Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-503-25.04.2014,12.05.2014-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սույն օրենքի նպատակն է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանարապետության օրենքում փոփոխություն կատարելու, ինչպես նաեւ առանձին կարգավորումների միջոցով ձեւավորել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշման պահանջների լիարժեք կատարման համար անհրաժեշտ միջավայր, մինչեւ նշված որոշմանը համապատասխան կենսաթոշակային համակարգի հետագա բարեփոխումների ամբողջական իրականացումը՝ ապահովել քաղաքացիների ու գործատուների իրավունքների պաշտպանության եւ կենսաթոշակային համակարգի իրավական անվտանգությունը:

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 76-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող անձը ազատվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար Օրենքով նախատեսված պատասխանատվությունից:

Հոդված 3. Գործատուն Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված վարձու աշխատող եւ պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) կուտակային վճարներ չի հաշվարկում եւ չի փոխանցում, եթե մասնակիցը առձեռն կամ փոստային առաքմամբ գործատուին ներկայացնում է դիմում՝ նշելով.

1. Դիմումատուի համար (անունից) պարտադիր կուտակային վճարները չհաշվարկելու եւ չփոխանցելու մասին,

2. Դիմում պետք է լինեն նաեւ հետեւյալ տվյալները՝

ա) գործատուի անվանումը, դիմումատուի անունը եւ ազգանունը, անձնագրի սերիան եւ համարը, ծննդյան տարեթիվը եւ ամսաթիվը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

բ)դիմումատուի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), բնակության վայրը եւ այլն),

գ)դիմումը ներկայացնելու տարին, ամիսը եւ ամսաթիվը,

 դ) դիմումատուի  ստորագրությունը:

Դիմումատուի կողմից դիմումը առձեռն ներկայացնելու դեպքում՝ գործատուի՝ դիմումն ընդունող իրավասու անձը դիմումատուին է տրամադրում դիմումը գործատուին ներկայացրած լինելու մասին գրավոր հավաստում:

Հոդված 4. Սահմանել, որ.

1. Սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված մասնակիցների համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա համապատասխան գումարները եւ պարտադիր կուտակային վճարների մասին անհատական տեղեկատվությունը Օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով փոխանցվում են մասնակիցների ռեեստրը վարողին` անկախ Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով մասնակիցների համար (անունից) պարտադիր կուտակային վճարները հաշվարկվելու եւ փոխանցվելու հանգամանքից.

2. հարկային մարմինը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված`  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տվյալ ամսվա համար վճարման ենթակա համապատասխան գումարները եւ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին է փոխանցում տվյալ ամսվա կուտակային վճարի պարտավորությունը մարվելուց հետո,

3. մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցի համար բացում է կենսաթոշակային հաշիվ` Օրենքի 10-րդ հոդվածի համաձայն,

4. սույն հոդվածով սահմանված կարգով մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա համապատասխան գումարների հաշվին Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ձեռք են բերվում մասնակցի կողմից Օրենքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով ընտրված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի` կուտակային վճարին համարժեք քանակով փայեր,

5. Եթե մասնակիցը Օրենքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չի կատարել, ապա սույն հոդվածով սահմանված կարգով մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա համապատասխան գումարների հաշվին ձեռք են բերվում պահպանողական կենսաթոշակային ֆոնդի փայեր՝ համաձայն Օրենքի 39-րդ հոդվածի:

Հոդված 5. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ պարտադիր կուտակային վճարի պարտավորությունը Օրենքի 8-րդ եւ 8.1-րդ հոդվածներով սահմանված կարգով մարված է:

3. Սույն օրենքի 4-րդ հոդվածը գործում է մինչեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշման պահանջների լիարժեք կատարման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար: