Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8251-18.04.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 423-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 423.1-ին հոդված.

«Հոդված 423.1. Ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով եւ (կամ) հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների շրջանառությունը

1. Ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով եւ (կամ) հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք օգտագործելը կամ իրացնելը, եթե դրանց քանակը չի գերազանցում 10 հատը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով:

2. Նույն խախտումը, եթե այդ ապրանքների քանակը կազմում է 11-50 հատ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

3. Նույն խախտումը, եթե այդ ապրանքների քանակը կազմում է 51-100 հատ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:

4. Նույն խախտումը, եթե այդ ապրանքների քանակը կազմում է 101 հատ եւ ավելի՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարերկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա խնդիրը.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի (այսուհետ՝ «Նախագիծ»), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերի ընդունումը պայմանավորված է ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելու արարքի քրեականացման, ինչպես նաեւ իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ կամ հսկիչ (նույնականացման) նշաններ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, ձեռք բերելու կամ դրանք օգտագործելու կամ իրացնելու համար միայն ազատազրկման տեսքով պատիժ սահմանելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելու արարքը 2019 թվականից ապաքրեականացվելուց հետո բազմակի ավելացել են այն կատարելու դեպքերը:

Միաժամանակ ավելացել են նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 289-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքներից հատկապես իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ պատրաստելու, դրանք օգտագործելու եւ իրացնելու դեպքերը:

Նման պայմաններում, հարկ է նշել, որ ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների իրացման, ինչպես նաեւ կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ կամ հսկիչ (նույնականացման) նշաններ պատրաստելու, դրանք օգտագործելու եւ իրացնելու դեպքերի աճը հանգեցնում է ոչ միայն պետական բյուջեի կորուստների, այլեւ անբարեխիղճ մրցակցության խթանման: Մասնավորապես, ձեռնարկատիրական գործունեության ընթացքում իրականացվող ցանկացած գործողությունը կամ վարքագիծը, որը հակասում է օրենքին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է մրցակիցների միջեւ կամ վերջիններիս ու սպառողների միջեւ բարեխղճության, այն է՝ ազնվության, արդարության, ճշմարտության եւ անաչառության սկզբունքները, համարվում է անբարեխիղճ մրցակցություն, որն արգելված է օրենքի ուժով (օրինակ՝ ծխախոտի գների բարձրացման պայմաններում չդրոշմավորված կամ կեղծ ակցիզային դրոշմանիշով ծխախոտի պահանջարկը բավականին շատ է, քանի որ այն անհամեմատ ավելի էժան է):

Ընդ որում, հաշվի առնելով այն խորամանկ եղանակները, որոնք գործադրում են անձինք ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաեւ կեղծ ակցիզային դրոշմանիշներով ապրանքները տեղափոխելիս եւ իրացնելիս, պետական մարմինները պարտավոր են ձեռնարկել ամենավերջին տեխնոլոգիական միջոցները դրանք խափանելու ուղղությամբ, որպիսի քայերը, սակայն, կմնան ապարդյուն, եթե ներկայիս կարգավորումներով ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնողները ենթարկվեն միայն վարչական պատասխանատվության, իսկ իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ կամ հսկիչ (նույնականացման) նշաններ պատրաստողների, դրանք օգտագործողների եւ իրացնողների նկատմամբ կիրառվի ազատությունից զրկման հետ չկապված պատիժ:

Այսինքն՝ իրենց իրացման ծավալների հետ համեմատած շատ չնչին դրամական միջոցներ որպես տուգանք վճարելուց հետո ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնողները ոչ միայն չեն դադարեցնում իրենց անօրինական գործունեությունը, այլեւ ավելի են մեծացնում դրա ծավալները, քանի որ ստացած եկամուտները էապես գերազանցում են վարչական տուգանքների չափերը: Նույնը վերաբերում է նաեւ իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ կամ հսկիչ (նույնականացման) նշաններով պատրաստողներին, դրանք օգտագործողներին ու իրացնողներին, որոնք, գիտակցելով իրենց նկատմամբ ազատությունից զրկման հետ չկապված պատիժ նշանակելու օրենսդրությամբ նախատեսված հնարավորությունը, շարունակում են իրենց հակաօրինական գործունեությունը:

Մինչդեռ այն դեպքում, երբ ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների շրջանառության արարքը քրեականացվի, իսկ իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ կամ հսկիչ (նույնականացման) նշաններ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, ձեռք բերելու կամ դրանք օգտագործելու կամ իրացնելու համար սահմանվի միայն ազատազրկման տեսքով պատիժ, ապա նշված արարքները կատարել ցանկացողները առնվազն մեկ անգամ եւս կմտածեն հակաօրինական քայլի դիմելուց առաջ:

Միաժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 289-րդ եւ 289.1 հոդվածների առաջարկվող խմբագրություններում լրացվել է «հսկիչ (նույնականացման) նշաններով» նոր եզրույթը, ինչը պայմանավորված է ՀՀ հարկային օրենսգրքի 396.1 հոդվածի կարգավորումներով եւ Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից 05.03.2021 թվականին կայացված թիվ 19 որոշման կայացմամբ, որով հաստատվել է Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելը:

Նշված օրենսդրական փոփոխությունների առաջարկի հրատապությունը պայմանավորված է ներկայումս շուկայում ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների (հիմնականում ծխախոտային արտադրատեսակների) շրջանառության ծավալների մեծացման հանգամանքով:

Ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ծխախոտային արտադրատեսակները շուկայում իրացվում են 190-ից մինչեւ 350 դրամի սահմաններում, այն պարագայում, երբ մեկ տուփ ծխախոտին բաժին ընկնող հարկերը կազմում են մոտավորապես 400 դրամ, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեն կրում է էական վնասներ:

Գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում նշված երեւույթը օրեցօր խորանում է, քանի որ շուկայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նշված երեւույթը արդեն սկսել է թափ հավաքել՝ ստանալով համակարգված բնույթ, ընդգրկելով իրացման ավելի մեծ շուկաներ՝ շղթայում ներգրավելով ավելի շատ կատարողների:

Անդրադառնալով դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների շրջանառությունը ներկայումս չքրեականացնելու հիմնավորմանը, ապա հարկ է նշել, որ դա պայմանավորված է դրոշմապիտակների սոսնձանյութի անկայունությամբ խոնավության եւ ջերմաստիճանի տատանումների նկատմամբ: Մասնավորապես ջերմաստիճանի կտրուկ տատանումները հանգեցնում են դրոշմապիտակով փակցված ապրանքի փաթեթի վրա ցողի (կոնդենսատ) առաջացման, որի պայմաններում 0-ից բարձր ջերմաստիճանի դեպքում փակցված դրոշմապիտակը 0-ից ցածր ջերմաստիճանում պահվող ապրանքների դեպքում հեշտությամբ պոկվում է փաթեթից, քանի որ ցողը պահեստավորման ընթացքում բյուրեղանում է: Այլ կերպ ասած՝ սառնարանային պայմաններում պահվող ապրանքների (կաթնամթերք, պաղպաղակ, մսամթերք եւ այլն) վրա փակցված դրոշմապիտակները ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ՝ առանց արտաքին միջամտության, հեշտությամբ պոկվում են: Ավելին՝ դրոշմապիտակների սոսնձանյութի անկայուն լինելը շատ դեպքերում հանգեցնում է դրանց պոկմանն անգամ ապրանքների տեղափոխման կամ միմյանց ապրանքների հասարակ հպման ընթացքում:

Նման պայմաններում առաջարկվում է չքրեականացնել դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների շրջանառությունը, քանի որ գործնականում ներկայումս բավականին բարդ է դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքները չդրոշմավորելու դիտավորությամբ կատարված արարքը տարբերակել այն դեպքերից, երբ ապրանքների վրա փակցված դրոշմապիտակները պոկվում են վերոնշյալ գործոնների ազդեցությամբ:

Միաժամանակ հարկ է նշել, որ բոլոր այն ապրանքները, որոնց համար սահմանվում է կամ կսահմանվի դրոշմավորման պահանջ հսկիչ (նույնականացման) նշաններով, որոնք ինքնին կայուն են խոնավության եւ ջերմաստիճանի տատանումների նկատմամբ, Նախագծի ընդունման պայմաններում ինքնաբերաբար կանցնեն Նախագծով առաջարկվող 289.1 հոդվածի կարգավորման դաշտ:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել են նշված նախագծերը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Մշակվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններից:

6. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Նախագծերի նպատակն է ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելու արարքի քրեականացումը եւ իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ կամ հսկիչ (նույնականացման) նշաններ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, ձեռք բերելու կամ դրանք օգտագործելու կամ իրացնելու համար միայն ազատազրկման տեսքով պատիժ սահմանումը:

7. Պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն