Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-501-23.04.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 200-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Առեւտրային կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, եւ այդ անձը մինչեւ կաշառք տալու մասին իրավապահ մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում այդ մասին կամովին հայտնել է իրավապահ մարմիններին եւ աջակցել  հանցագործությունը բացահայտելուն:»:

Հոդված 2. Օրենսգրքի 312-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, եւ  այդ անձը մինչեւ կաշառք տալու մասին իրավապահ մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում այդ մասին կամովին հայտնել է իրավապահ մարմիններին եւ աջակցել  հանցագործությունը բացահայտելուն:»:

Հոդված 3. Օրենսգրքի 3121 -րդ հոդվածի 4-րդ մասը եւ 312.2-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ապօրինի վարձատրություն տվող  անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել ապօրինի վարձատրության շորթում, եւ  այդ անձը մինչեւ ապօրինի վարձատրություն տալու մասին իրավապահ մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում այդ մասին կամովին հայտնել է իրավապահ մարմիններին եւ աջակցել  հանցագործությունը բացահայտելուն:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 200-րդ, 312-րդ եւ 3121 -րդ եւ 312.2-րդ հոդվածները քրեական պատասխանատվություն են նախատեսում համապատասխանաբար առեւտրային կաշառքի, կաշառք տալու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին եւ իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալու համար:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության, ինչպես նաեւ 312-րդ, 3121 -րդ, 312.2-րդ հոդվածների 4-րդ մասերի՝ առեւտրային կաշառք, կաշառք կամ ապօրինի վարձատրություն տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել շորթում, կամ եթե անձն առեւտրային կաշառք, կաշառք կամ ապօրինի վարձատրություն տալու մասին ոչ ուշ, քան 3 օր հետո կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին:

Առկա օրենսդրական կարգավորման պարագայում խրախուսական նորմում ամրագրված չափանիշները լիովին հստակ եւ բավարար չեն, ինչն էլ հանգեցնում է նշված նորմերի ոչ նպատակային կիրառությանը եւ, միաժամանակ, կարող է չարաշահումների տեղիք  տալ:

Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 2012 թվականի դեկտեմբերի 7-ի 58-րդ լիագումար նիստում ընդունված Հայաստանի Հանրապետության կատարման երրորդ փուլի զեկույցում (այսուհետ՝ Զեկույց) գնահատվել են Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումները՝ ուղղված Հայաստանի մասին երրորդ փուլի գնահատման զեկույցում (ԳՐԵԿՈ-ի 2010 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը Ստրասբուրգում կայացած 49-րդ լիագումար նիստում) ներկայացված առաջարկությունների իրականացմանը: Զեկույցի 27-րդ կետով ԳՐԵԿՈ-ն   առաջարկել   է   վերանայել   Օրենսգրքի  200-րդ հոդվածը (5-րդ պարբերություն), 312-րդ   հոդվածը (4-րդ պարբերություն), 3121 -րդ հոդվածը (4-րդ պարբերություն) եւ համապատասխանաբար վերանայել պատժից մեխանիկորեն (եւ պարտադիր ընդհանուր) ազատումը, որը կիրառվում է գործուն զղջալու դեպքում, եւ պարզաբանել այն պայմանները, որոնց ներքո գործուն զղջալու պաշտպանության միջոցը կարող է վկայակոչվել։

ԳՐԵԿՈ-ն ողջունել է իշխանությունների կողմից քրեական օրենսգրքում կատարված հստակեցումը, ըստ որի՝ գործուն զղջալու պաշտպանության միջոցը վկայակոչելու համար հստակ կարճ ժամկետ է սահմանվել, ինչը չարաշահումների դեմ որոշ երաշխիքներ է ապահովում։ Սակայն նշել է, որ նոր շարադրանքով «գործուն զղջալու» պաշտպանության միջոցը դեռեւս պարտադիր է եւ կիրառվում է ավտոմատ: Այսինքն՝ եթե Օրենսգրքի  վերը նշված հոդվածներում սահմանված պայմաններն իրականացվում են, կաշառք տվողն ավտոմատ կերպով ազատվում է քրեական պատասխանատվությունից՝ անկախ գործի փաստական հանգամանքներից։ Սա ԳՐԵԿՈ-ի արտահայտած մտավախություններից է, որի առնչությամբ վերջինս Հայաստանի իշխանություններին կոչ է արել վերանայել համապատասխան հանցակազմերի շարադրանքը: Միաժամանակ, Զեկույցի 90-րդ կետով հանձնարարականի կատարման վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի հունիսի 30-ը:

Ասվածը հիմք է տալիս պնդելու, որ համապատասխան հոդվածներում առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում  մի կողմից, ապահովելու կոռուպցիայի դեմ  պայքարում ՀՀ միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումը, մյուս կողմից,  մշակելու գործուն կառուցակարգեր` քննարկվող ինստիտուտի կիրառման արդյունավետությունն ապահովելու եւ հնարավոր չարաշահումներից խուսափելու համար: Այսպես, ի տարբերություն գործող օրենսդրական կարգավորման, վերը նշված խրախուսական նորմերի կիրառման համար անհրաժեշտ պայմանները հստակեցվել են, ինչը նպատակ է հետապնդում պատասխանատվությունից այս հիմքով ազատման համար բերել ավելի նեղ եւ կոնկրետ չափանիշներ: Միաժամանակ, նախագծում տեղ գտած կարգավորման համաձայն՝ առեւտրային կաշառք, կաշառք կամ ապօրինի վարձատրություն տվող անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար բավարար չէ պարզապես օրենքում ամրագրված պայմաններից որեւիցե մեկի առկայությունը, այսինքն՝ այսուհետ անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար անհրաժեշտ կլինի հավաստել խրախուսական նորմում նշված բոլոր պայմանների միաժամանակյա առկայությունը: Արդյունքում ստացվում է, որ քննարկվող իրավիճակներում գործուն զղջալու ինստիտուտը հնարավոր կլինի կիրառել, եթե անձը՝

1. դարձել է շորթման զոհ,

2. կատարված հանցանքի մասին կամովին հայտնել է իրավապահ մարմիններին,

3. իրավապահ մարմիններին հայտնել է հանցանքի կատարումից հետո ոչ ուշ, եռօրյա ժամկետում, ընդ որում, եթե հայտնելու պահին կատարված հանցանքի մասին իրավապահ մարմինները տեղյակ չեն եղել,

4. աջակցել է հանցագործությունը բացահայտելուն:

Նմանատիպ պարտադիր պայմանների ամրագրումը կնվազեցնի քննարկվող խրախուսական նորմերի կիրառության ընթացքում չարաշահումների վտանգը:  Չարաշահումների դեմ պայքարի նպատակով է պայմանավորված նաեւ այնպիսի լրացուցիչ չափանիշի նախատեսումը, ինչպիսին է՝ մինչեւ իրավապահ մարմիններին հայտնի դառնալը հանցանքի մասին հայտնելու պահանջը: Նշվածը եռօրյա ժամկետում հայտնելու պահանջի հետ միասին ուղղված է բացառելու այն անձանց քրեական պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունը, ովքեր իրավապահ մարմիններին եռօրյա ժամկետում հայտնում են միայն այն պատճառով, որ այդ մարմիններին արդեն իսկ հայտնի է դարձել հանցանքի փաստը:

Նախագծով առաջարկվող տարբերակում «ազատվում է քրեական պատասխանատվությունից» եզրույթի նախատեսումը ամենեւին չի նշանակում, որ քրեական պատասխանատվությունից ազատելու իրավունք ունեցող մարմինը վերոնշյալ բոլոր պայմանների առերեւույթ առկայության դեպքում իրավասու է կիրառել նշված խրախուսական նորմը՝ առանց քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հստակ սահմանված պայմանների առկայությունը հավաստող գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության: Օրինակ, անգամ շորթման պարագայում չի բացառվում, որ կաշառք տվող անձը պայմաններ ստեղծի կամ նախաձեռնի կաշառքի շորթումը, որը պետք է հաշվի առնվի եւ դառնա պատասխանատվությունից ազատումը բացառող հիմք:

Ինչպես արդեն նշվել է, այս փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային չափանիշներին բավարարելու պահանջից: Սրանով պայմանավորված՝ ուսումնասիրության առարկա են դարձել մի շարք երկրներում գործուն զղջալու ինստիտուտի կիրառման պայմանների իրավաչափության ու արդյունավետության վերաբերյալ ԳՐԵԿՈ-ի դիտարկումները (տե՛ս Նախագծի ընդունման հիմնավորման Հավելվածը):

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով առեւտրային կաշառք, կաշառք կամ ապօրինի վարձատրություն տվող անձին քրեական պատասխանատվությունից ազատելու յուրաքանչյուր դեպքում գործի փաստական հանգամանքների գնահատման, հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակով գործուն զղջալու ինստիտուտի կիրառման սահմանները հստակեցնելու պահանջը, ինչպես նաեւ այս խնդրի առնչությամբ առկա միջազգային փորձը՝ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթներում ամրագրել որոշակի եւ անհրաժեշտ այնպիսի պայմաններ, որոնք համակցության մեջ բավարար են գործուն զղջալու պաշտպանության միջոցի կիրառության համար:

Նախագծի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումները

Օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: Օրենքի նախագիծը վերամշակվել է շահագրգիռ պետական մարմինների կարծիքների հիման վրա:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման պարագայում քրեական պատասխանատվությունից ազատելու իրավասություն ունեցող մարմինը հնարավորություն կունենա գործով հավաքված եւ  հետազոտված ապացույցների ուսումնասիրության արդյունքում առեւտրային կաշառք, կաշառք կամ ապօրինի վարձատրություն տվող անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը լուծել հստակեցված չափանիշների հիման վրա. դա իր հերթին կնպաստի նշված իրավիճակներում գործուն զղջալու ինստիտուտի արդյունավետ կիրառությանը: