Armenian ARMSCII Armenian
Պ-4361-22.11.2022,20.03.2023-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա) 15-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.«Հրագործական արտադրատեսակ՝ հրագործական բաղադրիչի այրման (պայթյունի) օգնությամբ անհրաժեշտ արդյունքի ստացման համար նախատեսված արտադրատեսակ».

բ) 17-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել,

գ) 18-րդ եւ 19-րդ պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակ՝ («Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 770 4 որոշմամբ հաստատված «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին համապատասխան I, II եւ III դասեր)՝ արտադրատեսակ, որը նախատեսված է բնակչության կողմից կիրառման համար, եւ որի շահագործումը կիրառման հրահանգին համապատասխան ապահովում է մարդկանց, ունեցվածքի եւ շրջակա միջավայրի անվտանգությունը.

տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակ՝ («Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 770 որոշմամբ հաստատված «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին համապատասխան IV եւ V դասեր)՝ արտադրատեսակ, որի կիրառման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ եւ հարմարանքներ (սարքեր):»

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

կենցաղային եւ տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների չափորոշիչները, դասակարգումները, ինչպես նաեւ տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները եւ հրահանգները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3) լրացնել նոր 3-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ

«Կենցաղային նշանակության հրագործական III դասի եւ տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը եւ կիրառումը թույլատրվում է միայն լիազոր մարմնի թույլտվությամբ, բացառապես պետական եւ համայնքային նշանակության կամ պետական եւ համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար:»

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը կընդունվեն սույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից 6 ամսվա ընթացքում: