեպքերը բացահայտելու Հայաստանի Հանրապետությանն ուղղված պահանջները.

6. միջազգային այլ կարեւոր կառույցներ իրենց փաստաթղթերում,մասնավորապես Եվրոպայի Միությունն իր 2012թ. մայիսի 15-ի տարեկան զեկույցում պահանջում են անցկացնել 2008թ. մարտիմեկյան դեպքերի լիարժեք հետաքննություն, բացահայտել այդ բախումների ընթացքում տեղի ունեցած մահվան պատճառները:

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 3-րդ մասով եւ ,Ազգային ժողովի կանոնակարգե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով, որոշում է՝

1) Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին եւ զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, ՀՀ հատուկ քննչական ծառայության ու ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների ու միջոցառումների օրինականության ու հիմնավորվածության հարցը ուսումնասիրելու եւ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար,

2) Հանձնաժողովի խնդիրներն են, ուսումնասիրել՝

ա) 2008թ. Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում կատարված սպանությունների, հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքները, դրանց պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները, այդ դեպքերին պետական կառույցների ու պաշտոնատար անձանց ունեցած հնարավոր առնչությունները,

բ) ՀՀ ոստիկանության, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը:

3) Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրները իրականացնելիս՝

ա) ծանոթանում է քրեական գործերի նյութերին՝ պահպանելով նախաքննության տվյալների գաղտնիությունը.

բ) հարցումներով դիմում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում հետաքննության եւ նախաքննության մարմիններին, ՀՀ գլխավոր դատախազությանը, որոնք հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն.

գ) Հանձնաժողովի որոշմամբ հրավիրում է պաշտոնատար անձանց (բացի դատավորներից), հանրային ծառայողների, իսկ քաղաքացիների համաձայնությամբ նաեւ քաղաքացիների՝ հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ նրանցից պարզաբանումներ ստանալու նպատակով.

դ) իր աշխատանքներում ներգրավում է համապատասխան մասնագետների եւ փորձագետների:

4) Հանձնաժողովի անդամները, Հանձնաժողովի որոշմամբ, կարող են այցելել ձերբակալվածների եւ կալանավորվածների պահելու վայրեր, հանդիպել ազատազրկման ձեւով պատիժ կրող անձանց հետ:

5) Հանձնաժողովը կազմված է 7 անդամից: ,Հանրապետականե խմբակցությանն ունի Հանձնաժողովի կազմում 2, իսկ մյուս խմբակցությունները՝ մեկական անդամ ներկայացնելու իրավունք:

6) Խմբակցությունները Հանձնաժողովի կազմում իրենց անդամներին ներկայացնում են սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, իսկ Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է այդ ժամկտը լրանալու օրվան հաջորդող առաջին երկուշաբթի օրը՝ ժամը 11-ին:

7) Ազգային ժողովի աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ:

8) Հանձնաժողովը 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին եւ զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության ու ՀՀ ոստիկանության ձեռնարկած գործողությունների ու միջոցառումների օրինականության ու հիմնավորվածության իր գնահատականի վերաբերյալ գրավոր եզրակացությունն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է մինչեւ 2014 թվականի նոյեմբերի 29-ը: Եզրակցության վերաբերյալ դիտողություններ եւ առարկություններ ունեցող Հանձնաժողովի անդամները կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է Հանձնաժողովի եզրակացությանը:

9) Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

1) Մարտի 1-2-ին կատարված սպանություններից, քաղաքացիներին, զինծառայողներին ու ոստիկաններին հասցրած հարյուրավոր մարմնական վնասվածքներից անցել է շուրջ 6 տարի, սակայն այդ հանցագործութուններից ոչ մեկը բացահայտված չէ: Թեեւ Մարտի 1-2-ի դեպքերով շինծու ու անհիմն մեղադրանքներով մեղադրվել ու դատի են տրվել համաժողովրդական շարժման մի քանի տասնյակ ակտիվիստներ ու համակիրներ, բայց եւ այդ անձինք եւս չեն մեղադրվել ու դատապարտվել ոչ սպանությունների, ոչ էլ հրազենով եւ պայթուցիկ սարքերով մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Փաստորեն կարելի է պնդել, որ Մարտի 1-2-ի ընթացքում կատարված հանցագործությունների բացարձակ մեծամասնությունը մինչ այսօր բացահայտված չեն եւ հարյուրավոր հանցագործներ մնացել են անպատիժ:

2) Միաժամանակ հասկանալի է, որ իրավապահ մարմինների բազմաթիվ աշխատակիցների, հարյուրավոր ոստիկանների ու զինծառայողների աչքի առաջ, օպերատիվ հետախուզական մարմինների տեխնիկական հսկողության տակ կատարված տասնյակ սպանությունները եւ մարմնական վնասվածքները հնարավոր չէ չբացահայտել:

3) Թեեւ այդ դեպքերով հարուցված քրեական գործերի վարույթները կասեցված ու կարճված չեն, սակայն փաստացի, դրանցով ակտիվ ու նախաձեռնողական քննություն չի կատարվում:

4) Ավելին Մարտի 1-2-ի դեպքերի բացահայտմանը նոր թափ հաղորդելու՝ ՀՀ նախագահի իրավապահ մարմիններին ու Գլխավոր դատախազությանը ուղղված հանձնարարականից անցել է ավելի քան երկուս ու կես տարի, սակայն այդ հանցագործությունների բացահայտման գործում որեւէ տեղաշարժ արձանագրված չէ, մինչդեռ՝ մոտ մեկ տարի է նշանակվել է ՀՔԾ-ի նոր ղեկավար, մոտ կես տարի է նոր գլխավոր դատախազ:

5) Հետեւաբար բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Հատուկ քննչական ծառայությունն ու Գլխավոր դատախազությունը շահագրգռված չեն վերջիններիս բացահայտման գործում եւ պարտակում են թե կոնկրետ հանցագործությունները կատարողներին, եւ թե Մարտի 1-2-ի իրադարձությունների բուն պատասխանատուներին:

6) Տասը սպանվածների իրավահաջորդները, հարյուրավոր մարմնական վնասվածքներ ստացած ՀՀ քաղաքացիներ, զինծառայողներ ու ոստիկաններ մինչ օրս չեն օգտվել ՀՀ Սահմանադրությամբ ունեցած դատական պաշտպանության իրավունքից եւ չեն ստացել համապատասխան փոխհատուցում:

7) Մինչ օրս կատարված չեն ԵԽԽՎ թիվ 1609, 1620, 1643 եւ 1677 բանաձեւերի, ԵՄ 2012թ. Մայիսի 15 տարեկան զեկույցի՝ Մարտի 1-2-ի իրադարձությունների անկախ, անկողմնակալ ու վստահելի հետաքննություն անցկացնելու, տեղի ունեցած մահվան բոլոր դեպքերը բացահայտելու ՀՀ-ին ուղղված պահանջները:

8) Մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման նպատակով Ազգային Ժողովի 16 հունիսի 2008թ.-ի ստեղծված հանձնաժողովը եւ նրա կազմած եզրակացությունը այդպես էլ չարժանացան սպանվածների հարազատների, կառավարող կոալիցիայից դուրս գտնվող Հայաստանյան քաղաքական ուժերի, հասարակության լայն շերտերի հավանությանը: Այդ եզրակացությունը չբավարարեց նույնիսկ ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի համազեկուցողներին: Այն գնահատվեց Մարտի 1-2-ի դեպքերի որպես միակողմանի մեկնաբանություն եւ քիչ վստահելի:

9) ՀՀ քաղաքական բոլոր ուժերը, իրավապաշտպան ու հասարակական այլ կազմակերպություններ, միջազգային կառույցներ միակարծիք են Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտման եւ բոլոր մեղավորներին պատժելու հարցում:

Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու սույն նախագիծը իր ուսումնասիրման առարկայով, հետապնդող խնդիրներով լիովին տարբերվում է նախորդ հանձնաժողովից: Հիմնական տարբերիչ հատկանիշը այն է, որ վերջինս սահմանափակվելու է սպանությունների, հրազենային ու մարմնական այլ վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքների, դրանց պատճառների ու կատարմանը նպաստող պայմանների, այդ դեպքերին պետական կառույցների ու պաշտոնատար անձանց ունեցած առնչությունների ուսումնասիրմամբ, եւ գնահատելու է ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների եւ կայացրած որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը: