Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-4902-16.01.2023-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 416-րդ հոդվածում`

1.«վտանգ ստեղծող» բառերից հետո լրացնել «,շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող » բառերը.

2.«տեղեկություն» բառից հետո լրացնել «տրամադրելուց հրաժարվելը,» բառերը:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 416.1-ին հոդվածով`

«Հոդված 416.1. Շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելը կամ դրանք դիտավորյալ աղավաղելը

1. Պաշտոնատար անձի կողմից բնակչությունից մարդկանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր ռադիոակտիվ, քիմիական, մանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող գործունեության մասին տեղեկությունները տրամադրելուց հրաժարվելը, դրանք թաքցնելը կամ այդպիսի աղտոտման վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ պատճառել է մարդու մահ, մարդկանց զանգվածային հիվանդություններ, կենդանիների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետեւանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Հոդված 3 . Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Շրջակա միջավայրի որակի ապահովման համատեքստում ամենաազդեցիկ եւ զգայուն ոլորտներից մեկը մարդու էկոլոգիական իրավունքների երաշխավորումն է, որտեղ իր հիմնարար դերն ու նշանակությունն ունի էկոլոգիական տեղեկատվություն ստանալու իրավունքը: Ավելին, երկրի տեղեկատվական կապիտալի եւ այն տնօրինելու համատեքստում մարդու այս իրավունքը կոչված է ապահովելու անհատի եւ պետության տեղեկատվական դաշտի սահմանները` հաշվի առնելով թե անհատի կանոնավոր կենսագործունեության, թե պետության ներքին եւ արտաքին գործառույթների պատշաճ իրականացման գործընթացները:

Հայաստանը դեռեւս 2001թ-ին վավերացրել է «Էկոլոգիական տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացմանը հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա), որի կենտրոնական մոտեցումներից մեկը հանգում է նրան, որ պետական մարմինները տնօրինում են էկոլոգիական տեղեկատվությունը ի շահ հասարակության: Այս կոնվենցիան  նախատեսում է էկոլոգիական տեղեկատվության, այն ստանալու համար  հարցումներով դիմելու, էկոլոգիական տեղեկատվության տարածման եւ մի շարք այլ հիմնախնդիրների իրավակարգավորումների շրջանակ` սահմանելով, որ յուրաքանչյուր Կողմ ընդունի անհրաժեշտ օրենսդրական, կանոնակարգող եւ այլյ միջոցներ` ուղղված տեղեկատվության մատչելիության դրույթների իրականացումը կարգավորող նորմերի համատեղելիությանը` առավել հստակ, թափանցիկ ու համաձայնեցված հարթություն ապահովելու համար: Ավելին, վերոհիշյալ կոնվենցիայի դրույթները չեն սահմանափակում Կողմի իրավունքը իրագործելու կամ ձեռնարկելու էկոլոգիական տեղեկատվության ավելի լայն մատչելիություն ապահովող միջոցներ, քան դրանք նախատեսված են քննարկվող կոնվենցիայով:

2003թ-ի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետությունում ընդունվել է  «Տեղեկատվության ազատության  մասին» օրենքը, որը իրավակարգավորումներ է նախատեսում  տեղեկատվության բոլոր տեսակների համար` անկախ այդ տեղեկատվության ոլորտից:

Վերոհիշյալ եւ մի շարք այլ նախադրյալներից ելնելով` «էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի  ընդունման անհրաժետշությունը խիստ արդիական է, մասնավորապես`

1. ներառելով մարդու կյանքի եւ առողջությանն անմիջականորեն առնչվող, շրջակա բնական միջավայրի բաղադրիչների մասին, պետությունների եւ միջազգային հանրության համար առաջնային լուծման ենթակա էկոլոգիական խնդիրների մասին տեղեկատվությունը, էկոլոգիական տեղեկատվությունն իր բնույթով եւ բովանդակությամբ ունի հույժ կարեւոր դեր ու նշանակություն յուրաքանչյուր անհատի եւ պետության կյանքում, ինչը պահանջում է այդ տեղեկատվության հետ կապված հասարակական հարաբերությունների համապարփակ եւ լիարժեք կարգավորումներ,

2. 2001 թ-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Էկոլոգիական տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացմանը հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիան, որը իրավակարգավորման ենթակա որոշակի շրջանակի հարցեր թողնում է անդամ-պետությունների օրենսդրական կարգավորման հայեցողությանը,

3. գործող օրենսդրությամբ բացակայում են էկոլոգիական տեղեկատվության ապահովման ինստիտուտի մի շարք հասկացություններ, որոնք կենտրոնական դեր ու նշանակություն ունեն էկոլոգիական տեղեկատվության մշակման, հավաքման, տրամադրման եւ տարածման բնագավառում, այդ թվում «էկոլոգիական տեղեկատվություն» հասկացությունը

4. համապատասխան խախտումներից եւ չարաշահումներից հնարավորինս խուսափելու եւ դրանք կանխարգելելու նպատակով, միեւնույն ժամանակ հանրային շահը գերակա ընդունելու հանգամանքը հաշվի առնելով, հստակ սահմանել էկոլոգիական տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերը,

5. ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ Կոնվենցիոն դրույթների առավել արդյունավետ կիրարկումը ներպետական մակարդակում ապահովելու համար:

Նկատի ունենալով բարձրացված խնդիրների լուծման հույժ կարեւորությունը եւ  «Էկոլոգիական տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացմանը հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի սկզբունքներին համահունչ, էկոլոգիական տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացման հետ կապված հասարակական հարաբերությունների կարգավորումը ներկայացված է  «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագծով:

Նման իրավական ակտ ունենալու պահանջն ամրագրված է նաեւ Հայաստանի Հանրապետության եվ Եվրոպական միության եվ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված համապարփակ եվ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզում (հաստատված 2019 հունիսի 1-ին ՀՀ վարչապետի կողմից), ինչպես նաեւ «Ջրային ռեսուրսների մասնակցային, թափանցիկ, հաշվետու կառավարման օրենսդրության կատարելագործման ռազմավարության»  ճանապարհային քարտեզում, որը մշակվել է Ջրային ռեսուրսների արդյունավետ եւ մասնակցային կառավարում ծրագրի շրջանակներում:

«Էկոլոգիական տեղեկատվության մասին»  օրենքի նախագծով`

- սահմանվել է «էկոլոգիական տեղեկատվություն» հասկացությունը, որն առավել լայն շրջանակի տեղեկատվություն է ներառում, քան նախատեսված է Կոնվենցիայով,

- սահմանվել են էկոլոգիական տեղեկատվության չափորոշիչների հասկացություններն ու ցանկը

-  վերանայվել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը եւ ընդլայնվել` էկոլոգիական տեղեկատվության համատեքստում

- այն մարմնի համար, ով չի տիրապետում հարցվող էկոլոգիական տեղեկատվությունը, սույն նախագիծը պարտավորություն է սահմանել տեղեկատվությունը տնօրինողին դիմելու միջոցով ստանալ եւ հարցվողին ապահովել անհրաժեշտ տեղեկատվությամբ,

- խիստ ընդհանուր հարցում ստանալու դեպքերի համար սույն նախագիծը պարտավորություն է սահմանել 5 աշխատանքային օրվա ընթացքում լրացուցիչ գրավոր տեղեկություններ պահանջել եւ ոչ թե մերժել տրամադրումը,

-մշակման փուլում գտնվող էկոլոգիական տեղեկատվություն ստանալու հարցում ստանալու դեպքում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է տեղեկացնել  մշակումն ավարտելու հնարավոր վերջնաժամկետի մասին:

Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունման դեպքում,

-էկոլոգիական տեղեկատվության առանձնահատկությունները, դերն ու նշանակությունը հաշվի առնելով,  էկոլոգիական տեղեկատվության ամբողջական եւ համակարգված կառավարման համատեքստում կապահովվի անձի էկոլոգիական տեղեկատվություն ստանալու իրավունքի  իրականացման բարելավումը,

-այն էականորեն կնպաստի հասարակության տեղեկացվածության, իրազեկման մակարդակի բարձրացմանը, ինչն իր հերթին կարեւոր քայլ է հասարակության իրավագիտակցության բարձրացման համար,

- կապահովվի որոշումների կայացմանը հասարակության մասնակցության առավել գիտակից եւ կայուն հարթակ,

- կընդգծվի էկոլոգիական տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացման համատեքստում  պաշտոնական կայքերի, համացանցի,  զանգվածային լրատվության եւ այլ նորարարական միջոցների օգտագործման կարեւորությունը,

-առավել կերաշխավորվի շրջակա բնական միջավայրի պահպանության եւ մարդու էկոլոգիական իրավունքների համահունչ առաջընթացը

-կներդրվեն էկոլոգիական տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացման առավել գործուն մեխանիզմներ:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

«Էկոլոգիական տեղեկատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի, ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի, Միավորված ազգերի զարգացման ծրագրի ներկայացուցիչների,  ազգային փորձագետների  համատեղ հանձնաժողովի կողմից: Նախագծի մշակմանն օժանդակել են Միացյալ ազգերի կազմակերպության զարգացան ծրագիրը` «Գլոբալ էկոլոգիական օգուտների ստեղծում` շահագրգիռ կողմերի շրջակա միջավայրի վերաբերյալ կրթության եւ իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը` «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ կառավարում»  ծրագրի շրջանակներում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սիմոնյան,

ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Էկոլոգիական տեղեկատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, « Տեղեկատվության ազատության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են`

ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Մերի Գալստյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում եմ սահմանված կարգով նախագիծը դնել  շրջանառության մեջ:

Կանխավ շնորհակալ եմ:

Հարգանքով`   Մերի Գալստյան