Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-0832-14.09.2012,04.09.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 20-րդ հոդվածը «հայցվորի» բառից առաջ լրացնել «,այդ թվում՝ խմբային հայցի հայցվորների.» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հարապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական եւ վարչական դատավարություններում կոլեկտիվ հայցերի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությամբ:

Կոլեկտիվ հայցերի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերն ունեն մի շարք առավելություններ, քանի որ դրանք մեծ թվով անհատական պահանջներ միավորում են մեկ ներկայացուցչական քաղաքացիական գործում: Նման միավորումը կարող է բարձրացնել դատավարության արդյունավետությունը եւ նվազեցնել դատական ծախսերը: Իրավունքի եւ փաստերի նույն հարցերը ներառող գործերի դեպքում պահանջների միավորումը խմբային հայցում կարող է դատավարությունից դատավարություն նույն վկաների, իրեղեն ապացույցների եւ քննվող հարցերի օրերից’ խուսափելու հնարավորություն ընձեռել:

Կոլեկտիվ հայցերի ընթացակարգի ներդրումը կարող է լուծել այն խնդիրը, որ փոքր չափերի հատուցումները որեւէ անձի չեն շահագրգռում իր իրավունքների իրականացման համար առանձին հայց հարուցել: Կոլեկտիվ հայցը լուծում է այս խնդիրը` հավանական աննշան հատուցումների միավորումից ստանալով որեւէ մեկի (սովորաբար փաստաբանի) աշխատանքին համարժեք գումար: Այլ կերպ ասած` կոլեկտիվ հայցն ապահովում է, որ պատասխանողը, ով լայնածավալ վնասի հանգեցնող գործողություններ է կատարում` յուրաքանչյուր անհատ հայցվորին դրանով պատճառելով փոքր չափի վնաս, այնուամենայնիվ, փոխհատուցի նրանց պատճառած վնասը: Հավանաբար փոխհատուցումից ավելի կարեւոր է այն, որ պահանջների համատեղ քննությունը կարող է հանդիսանալ իրավախախտման առաջացրած ծախսերը հոգալու պարտավորությունը իրավախախտի վրա դնելու միակ եղանակը, ինչն իր հերթին կկանխի հետագա իրավախախտումները:

Կոլեկտիվ հայցերի ներդրման պահանջ նախատեսված է նաեւ ՀՀ Նախագահի 2009թ. ապրիլի 21-ի թիվ ՆԿ-59-Ն կարգադրությամբ հաստատված  «Դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագրից բխող միջոցառումների» ցանկի 3.15-րդ կետով, ինչպես նաեւ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի միջոցառումների ցանկով:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Քաղաքացիական դատավարությունում հայցը կարող է հարուցվել մի քանի հայցվորների (համահայցվորների) կողմից համատեղ (Հոդված 30): Ընդ որում, համահայցվորներից յուրաքանչյուրը դատավարությունում հանդես է գալիս ինքնուրույն, սակայն կարող են նաեւ գործը վարելը հանձնարարել իրենցից մեկին (Հոդված 30):

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ներդնել խմբային հայցի ինստիտուտը:

Այս երկու համակարգերի համեմատական վերլուծության արդյունքում պարզ է դառնում հետեւյալը.

1. Համահայցվորների ինստիտուտը հնարավորություն չի տալիս ապահովել «գործի քննության արդյունավետություն», քանի որ անձանց բազմաթիվության մեջ ինքնուրույն դիրքորոշման առկայությունը, հայցի հիմքի եւ առարկայի չհամընկման հնարավորությունը, դատաքննության ընթացքում յուրաքանչյուրի ներկայացրած փաստական հանգամանքների նկատմամբ համահայցվորների կաշկանդված չլինելը եւ այլ փաստական հանգամանքների վիճարկումը, դրանից բխող` յուրաքանչյուր համահայցվորի պահանջի մասով ինքնուրույն քննություն իրականացնելու, ընդդատության հարցերի պարզման, լիազորությունների առկայության, պատշաճ հայցվոր լինելու հանգամանքը ճշտելու` դատարանի պարտականությունը «ծանրաքարշ» են դարձնում գործի քննությունը:

2. Համահայցվորների ինստիտուտը չի ապահովում «ճշմարտության բացահայտման» սկզբունքը, քանի որ միեւնույն հիմք եւ առարկա, սակայն տարբեր անձանց միջեւ (ենթադրվում է, որ պատասխանողը նույնն է, միայն փոփոխվել են հայցվորները) համահայցվորության կարգով տարբեր գործեր քննելիս` հավանականությունը, որ դատարանները կկայացնեն իրար ըստ էության հակասող գործեր բավականին մեծ է:

3. Համահայցվորության ինստիտուտին բնորոշ` «գործի արդյունավետ քննությանը» վերաբերող եւ վերը նշված «թերությունները» վերանում են խմբային հայցի դեպքում, քանի որ խմբային հայցով ներկայացուցչի մասնակցությունը պրոցեսին բացառում է հայցվորների մասնակցությունը, ներկայացուցչի արտահայտած դիրքորոշումը դիտվում է որպես բոլոր հայցվորների դիրքորոշում, ներկայացուցչի նկատմամբ կատարված բոլոր դատավարական գործողությունները դիտվում են որպես հայցվորների նկատմամբ կատարված գործողություններ:

4. Խմբային հայցի ինստիտուտը ապահովում է գործով «ճշմարտության բացահայտման» սկզբունքը, քանի որ վերանում է միեւնույն հիմք եւ առարկա եւ նույն պատասխանողի դեմ դատարանում այլ գործ քննելիս կայացվող դատական ակտերի` իրար հակասելու հավանականությունը:

5. Խմբային հայցի վարույթը նախատեսում է հայցվորների իրավական դիրքորոշման արտահայտման եւ դատավարական իրավունքների իրականացման որոշակի ընթացակարգը, որը տարբերվում է այլ դեպքերում դատավարության մասնակիցներին տրվող իրավունքներից:

6. Իրավական դիրքորոշման արտահայտման եւ դատավարական իրավունքների իրականացման տարբերվող ընթացակարգի ընտրությունը թողնված է խմբային հայցով հայցվորի ընտրությանը` որով ապահովվում է քաղաքացիական դատավարության հիմքում ընկած «տնօրինչականության սկզբունքը»:

7. Քաղաքացիական իրավունքի երկրների քաղաքացիական դատավարության հիմքում ընկած` առանց դատական պրոցեսին մասնակցելու` այդ դատավարության արդյունքում կայացված ակտով իրավական հետեւանքներ կրելու անթույլատրելիության սկզբունքները նաեւ ենթադրում են, որ այն անձինք, ովքեր չեն համաձայնել մասնակցել խմբային հայցով վարույթին, չեն կրում այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտով ծագող պարտականությունները, ինչպես նաեւ չեն օգտվում այդ դատական ակտով տրված իրավունքներից: Այս սկզբունքները ըստ էության պահպանված են նաեւ Նախագծով:

8. Որպես քաղաքացիական իրավունքի երկրներին պատկանելու մշակույթի արտացոլում նախագծով նախատեսված է ակտիվ գործողության` համաձայնության անհրաժեշտությունը խմբային հայցով հայցվոր դառնալու համար, իսկ դասական հայցի ինստիտուտի դեպքում` պասիվ գործողության` անհամաձայնություն չհայտնելու անհրաժեշտությունը խմբային հայցով հայցվոր դառնալու համար: Նույնը վերաբերում է նաեւ հաշտության համաձայնության կնքմանը:

9. Անձանց բազմաթիվությամբ գործեր քննելու բոլոր մեխանիզմները ուղղված են ոչ միայն գործի արդյունավետ քննությանը անձանց իրավունքների իրականացման դատավարական տեսանկյունից, այլ նաեւ գործի քննության արդյունավետությանը գործի ծախսատարության տեսանկյունից: Այդ տեսանկյունից անձանց բազմաթիվությամբ գործեր քննելու բոլոր դատավարական մեխանիզմները, այդ թվում համահայցվորության ինստիտուտը կարող է ապահովել հայցի հարուցումը նյութական տեսանկյունից շահավետ դարձնելու համար:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ ՀՀ քաղաքացիական եւ վարչական դատավարություններում կներդրվի կոլեկտիվ հայցի ինստիտուտը: