Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-470-24.03.2014-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի  ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ  հոդվածի  7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ `

«7.Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ ընդհանուր կամ նախնական (արհեստագործական) կամ  միջին մասնագիտական կրթությունը անվճար է եւ պարտադիր մինչեւ սովորողի 18 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ:

Պարտադիր միջնակարգ ընդհանուր կամ նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական  կրթության  պահանջը չի տարածվում  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որոշակի խմբերի վրա:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ  կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի


1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ներկայացնելու նախաձեռնությունը պայմանավորված է կրթության ոլորտում ընթացող բարեփոխումների եւ օրենսդրական  դաշտի կատարելագործման նպատակով, որը կարող է նպաստել հանրակրթության, նախնական (արհեստագործական) եւ  միջին մասնագիտական կրթության իրավունքի  նպատակային օգտագործմանը եւ դրանով՝ աշխատաշուկայի մրցունակության բարձրացմանը։

Օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է նաեւ 2011 թվականի հուլիսի 19-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-246 օրենքի ռազմավարական մոտեցումներից եւ ՀՀ կառավարության 2013 թվականի գործունեության գերակա ուղղություններից:

2. Ոլորտի առկա վիճակը եւ առաջարկվող կարգավորման բնույթը

Հայաստանի Հանրապետությունում պարտադիր է հիմնական ընդհանուր կրթությունը: Հիմնական ընդհանուր  կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչեւ սովորողի 16 տարին լրանալը, եթե այն չի բավարարվել ավելի վաղ: 16 տարին լրանալուց հետո սովորողը ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը:

Օրենսդրական նախաձեռնության միջոցով խնդիր է բարձրացվում մրցունակ կրթական համակարգի, մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգում բոլորի համար հավասար կրթության մատչելիության, ընդգրկվածության ապահովման նպատակով  երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում կատարել երաշխավորված անվճար տասներկուամյա (ներառյալ  մասնագիտական կրթությունը)  կրթության համակարգի: Նոր համակարգը հնարավորություն կընձեռի նաեւ սոցիալապես անապահով խավի երեխաներին անվճար մասնագիտական կրթություն ստանալ, քանի որ կրթության բնագավառի հետագա զարգացումներում առաջնային է մասնագիտական կրթության ոլորտի դերը:

Համեմատական առումով համախառն ընդգրկվածությունը միջնակարգ կրթությունում բավականին բարձր է. վերջին տարիներին այն միջինում կազմել է մոտ 90%: Հիմնական կրթության համակարգում ընդգրկվածությունը 2009 թ. կազմել է 92.1%, որը միատարր է տարածքային, գենդերային ու աղքատության խմբերի առումով, եւ այս իմաստով էական անհավասարություններ չկան: Միեւնույն ժամանակ, ավագ դպրոցում համախառն ընդգրկվածության ցուցանիշը զգալիորեն ավելի ցածր է` 2009 թ. 83.9%: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ հիմնական կրթությունից հետո սովորողների մոտ 10%-ն ուսումը շարունակում է նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում: Այսինքն, ավագ դպրոցում ընդգրկվածության ցածր մակարդակը դեռեւս չի նշանակում, որ սովորողների զգալի մասը հիմնական դպրոցից հետո դուրս է մնում կրթությունից: Այլ խնդիր է, թե սոցիալական որ խմբերի երեխաներն են շարունակում կրթությունն ավագ դպրոցում, այսինքն` հավակնում կրթության ավելի բարձր մակարդակի:

ՀՀ  պետական բյուջեում 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում արդեն միջոցներ նախատեսված են երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում կատարել երաշխավորված անվճար տասներկուամյա (ներառյալ  մասնագիտական կրթությունը) կրթական համակարգի ներդրման համար:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

4. Ակնկալվող արդյունքը

Օրենսդրական նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությունում պարտադիր կդառնա անվճար միջնակարգ ընդհանուր կամ նախնական (արհեստագործական) կամ  միջին մասնագիտական կրթությունը հնարավորություն ընձեռելով դպրոցահասակ երեխաներին` մինչեւ 18 տարին լրանալը, իրացնելու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված անվճար կրթություն (ներառյալ միջին մասնագիտական կրթությումը) ստանալու իրավունքը: