Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-611-29.09.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 105-րդ հոդվածի 6-րդ կետում՝

1) յոթերորդ պարբերությունը «հաջորդող 180 օրերի ընթացքում» բառերից հետո  լրացնել «բացառությամբ մշտական բնակության ժամանող այն ֆիզիկական անձանց, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է նրանց կյանքին կամ առողջությանը» բառերով:

 2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող այն ֆիզիկական անձանց կողմից, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է նրանց կյանքին կամ առողջությանը, անձնական օգտագործման գույքը կարող է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն՝ որպես մշտական բնակիչ Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրվան նախորդող 365 օրերի եւ հաջորդող 730 օրերի ընթացքում:

Սույն հոդվածում նշված արտակարգ իրավիճակի առկայությունը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հաշվի առնելով Սիրիայի ներկայիս պատերազմական իրավիճակը, եւ քաղաքական հետագա զարգացումները, Սիրայում բնակվող մոտ 100 հազար հայերին սպառնացող վտանգը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը շտապ միջոցներ է ձեռնարկում մեր հայրենակիցների անվտանգությունը ապահովելու եւ նրանց վերադարձը Հայրենիք կազմակերպելու համար:

Միաժամանակ Հայրենիք վերադարձող սիրիահայերը հաճախ հնարավորություն չեն ունենում իրենց անձնական օգտագործման գույքը Հայաստան բերել օրենսգրքով սահմանված 180-օրյա ժամկետում եւ հանդիպում են դրանց մաքսազերծման խնդրին, իսկ մաքսատուրքերի վճարումը ծանր նյութական վիճակում գտնվող սիրիահայերի համար խնդրահարույց է:

Սույն նախագծով սահմանվում է մաքսատուրքի գծով արտոնությունից օգտվելու ավելի երկար ժամկետ՝ ինչպես սիրիահայերի այնպես էլ այն ֆիզիկական անձանց համար, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի ընդունումը նպատակ ունի որոշակի անձանց անձնական օգտագործման գույքի ներմուծման համար սահմանել արտոնությունից օգտվելու ավելի երկար ժամկետ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում մշտական բնակության օտարերկրյա պետությունում քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակում գտնվող պետություններից Հայաստանի Հանրապետություն վերադարձող ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան առանց մաքսատուրքի վճարման անձնական օգտագործման գույքի ներմուծել Հայաստան 2 տարվա ընթացքում:
 
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 


Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  դրական ազդեցություն:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի  (այսուհետ` Նախագիծ) ընդունման պարագայում` օտարերկրյա պետությունում քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակում գտնվող պետություններից Հայաստանի Հանրապետություն վերադարձող ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան առանց մաքսատուրքի վճարման անձնական օգտագործման գույքը ներմուծել Հայաստան 2 տարվա ընթացքում:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:                                  Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով սահմանվում է մաքսատուրքի գծով արտոնությունից օգտվելու ավելի երկար ժամկետ՝ այն ֆիզիկական անձանց համար, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող այն ֆիզիկական անձանց կողմից, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է նրանց կյանքին կամ առողջությանը, անձնական օգտագործման գույքը առանց մաքսատուրքի վճարման կարող է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն որպես մշտական բնակիչ Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրվան նախորդող 365 օրերի եւ հաջորդող 730 օրերի ընթացքում:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաեւ այն. որ ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով ներկայումս սահմանված է անձնական օգտագործման գույքը առանց մաքսատուրքի վճարման ներմուծելու ավելի կարճ ժամկետ` գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել բացասական: Միաժամանակ, նախագծի կոնկրետ ազդեցության չափը հնարավոր չէ գնահատել, քանի որ հնարավոր չէ կանխատեսել, թե արտոնության սահմանումից հետո փաստացի քանի մարդ որպես մշտական բնակիչ կվերադառնա Հայաստանի Հանրապետություն եւ միաժամանակ, ինչ մաքսային արժեքով անձնական օգտագործման գույք կներմուծվի նրանց կողմից:

Նախագծի ընդունումը համայնքային բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ պետական բյուջեի ելքերի վրա կունենա չեզոք ազդեցություն եւ բյուջետային քաղաքականության փոփոխությանը չի հանգեցնում:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: