Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-713-05.02.2015-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.   ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման  առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է կամավոր աշխատանք իրականացնելու հետ կապված հարաբերությունները, սահմանում է կամավոր աշխատանքի ոլորտները, իրականացման իրավական հիմքերը:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում կուսակցությունների, առեւտրային եւ կրոնական կազմակերպությունների օգտին եւ/կամ նրանց նախաձեռնությամբ, ինչպես նաեւ ոչ առեւտրային կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեության օգտին իրականացվող կամավոր աշխատանքի վրա:

Հոդված 2. Կամավոր աշխատանքի իրավական կարգավորումը

1. Կամավոր աշխատանքը կարգավորվում է Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, uույն oրենքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով:

2. Կամավորների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuդրությամբ, եթե սույն օրենքով այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ uահմանված չեն:

Հոդված 3. Կամավորի եւ կամավոր աշխատանքի հասկացությունները

1. Սույն օրենքի իմաստով կամավորն այն անձն է, ով կատարում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսվող աշխատանքը:

2. Կամավոր աշխատանքը կամավորների կողմից սույն օրենքով նախատեսված պետության, հասարակության, ոչ առեւտրային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց համար օգնություն ցուցաբերելու նպատակով կատարվող հանրօգուտ, առանց վարձատրության աշխատանքն է:

3. Աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձն աշխատանքի ժամանակ կարող է ընդգրկվել կամավոր աշխատանքներում գործատուի գրավոր համաձայնությամբ:

4. Կամավոր աշխատանք չի համարվում անձնական շահերի բավարարմանն ուղղված աշխատանքը:

Հոդված 4. Կամավոր աշխատանքի սկզբունքները

Կամավոր աշխատանքի սկզբունքներն են`

1. կամքի ազատությունը.

2. կամավոր աշխատանքի անհատուցելիությունը.

3. մարդասիրությունը:

ԳԼՈՒԽ 2.   ԿԱՄԱՎՈՐ  ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ,  ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ  ԵՎ  ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Հոդված 5. Կամավոր աշխատանքի  սուբյեկտները

1. Կամավոր աշխատանքի սուբյեկտներն են կամավորները, սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում նշված, ինչպես նաեւ կամավոր աշխատանք կազմակերպող կազմակերպությունները, որոնց միջեւ հարաբերությունները կարգավորվում են կամավոր աշխատանքի մասին օրենսդրությամբ եւ կամավոր աշխատանքի պայմանագրով:

2. Հայաստանի Հանրապետությունում կամավոր աշխատանքի կարող են ներգրավվել տասնվեց տարին լրացած անձինք: Կամավոր կարող են համարվել նաեւ ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ կամավոր աշխատանք կատարող տասնչորսից մինչեւ տասնվեց տարեկան անձինք,  որոնք կարող են ներգրավվել սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված աշխատանքներում:

3. Օտարերկրյա պետություններում կամավոր աշխատանքի կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետությունում բնակվող տասնութ տարին լրացած անձինք:

4. Կամավոր աշխատանք կազմակերպող կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն) է այն ոչ առեւտրային կազմակերպությունը, որը կազմակերպում, օգտագործում կամ նպատակաուղղում է կամավոր աշխատանքը, ինչը նախատեսված է կազմակերպության կանոնադրությամբ:

Հոդված 6. Կամավորների իրավունքները

1.Կամավորներն ունեն հետեւյալ իրավունքները`

1) կազմակերպությունից ստանալ տեղեկատվություն, կողմնորոշում եւ աջակցություն.

2) իրենց կամավոր աշխատանքի իրականացման հետ կապված օրենսդրությամբ սահմանված գործուղման, ինչպես նաեւ այլ հիմնավորված ծախսերի փոխհատուցման, եթե այլ բան նախատեսված չէ կամավոր աշխատանքի պայմանագրում.

3) կամավոր աշխատանքի իրականացման ժամանակ վնասվածքներ ստանալու, կամ այդ աշխատանքի իրականացման ընթացքում հիվանդություն ձեռք բերելու դեպքում բժշկական ապահովագրության եւ վնասի հատուցման իրավունք, եթե դա նախատեսված է կամավորի հետ կնքված պայմանագրով.

4) շաբաթական երկու հանգստյան օրվա` իրենց ընտրությամբ.

5) տարածելու իր կամավոր աշխատանքի մասին տեղեկություններ` բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի.

6) կազմակերպության հետ կնքելու կամավոր աշխատանքի պայմանագիր.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ կամավոր աշխատանքի պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:

Հոդված 7. Կազմակերպության իրավունքները

 1.Կազմակերպությունն  իրավունք ունի`

1)   դիմելու եւ տեղեկություններ ստանալու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից կամավոր աշխատանք կատարելու անհրաժեշտություն ունեցող բնագավառների եւ վայրերի մասին.

2)   սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված աշխատանք իրականացնելու համար կամավորներ ներգրավելու.

3)   ստանալու տեղեկություններ կամավորի կողմից կատարված աշխատանքների մասին.

4)   պաշտպանել կազմակերպության կամավորների` կամավոր աշխատանքի հետ կապված օրինական իրավունքները եւ շահերը.

5)   կամավորներից ստանալու նրանց որակավորմանը վերաբերող փաստաթղթեր եւ այլ անձանց ներկայացնել կամավորների վերաբերյալ երաշխավորագրեր.

6)   կազմակերպել կամավոր աշխատանքներ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ ոչ առեւտրային կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց օգտին` նրանց համաձայնությամբ կնքելով համապատասխան պայմանագիր:

Հոդված 8. Կամավորի պարտականությունները

1.Կամավորը պարտավոր է`

1)   կամավոր աշխատանք կատարել սույն օրենքով ամրագրված  սկզբունքներին եւ կամավոր աշխատանքի պայմանագրին համապատասխան.

2)   չտարածել կամավոր աշխատանք իրականացնելու ընթացքում մարդու կյանքի եւ առողջության մասին իրեն հայտնի դարձած, ինչպես նաեւ կամավոր աշխատանքի  պայմանագրով նախատեսված այլ տեղեկություններ.

3)   նպատակային օգտագործել կազմակերպության հատկացրած միջոցները.

4)   պահպանել  կազմակերպության ներքին կարգապահական կանոնները.

5)   պահպանել առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման հիմնական կանոններն ու նորմերը.

6)   իր աշխատանքի  հետեւանքով պատճառված նյութական վնասը հատուցել լրիվ ծավալով, եթե առկա է իր մեղքը կամ պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

7)   կազմակերպության պահանջով տրամադրել իր կողմից կատարվող կամավոր աշխատանքի մասին տեղեկատվություն:

Հոդված 9. Կազմակերպության պարտականությունները

1. Կազմակերպությունը պարտավոր է`

1) ստեղծել կամավոր աշխատանքի կատարման  համար անհրաժեշտ պայմաններ.

2) կամավորին հատուցել կամավոր աշխատանք իրականացնելու հետ կապված գործուղման, ինչպես նաեւ այլ հիմնավորված ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ կամավոր աշխատանքի պայմանագրում.

3) ապահովել կամավորների աշխատանքի անվտանգության պահպանման նորմերը, մինչեւ կամավորի աշխատանքի անցնելը կամավորների հետ անցկացնել առողջության պահպանման, անվտանգության ապահովման հիմնական կանոնների եւ կատարվող աշխատանքների առանձնահատկությունների վերաբերյալ հրահանգավորում.

4) կազմակերպության միջոցների հաշվին ապահովել կամավորի պարտադիր բժշկական զննությունը, եթե կամավորը կատարում  է այնպիսի աշխատանքներ, որոնց իրականացման համար նման հետազոտության պահանջը սահմանվում է օրենսդրությամբ.

5) մինչեւ աշխատանքի թույլատրելը կամավորի հետ գրավոր կնքել կամավոր աշխատանքի պայմանագիր.

6) վերահսկել կամավորների աշխատանքը.

7) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ կամավորի հետ կնքված  պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ:

2. Կազմակերպությունը կամավորի` գործողության կամ անգործության   հետեւանքով անձին պատճառած նյութական վնասը հատուցում է լրիվ ծավալով, եթե կազմակերպությունը կամավորին չի տեղեկացրել կատարվող աշխատանքների առանձնահատկությունների մասին, եթե առկա չէ կամավորի մեղքը:

ԳԼՈՒԽ  3.   ԿԱՄԱՎՈՐ   ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 10. Կամավոր աշխատանքի պայմանագրի հասկացությունը

1. Կամավոր աշխատանքի պայմանագիրը համաձայնություն է կամավորի եւ կազմակերպության միջեւ կամավոր աշխատանքներ կատարելու մասին, որը կնքվում է որոշակի ժամկետով, եւ որի հիման վրա կամավորն իր կամքով, առանց վարձատրության իրականացնում է կամավոր աշխատանք:

2. Կամավոր աշխատանքի պայմանագիրը կնքվում է գրավոր ձեւով` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:

3. Կազմակերպության աշխատողի հետ միեւնույն կազմակերպությունը չի կարող կնքել կամավոր աշխատանքի պայմանագիր:

Հոդված 11. Կամավոր աշխատանքի պայմանագրի  բովանդակությունը

1. Կամավոր աշխատանքի պայմանագրում նշվում են`

1)   պայմանագիր կնքող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, կազմակերպության անունից պայմանագիրը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաեւ հայրանունը.

2)   կամավորի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաեւ հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, բնակության վայրը.

3)   կամավորի անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները,

4)   պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը.

5)   աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը.

6)   կամավորի պաշտոնի անվանումը եւ /կամ/ գործառույթները, աշխատանք կատարելու հետ կապված հնարավոր ռիսկը, կատարելու վայրը.

7)   պայմանագրի գործողության ժամկետները, աշխատաժամանակի տեւողությունը օրվա ընթացքում.

8)   կամավոր աշխատանքն իրականացնելու կարգը եւ պայմանները:

2. Անհրաժեշտության դեպքում պայմանագրում պետք է նշվի նաեւ կանխարգելիչ պատվաստումների եւ (կամ) քիմիական կանխարգելման մասին:

Հոդված 12. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ոչ առեւտրային կազմակերպությունների օգտին կամավոր աշխատանքի կազմակերպման պայմանագրի բովանդակությունը

1. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ոչ առեւտրային կազմակերպությունների (այսուհետ` ընդունող կազմակերպություն) օգտին կամավոր աշխատանքի կազմակերպման պայմանագրում պետք է նշվեն ընդունող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, կամավոր աշխատանքների կատարման առարկան, կատարման ժամկետները, կատարման վայրը, կամավորների թիվը, աշխատաժամանակի տեւողությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված պայմանագրում նշվում է նաեւ կամավորների կյանքին կամ առողջությանը վտանգ ներկայացնող ռիսկերը վերացնելու  կամ նվազեցնելու վերաբերյալ ընդունող կազմակերպության պարտավորությունը:

3. Կողմերի նախաձեռնությամբ պայմանագրով կարող են սահմանվել սույն օրենքին չհակասող այլ պայմաններ:

Հոդված 13. Կամավոր աշխատանք կատարելու ռեժիմը

1.Յուրաքանչյուր անձ կամավոր աշխատանքի կարող է ներգրավվել` պահպանելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատաժամանակի եւ հանգստի ժամանակի սահմանափակումները:

Հոդված 14. Կամավոր աշխատանքի պայմանագիրը փոփոխելու եւ դադարեցնելու հիմքերը եւ կարգը

1. Կամավոր աշխատանքի պայմանագիրը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ:

2. Կամավոր աշխատանքի պայմանագիրը կարող է լուծվել կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ:

Հոդված 15. Կամավոր աշխատանքներին առանձին կատեգորիայի անձանց մասնակցության առանձնահատկությունները

1.Կամավոր աշխատանքներին մինչեւ տասնութ տարեկան անձանց, հղի կամ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող կամ երեխային կրծքով կերակրող կանանց մասնակցությունը կազմակերպվում է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները:

ԳԼՈՒԽ  4.  ԿԱՄԱՎՈՐ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ  ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ  ԵՎ  ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ  ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ  ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 16. Կամավոր աշխատանքների կազմակերպումը օտարերկրյա պետություններում եւ օտարերկրացի կամավորների աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում

1. Կազմակերպություններն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամավորների մասնակցությամբ կամավոր աշխատանք իրականացնել օտարերկրյա պետություններում` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպությունների հրավերով:

2. Օտարերկրյա պետություններում կամավոր աշխատանքների կատարումը կարգավորվում է ընդունող պետության օրենսդրությանը համապատասխան եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

3. Կազմակերպություններն իրավունք ունեն հրավիրել օտարերկրացի կամավորներ` Հայաստանի տարածքում սույն օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանք իրականացնելու նպատակով:

4. Սույն հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով սահմանված դեպքերում կամավորի գործուղման, ինչպես նաեւ այլ հիմնավորված ծախսերի հատուցումը իրականացվում է կազմակերպության կամ օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության միջոցների հաշվին:

ԳԼՈՒԽ  5. ՎԵՃԵՐԻ  ԼՈՒԾՈՒՄԸ  ԵՎ  ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ  ՍՈՒՅՆ  ՕՐԵՆՔԻ  ՊԱՀԱՆՋՆԵՐԸ  ԽԱԽՏԵԼՈՒ  ՀԱՄԱՐ

Հոդված 17. Վեճերի լուծումը եւ պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

1. Սույն օրենքի կիրառման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

2. Սույն օրենքի պահանջները խախտող անձինք կրում են պատաuխանատվություն` Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով:

ԳԼՈՒԽ  6.   ԵԶՐԱՓԱԿԻՉ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 18. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Կամավոր աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Կամավոր աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի պաահանջների անհրաժեշտությամբ՝ համաձայն որի. «Կամավոր աշխատանքը եւ օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքը չեն կարող համարվել անօրինական: Այդպիսի աշխատանքների կատարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով»:   Օրենքի ընդունմամբ կկարգավորվեն կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, ոլորտները եւ իրավական հիմքերը, հաշվի առնելով, որ կամավոր աշխատանքը կամավորների կողմից պետության, հասարակության, ոչ առեւտրային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց համար օգնություն ցուցաբերելու նպատակով կատարվող հանրօգուտ, անհատույց, առանց վարձատրության աշխատանքն է: