Armenian ARMSCII Armenian
Կ-519-27.02.2023-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝

1. վերնագրում «իրավունքների» բառից հետո լրացնել «եւ սահմանափակումների» բառերը.

2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը, ինչպես նաեւ հողը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում լինելու կամ չլինելու մասին տեղեկանքը, հողի եւ շինության նպատակային կամ գործառնական նշանակությունը (գյուղատնտեսական հողերի դեպքում՝ հողատեսքը) սահմանելու կամ փոփոխելու վերաբերյալ որոշումները անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնում են, իսկ պետական գրանցման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերը կարող են ներկայացնել դրանք կազմած, հաստատած կամ վավերացրած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, նոտարները:».

3. լրացնել 2.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա սույն հոդվածի 2-րդ մասում նշված մարմինները եւ նոտարները սույն հոդվածի 2-րդ մասում նշված պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1. 2-րդ մասի

1) 6-րդ կետի առաջին նախադասությունում «հրամանով» բառից հետո լրացնել «, որը ենթակա է անհապաղ կատարման եւ հրամանի բողոքարկումը չի կասեցնում հրամանի գործողությունը կամ կատարումը» բառերը

2) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) լիազոր մարմինը վկայական ստացած անձանց կապի միջոցները եւ աշխատանքի վայրը վերջիններիս համաձայնությամբ, իսկ անվանացանկը հրապարակում է իր պաշտոնական կայքում:»:

2. 4-րդ մասում «Սույն հոդվածի 1-ին մասում նշված» բառերը փոխարինել «Քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության» բառերով.

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Կադաստրային գործի փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացնելու կամ կազմելու դեպքում դրանք պահվում են թղթային եւ էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործերում, իսկ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու կամ կազմելու դեպքում՝ միայն էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործում:

3. Կադաստրային գործի փաստաթղթերը պահվում են անժամկետ` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1. 1-ին մասում «դիմումը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերը.

2. 2-րդ մասի 8-րդ կետում «համարը» բառից հետո լրացնել «կամ հարկ վճարողի հաշվառման համարը» բառերը.

3. 3-րդ մասի 1-ին կետում «այլ փաստաթղթեր:» բառերը փոխարինել «այլ փաստաթղթեր. ընդ որում՝ սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 2.1-ին մասերում սահմանված դեպքերում դիմումի հետ ներկայացվում է համապատասխան փաստաթղթերը նույնականացնող տվյալները.» բառերը:

4. 6-րդ մասի առաջին նախադասությունում «ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն» բառերը փոխարինել «ծագող իրավունքների պետական գրանցման դիմումները պետք է ներկայացվեն» բառերով:

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Բացառությամբ սույն օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված պայմանագրերից ծագող իրավունքների (սահմանափակումների) պետական գրանցման դեպքերի, պետական գրանցման դիմումը եւ սույն օրենքով դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների եւ իրավաբանական անձանց կողմից պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, որի դեպքում դիմողի նույնականացումը կատարվում է դիմողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ Կառավարության կողմից սահմանված անձի նույնականացման այլ եղանակով:»:

Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Գրավոր դիմումը կարող է ներկայացվել ցանկացած սպասարկման գրասենյակ՝ անկախ անշարժ գույքի գտնվելու վայրից: Տեղեկատվության տրամադրման դիմումը, բացառությամբ սույն մասի 1-ին կետի, կարող է ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով:

1) Տեղական ինքնակառավարման մարմինները եւ իրավաբանական անձինք, իսկ ֆիզիկական անձինք սույն օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն չպարունակող եւ վճարովի հիմունքներով տրամադրվող տեղեկությունների վերաբերյալ դիմումները ներկայացնում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով:»:

Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում «սպասարկման գրասենյակ» բառերը հանել:

Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«3. Մինչեւ 2006 թվականի հուլիսի 29-ը բնակելի, խառը կառուցապատման կամ տնամերձ հողամասում սեփականության իրավունքով օրինական գրանցված 50 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող կիսակառույց անհատական բնակելի տունը, դրա օժանդակ եւ տնտեսական շինությունները, որպես ավարտված շինություն, գրանցվում է որակավորված անձի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված եւ ներկայացված չափագրման նյութերի փաթեթի հիման վրա:»:

Հոդված 9. Օրենքի 47.1 հոդվածում՝

1. 2-րդ մասում «հոդվածում» բառը փոխարինել «հոդվածի 1-ին մասում» բառերով.

2. 3-րդ եւ 4-րդ մասերում «հոդվածով» բառերը փոխարինել «հոդվածի 1-ին մասով» բառերով.

3. լրացնել 5-12-րդ մասեր հետեւյալ բովանդակությամբ.

«5. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական կամ մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (ներառյալ տրանսպորտային հանգույցների) եւ դրանց օտարման շերտերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումները կարող են իրականացվել նաեւ անշարժ գույքի պետական ռեգիստրի նախաձեռնությամբ՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից կազմված եւ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների տնօրինման մասով լիազոր պետական ճանապարհային մարմնի ու համապատասխան համայնքի հետ համաձայնեցված ավտոմոբիլային ճանապարհների եւ դրանց օտարման շերտերի հատակագծերի հիման վրա:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ավտոմոբիլային ճանապարհների եւ դրանց օտարման շերտերի հատակագծերի նախագծերի կազմման համար հիմք են ընդունվում անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից ստեղծված կամ կազմված օրթոֆոտոհատակագծերը (օրթոլուսանկարները):

7. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հատակագծերը պետք է համաձայնեցվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով:

8. Անշարժ գույքի պետական ռեգիստրը սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ավտոմոբիլային ճանապարհների եւ դրանց օտարման շերտերի հատակագծերի նախագիծը (այսուհետ՝ ավտոմոբիլային ճանապարհի նախագիծ)՝ համադրված օրթոֆոտոհատակագծերով (օրթոլուսանկարով), էլեկտրոնային տարբերակներով (Փի Դի Էֆ (PDF) ֆորմատի նիշքերով) տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների տնօրինման մասով լիազոր պետական ճանապարհային մարմնին ու համապատասխան համայնքին, տեղադրվում ավտոմոբիլային ճանապարհի նախագիծը նաեւ անշարժ գույքի պետական ռեգիստրի էլեկտրոնային ծառայությունների մատուցման e-cadastre.am կայքի հատուկ բաժնում: Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների տնօրինման մասով լիազոր պետական ճանապարհային մարմինը եւ համայնքի ղեկավարը սույն մասում նշված փաստաթղթերը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում անշարժ գույքի պետական ռեգիստր է ներկայացնում գրավոր համաձայնություն կամ առարկություն՝ առարկության դեպքում տալով նաեւ առաջարկություն: Չհամաձայնեցված հատվածների համար անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից կազմվում է ավտոմոբիլային ճանապարհի նոր նախագիծ եւ կրկին ներկայացվում համաձայնեցման:

8. Ավտոմոբիլային ճանապարհի նախագծի վերաբերյալ գրավոր համաձայնություն կամ առաջարկություն չներկայացվելու դեպքում նախագիծը համարվում է համաձայնեցված:

10. Անշարժ գույքի պետական ռեգիստրը համաձայնեցված ավտոմոբիլային ճանապարհի նախագիծը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում միջոցներ է ձեռնարկում համապատասխան ավտոմոբիլային ճանապարհի եւ դրա օտարման շերտի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման ուղղությամբ:

11. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գույքերի պետական գրանցման վրա չեն տարածվում սույն օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կանոնները, ինչպես նաեւ սույն օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2.1 կետերով նախատեսված պահանջները:

12. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գույքերի պետական գրանցման դեպքում որպես գույքի հասցե նշվում է ավտոմոբիլային ճանապարհի պայմանանիշը, պայմանանիշի համարը, եւ ավտոճանապարհի անվանումը:»:

Հոդված 10. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից բացառությամբ՝ 1-ին եւ 4-րդ հոդվածների:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում սահմանված Կառավարության որոշումը ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 1 տարվա ընթացքում:

3. Սույն օրենքի 1-ին եւ 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում սույն հոդվածի
2-րդ մասում սահմանված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահին եւ տարածվում են Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից սույն օրենքի
1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերի ներկայացման իրավահարաբերությունների վրա:

4. Անշարժ գույքի պետական ռեգիստրը սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում սահմանված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում իր պաշտոնական ինտերնետային կայքի առանձնացված բաժնում տեղադրում է մինչեւ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելը կիրառված եւ գործող սահմանափակումների վերաբերյալ իր էլեկտրոնային տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության ցանկը (այսուհետ՝ Ցանկ):

5. Անշարժ գույքի պետական ռեգիստրը ապահովում է Ցանկի համընդհանուր հասանելիությունը՝ որոնման եւ դիտման հնարավորությամբ, իսկ սահմանափակում կիրառելու եւ դրանք դադարեցնելու լիազորություն ունեցող մարմիններին, բացառությամբ դատարանների, նրանց իրավասությունների սահմաններում գտնվող սահմանափակումների խմբագրման հնարավորությամբ:

6. Սահմանափակում կիրառելու եւ դրանք դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինները, բացառությամբ դատարանների, իրենց իրավասության սահմաններում, Ցանկը հրապարակվելուց հետո երկու տարվա ընթացքում խմբագրում են Ցանկը՝ լրացնելով այն սահմանափակումները, որոնք առկա չեն Ցանկում, սակայն առկա է այն կիրառելու հիմքը եւ հանելով այն սահմանափակումները, որոնք օրենսդրությամբ սահմանված հիմքերով ենթակա չեն պահպանման: Սահմանափակում կիրառելու եւ դրանք դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինները սահմանափակումը կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ որոշումը սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում նշված Կառավարության որոշմամբ սահմանված կարգովներկայացնում են անշարժ գույքի պետական ռեգիստր:

7. Սահմանափակում կիրառելու եւ դրանք դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինները յուրաքանչյուր եռամսյակ իրենց կատարած աշխատանքների եւ խմբագրումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն են ներկայացնում անշարժ գույքի պետական ռեգիստրին, որն իրականացնում է ստացված տեղեկատվության հաշվառում՝ դրանում ներառելով նաեւ իր կատարած աշխատանքների եւ խմբագրումների վերաբերյալ եռամսյակային տեղեկատվությունը:

8. Սույն հոդվածի 6-րդ մասում սահմանված երկու տարվա ժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրը անշարժ գույքի պետական ռեգիստրը արգելափակում է Ցանկի խմբագրման հնարավորությունը:

9. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետը լրանալու օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում Ցանկի խմբագրման վերաբերյալ իրենց դիմում-բողոքները ներկայացնում են սահմանափակում կիրառելու եւ դրանք դադարեցնելու լիազորություն ունեցող մարմիններ, որոնք Ցանկում գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների նկատմամբ սահմանափակումներ լրացնելու վերաբերյալ դիմում-բողոքների մասին, մեկ աշխատանքային օրվա ընթացքում, սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում նշված Կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաղորդում են անշարժ գույքի պետական ռեգիստրին:

10. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված հաղորդման հիման վրա անշարժ գույքի պետական ռեգիստրը օրենքի ուժով գրանցում է գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների սահմանափակում, որն իր իրավաբանական ուժը պահպանում է երկու ամիս, եթե մինչեւ տվյալ ժամկետի լրանալը սահմանափակում կիրառելու կամ դրանք դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինը չի ներկայացրել սույն հոդվածի 9-րդ մասում նշված
դիմում-բողոքների քննարկման արդյունքում կայացված սահմանափակումը դադարեցնելու կամ սահմանափակում կիրառելու մասին որոշում:

11. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված դիմում-բողոքները քննարկվում եւ լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով երկամսյա ժամկետում:
Դիմում-բողոքների լուծման արդյունքում կազմված սահմանափակումը դադարեցնելու կամ սահմանափակում կիրառելու մասին որոշումը սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում նշված Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ներկայացվում են անշարժ գույքի պետական ռեգիստր: