Armenian ARMSCII Armenian
Կ-2781-27.05.2022,04.07.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Կառավարությունը հաստատում է նաեւ՝

1) անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ եւ համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների եւ համապատասխանության տեղեկանքի ձեւերը, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված ուղեկցող այլ փաստաթղթերի տրման կարգը.

2) սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական միջոցառումների համարժեքության ճանաչման եւ ռիսկի գնահատման կարգը.

3) Կառավարությանը ենթակա Պետական եկամուտների կոմիտեի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական պետական մարմնին Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի, անասնաբուժական եւ բուսասանիտարիայի բնագավառի հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը.

4) սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության նպատակով փորձարկումներ իրականացնող փորձարկման լաբորատորիաների՝ մրցույթով լիազորման կարգը.

5) արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը եւ ձեւերը:»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը «կողմից» բառից հետո լրացնել «սահմանված կարգով» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: