Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-570-29.07.2014-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասում «Մինչեւ 2015» բառերը  փոխարինել « Մինչեւ 2018» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2.1-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.1. 15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների աշխատակազմերի մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների կազմերն ընտրվում են այդ նպատակով համակարգչում զետեղված եւ պատահական ընտրված թեկնածուներից` յուրաքանչյուր մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց ոչ շուտ, քան քսանչորս ժամ առաջ` հետեւյալ հարաբերակցությամբ.

1) մեկ երրորդը` համապատասխան մարզպետարանի (Երեւանում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի) ներկայացուցիչներ.

2) մեկ երրորդը` համապատասխան համայնքի ներկայացուցիչներ (համայնքի ղեկավար, ավագանու անդամներ, աշխատակազմի ներկայացուցիչներ).

3) մեկ երրորդը` գիտական եւ ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետի երկարաձգման, ինչպես նաեւ 15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների աշխատակազմերի մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների ձեւավորման գործընթացը Երեւանի քաղաքապետարանի համար գործող կարգի օրինակով իրականացնելու անհրաժեշտությամբ:

ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասով, մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը, նախատեսված են համայնքային ծառայության գլխավոր եւ առաջատար պաշտոններ զբաղեցնելու համար հավելյալ չափանիշներ: Բացի այդ, նախատեսված է 1000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքի աշխատակազմի քարտուղարի պաշտոնի անձնագրում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համաձայնությամբ  նույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով ներկայացվող բարձրագույն կրթության եւ (կամ) աշխատանքային ստաժի եւ փորձի չափանիշները չընդգրկելու հնարավորություն:

Համայնքային ծառայության կազմակերպման գործընթացում Օրենքի վերը նշված դրույթները հնարավորություն են ընձեռել ապահովելու ՀՀ մարզերի համայնքների մի շարք աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների համալրվածությունը:

Համայնքային ծառայության կազմակերպման տեսանկյունից ՀՀ տարածքային կառավարման նախարարության ուսումնասիրությունները ցույց են տալիս տեսանելի ապագայում Օրենքի վերը նշված դրույթների արդիականությունը, ինչից ելնելով անհրաժեշտ է լուծել Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետների (2015 թվականի հունվարի 1) երկարաձգման խնդիրը:

2. Օրենքի 13-րդ հոդվածի համաձայն Երեւանի եւ ՀՀ մյուս համայնքների համար գործում են մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների ձեւավորման տարբեր ընթացակարգեր, մասնավորապես՝ Երեւանում հանձնաժողովները կազմված են 1/3-ը ՀՀ կառավարության լիազորված մարմնի, 1/3-ը քաղաքապետարանի, 1/3-ը գիտական եւ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներից եւ հանձնաժողովը ձեւավորվում է մրցույթը/ատեստավորումը սկսելուց առնվազն 24 ժամ առաջ՝ համակարգչի միջոցով պատահական ընտրված թեկնածուներից, իսկ ՀՀ մյուս համայնքներում՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու մինչեւ հինգ անդամներ, մարզպետարանի երեք ներկայացուցիչ եւ այդ հանձնաժողովը գործում է մշտական հիմունքներով: Այս առումով՝ ներկայացված օրենքի նախագծով նախատեսվում է Երեւանի հանձնաժողովների ձեւավորման ընթացակարգերը տարածել նաեւ 15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների վրա:

ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ներկայացված օրենքի նախագիծը տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսում:

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ

Ներկայացված օրենքի նախագծի նպատակը` Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետների երկարաձգումն է մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը, ինչպես նաեւ Երեւանի համայնքային ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների ձեւավորման ընթացակարգերի տարածումն է 15000-ից ավելի բնակչություն ունեցող բոլոր համայնքների վրա:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքը` համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար պաշտոնների անձնագրերով նախատեսված գործող չափանիշների պահպանումն է եւ 15000-ից ավելի բնակչություն ունեցող բոլոր համայնքներում համայնքային ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների ձեւավորման միատեսակ ընթացակարգերի սահմանումն է:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
                             ««Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի
9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի
ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը
բացակայում է:

Եզրակացություն
 «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի  27.1-րդ հոդվածի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի   14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների  եւ դրանց  ինդիկատորների
հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք  ազդեցություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի  մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի  (այսուհետ` Նախագիծ) ընդունմամբ նախատեսվում  է  սահմանել 15000-ից ավելի բնակչություն ունեցող բոլոր համայնքներում համայնքային ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների ձեւավորման միատեսակ ընթացակարգեր:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով սահմանվում են 15000-ից ավելի բնակչություն ունեցող բոլոր համայնքներում համայնքային ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների ձեւավորման միատեսակ ընթացակարգեր եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։

Եզրակացություն
 «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման  վերաբերյալ

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ համայնքների բյուջեների եւ ՀՀ պետական բյուջեի մուտքերի ու ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չեն հանգեցնում: