Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5441-18.06.2014-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի`

1) առաջին պարբերությունը «մասնաճյուղը» բառից հետո լրացնել «(անկախ ոչ առեւտրային կազմակերպություն հանդիսանալու հանգամանքից), նոտարը» բառերով,

2) առաջին պարբերության 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) տվյալ օրացուցային տարվա հունվարի 1-ից մինչեւ տվյալ օրացուցային տարվա ավարտը, օրացուցային տարվա ընթացքում նոր ստեղծված (պետական գրանցում ստացած, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված կամ որպես նոտար նշանակված) անձի համար` պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվանից մինչեւ տվյալ օրացուցային տարվա ավարտը, իսկ օրացուցային տարվա ընթացքում ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարած անձի համար` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչեւ տվյալ օրացուցային տարվա ավարտը, եթե անձը տվյալ տարվա հունվարի 1-ի կամ պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվա դրությամբ օրենքի համաձայն, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ օրենքով սահմանված ժամկետներում իր հաշվառման վայրի հարկային մարմին չի ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, բացառությամբ ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առեւտրային կազմակերպությունների եւ գյուղատնտեսական արտադրանք արտադրողների, որոնք ԱԱՀ վճարող են համարվում սույն հոդվածի 1.1-ին կետով սահմանված դեպքում եւ կարգով.»,

3) առաջին պարբերության 1.1-ին կետում «ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունում նշված օրվանից մինչեւ հայտարարությունում նշված տարվա ավարտը, բայց ոչ շուտ, քան հայտարարությունը ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրացուցային օրվանից, եթե ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առեւտրային կազմակերպությունն իր հաշվառման վայրի հարկային մարմին վերադաս հարկային մարմնի սահմանած ձեւով գրավոր հայտարարություն է ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ձեւով ԱԱՀ վճարող համարվելու եւ որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարությունում (այսուհետ` միասնական հայտարարություն) նշված օրվանից (բայց միասնական հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 30-րդ օրվանից ոչ շուտ) մինչեւ միասնական հայտարարությունում նշված տարվա ավարտը, եթե ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առեւտրային կազմակերպությունը կամ գյուղատնտեսական արտադրանք արտադրողն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացրել միասնական հայտարարություն (նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու եւ որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին)» բառերով,

4) առաջին պարբերության 3-րդ կետը «դադարում է համարվել շրջանառության հարկ վճարող» բառերից հետո լրացնել «կամ դադարում է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ` եթե օրենքով սահմանված ժամկետներում հարկային մարմին չի ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն» բառերով եւ  հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու հիմքերից որեւէ մեկը տեղի ունենալու օրվանից մինչեւ այդ օրվան հաջորդող 30-րդ օրը անձն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում միասնական հայտարարություն` նշելով շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու համապատասխան հիմքը եւ պահը (օրը):»,

5) առաջին պարբերության 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) միասնական հայտարարությունում նշված օրվանից (բայց միասնական հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 30-րդ օրվանից ոչ շուտ) մինչեւ միասնական հայտարարությունում նշված տարվա ավարտը, եթե շրջանառության հարկ վճարողն իր հաշվառման վայրի հարկային մարմնին ներկայացրել է միասնական հայտարարություն (նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու եւ որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին):»,

6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Այն դեպքում, երբ հարկ վճարողը օրենքի համաձայն, չի համարվում ԱԱՀ վճարող եւ չի ներկայացրել միասնական հայտարարություն, սակայն հարկային մարմնի կողմից հաշվառվել է որպես ԱԱՀ վճարող, հարկային մարմինը հարկ վճարողի` վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձեւի դիմումի հիման վրա մեկ օրվա ընթացքում չեղյալ է համարում հարկ վճարողի` տվյալ տարվա հունվարի 1-ից որպես ԱԱՀ վճարող հաշվառումը:

Սույն օրենքի իմաստով, ոչ առեւտրային կազմակերպությունը համարվում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող, եթե օրենքով ոչ առեւտրային կազմակերպությանը արգելված չէ իրականացնել այդ գործունեությունը:»:

Հոդված 2. Օրենքի 3.1-րդ հոդվածի`

1) 2-րդ կետը «հիմնարկները» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը» բառերով,

2) 3-րդ կետը՝

ա. «անհատ ձեռնարկատեր» բառերից հետո լրացնել «կամ նոտար» բառերով,

բ. «բ» ենթակետում «մատուցել են այնպիսի ծառայություններ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ անշարժ գույքի վարձակալության գործարքների)» բառերը:

Հոդված 3. Oրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17-րդ կետով.

«17) անհատ ձեռնարկատեր եւ (կամ) նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության գործարքները.»:

Հոդված 4. Oրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետը «շրջանառության հարկ վճարող» բառերից հետո լրացնել «կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող» բառերով:

Հոդված 5. Oրենքի 19-րդ հոդվածի 4-րդ կետը «հաստատագրված վճարով հարկվող» բառերից հետո լրացնել «կամ ընտանեկան ձեռնարկատիրության» բառերով:

Հոդված 6. Oրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետը «շրջանառության հարկով հարկվող» բառերից հետո լրացնել «կամ ընտանեկան ձեռնարկատիրության գործունեության» բառերով:

Հոդված 7. Oրենքի 44.1-րդ հոդվածը «հաստատագրված վճարով հարկվող» բառերից հետո լրացնել «կամ ընտանեկան ձեռնարկատիրության» բառերով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված` ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգին վերաբերող դրույթները, որոնք ուժի մեջ են մտնում 2014 թվականի հոկտեմբերի 1-ից: