Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-398-26.11.2013,31.01.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 35-րդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.15 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին: Սույն պարբերությամբ նախատեսված տույժը կիրառվում է ժամանակին չմուծված պետական տուրքի գումարի նկատմամբ՝ դրա վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո սկսվող՝ պետական տուրքի գումարների նկատմամբ տույժերի հաշվարկների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 35-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության դրույքաչափի վերաբերյալ կարգը գործում է դեռեւս 2000 թվականի դեկտեմբերի 30-ից: Անհրաժեշտ է նշել, որ անցած տասներեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության հարկային եւ մաքսային համակարգում, քաղաքականության մեջ տեղի են ունեցել լուրջ բարեփոխումներ, ներմուծվել է նոր, ժամանակակից գործիքակազմ, կատարելագործվել են օրենսդրությունը եւ վարչարարությունը: Հարկ է նշել, որ միեւնույն ժամանակ 1998 թվականից սկսած դրույքաչափի նվազեցումներ են կատարվել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հարկային պարտավորության նկատմամբ հաշվարկվող տույժերի մասով, մասնավորապես՝ 1998 թվականի դեկտեմբերի 28-ին այն նվազեցվել է մինչեւ 0.2 տոկոս, իսկ 2000 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ընդհուպ մինչեւ 0.15 տոկոս: Նույն ժամանակաշրջանում պետական տուրքի նկատմամբ հաշվարկվող տույժի դրույքաչափը չի նվազեցվել 0.5 տոկոսից, իսկ տույժի, ըստ էության, առանց դադարելու եւ մայր գումարից ավել հաշվարկվելու մեխանիզմը որեւէ կերպ չի տեղավորվում թե՛ գործարար շրջանակների, թե՛ իրավակիրառ պրակտիկայի սկբունքների մեջ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական տուրքն, ըստ բովանդակության, պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` ծառայությունների կամ գործողությունների համար բյուջե մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է, իսկ միեւնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով դրամական պարտավորությունները չկատարելու համար կիրառվում են Հայաստանի Հանրապետության ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքը, կարծում ենք, որ 0.5 տոկոսդրույքաչափն այս համատեքստում առավել քան անընդունելի է:

Սույն նախագծի ընդունումը թույլ կտա կիրառել արդարացի, միջազգային առաջավոր պրակտիկային համահունչ վարչարարություն` միեւնույն ժամանակ համահարթեցնելով տույժերի կիրառման մեխանիզմը հարկային ոլորտում իրականացվող քաղաքականության հետ:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք: Նախագծի մշակման գործընթացում ներգրավվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման» ամբիոնի 2-րդ տարվա հեռակա ուսուցման ասպիրանտ Վարդան Մարությանը: