Armenian ARMSCII Armenian
Պ-446-29.11.2022,13.01.2023-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի ժե) կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ

1.«ժե) Դոպինգ` Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված հակադոպինգային կանոնների մեկ կամ մի քանի խախտումներ.»

2. Օրենքի 2-րդ հոդվածի ժզ) կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ .

«ժզ) Հակադոպինգային գործունեություն` հակադոպինգային կրթություն եւ տեղեկատվություն, ՀՀ մարզիկների մրցումային եւ արտամրցումային դոպինգ ստուգում, սպորտում արգելված նյութերի եւ մեթոդների օգտագործման կանխարգելում եւ հակադոպինգային կանոնակարգերի մշակում, ինչպես սահմանված է Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքում եւ միջազգային չափորոշիչներում.».

3. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր Ժթ) կետով.

«Ժթ) Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպություն` կառավարության կողմից ստեղծված կազմակերպություն Հայաստանի Հանրապետությունում հակադոպինգային գործունեություն իրականացնելու համար»

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի ժ7) կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«ժ7) ապահովում է Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպության մասնագիտական անկախությունը եւ նպաստում դրա համապատասխանությանը Սպորտում դոպինգի դեմ Միավորված ազգերի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության կողմից հաստատված միջազգային կոնվենցիային, Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքին եւ միջազգային չափորոշիչներին:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«ՀԱՕԿ-ը պատասխանատու է Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպությանն օժանդակելու, հակադոպինգային գործընթացներ նախաձեռնելու եւ իրականացնելու, ինչպես նաեւ աջակցություն ցուցաբերելու խտրականության եւ բռնության ցանկացած ձեւի արտահայտման հակազդեցությանը սպորտում` իր բոլոր պարտավորություններին, Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքին եւ միջազգային չափորոշիչներին համապատասխան:»

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի գ) կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«աջակցություն են ցուցաբերում Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպությանն իրականացնելու իր` Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով եւ միջազգային չափորոշիչներով ստանձնած բոլոր պարտավորությունները»:

Հոդված 5. Օրենքի 18.6-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

1. «դ) հիվանդությունների, վնասվածքների դեպքում ստանալ բժշկական օգնություն եւ սպասարկում բժշկական կազմակերպություններում, դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայություն իրականացնող հաստատություններում` հնարավորության դեպքում մշտապես տեղեկացնելով բժշկական անձնակազմին արգելված նյութեր եւ արգելված մեթոդներ չօգտագործելու իրենց պարտավորության մասին, իսկ պարտադիր բուժում նշանակվելու դեպքում օգտվել Թերապեւտիկ օգտագործման բացառության թույլտվություն ստանալու Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված իր իրավունքից.»

2. Օրենքի 18.6 հոդվածի 2-րդ մասի ե) կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«ե) տեղեկացված լինել եւ հետեւել արգելված նյութերի եւ մեթոդների օգտագործման պահանջներին եւ հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն.»

Հոդված 6. Օրենքի 18.7-րդ հոդվածի 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները պարտավոր են հետեւել հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն:»

Հոդված 7. Օրենքի 18.9-րդ հոդվածի 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Հավաքականի թիմի բժիշկները պարտավոր են հետեւել հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 30-րդ օրը: