Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5502-18.06.2014-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 133-րդ հոդվածի 3-րդ մասը «կարող ենք շրջանառության մեջ դրվել հատուկ թույլտվությամբ» բառերից հետո լրացնել «կամ կարող են տրապետվել, օգտագործվել կամ տնօրինվել սոսկ որոշակի նպատակներով» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) առաջին պարբերությունը «բացառությամբ» բառից հետո լրացնել «սոցիալական նպատակով թողարկվող անվանական արժեթղթերի եւ» բառերով,

2) երկրորդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սոցիալական նպատակով թողարկվող անվանական արժեթղթերով հավաստված իրավունքները կարող են փոխանցվել միայն ժառանգման կարգով, ինչպես նաեւ համապատասխան տեսակի արժեթղթի թողարկումը նախատեսող օրենքով նախատեսված այլ դեպքերում:»:

Հոդված 3. Օրենսգրքի 153-րդ հոդվածում՝

1)1-ին մասը «հասարակ պահեստային վկայագիրը,» բառերից հետո լրացնել «ներդրումային ֆոնդի փայը» բառերով,

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«2. Պարտատոմսը, բաժնետոմսը եւ ներդրումային ֆոնդի փայը ինվեստիցիոն (ներդրումային) արժեթղթեր են:»,

3) լրացնել 5-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5. Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթղթերի տեսակները սահմանվում են օրենքով:»:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 161.1 հոդվածով.

«Հոդված 161.1. Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթղթերը

1. Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթուղթ է համարվում անվանական այն արժեթուղթը, որը հավաստում է դրա տիրոջ (քաղաքացու) իրավունքը օրենքով եւ արժեթղթի թողարկման պայմաններով սահմանված կարգով կենսաթոշակ (կենսաթոշակային ֆոնդերի կողմից թողարկված արժեթղթեր) կամ այլ սոցիալական ապահովության գումարներ ստանալու իրավունքը:

2. Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթուղթը կարող է տիրապետվել, օգտագործվել եւ տնօրինվել բացառապես օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ կամ այլ սոցիալական ապահովության գումար ստանալու նպատակով, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:»:

Հոդված 5. Օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում լռությունը կարող է համարվել որպես երրորդ անձի կողմից պայմանագրով իր իրավունքից օգտվելու ցանկության հայտնում:»:

Հոդված 6. Օրենսգրքի 968.12-րդ հոդվածի 1-ին մասը «ֆոնդի կառավարչին» բառերից հետո լրացնել «կամ այլ անձի՝ ներառյալ պետությանը» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: