Armenian ARMSCII Armenian
Կ-2651-17.05.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 117-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ մասով.

«Փոխադրողի կողմից «Ավիացիայի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի  չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ վիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) մշակման անհրաժեշտությունը բխում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածով սահմանված փոխադրողի կողմից իրականացվող չվերթով ուղեւորին կեղծ ճամփորդական փաստաթղթերով փոխադրման ընդունման, միջազգային բժշկա-սանիտարական կանոնների եւ դրանց հետ կապված դրույթների  պահանջների խախտումով փոխադրման ընդունման համար, վայրէջքի օդանավակայանում օդանավից դուրս գալու պահից մինչեւ երկրի պետական սահմանի հատման ժամանակահատվածն ուղեւորների անվտանգության ապահովման, խնամքի, ինչպես նաեւ այն ուղեւորների, որոնց ՀՀ օդանավակայաններում մուտքի թույտվության տրամադրումը սահմանված կարգով մերժվել է սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից՝ փաստաթղթերի ոչ պատշաճ կերպով ձեւակերպված լինելու կամ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար փոխադրողի պատասխանատվության պահանջներով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Փոխադրողի պատասխանատվություն» 63-րդ հոդվածով ամբողջական սահմանված չէ փոխադրողի պատասխանատվության վերաբերյալ Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 Հավելվածից բխող պահանջները, մասնավորապես՝ փոխադրողի կողմից իրականացվող չվերթով ուղեւորին կեղծ ճանապարհորդական փաստաթղթերով, միջազգային բժշկա-սանիտարական կանոնների եւ դրանց հետ կապված դրույթների  պահանջների խախտումով փոխադրման ընդունման համար, ինչպես նաեւ վայրէջքի օդանավակայանում օդանավից դուրս գալու պահից մինչեւ երկրի պետական սահմանի հատման ժամանակահատվածն ուղեւորների անվտանգության ապահովման եւ խնամքի համար, հետեւաբար փոխադրողի պատասխանատվության ամբողջականացման նպատակով անհրաժեշտ է օրենքում առկա բացը լրացնել, ինչպես նաեւ որպես ԻԿԱՕ անդամ երկիր՝ կատարել Չիկագոյի կոնվենցիայով սահմանված եւ ՀՀ կողմից ընդունված ստանդարտների պահանջները:

Հիմք ընդունելով Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածով սահմանված փոխադրողի պատասխանտվությանը վերաբերվող ստանդարտների պահանջները՝ նախագծով առաջարկվել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածում կատարել փոփոխություններ եւ լրացումներ, ինչպես նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի 117-րդ հոդվածում կատարել լրացումներ՝ սահմանելով տուգանքի նշանակում փոխադրողի կողմից Հայաստանի Հանրապետության եւ միջազգային-իրավական փաստաթղթերով սահմանված պահանջների չկատարման համար:

3.Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ կսահմանվեն՝

1) փոխադրողի կողմից իրականացվող չվերթով կեղծ ճամփորդական փաստաթղթերով փոխադրման ընդունման, միջազգային բժշկա-սանիտարական կանոնների եւ դրանց հետ կապված դրույթների  պահանջների խախտումով փոխադրման ընդունման համար, ինչպես նաեւ վայրէջքի օդանավակայանում օդանավից դուրս գալու պահից մինչեւ երկրի պետական սահմանի հատման ժամանակահատվածն ուղեւորների անվտանգության ապահովման եւ խնամքի համար փոխադրողի պատասխանատվության պահանջներ եւ կապահովվի ժամանած ուղեւորի պատշաճ խնամք փոխադրողի կողմից,

2) նշված պահանջները չկատարելու համար տուգանքի նշանակում, որը կնպաստի ավիաընկերության կողմից ուղեւորների առջեւ միջազգային ստանդարտներով  սահմանված պատասպանատվության պատշաճ կատարմանը:

Նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Ենթակառուցվածքների զարգացում» 3-րդ գլխի «Տրանսպորտ» 3.1 բաժնի «Օդային տրանսպորտ» մասի 2-րդ պարբերության ապահովման պահանջներից, համաձայն որի ներկայացվելու են համապատասխան առաջարկություններ օրենսդրական փոփոխությունների եւ միջազգային ստանդարտներին համապատասխանեցման վերաբերյալ:

Նախագծերի ընդունման դեպքում կապահովի ՀՀ կառավարության 2021-2026թթ. միջացառումների ծրագրի վերը նշված  գլխով սահմանված  դրույթների կատարումը, ինչպես նաեւ կներդրվեն Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածով սահմանված ստանդարտով ուղեւորների պահպանության եւ խնամքի վերաբերյալ փոխադրողի պատասխանատվության պահանջները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն