Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-2231-01.04.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 136-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

1. Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝

պատժվում է տուգանքով՝ երեսնապատիկից քառասնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Օսմանյան կայսրությունում եւ Արեւմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը՝

պատժվում է տուգանքով՝ քառանսապատիկից հիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

I. Օրենքի ընդունման անհրաժեշտության հիմնավորումները ներպետական իրավական համակարգի շրջանակներում.

1990 թվականի օգոստոսի 23-ի ՀՀ անկախության հռչակագիրը (այսուհետ՝ Անկախության հռչակագիր) նախանշում է անկախ պետականության հսատատման գործընթացի սկիզբը: Նշված փաստաթուղթը պարունակում է անդրադարձ այն ոլորտներին, որոնց զարգացումը, խթանումը, հաստատումը, ըստ հեղինակների, պետք է հանդիսանար անկախ պետականության հիմնասյուներից: Անկախության հռչակագրի 11-րդ կետը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Հատկանշական է, որ Անկախության հռչակագրի 12-րդ կետը սահմանում է, որ այն հիմք է ծառայում ՀՀ Սահմանադրության մշակման, փոփոխությունների եւ լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար՝ այսպիսով նախանշելով այն հիմնական ուղղությունը, որին պետք է միտված լինի հայաստանյան իրավական համակարգը:

Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրության պրեամբուլան հռչակում է, որ հայ ժողովուրդը ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3971 հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն ցեղասպանությունը եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելու, մեղմացնելու, դրանց հավանաություն տալու կամ արդարացնելու համար: Քննարկվող օրենսդրական կարգավորման առարկան, ինչպես պարզ է դառնում ձեւակերպումից, վերաբերում է առհասարակ ցեղասպանության հանցագործությանը: Օրենսդիրը տարբերվող մոտեցում չի որդեգրել Հայոց ցեղասպանության հարցում: Փաստում ենք, որ Մեծ եղեռնի նկատմամբ առանձին մոտեցման ընդունումը նպատակադիր է ոչ միայն պատմական, այլեւ քաղաքական, սոցիալական եւ իրավական դիտանկյուններից՝ հաշվի առնելով հայ ազգի առջեւ ծառացած այժմեական մարտահրավերները:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցում տարբերվող մոտեցման որդեգրմանը հարկ է նկատել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շուրջ 35 պետություններ, կազմակերպություններ, տարածքային ինքնակառավարման մարմիններ, որպիսի պայմաններում Հայաստանի Հանրապետության կողմից տարբերակված մոտեցման ընդունման անհրաժեշտությունը դառնում է էլ ավելի ցայտուն:

Ամփոփելով վերոգրյալը՝ վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Անկախության հռչակագրի, Սահմանադրության պրեամբուլայի, Մեծ եղեռնի միջազգային ճանաչման գործընթացի եւ օրենսդրական զարգացման տեսլականի, ինչպես նաեւ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման, արդյունավետության ապահովման նպատակով օրենսդրական փոփոխության իրականացումը արդիական է:

II. Օրենքի ընդունման անհրաժեշտության միջազգային-իրավական հիմնավորումները.

Ցեղասպանության (գենոցիդի) հասկացությունը առաջին անգամ առաջարկել է լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը 1944 թվականին: ՄԱԿ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» 1948 թվականի կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) նախատեսում է, որ ցեղասպանությունը հանցագործություն է, անկախ նրանից՝ կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում: Կոնվենցիան ցեղասպանությունը սահմանում է իբրեւ ազգային, էթնիկական, ցեղակամ կամ կրոնական որեւէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրություն այդ խմբի անդամների սպանություն, մարմնական լորջ վնասվածքների կամ մտավոր վնասի պատճառում, կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը, երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին:

Նմանօրինակ սահմանում է նախատեսում նաեւ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (այսուհետ՝ Հռոմի ստատուտ): Թեպետ Հայաստանի Հանրապետությունը չի հանդիսանում Հռոմի ստատուտի անդամ պետություն, սակայն այդ փաստաթուղթը անկյունաքարային նշանակություն ունի ցեղասպանության հանցակազմի ծավալի եւ գործնական կիրառության բացահայտման նպատակով:

Ցեղասպանության արգելքի, դրա միջազգայնորեն բարձր հանրային վտանգավորության հարցը պարբերաբար գտնվել է ինչպես գիտնականների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների եւ դատական ատյանների ուշադրության կենտրոնում: Անվիճելի է, որ քաղաքակիրթ աշխարհի մոտեցումը հանգում է գենոցիդի միանշանակ արգելքին, դրա դեմ միավորված պայքարի կարեւորությանը, ցեղասպանությունը կազմակերպող, իրականացնող, դրան աջակցող անձանց քրեական (այդ թվում՝ միջազգային քրեական) պատասխանատվությանը, ցեղասպանության հերքման կամ արդարացման քրեականացմանը:

Մի շարք պետություններ քրեականացրել են ցեղասպանության հերքումը, մերժումը, արդարացումը. օրինակ՝ Շվեյցարիան, Ավստրիան, Բելգիան, Ֆրանսան, Գերմանիան, Իսպանիան, Ռուսաստանը եւ այլն: Նմանօրինակ կարգավորում սահմանել է նաեւ Եվրոպական միությունը:

Հատկանշական է, որ ցեղասպանության հերքման վերաբերյալ նախադեպային որոշումներ կայացվել են ոչ միայն ներպետական, այլեւ՝ միջազգային մակարդակում: Մասնավորապես՝ ցեղասպանության, մարդկայնության դեմ հանցագործությունների հերքումը կամ դրանց արդարացումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաեւ՝ Եվրոպական դատարան) դիտարկում է որպես վտանգավոր ֆենոմեններ՝ քննարկելով երեւույթը արտահայտման ազատության լույսի ներքո: Ամփոփելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայուն նախադեպային պրակտիկան նկատելի է դառնում, որ Եվրոպական դատարանը քննադատում է մերժողականությունը, հավասարակշռում է արտահայտման ազատությունը, կանխարգելում ատելությունը եւ բռնությունը:

Վերոգրյալի հաշվառմամբ պնդում ենք, որ ցեղասպանության հերքման, մերժողականության դեմ պայքարը եւս ունի միջազգային բնույթ: Ընդհանուր տրամաբանությունը հանգում է նրան, որ այդօրինակ երեւույթների դեմ պայքարը հաջողակ է իր միասնականության մեջ:

Տեղին է նշել, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ. հունվարի 12-ի որոշմամբ հատուկ ընդգծվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առանցքային նշանակությունը եւ ուղղակի հղում է տրվել Հայաստանի անկախության հռչակագիրը եւ դրանում որպես պատգամ արձանագրված այն, որ ՀՀ-ն սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը?

Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հնարավոր զարգացման համատեքստը մեկ անգամ եւս ընդգծում է Մեծ եղեռնի հերքման քրեականացման կարեւորությունը: Ընդ որում՝ կարգավորման ավելացումը համապատասխանում է ազգային շահի եւ անվտանգության կառուցակարգերին:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

01.04.2022թ.


ՈՐՈՇՈՒՄ


Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 2-րդ մասով, 65-րդ հոդվածի 1-ին մասով եւ 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցությունը

Որոշեց՝

1. Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել «Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

2. Նախագծի հիմնական զեկուցող նշանակել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանին:

«ՀԱՅԱՍԱՏԱՆ»
ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ