Armenian ARMSCII Armenian
Կ-347-27.07.2022-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «դ» կետը «ավանդադրման համար» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ հարկաբյուջետային եւ կառավարության պարտքի կառավարման քաղաքականությունների իրականացմանն աջակցելու (այդ թվում՝ կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման) համար» բառերով:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-16-րդ մասերով.

 «14. Հարկաբյուջետային եւ կառավարության պարտքի կառավարման քաղաքականությունների իրականացմանն աջակցելու (այդ թվում՝ կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման) համար պետական լիազորված մարմնի անվամբ գանձապետական միասնական հաշվում բացվում է կայունացման միջոցների ենթահաշիվ (այսուհետ՝ կայունացման հաշիվ):

15. Կայունացման հաշվի միջոցների նպատակային միջին մակարդակը, որը  հաշվարկվում է որպես տվյալ տարվա աշխատանքային օրերի միջին օրական մնացորդ, պետք է լինի Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա բյուջետային ուղերձում տվյալ տարվա համար կանխատեսված համախառն ներքին արդյունքի մեկից մինչեւ երկու տոկոս միջակայքի սահմաններում:

16. Կայունացման հաշվի միջոցների համալրման եւ օգտագործման կարգը սահմանում է կառավարությունը՝ սույն օրենքի հիման վրա: Կայունացման հաշվի միջոցների համալրման եւ օգտագործման կարգով սահմանվում են՝

ա) կայունացման հաշվի նպատակները.

բ) կայունացման հաշվի համալրման եւ օգտագործման կարգը.

գ) կայունացման հաշվի կառավարման կարգը.

դ) կայունացման հաշվի միջոցների նպատակային միջակայքի ստորին եւ վերին շեմերից թույլատրելի շեղումները:»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է կայունացման հաշվի միջոցների համալրման եւ օգտագործման կարգը: