Armenian ARMSCII Armenian
Կ-505-25.01.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2021 թվականի մայիսի 14-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության Կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) նպատակն է երկու պետությունների համապատասխան տարածքների միջեւ օդային հաղորդակցություններ հաստատելը եւ նման հաղորդակցությունների հետ կապված միջազգային համագործակցությունը հնարավորինս խթանելը:

 Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկկողմ կանոնավոր թռիչքների ապահովմանը, կխթանի երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանը: Կանոնավոր չվերթների իրականացումը խիստ դրականորեն կանդրադառնա սիրիահայ համայնքի դեպի Հայաստան շարժի, ինչպես նաեւ միջպետական, խորհրդարանական եւ այլ պատվիրակությունների փոխայցելությունների վրա:

Հաշվի առնելով վերոգրյալը եւ այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ կանոնավոր օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ եւ լիարժեք իրավական կարգավորմանը` Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Համաձայնագրի վավերացումը համարում է նպատակահարմար:

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայ-սիրիական հարաբերությունները բնորոշվում են որպես ավանդական բարեկամական: Պայմանավորված սիրիական ճգնաժամով` վերջին տասնամյակում պետությունների միջեւ երկխոսությունը մասնավորապես հիմնվել է մշակութային եւ հումանիտար ոլորտներում համագործակցության վրա: 2019թ. փետրվարից Սիրիայում գործում է հայկական մարդասիրական առաքելությունը: Այդ առաքելության շրջանակներում ականազերծման աշխատանքներ են իրականացվում Հալեպ նահանգի մի շարք շրջաններում, իսկ հայ բժիշկները մասնագիտական օգնություն են ցուցաբերում Հալեպի տարբեր հիվանդանոցներում: Նախատեսվում է նաեւ ՀՀ սակրավորների տեղակայումը Դամասկոսի շրջանում:

Սիրիայի կառավարությունը հետաքրքրված է ակտիվացնել Հայաստանի հետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, օդային հաղորդակցության, զբոսաշրջության, մշակութային, կրթական եւ այլ ոլորտներում: Առկա են շփումներ խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ: 2020թ? Սիրիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Հայաստան-Սիրիա հարաբերությունները աչքի են ընկնում միջազգային տարբեր հարթակներում հնարավոր փոխադարձ աջակցությամբ: Սիրիական ճգնաժամի հարցում Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանն ու ինքնիշխանությանը եւ հանդես է գալիս Սիրիայի ժողովրդի` սեփական ճակատագիրը որոշելու իրավունքի օգտին:

Այս օրակարգը պահպանելու եւ նրան նոր թափ հաղորդելու տեսանկյունից նպաստավոր հանգամանք է հանդիսանում Սիրիայում ներքաղաքական եւ անվտանգային իրավիճակի հարաբերական կայունությունը:

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության Կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) նպատակն է իրենց պետությունների համապատասխան տարածքների միջեւ օդային հաղորդակցություններ հաստատելը եւ նման հաղորդակցությունների հետ կապված միջազգային համագործակցությունը հնարավոր առավելագույն չափով խթանելու նպատակով:

Համաձայնագրի վավերացումն/հաստատումն առաջին հերթին կնպաստի երկկողմ կանոնավոր թռիչքների ապահովմանը, կխթանի երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանը` մասնավորապես Սիրիայում վերականգնողական աշխատանքների մոտալուտ մեկնարկի պարագայում: Կանոնավոր չվերթների իրականացումը խիստ դրականորեն կանդրադառնա սիրիահայ համայնքի դեպի Հայաստան շարժի, ինչպես նաեւ միջպետական, խորհրդարանական եւ այլ պատվիրակությունների փոխայցելությունների վրա:

Հարկ է նշել, որ առկա է երկուստեք ձգտում` ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը: Սիրիայում իրավիճակի կայունացման գործընթացին զուգահեռ` Համաձայնագրի վավերացումը/հաստատումը կարող է խթանել տնտեսական, զբոսաշրջային, հումանիտար, գիտակրթական եւ մշակութային ոլորտների աշխուժացումը` լրագրողական խմբերի, մշակութային համույթների փոխայցելությունները, ցուցահանդեսների եւ այլ միջոցառումների կազմակերպումը: Համաձայնագիրը կդյուրացնի սիրիահայ համայնքի կապը Հայրենիքի հետ:

Ելնելով վերոգրյալից` 2021 թվականի մայիսի 14-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության Կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ արտաքին գործերի
նախարարի տեղակալ
Արմեն Ղեւոնդյան

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում ՀՀ օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների հիմքերով:

ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ`
ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ

Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը, մասնավորապես` 20-րդ հոդվածի 5-րդ կետը (կողմերի միջեւ ծագած վեճերի լուծման հետ կապված արբիտրի ծախսեր) կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացման` ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Սիմոնյան,

Ի պատասխան Ձեր գրության` հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության Կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով`  ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
 

Գրություն

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում