Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-396-26.11.2013,05.09.2014-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ – 190 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասի դ) ենթակետում «գործարկումը» բառից հետո վերջակետը փոխարինել միջակետով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր ե), զ), է) ենթակետերով հետեւյալ բովանդակությամբ.

«ե) սույն օրենքի 19-րդ հոդվածով ստեղծված հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցով ձկների ձվադրման ընթացքում, ինչպես նաեւ մանրաձկան ձեւավորման ու զարգացման փուլում, շահագործել Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանները՝ չխոչընդոտելով ջրի բնականոն հոսքին եւ ձկների ու ջրային այլ կենդանիների տեղաշարժին.

զ) հիդրոէլեկտրակայանների կառուցումը.

Է) շահագործվող հիդրոէլեկտրակայաններին լիցենզիաների գործողության ժամկետի ավարտից հետո նոր լիցենզիաներ տալը:»:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ. «6. Հանձնաժողովը Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայաններ շահագործող տնտեսվարող սուբյեկտներին ներկայացնում է ձկների ձվադրման ընթացքում հիդրոէլեկտրակայանների աշխատանքի կասեցման հաստատված ժամանակացույցը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման, լճում ու նրա ջրահավաք ավազանում տնտեսական եւ այլ գործունեության կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների աշխատանքը կասեցնել ձկների ձվադրման ընթացքում: «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով ստեղծված Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցով ձկների ձվադրման ընթացքում կկասեցվի Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների աշխատանքը՝ չխոչընդոտելով ջրի բնականոն հոսքին եւ ձկների ազատ տեղաշարժին: Սույն օրենքի նախագծի ընդունման պարագայում կվերականգնվի ջրի հոսքը եւ հնարավորություն կստեղծվի ձկների ազատ տեղաշարժի համար, ինչի արդյունքում տեղի կունենա ձկների բնականոն վերարտադրություն եւ ձկնպաշարների ավելացում: