Armenian ARMSCII Armenian
Կ-334-11.07.2022-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի N ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածը 5-րդ մասից հետո լրացնել նոր՝ 5.1-ին եւ 5.2-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5.1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, ով որպես օտարերկրյա քաղաքացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերել որեւէ մարզաձեւի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որեւէ տարիքային խմբի) հանդես գալու համար եւ մինչեւ 2021 թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել է:

5.2. Սույն հոդվածի 5.1-ին մասով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար քաղաքացին կամ համապատասխան ֆեդերացիան մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 1-ը դիմում է սպորտի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին, որը մեկ ամսյա ժամկետում պարզում է ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը սույն հոդվածի 5.1-ին մասին եւ միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, որը քաղաքացուն ազատում է պարտադիր զինվորական ծառայությունից՝ սպորտի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի միջնորդությունը ստանալուց հետո՝ մեկ ամսյա ժամկետում:»:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածը 11-րդ մասից հետո լրացնել նոր՝ 11.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«11.1. Որպես օտարերկրյա քաղաքացի որեւէ մարզաձեւի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որեւէ տարիքային խմբի) հանդես գալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած եւ մինչեւ 2021 թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրած անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատում տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ սպորտի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի միջնորդությունը ստանալուց հետո՝ մեկ ամսյա ժամկետում:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքը գործում է մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հուլիսի 27-ի N 02/10.20/25002-2021 հանձնարարականը, այն է՝ «...սահմանված կարգով վարչապետի աշխատակազմ ներկայացնել օրենքի նախագիծ, որով լուծում կտրվի այն անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու խնդրին, ովքեր, լինելով այլ պետության քաղաքացի ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ հրավիրվել Հայաստանի Հանրապետություն՝ սպորտի բնագավառում հանդես գալու նպատակով, սակայն հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետության հավաքական թիմից դուրս են եկել կամ այլեւս միջազգային առաջնություններում հանդես չեն գալիս Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո:»:

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի համաձայն պարտադիր զինվորական ծառայությունից կարող է ազատվել նաեւ այն քաղաքացին, ով որպես օտարերկրյա քաղաքացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել որեւէ մարզաձեւի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որեւէ տարիքային խմբի) հանդես գալու համար եւ մինչեւ 2021 թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել է:

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

Նախագիծը մշակել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը եւ նույն նախարարության Իրավաբանական վարչությունը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն