Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-720-11.02.2015-ԱՀ-012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը հայտարարությամբ ընդունում է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ համահայկական հռչակագիրը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, համախորհուրդ սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնախմբերի հետ՝

- արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը,
- հենվելով 1990 թվականի օգոստոսի 23-ի՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրի եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա,

- վկայակոչելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որի համաձայն «մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության եւ հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհի ազատության, արդարության եւ խաղաղության հիմքն է»,

- ղեկավարվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձեւի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, ինչպես նաեւ 1966 թվականի դեկտեմբերի 16-ի «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի եւ մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով եւ դրույթներով,

- հաշվի առնելով, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան ընդունելիս ՄԱԿ-ը հատուկ կարեւորել է այդ հանցատեսակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը,

- շեշտելով ցեղասպանության հանցակազմում պարունակվող արարքների համար անպատիժ մնալու անթույլատրելիությունն ու այդ հանցագործության վաղեմության ժամկետ չունենալու հանգամանքը,

- դատապարտելով 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաեւ ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետեւանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն եւ նոր ցեղասպանություններ իրականացնելու քաջալերանք,

- համարելով նաեւ 1919-1921 թվականներին Օսմանյան ռազմական արտակարգ ատյանների կողմից «Իրավական եւ մարդկային օրենքների դեմ» այդ ծանր ոճրի ուղղությամբ կայացված դատավճիռները եղելության իրավական գնահատական,

- արժեւորելով 1915 թվականին միջազգային հանրության կողմից Անտանտի պետությունների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով հայ ժողովրդի դեմ իրականացված ծանրագույն հանցագործությունը պատմության մեջ առաջին անգամ որպես «մարդկության եւ քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն» որակումը եւ օսմանյան իշխանություններին պատասխանատվության կանչելու հանգամանքի շեշտադրումը, ինչպես նաեւ 1920 թվականի օգոստոսի 10-ի Սեւրի հաշտության պայմանագրի եւ 1920 թվականի նոյեմբերի 22-ի` ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը եւ նշանակությունը Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում.

1. Ոգեկոչում է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը եւ երախտագիտությամբ խոնարհվում կյանքի ու մարդկային արժանապատվության համար պայքար մղած նահատակ եւ վերապրած հերոսների առջեւ:

2. Վերահաստատում է Հայաստանի եւ հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման եւ պատմական արդարության հաստատման համար:

3. Շնորհակալություն է հայտնում այն պետություններին, միջազգային, կրոնական եւ հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու եւ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճրագործություն, եւ այսօր էլ շարունակում են այդ ուղղությամբ իրավական քայլեր ձեռնարկել, նաեւ կանխել ժխտողականության վտանգավոր դրսեւորումները:

4. Երախտագիտություն է հայտնում այն ազգերին, կառույցներին եւ անհատներին, ովքեր հաճախ իրենց վտանգելով` մարդասիրական տարաբնույթ օգնություն ցուցաբերեցին, փրկեցին լիակատար ոչնչացման վտանգի առջեւ կանգնած բազմաթիվ հայերի, ապահով եւ խաղաղ պայմաններ ստեղծեցին ցեղասպանությունից վերապրած հայության համար` մեծ թափ հաղորդելով որբախնամ գործունեությանը եւ միջազգային հայասիրական շարժմանը:

5. Դիմում է ՄԱԿ-ի անդամ պետություններին, միջազգային կազմակերպություններին, բարի կամքի տեր բոլոր մարդկանց՝ անկախ ազգային եւ կրոնական պատկանելությունից, միավորել իրենց ջանքերը պատմական արդարությունը վերականգնելու եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար:

6. Արտահայտում է Հայաստանի եւ հայ ժողովրդի միասնական կամքը` Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու եւ ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ:

7. Դատապարտում է Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերվող հակահայկական կեցվածքը եւ միջպետական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների առաջադրումը՝ դրանք գնահատելով որպես Հայոց ցեղասպանության, Մեծ Եղեռնի մինչ օրս անպատիժ մնալու հետեւանք:

8. Կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը եւ մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմության ու հիշողության հետ՝ հրաժարվելով կեղծարարության, անհերքելի իրողության ժխտման եւ հարաբերականացման քաղաքականությունից:

Զորակցում է Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն հատվածին, որի ներկայացուցիչներն այսօր արդեն համարձակություն են դրսեւորում այդ հարցում` ի հակադրություն իշխանությունների պաշտոնական դիրքորոշման:

9. Հույս է հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը կարեւոր մեկնակետ կդառնան հայ եւ թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացի համար:

10. Հպարտությամբ է արձանագրում, որ ցեղասպանությունից վերապրած հայ ժողովուրդը վերջին հարյուրամյակի ընթացքում՝

- դրսեւորեց անկոտրում կամք ու ազգային ինքնագիտակցություն, վերականգնեց դարեր առաջ կորցրած ինքնիշխան պետականությունը,

- պահպանեց եւ զարգացրեց ազգային արժեքները, հասավ ազգային մշակույթի, գիտության եւ կրթության վերածննդի` ուրույն ներդրում ունենալով համաշխարհային ժառանգության զարգացման գործում,

- ստեղծեց Հայկական Սփյուռքի հոգեւոր եւ աշխարհիկ կառույցների հզոր եւ արդյունավետ ցանց, ինչը նպաստեց աշխարհասփյուռ հայ համայնքներում հայապահպանության, հայի` հարգանք եւ համակրանք վայելող կերպարի կերտմանը, հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանությանը,

- համազգային գործակցության եւ հայրենադարձության ընդարձակ ծրագրով համախմբեց եւ վերստեղծեց ցեղասպանության հետեւանքով վերացման վտանգի առջեւ հայտնված ազգային գենոֆոնդը,

- Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերում բերեց իր արժանի ներդրումը միջազգային անվտանգության եւ խաղաղության հաստատման գործում, փառավոր հաղթանակներ տարավ Սարդարապատի եւ Արցախյան հերոսամարտերում:

11. Դիտարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որպես կարեւոր հանգրվան պատմական արդարության համար մղվող պայքարը «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսով շարունակելու գործընթացում:

12. Կոչ է անում հայորդիների գալիք սերունդներին` հայրենասեր, գիտակից եւ ուսյալ կեցվածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգությանը, աննահանջ պայքարով ծառայել հանուն`

- առավել հզոր Հայրենիքի` ազատ եւ ժողովրդավար Հայաստանի Հանրապետության,
- անկախ Արցախի առաջընթացի ու զորացման,
- աշխարհասփյուռ հայության գործուն համախմբման,
- համայն հայության դարավոր նվիրական նպատակների իրականացման:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարության նախագծի ընդունման վերաբերյալ

Մերօրյա Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդը, եւ այդ դրույթն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում՝ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը», ինչպես նաեւ՝ հղման կարգով ՀՀ Սահմանադրությունում:

Համայն հայության միասնական կամքի դրսեւորումներից էր Հայաստանի Հանրապետության առաջին կառավարության կողմից ընդունված «Միացյալ Հայաստանի» ակտը, համաձայն որի՝ «Հայաստանի ամբողջությունը վերականգնելու եւ ժողովրդի լիակատար ազատությունն ու բարգավաճումը ապահովելու համար Հայաստանի կառավարությունը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի ու ցանկության, հայտարարում է, որ այսօրվանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապես միացած են իբր անկախ պետական միություն:

Ուղիղ մի տարի առաջ, ռուսահայերի համագումարից ընտրված Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց իրեն անդրկովկասյան հայկական գավառների բարձրագույն իշխանություն: Ազգային խորհրդի կազմված կառավարությունն այդ քաղաքական ակտի մասին պաշտոնապես պետությանց ներկայացուցիչներին հայտնելուց հետո, այս մի տարվա մեջ փաստորեն հաստատել է իր իշխանությունն Անդրկովկասի հայկական գավառներում:

1919թ. փետրվար ամսին Երեւան քաղաքում կայացած Արեւմտահայ Երկրորդ Համագումարը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ նա Հայաստանը Միացյալ եւ Անկախ է ճանաչում:

Այժմ, Անդրկովկասում եւ Օսմանյան կայսրության սահմաններում գտնված պապենական հայկական երկիրների միացման եւ անկախության այս ակտը կատարելով` Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ Միացյալ Հայաստանի պետական ձեւն է ռամկավար հանրապետություն եւ որ ինքը հանդիսանում է Միացյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Այսպիսով, ներկայումս Հայաստանի ժողովուրդն է իր ամբողջացած հայրենիքի գերագույն տերն ու տնօրենը, եւ Հայաստանի պառլամենտն ու կառավարությունը հանդիսանում են Միացյալ Հայաստանի ազատ ժողովուրդը շաղկապող բարձրագույն օրենսդիր եւ գործադիր իշխանությունը:

Հայաստանի կառավարությունը սույն ակտը հրապարակում է 1919թ. ապրիլի 27-ի պառլամենտի որոշմամբ կառավարությանը տրված հատուկ լիազորությունների հիման վրա.

Մինիստրների խորհրդի նախագահի եւ

արտաքին գործոց մինիստրի պաշտոնակատար Ալ. Խատիսյան

Ներքին գործոց մինիստրի պաշտոնակատար Ս. Մանասյան

Զինվորական մինիստր, գեներալ մայոր Ք. Արարատյան

Արդարադատության մինիստրի պաշտոնակատար Հ. Չմշկյան

Հանրային կրթության մինիստր Գ. Մելիք-Ղարագյոզյան

Խնամատարության մինիստր Ս. Թորոսյան

Պարենավորման մինիստր Ք. Վերմիշյան

Ֆինանսների մինիստրի պաշտոնակատար Գ. Ջաղեթյան

Գործերի կառավարիչ Գ. Խատիսյան

1919թ. մայիսի 28-ին, Երեւան քաղաք»1 :

1989 դեկտեմբերի 1-ին Արցախի Ազգային խորհուրդը եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը համատեղ որոշում կայացրեցին Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Խորհրդային կայսրության փլուզումից առաջ այդ որոշումը մեծ դեր կատարեց համայն հայության համախմբման եւ մեզ պարտադրված պատերազմում հաղթանակ արձանագրելու համար:

Այսօր եւս, ինչպես շուրջ քառորդ դար առաջ, առկա է աշխարհաքաղաքական քարտեզի եւ կարգի փոփոխության միտում: Մենք՝ հայերս, առավել զգայուն պետք է լինենք մեր տարածաշրջանում եւ նախկին Խորհրդային Միության երկրների տարածքներում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ: Մեր դիրքորոշումը պետք է արտահայտենք նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից համապատասխան փաստաթղթերի ընդունման միջոցով՝ ժամանակակից պահանջներին համահունչ նոր «Ազգային անվտանգության հայեցակարգ», «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» ՀՀ օրենք, «Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման մասին» ՀՀ օրենք եւ այլն:

2015 թվականի հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագիրը, համաձայն որի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, արտահայտելով Հայաստանի եւ հայ ժողովրդի միասնական կամքը` հասնելու Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչմանը եւ ցեղասպանության հետեւանքների հաղթահարմանը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագիրը:

«Ժառանգություն» կուսակցությունը, լինելով հայ ժողովրդի պահանջատիրական իրավունքի քաղաքականության հետապնդողը, իր ծրագրային դրույթով ամրագրել է՝ լուծում տալ Ցեղասպանության ու նրա ժառանգության` Հայոց մեծ հայրենազրկման հիմնախնդրին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագիրը, ներառելով համայն հայության պահանջների մի մասը, պետք է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվի որպես փաստաթուղթ: