Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-407-11.10.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումների հետ կապված հարաբերությունները, սահմանում է ներդրումների խթանման իրավական եւ տնտեսական հիմքերը, Հայաստանի Հանրապետությունում ներդրողների իրավունքների պաշտպանության երաշխիքները, ներդրողների մասնակցությամբ վեճերի լուծման կարգը:

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքում օգտագործված հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) ներդրում՝ գույքի ցանկացած տեսակ (բացառությամբ անձնական սպառման համար նախատեսված ապրանքների), ներառյալ` ֆինանսական լիզինգի պայմանագրով ձեռքբերվող գույք, ոչ նյութական ակտիվներ, ինչպես նաեւ գույքային իրավունքներ, որոնք ներդրողի կողմից ներդրվում են իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում կամ ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար, այդ թվում՝ պետական-մասնավոր գործընկերության, ներառյալ` կոնցեսիոն ծրագրի շրջանակում օգտագործվող հիմնական միջոցների հավելաճի տեսքով.

2) ներդրող` Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձ.

3) ներդրումային գործունեություն՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեություն՝ առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ձեռնակատիրական գործունեության կամ պետական-մասնավոր գործընկերության, այդ թվում՝ կոնցեսիոն ծրագրի իրականացման նպատակով օգտագործվող ակտիվների ձեւավորման կամ ընդլայնման նպատակով,

3) ներդրումային նախագիծ՝ միջոցառումների համալիր, որոնք նախատեսում են ներդրումների իրականացում նոր ստեղծվող կամ գոյություն ունեցող ձեռնարկատիրական գործունեության ընդլայնման եւ արդիականացման, այդ թվում` պետական-մասնավոր գործընկերության ծրագրերի՝ ներառյալ կոնցեսիոն ծրագրերի իրականացման ընթացքում ծրագրի ստեղծման եւ ընդլայնման նպատակով :

4) Լիազորված մարմին՝ ներդրումային հարաբերությունների կարգավորման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության պետական մարմին.

5) Ներդրումային գործակալություն՝ լիազորված մարմնի կողմից հիմնադրված պետական հիմնարկ, որն իրավասու է կնքել ներդրումային պայմանագրեր եւ իրականացնել դրանց կատարման նկատմամբ հսկողություն.

6) ներդրումային պայմանագիր՝ Ներդրումային գործակալության եւ ներդրողի միջեւ կնքվող պայմանագիր, որով սահմանվում են ներդրումային արտոնությունների տրամադրման պայմանները.

7) Ներդրումային արտոնություններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` ներդրումային ծրագիր իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրվող նպատակային առավելություններ.

8) Աշխատանքային ծրագիր` ներդրումային պայմանագրի հավելված, որով սահմանվում է ներդրումային ծրագրի իրականացման աշխատանքների ժամանակացույցը՝ ընդհուպ մինչեւ արտադրությունը կամ ներդրումային օբյեկտը շահագործման հանձնելը, ինչպես նաեւ ներդրումային օբյեկտի հիմնական արտադրողական ցուցանիշները` դրանց շահագործման հանձնելուց հետո.

9) Ներդրումային վեճ՝ ներդրողների եւ պետական մարմինների միջեւ ներդրումային գործունեությանն անմիջականորեն առնչվող, ինչպես նաեւ պայմանագրային իրավունքների եւ պարտավորությունների հետ կապված վեճ.

10) Ներդրումային օմբուդսմեն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջադրվող եւ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընտրվող պաշտոնատար անձ, որին վերապահվում է ներդրողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության գործառույթներ.

11) Ներդրողների համար «մեկ պատուհան»՝ հանրային ծառայությունների մատուցման ոլորտում ներդրողներին օժանդակության կենտրոնացված եղանակ, որը միտված է նվազագույնի հասցնել ներդրողների մասնակցությունը փաստաթղթերի հավաքագրմանն ու պատրաստմանը՝ սահմանափակելով նրանց անմիջական շփումը պետական մարմինների հետ.

12) Պետական բնաիրային դրամաշնորհ՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույք, որը ժամանակավոր ազատ օգտագործման իրավունքով հանձնվում է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձին՝ ներդրումային ծրագրի իրականացման համար, հետագայում անվճար սեփականության կամ հողօգտագործման իրավունքով վերջինիս փոխանցման հնարավորությամբ.

13) Ոչ նշանակալի ներդրող՝ իրավաբանական անձի քվեարկող բաժնետոմսերի (մասնակիցների փայերի ընդհանուր գումարի) տաս տոկոսից պակաս չափով բաժնեմաս տնօրինող անձ:

14) Տեխնոլոգիական սարքավորումներ՝ ապրանքներ, որոնք նախատեսված են ներդրումային ծրագրի տեխնոլոգիական գործընթացում օգտագործման համար:

Հոդված 2 Օրենքի նպատակը եւ կարգավորման ոլորտը

1.Սույն օրենքի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետությունում ներդրումային գործունեության համար ապահովել համահավասար, կանխատեսելի, թափանցիկ եւ բարենպաստ պայմաններ:

2.Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից իրականացվող ներդրումների հետ կապված հարաբերությունները:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող միջպետական ներդրումների վրա սույն օրենքի դրույթները տարածվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերին:

4. Սույն օրենքը չի կարգավորում՝

1/ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող ներդրումների հետ կապված հարաբերությունները.
2/ ոչ առեւտրային կազմակերպություններում ներդրումներ կատարելու հետ կապված հարաբերությունները, ներառյալ` կրթական, բարեգործական, գիտական կամ կրոնական նպատակներով:

Հոդված 3. Ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն Օրենքից եւ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերից:

2. Ներդրումների հետ կապված Հայաստանի Հանրապետության այլ օրենքների շրջանակներում կարգավորվող իրավահարաբերությունների մասով սույն օրենքի դրույթները կիրառվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում այդ օրենքներին:

3. Եթե Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված են այլ դրույթներ, որոնք առկա չեն սույն օրենքում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի համապատասխան դրույթները:

Հոդված 4. Ներդրումային գործունեության օբյեկտները

1. Ներդրողներն իրավունք ունեն ներդրումներ իրականացնել ձեռնարկատիրական գործունեության ցանկացած օբյեկտներում եւ տեսակներում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

2. Ձեռնարկատիրական գործունեության օբյեկտների եւ տեսակների նկատմամբ ներդրողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով եւ համապատասխան պայմանագրերով:

3. Ելնելով ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով կարող են սահմանվել գործունեության տեսակներ եւ (կամ) տարածքներ, որոնցում ներդրումային գործունեությունը սահմանափակվում կամ արգելվում է:

ԳԼՈՒԽ 2.

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

Հոդված 5. Ներդրումային գործունեության պետական կարգավորումը եւ համակարգումն իրականացնող մարմինը

1.Ներդրումային գործունեության պետական կարգավորումը եւ համակարգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը: Լիազորված մարմինը ղեկավարվում է օրենսդրությամբ, ինչպես նաեւ, Կառավարության եւ Վարչապետի որոշումներով:

2. Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով Լիազորված մարմինը՝

1) կատարում է ներդրումային գործընթացի նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովումը.

2) մշակում է ներդրումների վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերի նախագծեր եւ ներկայացնում է դրանք կառավարության եւ (կամ) Վարչապետի հաստատմանը.

3) սահմանում է օրինակելի փաստաթղթերի ձեւանմուշներ, այդ թվում՝ ներդրողների հետ կնքվող ներդրումային պայմանագրի,

4) օժանդակում է ներդրողներին՝ ներդրումների իրականացման գործում եւ վերահսկում նրանց կողմից սույն օրենքի դրույթների եւ այլ իրավական ակտերի պահանջների կատարումը.

5) համակարգում է ներդրումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների եւ Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը.

6) ապահովում է ներդրումային ոլորտը կարգավորող իրավական ակտերի, ներառյալ՝ հրահանգների, կարգադրությունների եւ հրամանների պարբերական հաշվառումը,

7) իր իրավասության սահմաններում եւ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանված կարգով ներգրավում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների համապատասխան մասնագետների, ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսացող խորհրդատուների եւ փորձագետների.

8)որոշում է կայացնում ներդրումային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ,

9)դադարեցնում եւ կասեցնում է Գործակալության կողմից կնքված ներդրումային պայմանագրերի գործողությունը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում,

10) յուրաքանչյուր եռամսյակի կտրվածքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովին ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում կատարված ներդրումների վերաբերյալ:

3.Լիազորված մարմնի գործունեության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 6. Ներդրումային գործակալությունը

1. Ներդրողների հետ ներդրումային արտոնությունների տրամադրման նպատակով պայմանագրերի նախապատրաստման, կնքման եւ դրանց կատարման նկատմամբ հսկողության գործառույթները Լիազորված մարմնի անունից իրականացնում է Ներդրումային գործակալությունը /այսուհետ՝ Գործակալություն/:

2. Գործակալության կազմավորման եւ գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը՝ սույն օրենքին համապատասխան:

Հոդված 7. Ներդրողների գործունեության նկատմամբ հսկողության եւ վերահսկողության իրականացումը

1. Ներդրումային պայմանագրի շրջանակում ներդրողների գործունեության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ներդրումային Գործակալությունը` սույն օրենքին եւ ներդրումային պայմանագրի պայմաններին համապատասխան:

2. Ներդրումային պայմանագրի շրջանակում ներդրողների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Լիազորված մարմինը՝ սույն օրենքին համապատասխան:

3. Ներդրողների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված Լիազորված պետական մարմինները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

4.Ներդրողների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացնելու կարգն ու ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

ԳԼՈՒԽ 3

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 8. Ներդրողների իրավունքների եւ շահերի պաշտպանության երաշխիքները

1. Հայաստանի Հանրապետությունում ներդրողի համար ապահովվում է իրավունքների եւ շահերի լիարժեք եւ անվերապահ պաշտպանություն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ Հանրապետության այլ իրավական ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

2.Պետական կարիքների համար ներդրողների գույքի, այդ թվում՝ ոչ նյութական ակտիվների նկատմամբ իրավունքների հարկադիր առգրավումը (ազգայնացում, բռնագանձում) թույլատրվում է բացառիկ դեպքերում, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

3. Ներդրողի գույքի ազգայնացումը կամ բռնագանձումը չի կարող կատարվել առանց ներդրողին համարժեք փոխհատուցում վճարելու:

4. Ազգայնացման կամ բռնագանձման մասին որոշումները ընդունվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ միջազգային իրավունքի նորմերին հակասող որոշումների ընդունման եւ գործողությունների (անգործության) հետեւանքով պատճառված վնասի դիմաց ներդրողն իրավունք ունի պահանջել պատճառված վնասների փոխհատուցում:

6.Ազգայնացման կամ բռնագանձման դեպքում ներդրողին ամբողջովին փոխհատուցվում է նրա կրած բոլոր վնասները, այդ թվում՝ գույքի շուկայական արժեքը: Գույքի շուկայական արժեքը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

7. Փոխհատուցման գնի չափի, վճարման ժամկետների եւ այլ պայմանների վերաբերյալ երկկողմանի համաձայնության չգալու դեպքում ներդրողն իրավունք ունի այն վիճարկել դատական կարգով:

8.Ազգայնացում կամ բռնագանձում իրականացնելու իրավական հիմքերի վերացման դեպքում ներդրողն իրավունք ունի պահանջել իրեն վերադարձնելու պահպանված գույքը՝ դրա դիմաց ստացած փոխհատուցման գումարը հետ վերադարձնելու պայմանով` հաշվանցելով գույքի արժեքի բնական կորստից կամ նվազումից առաջացած վնասի գումարը: Վնասի չափը գնահատվում է անկախ փորձագետի կողմից:

Հոդված 9. Ներդրողների վնասի փոխհատուցման երաշխիքները

1. Ներդրողն իրավունք ունի վնասի փոխհատուցման, որը նրան պատճառվել է պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանող ակտերի ընդունման, ներդրումային պայմանագրի խախտման, ինչպես նաեւ այդ մարմինների պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության) արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 10. Ներդրումային պայմանագրերի կայունության երաշխիքները

1.Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ ներդրողների համար վատթարացնող փոփոխությունների դեպքում ներդրումային պայմանագրերի, ինչպես նաեւ ներդրողների եւ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների միջեւ կնքված այլ պայմանագրերի պայմանների կայունությունը, բացառությամբ կողմերի համաձայնությամբ կատարվող փոփոխությունների:

Սույն երաշխիքները չեն տարածվում.

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխությունների եւ (կամ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու եւ (կամ) փոփոխվելու դեպքերի վրա, որոնցով նախատեսվում է փոփոխել ակցիզային ապրանքների ներմուծման, արտադրության, իրացման կարգը եւ պայմանները.

2) Հայաստանի Հանրապետության իրավական ակտերում կատարվող փոփոխությունների եւ լրացումների վրա, որոնք բխում են ազգային անվտանգության, բնապահպանական, քաղաքացիների կյանքի եւ առողջության պաշտպանության նկատառումներից:

Հոդված 11. Ներդրողների եկամուտների տնօրինման երաշխիքները

Ներդրողներն իրավունք ունեն.

1) իրենց հայեցողությամբ ազատորեն տնօրինել ստացված եկամուտները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկերը եւ այլ պարտադիր վճարները վճարելուց հետո,

2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության դրամով եւ (կամ) արտարժույթով` համաձայն Հայաստանի Հանրապետության բանկային եւ արժութային հարաբերությունների ոլորտը կարգավորող օրենսդրության:

3) իրենց օրինական կարգով ստացած միջոցները վերաներդնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, օգտագործել Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում կամ ապրանքներ ձեռք բերելու նպատակով:

4) Օտարերկրյա ներդրողին երաշխավորվում է իր սեփականության, ներդրման հետեւանքով ստացած շահույթի (եկամտի) եւ այլ միջոցների ազատ արտահանումը, որոնք օրինական կերպով ստացվել են որպես ներդրումների արդյունք կամ որպես աշխատանքի դիմաց վճար, կամ որպես սույն օրենքով նախատեսված փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունների ամբողջ ծավալով իրականացման դեպքում :

Հոդված 12. Ներդրողների նկատմամբ պետական մարմինների գործունեության հրապարակայնությունը եւ ներդրողներին ներդրումային գործունեության իրականացման հետ կապված տեղեկատվության տրամադրումը

1. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների՝ ներդրողների շահերին առնչվող կարգավորող իրավական ակտերը եւ պաշտոնական հաղորդագրությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ներդրողներին /ներառյալ՝ ոչ նշանակալի ներդրողներին/ ապահովվում է հասանելիություն իրավաբանական անձանց պետական գրանցման, դրանց կանոնադրության, անշարժ գույքի գծով պետական գրանցված գործարքների, տրամադրված լիցենզիաների եւ արտոնությունների մասին տեղեկատվությանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով նախատեսված այլ տեղեկատվությանը, որը վերաբերում է նրանց ներդրումային գործունեությանը եւ որը չի պարունակում առեւտրային կամ օրենքով պաշտպանված այլ գաղտնի տեղեկատվություն:

Հոդված 13. Վեճերի լուծումը

1. Ներդրումային վեճերը կարող են լուծվել բանակցությունների միջոցով, ներառյալ Ներդրումային օմբուդսմենի ներգրավմամբ, ինչպես նաեւ կողմերի համար վեճերի լուծման համաձայնեցված ընթացակարգին համապատասխան:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգով ներդրումային վեճը չկարգավորվելու դեպքում, դրանց լուծումը կարող է իրականացվել միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Ներդրումների հետ չառնչվող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 4

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14. Ներդրումների պետական աջակցության նպատակը

1. Ներդրումներին պետական աջակցության նպատակը՝ տնտեսության զարգացման համար բարենպաստ ներդրումային միջավայրի ձեւավորումն է, տնտեսության ռազմավարական եւ առաջնահերթ զարգացման ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նոր գիտելիքահեն արտադրությունների զարգացումը, արտադրական ներուժի ընդլայնումը եւ արդիականացումը, ազգային աշխատուժի /կադրային ներուժի/ որակավորման բարձրացումը, շրջակա միջավայրի պահպանությունը եւ բնական ռեսուրսների վերարտադրությունը:

2. Ներդրումների պետական աջակցության համակարգումն իրականացնում է Լիազորված մարմինը՝ սույն օրենքին համապատասխան:

Հոդված 15. Ներդրումային օմբուդսմեն

1. Ներդրումային օմբուդսմենը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացվող եւ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընտրվող՝ ներդրողների շահերի պաշտպանության ոլորտում անհատույց աջակցություն ցուցաբերող պաշտոնատար անձ է:

Ներդրումային օմբուդսմենը՝ ներդրողների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար.

1) քննարկում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումային գործունեություն ծավալելու ընթացքում ծագած հարցերի վերաբերյալ ներդրողների կողմից ներկայացված դիմում-գանգատները եւ տալիս է առաջարկություններ դրանց լուծման համար՝ փոխգործակցելով Լիազորված մարմնի եւ պետական կառավարման այլ մարմինների հետ.

2) արտադատական եւ նախադատական կարգով ներդրողներին աջակցություն է ցուցաբերում ներդրումային գործունեության հետ կապված հարցերի վերաբերյալ.

3) անհրաժեշտության դեպքում մշակում եւ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Կառավարությանը` Հայաստանի Հանրապետության ներդրումային օրենսդրության բարելավման վերաբերյալ:

2. Ներդրումային Օմբուդսմենի գործունեության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հոդված 16. Պետական մարմինների հետ փոխհարաբերություններում ներդրողների օժանդակությունը

1. Ներդրողների համար «մեկ պատուհան»-ի գործարկման նպատակով Լիազորված մարմնի կողմից սահմանվում է հատուկ նշանակված վայր՝ պետական ծառայություններ մատուցելու համար հայտեր ստանալու եւ ներդրողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին դրանց արդյունքները տրամադրելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան էլեկտրոնային եղանակով պետական ծառայություններ մատուցելու համար՝ առցանց տեղեկատվական համակարգերից համապատասխան տեղեկատվություն ստանալու եղանակով:

2. Լիազորված մարմինը «մեկ պատուհան»-ի շրջանակում ներդրողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների համար.

1) կատարում է ընդունելություն եւ տրամադրում խորհրդատվություն՝ առկա պետական ծառայությունների վերաբերյալ.

2) ցուցաբերում է աջակցություն՝ պետական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման ու ձեւակերպման հարցում.

3) անհրաժեշտության դեպքում ապահովում է ուղեկցություն կենտրոնական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում :

2. Ներդրողների համար «մեկ պատուհան»-ի գործունեության կազմակերպման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որով պետք է առնվազն նախատեսվեն՝

1) ներդրողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին ընդունելության եւ խորհրդատվության տրամադրման կարգը,

2) պետական ծառայությունների ստացման համար հայտերի ընդունման եւ ներդրողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին դրանց արդյունքների տրամադրման կարգը,

3) պետական ծառայությունների մատուցման գծով Լիազորված մարմնի եւ պետական մարմինների միջեւ փոխգործակցության կարգը,

4) Լիազորված մարմնի կողմից ներդրողներին պետական մարմիններում ուղեկցության կարգը,

5) ներդրողների համար պետական ծառայությունների մատուցման գործընթացի մշտադիտարկման իրականացման կարգը:

3. Լիազորված մարմինը «մեկ պատուհանի» շրջանակներում կարող է միջնորդ հանդիսանալ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների համար՝ ներդրողի դիմումը կամ բողոքը քննարկելու եւ ներդրողների փաստաթղթերը պետական համապատասխան մարմիններ ներկայացնելու համար:

Հոդված 17. Ներդրումային արտոնությունների տեսակները

1. Ներդրումներ իրականացնող Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են տրամադրվել հետեւյալ ներդրումային արտոնությունները՝

1) մաքսատուրքից ազատում,

2) հարկային արտոնություններ, այդ թվում՝

ա/ ԱԱՀ-ից ազատում,

բ/ ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգում,

դ/ շահութահարկի նվազեցված դրույքաչափի կիրառում,

ե/եկամտային հարկի նվազեցված դրույքաչափի կիրառում,

զ/ նվազեցված գործակցի կիրառում հողի հարկի դրույքաչափի նկատմամբ,

է/գույքահարկի հաշվարկ նվազեցված դրույքով` հարկային բազայի նկատմամբ:

3)պետական տուրքերից ազատում,

4) բնաիրային դրամաշնորհների տրամադրում:

2. Ներդրումային արտոնությունների կիրառումը չեղարկվում է ներդրման պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում` սույն օրենքով սահմանված կարգով:

3. Ներդրումային արտոնություններ չեն կարող տրամադրվել հետեւյալ ոլորտներում ներդրում իրականացնելու դեպքում.

1) խաղեր եւ զվարճանքներ,

2) ընդերքօգտագործում,

3) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրություն

4) մանրածախ եւ մեծածախ առեւտուր:

Հոդված 18. Մաքսատուրքից ազատման կարգը

1. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձը, որը ներդրումային պայմանագրի շրջանակներում իրականացնում է ներդրումային նախագիծ, ազատվում է տեխնոլոգիական սարքավորումների, բաղադրիչների եւ պահեստամասերի, հումքի եւ (կամ) նյութերի ներմուծման համար նախատեսված մաքսատուրքից՝ ԵԱՏՄ եւ (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն համապատասխան:

2. Տեխնոլոգիական սարքավորումներ եւ դրա բաղադրիչներ ներմուծելիս մաքսատուրքից ազատման իրավունքը տրվում է ներդրումային պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան, բայց ոչ ավելի, քան 5 տարին՝ ներդրման պայմանագրի պետական գրանցման պահից:

3. Մաքսային տուրքերից ազատման իրավունքը տրվում է ներդրումային պայմանագրի գործողության ժամանակահատվածի համար՝ աշխատանքային ծրագրով հիմնական միջոցների գործարկման օրվանից ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով: Եթե աշխատանքային ծրագիրը նախատեսում է երկու կամ մի քանի հիմնական միջոցների շահագործում, ապա տեխնոլոգիական սարքավորումների պահեստամասերի, հումքի եւ (կամ) նյութերի ներմուծման վրա մաքսատուրքերից ազատման ժամկետի հաշվարկն իրականացվում է առաջին հիմնական միջոցի գործարկման օրվանից:

4. Սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան ընդունված որոշման մասին ծանուցումը Լիազորված մարմինը տաս աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է պետական եկամուտների հավաքագրման գծով լիազորված պետական մարմին:

Հոդված 19. Վերաներդրում իրականացնող Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց տրամադրվող արտոնությունները

Վերաներդրում իրականացնող Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց կարող են տրամադրվել սկզբնական ներդրումային պայմանագրով նախատեսված արտոնությունները, եթե վերաներդրում իրականացնելու պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ավելի բարենպաստ ներդրումային արտոնություններ չեն նախատեսվում:

Հոդված 20. Պետական բնաիրային դրամաշնորհների տրամադրումը

1. Սույն օրենքով սահմանված կարգով պետական բնաիրային դրամաշնորհները Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց տրամադրվում են Լիազորված մարմնի կողմից՝ պետական գույքի եւ (կամ) հողային ռեսուրսների կառավարումն իրականացնող համապատասխան պետական մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցման ընթացակարգով` ներդրումային պայմանագրի շրջանակում գույքի կամ հողամասերի ժամանակավորապես անհատույց օգտագործման իրավունքով` հետագայում դրանց նկատմամբ անհատույց սեփականության իրավունքներ ստանալու հնարավորությամբ:

Պետական բնաիրային դրամաշնորհի անհատույց սեփականության իրավունքով տրամադրման իրավական հիմքը՝ սեփականության կամ հողօգտագործման համար Լիազորված մարմնի որոշումն է: Լիազորված մարմնի որոշումը կայացվում է ներդրման պայմանագրի ավարտից հետո, եթե ներդրողը ամբողջ ծավալով եւ նախատեսված ժամկետում իրականացրել է ներդրումային պարտավորությունները` համաձայն ներդրողի եւ Լիազորված մարմնի միջեւ կնքված ներդրումային պայմանագրի:

2. Որպես պետական բնաիրային դրամաշնորհ կարող են տրամադրվել՝ հողատարածքներ, շենքեր, կառույցներ, մեքենաներ եւ սարքավորումներ, հաշվողական տեխնիկա, չափիչ եւ կարգավորող գործիքներ եւ սարքեր, տրանսպորտային միջոցներ (բացառությամբ ուղեւորատար տրանսպորտային միջոցների), արտադրական եւ կենցաղային տեխնիկա:

3. Պետական բնաիրային դրամաշնորհների գնահատումն իրականացվում է դրանց շուկայական արժեքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Պետական բնաիրային դրամաշնորհի առավելագույն չափը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի հիմնական միջոցներում ներդրումների ծավալի 25 տոկոսը:

5. Եթե հայցվող պետական բնական դրամաշնորհի գնահատված արժեքը գերազանցում է սահմանված առավելագույն չափը, ապա Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձն իրավունք ունի ստանալու հայցվող դրամաշնորհը` վճարելով դրա գնահատված արժեքի եւ բնաիրային դրամաշնորհի առավելագույն չափի միջեւ եղած տարբերությունը:

Հոդված 21. Ներդրումային արտոնությունների տրամադրման կարգը եւ պայմանները

1. Ներդրումային արտոնություն ստանալու համար ներդրողը Լիազորված մարմին է ներկայացնում ներդրման արտոնություն ստանալու հայտ, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են հայտատուի՝ օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարելու համապատասխանությունը: Հայտի ձեւանմուշը եւ լրացման կարգը սահմանում է Լիազորված մարմինը:

2.Ներդրումային արտոնությունը տրամադրվում են Լիազորված մարմնի որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում Գործակալության եւ ներդրումային նախագիծ իրականացնող Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի միջեւ կնքված ներդրումային պայմանագրի ստորագրման պահից, եթե այդ պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

3.Ներդրումային արտոնությունների կիրառման ժամկետը սահմանվում է սույն օրենքով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով եւ ներդրումային պայմանագրով՝ ներդրումային յուրաքանչյուր տեսակի արտոնության համար: Ընդ որում, ներդրումային պայմանագրով սահմանվող յուրաքանչյուր հարկատեսակի արտոնության վավերականության ժամկետը չի կարող լինել ավելի, քան Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դրանց կիրառման վերջնաժամկետները:

4.Ներդրումային արտոնությունների կիրառումն իրականացվում է սույն օրենքի եւ դրա հիման վրա ընդունվող Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի պահանջների համաձայն:

Հոդված 22. Ներդրումային արտոնության տրամադրման հայտին ներկայացվող պահանջները

1.Ներդրումային արտոնությունների տրամադրման մասին հայտը ընդունվում եւ գրանցվում է Լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով՝ կից ներկայացվող հետեւյալ փաստաթղթերի առկայության դեպքում.

1) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի եւ կանոնադրության պատճեն՝ նոտարական վավերացմամբ,

2) Լիազորված մարմնի կողմից սահմանված պահանջներին համապատասխան կազմված ներդրումային նախագծի բիզնես-պլան,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթեր, որոնք հիմնավորում են շինարարական եւ մոնտաժման աշխատանքների գնահատված արժեքը եւ ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում օգտագործվող հիմնական միջոցների, հումքի եւ (կամ) նյութերի ձեռքբերման ծախսերը, որոնք վավերացված են իրավաբանական անձի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով,

4) եթե ներդրումային արտոնությունների տրամադրման մասին դիմումը նախատեսում է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի կողմից հայցվող պետական բնաիրային դրամաշնորհի տրամադրում, ապա դրա չափը (արժեքը) հիմնավորող փաստաթղթերը:

Հոդված 23. Ներդրումային արտոնությունների տրամադրման հայտի քննարկման ժամկետները

1. Ներդրումային արտոնությունների տրամադրման հայտը Լիազորված մարմինը քննարկում է սույն օրենքի եւ այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան եւ որոշում է կայացնում ներդրումային արտոնությունների տրամադրման կամ դրա հիմնավորված մերժման մասին՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով հայտատուին՝ հայտի ստացման օրվանից հաշված տաս աշխատանքային օրվա ընթացքում:

2. Ներդրումային արտոնությունների տրամադրման հայտերի ընդունման, գրանցման եւ քննարկման կարգը սահմանում է Լիազորված մարմինը:

ԳԼՈՒԽ 5

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Հոդված 24. Ներդրումային պայմանագրի կնքումը

1. Լիազորված մարմինը ներդրումային արտոնությունները տրամադրելու մասին որոշում ընդունելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է Գործակալությանը:

2. Գործակալությունը տաս աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է ներդրումային պայմանագիրը եւ միջոցներ է ձեռնարկում դրա կնքման ուղղությամբ:

3. Ներդրումային պայմանագիրը Գործակալության կողմից ստորագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Լիազորված մարմնին՝ ներդրումային պայմանագրերի միասնական գրանցամատյանում գրանցման համար: Ներդրումային պայմանագրի կնքման ամսաթիվը Լիազորված մարմնի կողմից դրա գրանցման ամսաթիվն է:

4.Ներդրումային պայմանագրի գործողության ժամկետը որոշվում է ներդրումների արտոնությունների գործողության ժամկետով: Ներդրումային նախագծի աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքները պետք է ավարտվեն ներդրումային պայմանագրի ավարտից ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:

5. Ներդրումային պայմանագիր կնքած իրավաբանական անձը ներդրումային պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում իրավունք չունի.

1) տրամադրված արտոնության շրջանակում զբաղվել այլ գործունեությամբ, որը նախատեսված չէ ներդրումային պայմանագրով,

2)փոփոխություն կատարել աշխատանքային ծրագրում՝ առանց Լիազորված մարմնի գրավոր համաձայնության,

3)փոփոխել տրամադրված պետական բնաիրային դրամաշնորհի օգտագործման նպատակը, ինչպես նաեւ աշխատանքային ծրագրին համապատասխան ձեռք բերված գույքը կամ դրա բնաիրային ձեւը.

4) օտարել տրամադրված պետական բնաիրային դրամաշնորհը, ինչպես նաեւ աշխատանքային ծրագրին համապատասխան ձեռք բերված գույքը:

Հոդված 25. Ներդրումային պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողությունը

1. Ներդրումային պայմանագրերի իրականացման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Գործակալությունը` հետեւյալ կարգով.

1) կամերալ հսկողություն. սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան ներկայացվող հաշվետվությունների ուսումնասիրության եւ վերլուծության հիման վրա,

2) անհրաժեշտության դեպքում՝ այց ներդրումային գործունեության օբյեկտ` ներառյալ աշխատանքային ծրագրի կատարման վերաբերյալ փաստաթղթերի եւ ներդրումային պայմանագրի պայմանների ընթացիկ հսկողություն՝ առանց խոչընդոտելու ներդրողի բնականոն գործունեությանը,

2. Ներդրողը ներդրումային պայմանագրի կնքումից հետո Գործակալությանն է ներկայացնում ներդրումային պայմանագրի կատարման կիսամյակային հաշվետվություններ: Հաշվետվությունը ներառում է աշխատանքային ծրագրով նախատեսված ծախսերի բացատրագիրը, դրան կցելով նաեւ ակտիվների ձեռքբերման եւ օգտագործման, տեխնոլոգիական սարքավորումների, հումքի եւ (կամ) նյութերի պահեստամասերի մատակարարման վերաբերյալ փաստաթղթեր:

3. Աշխատանքային ծրագրում փոփոխություններ կարող են կատարվել ներդրումային պայմանագրի կողմերի համաձայնությամբ՝ ոչ հաճախ քան տարեկան մեկ անգամ: Այդ փոփոխությունները չեն կարող հանգեցնել ներդրումային նախագծի եւ պայմանագրի գործողության ժամկետի փոփոխմանը: Կատարված փոփոխության վերաբերյալ Գործակալությունը Լիազորված մարմնին է ներկայացնում ամփոփ տեղեկանք:

4. Աուդիտի արդյունքների հիման վրա՝ Գործակալության ներկայացուցիչը եւ ներդրում իրականացնող իրավաբանական անձի ղեկավարը ստորագրում են ներդրումային պայմանագրի աշխատանքային ծրագրի կատարման ընթացիկ վիճակի մասին արձանագրություն, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում Գործակալությունը ներկայացնում է Լիազորված մարմնին:

5.Ներդրումային պայմանագրով հաստատված աշխատանքային ծրագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Գործակալությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է իրավաբանական անձի ղեկավարին արձանագրված խախտումների մասին` սահմանելով ողջամիտ ժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար: Գործակալությունը միաժամանակ գրության պատճենն ուղարկում է Լիազորված մարմնին:

6.Այն դեպքում, երբ իրականացված ստուգման արդյունքների համաձայն պարզվում է, որ ներմուծված եւ մաքսատուրքերից ազատված տեխնոլոգիաները, դրանց բաղադրիչ մասերը, պահեստամասերը, հումքը եւ (կամ) նյութերը չեն օգտագործվել կամ չեն հանձնվել շահագործման, ապա իրավաբանական անձը, որը ազատված է եղել մաքսատուրքերի վճարումից, վճարում է չօգտագործված կամ շահագործման չհանձնված սարքավորումների, բաղադրիչների, պահեստամասերի, հումքի եւ (կամ) նյութերի մասով հաշվարկված մաքսատուրքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 26. Ներդրումային պայմանագրի գործողության դադարեցումը

1. Ներդրումային պայմանագիրը կարող է վաղաժամկետ դադարեցվել կողմերի համաձայնությամբ կամ միակողմանի կերպով:

2. Ներդրողի կողմից ներդրումային պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Լիազորված մարմինը ներդրողին գրավոր ծանուցում է ներդրումային պայմանագրով ստանձնած պարտավորությունների չիրականացումը հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին:

3. Եթե գրավոր ծանուցումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում ներդրողի կողմից համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվում, ապա Լիազորված մարմինը տասնօրյա ժամկետում ծանուցում է ուղարկում ներդրողին՝ պայմանագիրը միակողմանիորեն վաղաժամկետ դադարեցնելու մասին:

4.Ներդրումային պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում ներդրումային արտոնությունները դադարում են:

5.Ներդրողի նախաձեռնությամբ ներդրումային պայմանագրի միակողմանի վաղաժամկետ դադարեցման դեպքում վերջինս վճարում է ներդրումային պայմանագրով նախատեսված ներդրումային արտոնությունների արդյունքում պետական բյուջե չվճարված հարկերի եւ մաքսատուրքերի գումարը:

6. Կողմերի համաձայնությամբ ներդրումային պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում ներդրումային պայմանագիրը կնքած Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձը վճարում է մինչ պայմանագրի լուծման պահը ներդրումային պայմանագրով նախատեսված ներդրումային արտոնությունների արդյունքում չվճարված հարկերի եւ մաքսատուրքերի գումարները:

7. Ներդրումային պայմանագրի վաղաժամկետ դադարեցման պահից՝ ներդրումային պայմանագիրը կնքած Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձը վերադարձնում է իրեն որպես բնաիրային դրամաշնորհ տրամադրված գույքը կամ նրա սկզբնական արժեքը՝ փոխանցման ամսաթվի դրությամբ:

8. Պետական բնաիրային դրամաշնորհի վերադարձը կատարվում է ներդրումային պայմանագիրը ստորագրած Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի կողմից, ներդրումային պայմանագրի վաղաժամկետ դադարեցման մասին Լիազորված մարմնի որոշումից հետո երեսնօրյա ժամկետում:

Լիազորված մարմինը ներդրումային պայմանագրի դադարեցման մասին տեղեկատվությունն անհապաղ ուղարկում է.

1) Հայաստանի Հանրապետության ԿԱ պետական եկամուտների կոմիտեին եւ, անհրաժեշտության դեպքում, այլ պետական մարմիններին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով.

2) պետական բնաիրային դրամաշնորհնի տրամադրման ներդրումային պայմանագրի գծով՝ Հայաստանի Հանրապետության ԿԱ պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության ԿԱ կադաստրի պետական կոմիտեին, ինչպես նաեւ տեղական կառավարման եւ ինքնակառավարման մարմիններին:

ԳԼՈՒԽ 6.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 27.Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1.Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվում է Լիազորված մամնի եւ Ներդրումային գործակալության գործունեության կարգերը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացվում <<Հայաստանի Հանրապետության Ներդրումային օմբուդսմենի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովում է օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունումը:

Հոդված 28. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն տրամադրված արտոնությունները վավեր են մինչեւ դրանց գործողության ավարտը, իսկ դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների կնքման պահին գործող իրավական ակտերով:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1994 թվականի հուլիսի 4-ին < > Հայաստանի Հանրապետության 31.07.1994թ. ՀՕ-115 օրենքը:

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության եւ ներդրողների հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են <<Օտարերկյա ներդրումների մասին>> Հայաստանի Հանրապետության ՀՕ-115 օրենքով, որը ըստ էության չի կարգավորում կողմերի միջեւ բոլոր իրավահարաբերությունները եւ չի ստեղծում ազատ մրցակցային միջավայր ներդրողների համար՝ իրենց իրավունքների եւ իրավահարաբերությունների իրականացման, ինչպես նաեւ, առաջացող վեճերի դեպքում <<միջնորդ>> կառույցի բացակայությամբ, որը կկարգավորի կողմերի հարաբերությունները/վեճերը առանց դատական միջամտության:

Ներդրումային միջավայրի համար ազատ, առանց կախյալ կառույցի գործունեություն իրականացնելով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել «Ներդրումների եւ ներդրումային գործունեության մասին» օրենքի ընդունմումը, մասնավորապես՝ օրենքում սահմանել ինչ է ներդրումը, ով է ներդրողը, ինչ է իրենից ներկայացնում ներդրումային գործունեությունը, ով է լիազոր մարմինը, ինչ է իրենից ներկայացնում ներդրումային պայմանագիրը եւ ինչ արտոնություններ են սահմանված, ով է ներդրումային օմբուդսմենը: Նշված սահմանումներն եւ ինստիտուտների ներդրումն ու կայացումը մասնակիցներին կօգնի հեշտացնել կարգավորել իրենց հարաբերությունները:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումային գործունեության համար ապահովել համահավասար, կանխատեսելի, թափանցիկ եւ բարենպաստ պայմաններ, ինչպես նաեւ կարգավորել Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից իրականացվող ներդրումների հետ կապված հարաբերությունները:

3. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունումը թույլ կտա ներդնել/ստեղծել մի կառույց, որը կդառնա ներդրողների շահերի պաշտպանը եւ հնարավորություն կունենա կարգավորել ներդրողների եւ կառավարության միջեւ հարաբերությունները եւ այդ հարաբերությունների միջեւ առկա՝ բաց օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ:

4. Նախագծի կապը այլ իրավական փաստաթղթերի հետ.

«Ներդրումների եւ ներդրումային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմումը բխում է Կառավարության 2021-2026թթ. Ծրագրից՝ Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծման եւ խթանման համար:


Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն ՍԻՄՈՆՅԱՆ,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Ներդրումների եւ ներդրումային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են

1. օրենքի նախագիծը

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը:

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 24 թերթ:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ