Armenian ARMSCII Armenian
Կ-514-17.02.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» 2019 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-141-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով՝

«7) Հայաստանի Հանրապետության անունից Եվրոպական դատարան է ներկայացնում միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ:»:

Հոդված 2. Օրենքի 8.1 հոդվածի 1-ին մասի՝

1. 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Կառավարության որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացնում հայցադիմում.»,

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 կետով՝

«1.1) Արդարադատության միջազգային դատարան է ներկայացնում ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն.»:

Հոդված 3. Օրենքի 8.2 հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1, 6.1 եւ 8.1 կետերով՝

«1.1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված բանակցությունների արդյունքում կազմում է հաշտության համաձայնագիր, որը հաստատում է Կառավարությունը՝ սահմանելով համաձայնագրի ստորագրման եւ դրանից բխող պարտավորությունների իրականացման կարգը.

6.1) միջազգային արբիտրաժային վեճերի կամ օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող գործերի շրջանակներում բանակցված հաշտության համաձայնագիրը հաստատման է ներկայացնում Կառավարություն, որը հաստատում է այն՝ սահմանելով համաձայնագրի ստորագրման եւ դրանից բխող պարտավորությունների իրականացման կարգը.

8.1) արբիտրաժային որոշումը (վճիռը) չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի առնչությամբ ներկայացնում  է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, ինչպես նաեւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերն արբիտրաժային որոշումը (վճիռը) չեղյալ ճանաչելու վարույթում.»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1 կետով՝

«3.1) ներկայացնել միջազգային դատարաններ, Եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտ եւ միջազգային արբիտրաժային կենտրոններ գործուղվող իրավաբանների թեկնածությունը, որը հաստատվում է Վարչապետի կողմից: Հանրային ծառայող չհանդիսացող անձին Վարչապետը որոշմամբ լիազորում է հանդես գալ սույն կետում նշված մարմիններում, եւ նրա հետ կնքվում է համապատասխան պայմանագիր.»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: