Armenian ARMSCII Armenian
ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ
ՆԱԽԱԳԻԾ
Կ-547-18.06.2014-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-185-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Եթե օտարվում է սեփականության մի մասը, ապա սեփականատերն իրավունք ունի պահանջել նաեւ սեփականության չօտարված մասի օտարում հետեւյալ դեպքերում՝
1) գույքի չօտարվող մասը սեփականատիրոջ համար կորցնում է այն տնտեսական կամ գործառութային նշանակությունը, ինչն ուներ մինչեւ օտարվող մասի առանձնացվելը՝ անկախ սեփականության օտարվող եւ չօտարվող մասերի համամասնությունից.

2) գույքի չօտարվող մասը օտարվող մասի համեմատությամբ աննշան է:

Չօտարված մասն օտարելու պահանջ սեփականատերը կարող է ներկայացնել բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում։»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած։

Հոդված 3. Օրենքը լրացնել 5.1-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 5.1. Սեփականության չօտարված մասը օտարելու պահանջի քննարկան կարգը

1. Եթե սեփականատերը սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով պահանջ է ներկայացնում սեփականության չօտարվող մասն օտարելու վերաբերյալ, ապա ձեռքբերողը պարտավոր է նման պահանջ ներկայացնելուց հետո 15 (տասնհինգ) օրվա ընթացքում սեփականատիրոջը ներկայացնել իր դիրքորոշումը։

2. Ձեռքբերողի կողմից սեփականության չօտարվող մասը ձեռքբերելուց հրաժարվելու դեպքում սեփականատերն իրավունք ունի սեփականության չօտարվող մասն օտարելուն պարտադրելու պահանջով դիմել դատարան՝ ձեռքբերողի մերժումը ստանալուց կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատարան ներկայացված հայցը դատարանը պետք է քննի եւ վճիռ կայացնի այն ստանալու օրվանից հետո` երկամսյա ժամկետում։»:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «ա» կետում «փոխհատուցմամբ» բառից հետո լրացնել հետեւյալ բառերը.
«, ընդ որում, դեպոզիտ հանձնված ավել գումարը ձեռքբերողին չի վերադարձվում».

2) 2-րդ մասի «գ» կետը ճանաչել ուժը կորցրած.

3) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում դատարանի՝ օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը եւ դատարանի կողմից սահմանված փոխհատուցման լրացուցիչ գումարը` եթե այդպիսին առկա է, դատարանի դեպոզիտ հաշվին հանձնելու վերաբերյալ դատարանի կողմից տրված տեղեկանքը։»:

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մաս.

«8. Սույն հոդվածով սահմանված կարգով օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափը որոշելու վերաբերյալ գործը դատարանը պետք է քննի եւ վճիռ կայացնի հայցադիմումը ստանալու օրվանից հետո՝ երկամսյա ժամկետում։»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը սեփականության չօտարված մասին առնչվող վեճերով սեփականատերն իրավունքի ունի սեփականության չօտարվող մասն օտարելուն պարտադրելու պահանջով դիմել դատարան սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում: