Armenian ARMSCII Armenian
Կ-409-17.10.2022-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-334 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 9-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարում` բաժնային սեփականության սեփականատերերի` օրենքով եւ իրավական այլ ակտերով, ինչպես նաեւ պայմանագրերով նախատեսված իրավունքների, պարտականությունների եւ պարտավորությունների իրագործմանն ուղղված մասնագիտական գործունեություն.»: 
 
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով.

«Հոդված 17.1. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մարմինների մասնագիտական գործունեության իրականացումը

1. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մարմինների (համատիրության կառավարչի, հավատարմագրային կառավարչի, լիազորագրային կառավարչի) գործունեությունը մասնագիտական գործունեություն է:

2. Բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, այդ պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման եւ բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները պարտադիր չեն սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` մինչեւ 4 սեփականատեր ունեցող, ինչպես նաեւ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն համայնքի ղեկավարի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի համար:»: 
 
Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 1-ը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Նախագծի ընդունման նպատակը` բազմաբնակարան շենքի կառավարումը որպես մասնագիտացված գործունեության տեսակ դիտարկելու համար անհրաժեշտ իրավական օրենսդրական հիմքերի ստեղծումն է:

2. Առկա իրավիճակը

Հայաստանի Հանրապետությունում առկա տարբեր նշանակության ավելի քան 545 հազար շենք-շինություններից շուրջ 19 հազարը բազմաբնակարան շենքերն են, որոնք ընդհանուր առմամբ ունեն ավելի քան 444 հազար բնակարան: Ընդ որում, այս ցուցանիշը 9.6%-ով գերազանցում է հանրապետության բնակարանային ֆոնդում առկա անհատական բնակելի տների (ավելի քան 405 հազար) քանակական ցուցանիշը:

Բազմաբնակարան շենքերի բնակարանային ֆոնդը հանդիսանում է երկրի առանցքային ակտիվներից մեկը եւ պետությունը շահագրգռված է այդ ակտիվի պատշաճ սպասարկման, անվտանգ շահագործման, պահպանման ու արդիականացման հարցերում: Շենքերն ու շինությունները` այդ թվում բազմաբնակարան, շահագործման ընթացքում ձեռք են բերում ֆիզիկական եւ բարոյական մաշվածություն, ենթարկվում են տարբեր բնական եւ տեխնածին երեւույթների եւ կրում դրանց բացասական ազդեցության հետեւանքները, որոնց չեզոքացման կամ ազդեցության նվազեցման համար պահանջվում են որոշակի միջոցառումների իրականացում: Նման միջոցառումների ժամանակին չիրականացումը կամ թերի իրականացումը բերում է մաշվածության գործընթացի արագացման եւ հանգեցնում վնասվածության մնացորդային կուտակումների` վատթարացնելով շենքի տեխնիկական վիճակը (ընդհուպ մինչեւ անբավարար կամ վթարային):

Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինները գրեթե չեն ձեռնարկում օրենքով սահմանված կարգով շենքի պահպանմանն ուղղված պարտադիր իրականացման ենթակա միջոցառումներ` վտանգելով ոչ միայն շենքի ֆիզիկական գոյատեւումը, այլ նաեւ մարդկանց առողջությունն ու անվտանգությունը:

Դրանց իրականացման հարցում առկա խոչընդոտներից է շենքերի պահպանման եւ շահագործման նկատմամբ որոշ իրավական եւ տեխնիկական հիմքերի բացակայությունը, ինչպես նաեւ շենքերի պահպանման, սպասարկման եւ անվտանգ շահագործման գործառույթներ իրականացնող համապատասխան մասնագիտական կրթություն ունեցող կամ վերապատրաստված անձանց խիստ անբավարար քանակը:

1991 թվականից հետո բնակարանային ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում ձեւավորվել է ինստիտուցիոնալ նոր միջավայր, մասնավոր սեփականության գերակայությամբ` բազմաբնակարան շենքերի բնակարանների 99%-ը ներկայումս մասնավոր սեփականություն է:

Բնակարանային տնտեսության բնագավառում իրականացված բարեփոխումները անհրաժեշտություն առաջացրեցին վերակազմավորել բնակարանային ֆոնդի կառավարման ինստիտուցիոնալ համակարգը: Արդյունքում, բազմաբնակարան շենքի կառավարման առավել արդյունավետ ձեւ ընտրվեց շենքերի շինությունների սեփականատերերի կողմից կառավարման մարմինների, մասնավորապես, համատիրությունների ստեղծումը: Վերջիններիս հիմնական խնդիրը` հավաքագրել շենքերի սեփականատերերի միջոցները ու դրանք ուղղել սահմանված պարտադիր նորմերի շրջանակներում տվյալ շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման ու անվտանգ շահագործման ապահովմանը:

Այդուհանդերձ, այդ գործառույթն իրականացվում է հիմնականում ոչ պատշաճ, որում գերակշռող պատճառ է հանդիսանում բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական գիտելիքների, հմտությունների եւ կարողությունների բացն, ինչն էապես սահմանափակում են առաջընթացի հնարավորությունները:

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

Նախագծի նպատակը` բազմաբնակարան շենքի կառավարումը օրենսդրությամբ որպես մասնագիտացված գործունեության տեսակ դիտարկումը եւ բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավման կարգը սահմանելու մասով Կառավարությանը լիազորող նորմի սահմանումն է:

Միաժամանակ, օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2025 թվականն, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման «ՀՀ քաղաքաշինության կոմիտե» բաժնի 14-րդ նպատակով սահմանված է, որ սույն նախագծի ընդունմանը` 2022-2024 թվականների ընթացքում, հաջորդելու են բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորման սահմանված պահանջների մշակման, դրանց հիման վրա դասընթացների մշակման եւ կազմակերպման աշխատանքներ:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

5. Իրավական ակտի` նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի դրույթներով:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի անհրաժեշտությունն ուղղակիորեն բխում է ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես.

- ՀՀ Ագգային Ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հանավության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի «2.7 Քաղաքաշինություն» բաժնի 2-րդ պարբերության 8-րդ կետի 1-ին ենթակետից, որով նախատեսված է, որ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման եւ շահագործման գործառույթների իրականացման կայուն մեխանիզմների արմատավորմանը նպաստելու նպատակով ՀՀ կառավարության ջանքերն ուղղված են լինելու բազմաբնակարան շենքի կառավարումը որպես մասնագիտացված գործունեության տեսակ դիտարկելուն եւ կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջների սահմանմանը` ապահովելով դրա մասով կրթական, վերապատրաստման դասընթացների կազմակերպումը,

- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 14.1 կետից, որով նախատեսվում է սույն նախագծի ներկայացումը ՀՀ վարչապետի աշխատակազմ,

- ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշման N 1 հավելվածի 95-րդ կետից, որով ամրագրված է, որ երկրի համար առանցքային նշանակություն ունեցող ակտիվի` բազմաբնակարան բնակարանային ֆոնդի պահպանումն ու անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով բարեփոխման կարիք ունի բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգը, որի զարգացման հնարավորությունները խոչընդոտող գործոնները մեղմելու եւ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման եւ շահագործման գործառույթների իրականացման կայուն մեխանիզմների արմատավորմանը նպաստելու նպատակով նախատեսվում է գործող օրենսդրության վերանայման միջոցով կանոնակարգել մի շարք հարցեր, ի թիվս որոնց` բազմաբնակարան շենքի կառավարումը դիտարկել որպես մասնագիտացված գործունեության տեսակ եւ սահմանել կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջներ` ապահովելով այդ մասով կրթական, վերապատրաստման դասընթացների կազմակերպումը:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն