Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-643-20.10.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 06-ի մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում «երկու» բառը փոխարինել  «չորս» բառով, «տասնհինգ» բառը փոխարինել «երեսուն» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
 
«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

Մաքսային օրենսգրքում (այսուհետ՝ օրենսգիրք) կատարվող փոփոխությունը պայմանավորված է 38-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում առկա սահմանափակումը մեղմելու անհրաժեշտությամբ: Քննարկվող դրույթը (լրացվել է 2010թ. ՀՕ-25 օրենքի ընդունմամբ) մասնավորապես սահմանում է, որ թեթեւ մարդատար, ինչպես նաեւ 10 եւ ավելի մարդկանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների տեղափոխումը Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետով: Սույն լրացումը պայմանավորված էր այն հիմնավորմամբ, որ Հայաստանում բնակվող քաղաքացիները չարաշահում էին իրենց իրավունքները` ներմուծելով եւ շահագործելով տրանսպորտային միջոցներ ժամանակավոր ներմուծման ռեժիմով առանց մաքսազերծման: Ցավոք, այդ լրացման հեղինակները հաշվի չեն առել մոտակա սփյուռքում, հատկապես` Ռուսաստանի Դաշնությունում եւ Վրաստանում բնակվող մեր հայրենակիցների շահերը, ովքեր հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ այլ երկրի քաղաքացի են, բայց դեռեւս հաշվառված են Հայաստանի Հանրապետությում:

Հայաստանից դուրս ու հատկապես Ռուսաստանում եւ Վրաստանում բնակվող հայերի մեծամասնությունը տարբեր պատճառներով նպատակահարմար է գտնում անձնական մեքենաներով ժամանել Հայաստան: Ժամանումը  պայմանավորված է հիվանդ հարազատներին խնամելու, հարազատների հուղարկավորության, հարսանիքի, այլ արարողություններին մասնակցելու եւ այլ պատճառներով:

Բազմաթիվ են դեպքերը, երբ օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում առկա սահմանափակման հետեւանքով մեկ տարվա ընթացքում երկրորդ կամ երրորդ անգամ Հայաստանի մաքսային տարածք անձնական ավտոմեքենայով մեր հայրենակիցների մուտք գործելն արգելվել է կամ մի քանի օր ուշացումով հետ վերադառնալիս նրանցից գանձվել են խոշոր տուգանքներ:

Հասկանալի է, որ 2010թ. օրենսգրքում կատարված այս փոփոխության նպատակներից է նաեւ պետական բյուջեի մուտքեր ապահովելը, մյուս կողմից էլ առաջարկվող փոփոխությունը եւս ֆինանսական դրական անդրադարձ կունենա, ուստի կարծում ենք, որ առաջարկվող փոփոխությունը երկու կողմերի համար առավել ընդունելի ու նպատակահարմար լուծում ապահովող տարբերակն է: