Armenian ARMSCII Armenian
Կ-4441-28.11.2022-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)՝  43.1 հոդվածում (այսուհետ՝ Հոդված)՝

1. 3-րդ մասում «աղբամաններից» բառից հետո լրացնել «, աղբի հավաքման կենտրոններից» բառերը:

Հոդվածը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 7.1 , 8.1 եւ 8.2 մասերով:

«7.1  Համայնքի կամ աղբահանության օպերատորի տրամադրած կոշտ կենցաղային աղբի  համար նախատեսված  տարողություններում՝ աղբամաններում կամ կոնտեյներներում բժշկական աղբի, 1խմ եւ ավել ծավալով աղբի, այրվող, շիկացած կամ տաք աղբի,  ձյան եւ սառույցի տեղադրումը, ինչպես նաեւ այն աղբի տեղադրումը, որը կարող է վնաս հասցնել աղբ հեռացնող անձանց կյանքին եւ առողջությանը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկից տասնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ քսանապատիկից երեսնապատիկի չափով:»:

«8.1 Հողամասերի սեփականատերերը կամ օգտագործողներն իրենց տարածքում իրենց չպատկանող աղբ հայտնաբերելուց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում  այդ մասին տեղական ինքնակառավարման մարմնին չտեղեկացնելը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երեքնապատիկից հնգապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ ութնապատիկից տասնապատիկի չափով:

8.2 Հողամասերի սեփականատերերի կամ օգտագործողների տարածքում հայտնաբերված իրենց չպատկանող աղբի վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմնին տեղեկացնելուց հետո եռօրյա ժամկետում համապատասխան միջոցներ չձեռնարկելն առաջացնում է տուգանք պաշտոնատար անձի նկատմամբ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով:»:

3. Հոդվածի 9-րդ մասում՝  «Աղբավայրերի» բառից հետո լրացնել «, աղբի հավաքման կենտրոնների» բառերը:

4. Հոդվածը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 10.1-ից 10.5 մասերով.

 «10.1 Պայթուցիկ եւ դյուրավառ նյութերի, բժշկական հաստատություններից, սպանդանոցներից առաջացած եւ  այլ կենսաբանական աղբի, ինչպես նաեւ առանց հատուկ տարրաների մեջ պահեստավորված հեղուկ աղբի տեղադրումը աղբավայրերում՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝  ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:

10.2. Սույն հոդվածի 10.1-րդ մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

10.3  Աղբավայրերում բաց եղանակով աղբի այրման կազմակերպումն  առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝  երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

10.4. Սույն հոդվածի 10.3-րդ մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով:

10.5 Գործող աղբավայրերի բարեկարգմանն ու շահագործմանը ներկայացվող նվազագույն պահանջների չկատարումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում աղբավայրը շահագործողի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի  հարյուրապատիկից  մինչեւ  երեքհարույրապատիկի չափով:

10.6 Շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության բացահայտման եւ կանխարգելման նպատակով աղբավայրի հսկողություն, ինչպես նաեւ աղբի ինքնայրումը կանխելու համար հակահրդեհային միջոցառումների չիրականացումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում աղբավայրը շահագործողի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի  ութսունապատիկից  մինչեւ  երկուհարույրապատիկի չափով:

Հոդված 2. Օրենսգրքի    2191 –-րդ հոդվածի

1) 1-ին մասում «43.1-ին հոդվածի 1-ին, 1.1-ին, 2-րդ, 9-րդ մասերով» բառերը փոխարինել  «43.1-ին հոդվածի 1-ին, 1.1-ին, 2-րդ, 8.2-րդ, 9-րդ, 10.5-րդ  եւ 10.6-րդ մասերով,» բառերով.
2) 2-րդ մասում «43.1-ին հոդվածի 2.1-8-րդ» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 2.1-8.1-րդ, իսկ «10-12-րդ» բառերը փոխարինել 10.1-10.4-րդ, 11-12-րդ» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասով Օրենսգրքում լրացվող 43.1-րդ հոդվածի 10.5-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունիսի 1-ից, ինչպես նաեւ 7.1 եւ 10.1 մասերի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 18.11.2021թ. N1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի տարածքային կառավարության եւ ենթակառուցվածքների նախարարության բաժնի թիվ 5.1 միջոցառման, 2021 թվականի ապրիլի 1-ի «Աղբահանության համակարգի ռազմավարությունը եւ ռազմավարության կիրարկումն ապահովող 2021-2023 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N464-Լ որոշման հավելվածով հաստատված ռազմավարության կիրարկումն ապահովող 3.1 միջոցառման կատարմամբ, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումների ու ՀՀ եւ Եվրոպական միության եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի դրույթներով ստանձնած ՀՀ պարտավորություններով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները:

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության եւ սանիտարական մաքրման հետ կապված հարաբերությունները, սահմանվում է աղբահանության եւ սանիտարական մաքրման գործընթացի կազմակերպման սկզբունքները, աղբահանության վճարը, դրա դրույքաչափերը, վճարողների շրջանակը, նրանց իրավունքները եւ պարտականությունները, վճարման կարգը, պատասխանատվությունը չվճարելու, պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման կարգը աղբահանության եւ սանիտարական մաքրման կազմակերպման բնագավառներում:

ՀՀ գործող օրենսդրությամբ չի կարգավորվում աղբի հետ գործածության ամբողջ գործընթացը, այդ թվում՝ աղբի հավաքման, տեսակավորման, օգտահանման, վնասազերծման, վերամշակման եւ բնապահպանական, սանիտարական եւ քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրում տեղադրման գործառույթները: Հստակեցման կարիք ունեն աղբահանության ոլորտի սահմանումները, այդ թվում՝ արտադրվող աղբի քանակի նվազեցման եւ շրջանաձեւ տնտեսության մեխանիզմների կիրարկման տեսանկյունից, ինչպես նաեւ աղբի տեսակավորված հավաքման եւ յուրաքանչյուր տեսակի համար գործընթացների կարգավորման մասով: Միաժամանակ հստակեցման կարիք ունեն աղբահանության իրավապայմանագրային հարաբերությունները  ոչ բնակելի նշանակության շենք շինություններում արտադրվող աղբի գործածության մասով:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Աղբահանության ոլորտում առկա իրավիճակի կարգավորումներով, մասնավորապես՝  օրենքի նախագծով առաջարկվում է կանոնակարգել աղբի հետ գործածության գործունեությունը, այդ թվում՝ աղբի հավաքման, տեսակավորման, օգտահանման, վնասազերծման, վերամշակման եւ բնապահպանական, սանիտարական եւ քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրում տեղադրման գործառույթները:  Այդ կապակցությամբ նախագծով առաջարկվում է՝

- խմբագրել ամբողջությամբ օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները,

- ՀՀ կառավարության եւ ոլորտի լիազոր մարմնի իրավասությունները գործառույթները լրացնել աղբահանության եւ սանիտարական գոտիավորված սխեմաների, աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրի ձեւաչափի հաստատման, աղբահանության սխեմաների պահանջների, գործող աղբավայրերի շահագործման ու փակման նվազագույն պահանջների սահմանման գործառույթներով.

- Հստակեցնել աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության սզբունքներն ու նպատակները.

- Ամրագրել աղբի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաեւ աղբի առաջացման կանխարգելման եւ քանակի նվազեցման պահանջների վերաբերյալ դրույթները.

- Օրենքով ամրագրել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աղբահանության եւ սանիտարական մաքրման տեղական կառավարման պլանների մշակման ու հաստատման պարտադիր պահանջը: Վերջինս հնարավորություն կտա համայնքներին պլանավորել աղբահանության ոլորտը, զարգացման միտումները, ինչպես նաեւ ստեղծել անհրաժեշտ տեղեկատվական բազա, ինչը կնպաստի ոլորտում ներդրումների ներգրավմանը:  Նշված պլանները ներառելով համայնքի զարգացման հնգամյա ծրագրերում ու տարեկան աշխատանքային պլաններում, հնարավորություն կընձեռի հստակ պլանավորել եւ իրագործել ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումները:

- Հստակեցնել աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնողի նկատմամբ հիմնական պահանջները՝ հիմք ընդունելով մասնագիտացված  տեխնիկայի ու սարքավորումների հագեցվածությունն ու պրոֆեսիոնալ օպերատորների, այդ թվում տարածաշրջանային, ներգրավման անհրաժեշտությունը:

-  Ամրագրել աղբի հավաքման տեսակները, պահանջները եւ տեսակավորված աղբի հավաքման ընթացակարգերը, մասնավորապես ելնելով տնտեսական ծախսարդյունավետությունից՝ աղբի փոխաբեռնման կայանների եւ աղբի հավաքման կենտրոնների կիրառման վերաբերյալ դրույթները:

-  Հստակեցնել աղբահանության եւ սանիտարական մաքրման սխեմաներին ներկայացվող պահանջները, եւ դրանց պարտադիր հրապարակման վերաբերյալ դրույթը:

- Ամրագրել աղբի տեղադրմանը եւ աղբավայրերի շահագործմանը ներկայացվող պահանջները.

- Ամրագրել տնտեսական խթանիչների վերաբերյալ դրույթը:

Միաժամանակ օրենքի նախագծից բխող վարչական պատասխանատվության վերաբերյալ դրույթներն առաջարկվում է լրացնել օրենսդրական նախաձեռնության մեջ ներառված «Վարչական իրավախտումների վերաբերյալ օրենսգրքում»՝ մասնավորապես աղբամաններում ու կոնտեյներներում արգելված աղբի տեղադրման համար, աղբավայրերում արգելված աղբի տեղադրման համար, աղբավայրերի ոչ ճիշտ շահագործման համար եւ այլն:

Միաժամանակ, հարկ է նշել, որ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի 104 եւ 105-րդ կետերի մի շարք դրույթներով սահմանված ՀՀ կառավարության պարտավորությունների կատարումից, մասնավորապես՝ այն  օրենսդրական հիմք է ստեղծում ՀԸԳՀ-ի՝

- 104.2 Թափոնների կառավարման հինգաստիճան ստորակարգությանը համապատասխան թափոնների կառավարման պլանների եւ թափոնների առաջացման կանխարգելման ծրագրերի կազմում

- 104.5 Թափոնների հավաքման եւ փոխադրման հաստատությունների եւ ձեռնարկությունների ռեեստրի ստեղծում (IV գլուխ)

- 105.1 Ներպետական օրենսդրության ընդունում եւ իրավասու մարմնի (իրավասու մարմինների) սահմանում

- 105.2 Թափոնների թաղման վայրերի դասակարգում (4-րդ հոդված)

- 105.3 Աղբավայրեր տեղափոխվող կենսաբանորեն քայքայվող քաղաքային տնտեսության թափոնների քանակը նվազեցնող ազգային ռազմավարության մշակում (5-րդ հոդված).

- 105.4 Հայտերի եւ թույլտվությունների համակարգի եւ թափոնների ընդունման ընթացակարգերի ստեղծում (5-7-րդ, 11-րդ, 12-րդ եւ 14-րդ հոդվածներ)

- 105.8 Աղբավայրերի շահագործման փուլում հսկողության եւ դիտանցման ընթացակարգերի, նաեւ լքման ենթակա աղբավայրերի համար փակման եւ վերականգնման ընթացակարգերի սահմանում (12-րդ եւ 13-րդ հոդվածներ)

- 105.9 Թափոնների թաղման գոյություն ունեցող վայրերն անհրաժեշտ պայմաններով ապահովելու պլանների մշակում (14-րդ հոդված)

-  105.10 Ծախսերի ձեւավորման մեխանիզմի ստեղծում (10-րդ հոդված)

-  105.11 Նախքան աղբավայրում թափվելը համապատասխան թափոնների մաքրման ապահովում (6-րդ հոդված).

4. Ակնկալվող արդյունքը

Աղբի հետ գործածության ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմամբ կստեղծվի օրենսդրական եւ ինստիտուցիոնալ հենք՝ նպատակաուղղված  թափոնների հինգաստիճան ստորակարգության կիրառմանը, այդ թվում՝ առաջացող թափոնների ծավալի նվազեցմանը, հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքմանը, տեղափոխմանն ու անվտանգ հեռացմանը, ինչպես նաեւ  օգտահանման ենթակա թափոնների տեսակավորված հավաքմանը եւ դրանց վերամշակման:

Վարչական տուգանքների կիրառումն էլ իր հերթին կբերի մարդու առողջության եւ  շրջակա միջավայրի վրա աղբի բացասական ազդեցությունների զգալի նվազեցմանը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Օրենսդրական նախաձեռնության ընդունման մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:

6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի

Օրենքի նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Օրենքի նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 6.6 բաժնի 3.1 ենթակետ/ ռազմավարական փաստաթղթերի դրույթներից, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 18.11.2021թ թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումների ծրագրով  բնակչության  համար հարմարավետ եւ էկոլոգիապես անվտանգ պայմաններ ապահովելու նպատակով  Հայաստանի Հանրապետության բնակավայրերում աղբահանության  եւ կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավման 5.1 միջոցառման  դրույթներից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն