Armenian ARMSCII Armenian
Կ-4111-17.10.2022-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 41.6-րդ կետով.

«41.6) սահմանում է մշակութային գործունեության իրականացման նպատակով քաղաքային բնակավայրերի հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ եւ այլն) օգտագործման պայմանները, պահանջները եւ սահմանափակումները.»:

Հոդված 2. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտություն

Նախագծերի ընդունումը պայմանավորված է Երեւան քաղաքի եւ քաղաքային բնակավայրերի բացօթյա վայրերում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ եւ այլն) ստեղծագործական, մշակութային (երաժշտական, գրական, պարային եւ այլն) գործունեություն իրականացնողների գործունեությունը (այսուհետ՝ նաեւ փողոցային ստեղծագործական ելույթ) կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական եւ տեխնիկական ստեղծագործության ազատություն, իսկ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի 9-րդ եւ 10-րդ հոդվածների համաձայն՝ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իրականացնելու ստեղծագործական գործունեություն: Ստեղծագործական գործունեության իրավունքը կարող է իրականանալ եւ' մասնագիտորեն, եւ' ոչ մասնագիտորեն (սիրողաբար): Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակության մշակութային կյանքին մասնակցելը եւ մշակութային գործունեություն իրականացնելը յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունքն է` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, համոզմունքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

Հանրային վայրերում (բացօթյա վայրերում) իրականացվող ստեղծագործական, մշակութային գործունեությունը, սակայն, կարող է լուրջ անհարմարություններ պատճառել այլ քաղաքացիներին: Նշված խնդիրը չի կանոնակարգվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքներով, այլ իրավական ակտերով:

Փողոցային ստեղծագործական ելույթների բնագավառի կանոնակարգման բացակայությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ ցանկացած փողոցային ստեղծագործական ելույթ իրականացնող անձ կամ խումբ առանց որեւէ սահմանափակումների կարող է իրականացնել գործունեություն, որը կարող է անհարմարություն պատճառել բնակիչներին եւ զբոսաշրջիկներին, խոչընդոտել քաղաքացու հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպելու իրավունքի իրացմանը, ինչպես նաեւ խաթարել բազմաբնակարան շենքերի բնակիչների անդորրը:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Սույն նախագծերով նախատեսված դրույթների ընդունմամբ փողոցային ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն համայնքի ավագանուն, որը կսահմանի բացօթյա վայրերում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ եւ այլն) մշակութային գործունեության իրականացման կարգը:

4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, Երեւանի քաղաքապետարան:

5. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունվելու դեպքում կհստակեցվեն քաղաքներում փողոցային ստեղծագործական ելույթների հետ կապված իրավահարաբերությունները:

6. Նախագծերի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծերի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում, Նախագծերի ընդունման պարագայում ընդունվելու են համայնքի ավագանու որոշումներ:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ».

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն