Armenian ARMSCII Armenian
Պ-16.12.2014-

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Խոր մտահոգություն արտահայտելով վերջին շրջանում հայտնի քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների կապակցությամբ՝  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է.

1. Անթույլատրելի ու դատապարտելի է համարում մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը բռնությամբ լռեցնելու ցանկացած փորձ,

2. Դատապարտում է վերջին օրերին բարձրաստիճան  պաշտոնատար անձանց,  քաղաքական գործիչների անընդունելի կեցվածքներն ու հրապարակավ արած արտահայտությունները,

3. Շեշտում է, որ քաղաքական գործընթացներում բացառիկ կարեւոր է զսպվածություն, հանդուրժողականություն պահպանելը, փոխադարձ վիրավորանքներից հրաժարվելը,

4. Դատապարտում է երկրի միջազգային վարկն ու ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն,

5. Վերահաստատում է Ազգային ժողովի բարձր պատասխանատվությունը երկրում օրինականություն եւ բարոյաքաղաքական առողջ մթնոլորտ ապահովելու գործում:

ՀՀ Ազգային ժողովը իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները եւ բացահայտել հասարակական գործիչների, ազատամարտիկների, ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի հանդեպ կատարված բռնարարքների հեղինակներին եւ պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ: