Armenian ARMSCII Armenian
Կ-410-17.10.2022,02.12.2022-ԱռՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել 65-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«65) կոնսիլիում՝ նույն կամ տարբեր մասնագիտությամբ բժիշկների խորհրդակցություն, որն իրականացվում է պացիենտի առողջական վիճակը գնահատելու, ախտորոշումը հաստատելու եւ բժշկական օգնության եւ սպասարկման մարտավարությունը որոշելու նպատակով.»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում լրացնել 8-րդ եւ 9-րդ մասեր հետեւյալ բովանդակությամբ.

«8. Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապեւտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման եւ գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) բժշկին փոխելու ընթացակարգը, առողջության առաջնային պահպանման, նեղ ու դիսպանսերային ծառայությունններ մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը հաստատում է լիազոր մարմինը:

9. Նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների ցանկը հաստատում է լիազոր մարմինը:»:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածից հետո լրացնել նոր 3.1-ին հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 3.1. Կոնսիլիում

1. Կոնսիլիում կազմակերպելու որոշումը կայացնում է այն բժշկական կազմակերպության ղեկավարը, որտեղ բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու նպատակով գտնվում է պացիենտը՝ բուժող բժշկի նախաձեռնությամբ կամ պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր պահանջով:

2. Կոնսիլիումին կարող են մասնակցել այլ բժշկական կազմակերպությունների բժիշկներ:

3. Կոնսիլիումի եզրակացությունը ենթակա է պարտադիր կատարման:

4. Կոնսիլիումը կարող է իրականացվել նաեւ հեռաբժշկության միջոցով:

5. Բժշկական կազմակերպություններում կոնսիլիումի կազմակերպման կարգը հաստատում է լիազոր մարմինը:»:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում լրացնել 4-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«4. Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների արձանագրմանը ներկայացվող նվազագույն պահանջները հաստատում է լիազոր մարմինը:»:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածում լրացնել 1.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Լիազոր մարմինը հաստատում է ծննդի, պերինատալ մահվան եւ մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման, հաշվառման ու տրամադրման կարգը:»:

Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 13.1-ին կետով հետեւյալ բովանդակությամբ.

«13.1) լիազոր մարմնի կողմից նորածնային եւ մայրական մահերի դեպքերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով լիազոր մարմնի սահմանած կարգով եւ ժամկետում տեղեկատվություն տրամադրել լիազոր մարմնին այդ դեպքերի մասին.»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ