Armenian ARMSCII Armenian
Կ-317-27.06.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մարտի 24-ի թիվ ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 5-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ մաս.

«6. Հակակոռուպցիոն կոմիտեն կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում դեպոզիտ հաշիվ, որում կուտակվող միջոցները տնօրինվում են Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի կողմից:»:

Հոդված 2.  Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի՝

1. 7-րդ կետում «հրաժարականի դիմում» բառերից առաջ լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից» բառերը:

2. 7-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8-րդ կետով.

«8) հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի կողմից պաշտոնից ազատվելու վերաբերյալ գրավոր դիմումը Վարչապետին ներկայացնելը եւ վերջինիս կողմից նրան պաշտոնից ազատելը:»:

Հոդված 3. Օրենքի 48-րդ հոդվածի՝

1. 15-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության համար ձեւավորված մրցութային հանձնաժողովի գործունեությունը դադարում է, եթե անցկացվող մրցույթների արդյունքում համալրվել է եւԲ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման, եւԲ ինքնավար պաշտոնների համալրման արդյունքում թափուր պաշտոնների 60 տոկոսը: Հակակոռուպցիոն կոմիտեի մնացած թափուր պաշտոնների համալրման համար նոր մրցույթ անցկացվում է սույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված մրցութային հանձնաժողովի կողմից:»:

2. 16-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից» բառերը, իսկ «11-րդ» թիվը փոխարինել «12-րդ»  թվով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է օրենդրական անորոշությունները շտկելու եւ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

1. 2021 թվականի մարտի 24-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել եւ նույն թվականի հոկտեմբերի 23-ին ամբողջությամբ ուժի մեջ է մտել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՕ-147-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք):

Հակակոռուպցիոն կոմիտեն (այսուհետ նաեւ՝ Կոմիտե) ամբողջությամբ ձեւավորվել է 23.10.2021 թվականին եւ քրեական գործերով անհրաժեշտություն է առաջացել լուծել Հակակոռուպցիոն կոմիտեի դեպոզիտային հաշիվի բացման հարցը, պայմանավորված այն հանգամանքով, որ անհրաժեշտ է ապահովել հանցագործության հետեւանքով պետությանը եւ հասարակությանը պատճառված վնասների վերականգման գործընթացը, այդ թվում նաեւ՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների կարճ ժամկետներում վերադարձը, ինչպես նաեւ գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ քննչական գործողության պատշաճ կատարումը:

2. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Վարչապետը»:

Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքերն են՝

(...)

7) հրաժարականի դիմում Կառավարություն ներկայացնելը եւ վերջինիս կողմից այն հաստատվելը:»:

Օրենքի 24-րդ հոդվածով սահմանվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալների լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքերը, սակայն տվյալ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետում նշվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ու նրա տեղակալը հրաժարական են ներկայացնում Կառավարություն: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների կողմից հրաժարականի դիմումը Կառավարություն ներկայացնելը չի համապատասխանում Օրենքի իրավակարգավորումներին, քանի որ Օրենքով վերոնշյալ սուբյեկտների նշանակման եւ ազատման լիազորությունը վերապահված է Վարչապետին: Այլ կերպ՝ Օրենքում նախատեսված չէ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների կողմից հրաժարականի դիմումը Վարչապետին ներկայացնլու ընթացակարգ, այն պարագայում, երբ վերջիններիս պաշտոնից ազատելու լիազորությունը տրված է բացառապես Վարչապետին: Օրենքի դիտարկված դրույթը Օրենքի բովանդակությանը համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է հստակեցնել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալների հրաժարականի դիմումը իրավասու սուբյեկտներին ներկայացնելու ընթացակարգը:

Ուստի անհրաժեշտ է կատարել Օրենքի 24-րդ հոդվածում համապատասխան լրացում՝ ներառելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների կողմից պաշտոնից ազատվելու վերաբերյալ գրավոր դիմումը Վարչապետին ներկայացնելու եւ վերջինիս կողմից նրանց պաշտոնից ազատելու դեպքը, որով կբացառվի նրանց կողմից հրաժարականի դիմումը ՀՀ կառավարություն նեկայացնելու օրենսդրական ընթացակարգը:

2. Պետք է նշել, որ Օրենքի 48-րդ հոդվածի 16-րդ մասում առկա է անհստակություն:

Այսպես՝ Օրենքի 48-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն՝

«Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված անձինք Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայող ընտրվելու նպատակով պետք է սույն օրենքով սահմանված կարգով մասնակցեն մրցույթի: Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվելու եւ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից համապատասխան պաշտոնի նշանակվելու, ինչպես նաեւ մրցույթում հաղթող չճանաչվելու դեպքում սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված անձինք ազատվում են պաշտոնից:»:

Օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի մյուս ծառայողներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

(...)»:

Օրենքի նորմերի համադրված վերլուծությունից պարզ է դառնում, որ Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողներին պաշտոնի նշանակելու երկու տարբեր սուբյեկտներ կան: Այսպես՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Վարչապետը, իսկ մյուս ծառայողներին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

Վերոգրյալի հաշվառմամբ Օրենքի 48-րդ հոդվածի 16-րդ մասի երկրորդ նախադասությունում անտեղի է նշել, որ Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողների մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվելու դեպքում նրանց պաշտոնի է նշանակում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, քանի որ այդ դեպքում ստացվում է, որ տվյալ նորմը հակասում է Օրենքում առկա մեկ այլ նորմի, այն է՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Վարչապետը: Որպեսզի խուսափենք օրենսդրական նման կոլիզիաներից, կարծում ենք առավել նպատակահարմար է Օրենքի դիտարկվող նորմից հանել «պաշտոնի է նշանակվում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից» բառերը:

Բացի այդ, Օրենքի նույն հոդվածի քննարկվող մասում առկա է տեխնիկական վրիպակ. մասնավորապես՝ քննարկվող մասում նախատեսվել է հղում նույն հոդվածի 11-րդ մասին, սակայն պետք է հղում կատարվեր նույն հոդվածի 12-րդ մասին, քանի որ այդ մասով է նախատեսվում պաշտոնակատար նշանակվելուն վերաբերելի դրույթները:

3. Օրենքի 48-րդ հոդվածի 15-րդ կետը սահմանում է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության համար ձեւավորվող Մրցութային հանձնաժողովի (այսուհետ նաեւ՝ Առաջին կազմի մրցութային հանձնաժողով) կազմը, որի մեջ ընդգրկված են հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակման լիազոր մարմնի երկու, գլխավոր դատախազության եւ Մարդու իրավունքների պաշտպանի առաջադրած մեկական անդամներ եւ քաղաքացիական հասարակության մեկ ներկայացուցիչ:

Օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝

 «1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների (բացառությամբ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների) ցուցակը համալրում է մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով):

1.   Հանձնաժողովը կազմավորում եւ դրա գործունեության կարգը հաստատում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: Հանձնաժողովի կազմի մեջ մտնում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակած հակակոռուպցիոն կոմիտեի երեք ծառայող, Կառավարության առաջադրած մեկ անձ, քաղաքացիական հասարակության մեկ ներկայացուցիչ: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայող չհանդիսացող անձինք Հանձնաժողովում կարող են ընդգրկվել, եթե ունեն առնվազն հինգ տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ:»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս արդեն իսկ հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման 60 թափուր հաստիքի մրցույթ եւ այդ հաստիքների համար նախնական հայտ ներկայացրել են 63 հոգի, սակայն հարցազրույցի 1-ին փուլից հետո հաջորդ փուլ են անցել ընդամենը 32 մասնակից, իսկ այդ փուլը հաղթահարել են 27 մասնակից:  Սա նշանակում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության մրցույթով համալրումը չի կարող սահմանափակվել եւ պետք է հետագայում նորից մրցույթներ հայտարարվեն Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թափուր հաստիքների համալրման նպատակով:

Պետք է նշել նաեւ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին հատկացվել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու համար 60, իսկ ինքնավար պաշտոնների համար 40 հաստիք, որոնք դեռեւս համալրված չեն:

Օրենքի դրույթների համադրված վերլուծությունից երեւում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրությունից հետո առաջացած յուրաքանչյուր թափուր հաստիքի համալրման նպատակով հայտարարվելու է մրցույթ, բայց արդեն իսկ մրցութային հանձնաժողովի այլ կազմով՝ մրցութային հիմնական հանձնաժողովով:

Այսպես՝ եթե ընդունենք, որ Առաջին կազմի մրցութային հանձնաժողովի գործունեությունը դադարելու է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին հատկացված 100 հաստիքներն առաջին անգամ համալրելուց հետո, ապա հաշվի առնելով այս պահին առկա իրավիճակը՝ այն որ առաջին մրցույթներով թափուր բոլոր հաստիքները դեռեւս չեն համալրվել, տեսականորեն կարելի է կանխատեսել, որ հնարավոր է տարիներ շարունակ Հակակոռուպցիոն կոմիտեն ունենա հաստիքներ, որոնք թափուր կմնան եւ չեն համալրվի:

Վերոնշյալը հիմք է հանդիսանում փաստելու, որ Առաջին կազմի մրցութային հանձնաժողովի աշխատանքները կլինեն աշխատատար եւ երկարաժամկետ: Դա նշանակում է, որ Առաջին կազմի մրցութային հանձնաժողովի գործունեությունը կշարունակվի այնքան ժամանակ մինչեւ բոլոր թափուր հաստիքներն առաջին անգամ համալրվեն:

Խնդիրը կայանում է նրանում, որ օրենսդիրն Առաջին կազմի մրցութային հանձնաժողովում չի նախատեսվել Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչ, պայմանավորված այն հանգամանքով, որ Առաջին կազմի մրցութային հանձնաժողովի ձեւավորման ժամանակ, բացի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահից, որեւէ ծառայող մրցույթով նշանակված չի լինի եւ մնացած բոլոր ծառայողները կհամարվեն պաշտոնակատարներ: Այսինքն՝ հնարավոր չի լինի Առաջին կազմի մրցութային հանձնաժողովում ընդգրկել արդեն իսկ բոլոր ստուգումներն անցած, պահանջվող չափանիշներին բավարարող եւ համապատասխան պաշտոնների նշանակված Կոմիտեի համապատասխան ծառայողների: Իսկ Առաջին կազմի մրցութային հանձնաժողովի կողմից առաջին մրցույթներն անցկացնելուց հետո Հակակոռուպցիոն կոմիտեում արդեն իսկ կլինեն մրցույթով անցած եւ պաշտոնի նշանակված ծառայողներ, որոնց ներգրավմամբ էլ կկազմվի մրցութային հիմնական հանձնաժողովը:

Ստեղծված իրավիճակում, երբ առաջին կազմի մրցույթների անցկացումից հետո Կոմիտեի եւԲ օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման, եւԲ ինքնավար պաշտոնների հաստիքների 60 տոկոսը կհամալրվեն, մնացած թափուր հաստիքների համար, կարծում ենք, որ առավել արդյունավետ կլինի, որպեսզի հաջորդ մրցույթների կազմակերպման համար ձեւավորվի Օրենքով նախատեսված մրցույթային հիմնական հանձնաժողովը, որում կընդգրկվեն կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտում մասնագիտացված, տվյալ ոլորտում վերապատրաստումներ անցած Կոմիտեի արդեն իսկ ընտրված եւ համապատասխան պաշտոնի նշանակված ներկայացուցիչներ:

Նախագծով առաջարկված կարգավորումը հիմնավորվում է նաեւ այն հանգամանքով, որ Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն: Պայմանավորված օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակներում արհեստավարժ եւ մասնագիտական բարձր որակներով օժտված մասնակիցների ընտրության անհրաժեշտությամբ՝ կարիք կա արձանագրելու, որ Մրցութային հանձնաժողովի կազմում նպատակահարմար կլինի ընդգրկել ոլորտային գիտելիքներին տիրապետող անդամի, որը կարող է հանդիսանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը:

Ուստի, Նախագծով առաջարկվում է Առաջին կազմի մրցութային հանձնաժողովի գործունեությունը դադարեցնել Հակակոռուպցիոն կոմիտեի եւԲ օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման, եւԲ ինքնավար պաշտոնների համալրման արդյունքում թափուր պաշտոնների 60 տոկոսը համալրվելուց հետո:

Բացի այդ, պետք է փաստել, որ հենց մրցութային հանձնաժողովին է վերապահված տարատեսակ գործառույթներ, այդ թվում նաեւ՝ ատեստավորում իրականացնելը: Այսպես՝ Օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ «(...) 14. Ատեստավորման հանձնաժողովի գործառույթներն իրականացնում է սույն օրենքով նախատեսված մրցութային հանձնաժողովը:»:

Ինչպես նկատում են Կոմիտեի ծառայողների հերթական եւ արտահերթ ատեստավորումներն իրականացնում է մրցութային հանձնաժողովը, բացի այդ հենց տվյալ հանձնաժողովն է իրականացնում ծառայողների առաջխաղացման ցուցակների կազմման աշխատանքները:

Սա նշանակում է, որ, եթե Հակակոռուպցիոն կոմիտեի թափուր պաշտոնների նախատեսված տոկոսը համալրելուց հետո չդադարեցվի Առաջին կազմի մրցութային հանձնաժողովի գործունեությունը, ապա այդքան ժամանակ չեն կարող իրականացվել Կոմիտեի գործունեության ապահովման համար կարեւոր այլ գործառույթներ, օրինակ՝ ծառայողների հերթական եւ արտահերթ ատեստավորումները, առաջխաղացման ցուցակում նրանց ընդգրկելու աշխատանքները:

Պետք է նկատել, որ վերը նշված գործառույթների կատարումն Օրենքը վերապահել է ոչ թե Առաջին կազմի մրցութային հանձնաժողովին, այլ՝ հիմնական մրցութային հանձնաժողովին, որում պարտադիր ընդգրկված կլինեն ատեստավորվող ծառայողների գործունեությունը գնահատելու հնարավորություն ունեցող ղեկավարները:

Ուստի, առաջարկում ենք, Հակակոռուպցիոն կոմիտեի Առաջին կազմի մրցութային հանձնաժողովի գործունեությունը դադարեցնել Հակակոռուպցիոն կոմիտեի եւԲ օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման, եւԲ ինքնավար պաշտոնների 60 տոկոսը համալրվելուց հետո: Իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի Առաջին կազմի մրցութային հանձնաժողովի կողմից իր գործունեության ավարտից հետո՝ մրցույթների անցկացման հիմնական գործառույթները կիրականացնի Օրենքի 17-րդ հոդվածի հիման վրա ձեւավորված մրցութային հանձնաժողովը:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջրկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի համար իրավական հենք ստեղծել հետագայում դեպոզիտ հաշիվ ունենալու համար, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների լիազորությունները դադարելու դեպքերի թվում ավելացվել է նաեւ վերջիններիս կողմից պաշտոնից ազատվելու գրավոր դիմումը Վարչապետին ներկայացնելու դեպքը: Նախագծով առաջարկվել է կարգավորվել նաեւ Առաջին կազմի մրցութային հանձնաժողովի գործունեության ավարտման հետ կապված հարաբերությունները:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի  Հակակոռուպցիոն կոմիտեի համար իրավական հենք հետագայում դեպոզիտ հաշիվ ունենալու համար, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների կողմից գրավոր դիմումի հիման վրա պաշտոնից ազատելու Վարչապետի լիազորության իրականացումը, ինչպես նաեւ կկարգավորվի Առաջին կազմի մրցութային հանձնաժողովի գործունեության ավարտման հետ կապված հարաբերությունները:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն