Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7511-03.04.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 4-րդ մասում`

1. «համաձայնությամբ» բառից առաջ լրացնել «գրավոր» բառով.

2. լրացնել նոր նախադասությամբ. «Սույն մասով նախատեսված դեպքերում դիմումներին կցվում է խնամակալ կամ հոգաբարձու հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի`

1. 2-րդ մասից հետո լրացնել նոր 2.1 մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Նույնականացման քարտում անվան եւ ազգանվան անգլերեն, ինչպես նաեւ անվան, ազգանվան եւ հայրանվան հայերեն ամրագրման կարգը սահմանվում է  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:».

2.  6-րդ մասի 2-րդ կետից հետո լրացնել նոր 2.1-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1) 18 տարեկանը լրացած չլինելու դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ծնողների եւ (կամ) երեխայի գրավոր համաձայնությունը, եթե դիմումատուն չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով:».

3. 7-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1 կետ.

«3.1) Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում` իրավասու մարմնի կողմից տրված փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթ:».

4. 8-րդ մասից հետո  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 8.1 մաս.

«8.1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար դիմումատուն լուսանկարվում եւ մատնադրոշմները հանձնում է իր գտնվելու վայրում:».

5. 11-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

6. 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12. Նույնականացման քարտ տրամադրելը (փոխանակելը) մերժվում է, եթե`

1) դիմումատուն չի ներկայացրել օրենքով պահանջվող փաստաթղթերը.

2) դիմումատուն հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում.

3) դիմումատուն ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր.

4) դիմումատուն չի ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր.

5) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են անճշտություններ եւ (կամ) հակասություններ.

6) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են այնպիսի ջնջումներ, որոնք նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) համար ունեն էական նշանակություն (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս տարեթիվ, ծնողների վերաբերյալ տվյալներ, ծննդավայր,  զինապարտին տրվող տարկետման ժամկետ եւ այլն) կամ ջնջումով են փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիա, համար, պաշտոնատար անձի ստորագրություն եւ այլն):».

7. 12-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակութմաբ նոր՝ 12.1  մաս.

«12.1. Սույն հոդվածի 12-րդ մասի 1-2-րդ, 4-6-րդ կետերով նախատեսված հիմքերը նույնականացման քարտը տպագրվելուց հետո պարզվելու դեպքում տպագրված նույնականացման քարտը չի տրամադրվում քաղաքացուն՝ մինչեւ նշված հիմքերի վերանալը, իսկ նույնականացման քարտի վավերականության  ժամկետը լրանալու դեպքում՝ այն սույն օրենքով սահմանված կարգով ճանաչվում է անվավեր: Սույն հոդվածի 12-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը նույնականացման քարտը տպագրվելուց հետո պարզվելու դեպքում տպագրված նույնականացման քարտը քաղաքացուն հանձնելու կամ անվավեր ճանաչելու հարցը լուծվում է օրենքով սահմանված կարգով հարուցված համապատասխան վարույթի արդյունքում կայացված վերջնական որոշմամբ:».

8. 14-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«14. Նույնականացման քարտը տրամադրելիս քաղաքացուն վերադարձվում են սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով (բացառությամբ դիմումի եւ գրավոր համաձայնության), սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ,  3-րդ եւ   4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, տրամադրելը մերժելիս` սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով (բացառությամբ դիմումի), սույն հոդվածի 6-րդ մասի 2-6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, փոխանակելիս՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված փաստաթղթերը (բացառությամբ դիմումի եւ գրավոր համաձայնության), փոխանակելը մերժելիս` սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով (բացառությամբ դիմումի), սույն հոդվածի 7-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Ակնհայտ կեղծ փաստաթղթերը քաղաքացուն չեն վերադարձվում:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 6-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի 7-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

2. 1-ին մասի 8-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ եւ 10-րդ կետեր.

«9) տպագրված նույնականացման քարտը չի տրամադրվել քաղաքացուն սույն օրենքով նախատեսված դեպքերում.

10) եթե տվյալների փոփոխության կամ անճշտության հիմքով քաղաքացին դիմել է անձնագիրը  փոխանակելու համար, սակայն  չի ցանկացել միաժամանակ փոխանակել նույնականացման քարտը՝ անձնագրում ամրագրվող տվյալներին համապատասխանեցնելու համար  կամ  նույն  հիմքով  քաղաքացին դիմել է  օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ անձնագիրը փոխանակելու համար եւ ունի նույնականացման քարտ:».

3. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածով նախատեսված դեպքերում նույնականացման քարտը ճանաչվում է անվավեր` անձնագրային համակարգի ավտոմատացված համալիրի պահոցում ծրագրային ապահովմամբ համապատասխան նշում կատարելու եղանակով:»:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ  «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի նախապատրաստումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում հանդիպող եւ նշված օրենքներով լիարժեք չկանոնակարգված հարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

2011 թվականի նոյեմբերի 30-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկմամբ կարգավորվեցին Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր եւ նույնականացման քարտեր տրամադրելու (փոխանակելու), տրամադրումը (փոխանակումը) մերժելու, անվավեր ճանաչելու եւ այլ իրավահարաբերություններ: Սակայն, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկան մի շարք բացեր, որոնք լրացնելու համար անհրաժեշտություն առաջացավ նախապատրաստել համապատասխան իրավական ակտերի նախագծեր:

ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված համանման իրավահարաբերություններ, սակայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն, բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են ֆիզիկական  եւ իրավաբանական անձանց իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտավորություն կամ պատասխանատվություն եւ այլն:

Ներկայացված օրենքների նախագծերով քաղաքացիների համար սահմանվում են նաեւ նոր պարտավորություններ, ինչն էլ հիմք է հանդիսանում դրանք համապատասխան օրենքներում ամրագրելու համար:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով նախատեսվել են հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.

1. Որոշակի կատեգորիայի քաղաքացիների համար համալրվել է անձնագիր եւ (կամ) նույնականացման քարտ տրամադրելիս (փոխանակելիս) պահանջվող փաստաթղթերի ցանկը: Մասնավորապես, մինչեւ 16 տարեկան քաղաքացուն անձնագիր, ինչպես նաեւ անգործունակ ճանաչված քաղաքացուն անձնագիր եւ (կամ) նույնականացման քարտ տրամադրելիս պահանջվելու է այլ օրինական ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ, խնամակալ կամ հոգաբարձու հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ, քաղաքացիների կողմից տվյալների անճշտության կամ փոփոխության հիմքով անձնագիր եւ (կամ) նույնականացման քարտ փոխանակելիս` անճշտությունը կամ փոփոխությունը հավաստող փաստաթուղթ:

2.  Մինչեւ 16 տարեկան երեխայի անձնագրավորման համար կարեւոր պայման է համարվում երեխայի` ՀՀ քաղաքացիությունը որոշելու հարցը: Գործնականում նշված խնդրի կապակցությամբ պահանջվում է նաեւ ծնողների ամուսնության վկայականը կամ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մոր լինելու դեպքում` միայնակ մայր լինելը հավաստող տեղեկանք:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում երեխայի անձնագրավորման համար պահանջվում է նաեւ ծնողների գրավոր համաձայնությունը (օրենքի 11-րդ, 16-րդ, 18-րդ հոդվածներ) եւ երեխայի գրավոր համաձայնությունը (օրենքի 16-րդ հոդված):

Նշված իրավահարաբերություններն հստակ կանոնակարգված են ՀՀ կառավարության  2011 թվականի հունիսի 23-ի թիվ 974-Ն եւ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի 821 որոշմամբ:

Վերոնշյալ խնդիրներին լուծում տալու նպատակով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ մասում  եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասում կատարել համապատասխան փոփոխություններ՝ հստակեցնելով ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

3. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվում է օրենքներում կատարել լրացում, որի համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով քաղաքացին իրավունք կունենա անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար լուսանկարվել եւ մատնադրոշմներ հանձնել նաեւ իր գտնվելու վայրում՝ առանց ոստիկանության մարմին ներկայանալու:

Տվյալ նորմի նպատակը հիվանդանոցային կամ տնային պայմաններում ծանր հիվանդությամբ տառապող, ինքնուրույն տեղաշարժվելու ունակությունը կորցրած, ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիների` ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրացումն ապահովելն է:

4. Նախագծերով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 14-րդ մասը եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 11-րդ մասը, քանի որ այդ դրույթների համաձայն, եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, կամ քաղաքացին հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում, ապա դիմումն ընդունվում է եւ դիմումատուին առաջարկվում է 5-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը եւ (կամ) հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում:

Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 15-րդ մասում եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 12-րդ մասում որպես անձնագիր եւ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) մերժման հիմքեր նախատեսված են դիմումատուի` 5-օրյա ժամկետում օրենքով պահանջվող փաստաթղթերի չներկայացնելը կամ 5-օրյա ժամկետում բնակչության պետական ռեգիստրում չհաշվառվելը:

Անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը գործնականում համարվում է ընդունված քաղաքացուն լուսանկարելու եւ մատնադրոշմները վերցնելու պահից: Դիմումն ընդունելու պահից ծրագրային համակարգով նախատեսված որոշակի փուլերն անցնելուց հետո անձնագիրը եւ նույնականացման քարտը տպագրվում են: Այսինքն` դիմումն ընդունել եւ դիմումատուին առաջարկել 5-օրյա ժամկետում համալրել փաստաթղթերի ցանկը կամ հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում, գործնականում հնարավոր չէ, իսկ արդեն տպագրված անձնագրի կամ նույնականացման քարտի անվավեր ճանաչելը` ֆինանսապես ոչ նպատակահարմար:

5. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` մինչեւ 16 տարեկան երեխային անձնագիր չի տրամադրվում, եթե ծնողը, որի մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան, ՀՀ ոստիկանություն նախապես ներկայացնում է անձնագիր տրամադրելու անհամաձայնության վերաբերյալ գրավոր հայտարարություն:

Նշված նորմը բացակայում է անձնագրի տրամադրումը մերժելու հիմքերի ցանկից, ուստի կատարվել է համապատասխան լրացում եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում որպես անձնագիր տրամադրելու (փոխանակելու) մերժման հիմք նախատեսվել է նաեւ մինչեւ 16 տարեկան անչափահասի այն ծնողի գրավոր առարկությունը, որի մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան:

6. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով անձնագիր, ինչպես նաեւ նույնականացման քարտ տրամադրելու մերժման հիմքեր են նախատեսվել նաեւ դիմումատուի կողմից ակնհայտ կեղծ, ոչ պատշաճ փաստաթղթեր ներկայացնելը եւ դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում անճշտությունների եւ (կամ) հակասությունների առկայությունը: Նշված նորմի ամրագրումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում բազմիցս հանդիպող նախադեպերով, երբ քաղաքացիներն անձնագրային ծառայություններ են ներկայացնում հակասական, ջնջումներով փաստաթղթեր: Նշված դրույթների օրենսդրական ամրագրումն առավել հստակ կկանոնակարգի եւ կորոշակիացնի անձնագրային ծառայությունների ամենօրյա գործունեությունը:

7. Իրավակիրառ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ անձնագիրը կամ նույնականացման քարտը տպագրելուց հետո ի հայտ են գալիս օրենսդրությամբ նախատեսված` տրամադրումը (փոխանակումը) մերժելու հիմքեր: Նշված իրավահարաբերությունները լիարժեք կանոնակարգելու նպատակով «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համապատասխանաբար 5-րդ եւ  4-րդ հոդվածներում առաջարկվել է ամրագրել դրույթ, համաձայն որի անձնագիրը կամ նույնականացման քարտը տրամադրելուց (տպագրելուց) հետո օրենքով նախատեսված մերժման գրեթե բոլոր հիմքերի բացահայտման դեպքում անձնագիրը կամ նույնականացման քարտը չի տրամադրվելու քաղաքացուն մինչեւ նշված հիմքերի վերանալը, իսկ անձնագրի կամ նույնականացման քարտի վավերականության ժամկետը լրանալուց հետո այն կճանաչվի անվավեր:

8. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում (համապատասխանաբար 7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ եւ 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ) նախատեսված է դրույթ, համաձայն որի՝ քաղաքացու կողմից  նույնականացման քարտ կամ անձնագիր ստանալու մասին դիմում տալու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում չստանալու դեպքում այն ճանաչվում է անվավեր: Նշված դրույթը առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ քաղաքացու համար՝ մեկ տարուց հետո կրկին անգամ փաստաթուղթ ստանալու դիմում ներկայացնելու դեպքում վճարներ կատարելու առումով: Նախագծերով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել նշված դրույթները՝ հնարավորություն տալով քաղաքացուն մինչեւ վավերականության ժամկետի լրանալը ստանալու իր անվամբ տպագրված փաստաթղթերը:

 9. Օրենքների նախագծերում առաջարկվել է նոր խմբագրությամբ շարադրել անձնագիրը եւ նույնականացման քարտն անվավեր ճանաչելու վերաբերյալ դրույթը, որը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում ներկա խմբագրությամբ ամրագրված են անձնագիրը եւ նույնականացման քարտն անվավեր ճանաչելու երկու եղանակ` «անվավեր համարվելը» եւ «անվավեր ճանաչվելը ոստիկանության մարմնի որոշմամբ»: Հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում անձնագիրը եւ նույնականացման քարտն անվավեր ճանաչելու բազմաթիվ դեպքերը, ինչպես նաեւ անվավեր ճանաչելու գործընթացի տարբերակումը յուրաքանչյուր դեպքի համար, ինչը գործնականում գրեթե հնարավոր չէ իրականացնել, ուստի օրենքների նախագծերով առաջարկվել է անձնագիրը եւ նույնականացման քարտն անվավեր ճանաչել բացառապես ծրագրային եղանակով, իսկ փաստաթղթերն «անվավեր համարվելու» եղանակը հանվել է:

10. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում անձնագիր տրամադրելու (փոխանակելու) դիմումի ընդունումը, ինչպես նաեւ անձնագրի տրամադրումը (փոխանակումը) մերժելու հիմք է ամրագրվել նաեւ անձի` քրեորեն պատժելի արարք կատարելու համար`

1. ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզում հայտարարված լինելու եւ

2. միջազգային հետախուզում հայտարարված լինելու հանգամանքը:

1. ՀՀ քաղաքացու անձնագիրը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու եւ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար, ուստի հետախուզման մեջ գտնվող անձին անձնագիր չտրամադրելու վերաբերյալ իրավանորմի ամրագրումն անհրաժեշտություն է:

Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ դատական ակտերի հարկադիր կատարման մարմնի կողմից է հետախուզում հայտարարվել, ապա այդ հիմքով անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելը կամ փոխանակելը մերժելը նախագծով չի նախատեսվել,  քանի որ հարկադիր կատարման մարմնի կողմից որոշվում է կայացվում հետախուզում հայտարարել պարտապանի եւ (կամ) նրա գույքի նկատմամբ, ինչը չի ենթադրում քաղաքացու` ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում:

2. Նախագծով նախատեսվել է նորմ, համաձայն որի Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ այլ պետության կողմից հետախուզում հայտարարված լինելու դեպքում վերջինիս ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրվում է միայն ոստիկանության ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի ղեկավարի (տեղակալի) որոշմամբ, եթե հետախուզում հայտարարած պետության հետ Հայաստանի Հանրապետությունը չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հանձնելու մասին վավերացված միջազգային պայմանագիր, կամ նման պայմանագրի առկայության դեպքում քաղաքացու արտահանձնումը չի իրականացվել` քրեական հետապնդում իրականացնող պետության կողմից նախաձեռնություն չցուցաբերելու հետեւանքով:

11. Հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է ՀՀ քաղաքացիությունը եւ ինքնությունը հավաստող 2 փաստաթղթային համակարգ՝ նույնականացման քարտերի եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգերը, ուստի նշված երկու փաստաթղթերում անձի անհատական տվյալները պետք է համապատասխանեն միմյանց: Լինում են դեպքեր, երբ անձը, ունենալով նշված երկու փաստաթղթերը, անհատական տվյալների փոփոխության կամ անճշտության հիմքով դիմում է նշված փաստաթղթերից միայն մեկի փոխանակման համար՝ հրաժարվելով փոխանակել մյուսը: Արդյունքում, անձը ունենում է տարբեր անհատական տվյալներով 2 անձը հաստատող փաստաթղթեր:

Նշված խնդրին լուծում տալու նպատակով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում նախատեսել համապատասխան դրույթներ, համաձայն որոնց, եթե տվյալների փոփոխության կամ անճշտության հիմքով քաղաքացին դիմել է նույնականացման քարտը փոխանակելու համար, սակայն չի ցանկացել միաժամանակ փոխանակել անձնագիրը (կամ հակառակը), նույնականացման քարտը կամ անձնագիրը ճանաչվում է անվավեր:

12. 2013 թվականի դեկտեմբերի 11-ին ընդունվել են «Նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները: Նշված օրենքներն ուժի մեջ են մտել 01.01.2014թ.-ին:

Վերը նշված օրենքների համաձայն մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը տրված հին նմուշի անձնագրերը համարվում են վավերական: Քաղաքացուն իրավունք է վերապահվել մինչեւ անձնագրի վավերականության ժամկետը լրանալը ստանալու նույնականացման քարտ եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր: Նշված փաստաթղթերը ստանալու դեպքում քաղաքացու ցանկությամբ հետ է վերադարձվում հին նմուշի վավերական անձնագիրը: Տվյալ դեպքում անձը փաստացի ունենում է  անձը հաստատող 3 փաստաթուղթ՝ հին նմուշի անձնագիրը, կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը եւ նույնականացման քարտը: Հին նմուշի անձնագիրը եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը իրավունք են տալիս անձին հատելու պետական սահմանը, իսկ նույնականացման քարտը՝ ոչ:

Բացի այդ, մինչեւ 16 տարեկան  Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին իրավունք է վերապահվել ստանալու հին նմուշի անձնագիր: Օրենքով չի նախատեսվել իրավական արգելք. օրինակ՝ մինչեւ 16 տարեկան անձը ստանալով հին նմուշի անձնագիր միաժամանակ կարող է ստանալ նաեւ կենսաչափական տվյալներով անձնագիր: Նման դեպքում անձը փաստացի ունենում է 2 վավերական անձը հաստատող՝ պետական սահմանը հատելու իրավունք տվող փաստաթուղթ:

Օրենքի նախագծով նախատեսվում է հին նմուշի վավերական անձնագիր ունենալու դեպքում  նույնականացման քարտ տրամադրելիս անձնագիրը քաղաքացու ցանկությամբ վերադարձնել իրեն, որպեսզի նշված փաստաթղթով ճամփորդելու իրավունք ունենա: Իսկ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալիս նախատեսվում է հին նմուշի անձնագիրը ճանաչել անվավեր եւ քաղաքացու ցանկության այն իրեն վերադարձնել դակելուց հետո: Միաժամանակ դրույթ է նախատեսվել մինչեւ 16 տարեկան  Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին տրամադրել կամ հին նմուշի անձնագիր կամ,  կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր, որը կսահմանափակի նշված երկու փաստաթղթերը միաժամանակ ունենալու հնարավորությունը:

13. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքով նախատեսված են այնպիսի դրույթներ, որոնք անհրաժեշտ է կիրառել նաեւ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրային հարաբերությունների նկատմամբ: Մասնավորապես, օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված է դրույթ՝ երեխայի ծնողներից մեկի դիմումի հիման վրա, ում մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան, մյուս ծնողի կողմից դիմելու դեպքում անձնագիր չտրամադրելու վերաբերյալ: ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նման դրույթ նախատեսված չէ: Ուստի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածում առաջարկվում է նախատեսել դրույթ, որի համաձայն՝ օրենքի մի շարք դրույթների գործողությունը կտարածվի նաեւ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրային հարաբերությունների վրա:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության Իրավաբանական վարչության եւ Անձնագրային եւ վիզաների վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում իրավակարգավորում կտրվի ներկայիս գործող «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով չկարգավորվող իրավահարաբերություններին` կլրացվեն օրենքի բացերը, նվազագույնի կհասցվեն իրավակիրառ պրակտիկայում հայեցողական լիազորությունների չարաշահման եւ քաղաքացիների իրավունքների անհիմն սահմանափակման ռիսկերը:

Օրենքների նախագծերի ընդունումը կնպաստի քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը, քանի որ նախատեսվող նորմերի օրենսդրական ամրագրմամբ կհստակեցվի, առավել կորոշակիացվի իրավակիրառ պրակտիկան, ինչն էլ կնպաստի վարչարարության արդյունավետության բարձրացմանը եւ իրավանորմերի միատեսակ կիրառմանը:
 


Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությւոններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչնեի եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական ազդեցության կարգավորման տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա ազդեցության կարգավորման տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  ««Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  ««Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր) նախատեսվում է կարգավորել ՀՀ քաղաքացիներին անձնագիր եւ նույնականացման քարտ տրամադրելու հետ կապված որոշ իրավահարաբերություններ:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները՝ կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են՝ արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  ««Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  ««Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է ՀՀ քաղաքացիներին անձնագիր եւ նույնականցման քարտ տրամադրելու հետ կապված իրավահարաբերություններին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավաոում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ազդեցության գնահատման մասին եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1.   «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների (այսուհետ՝ օրենքներ) նախագծերի ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2.  Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3.  Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, եւ այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվում է, մասնավորապես՝

1) համալրել քաղաքացու անձնագիրն ու նույնականացման քարտը տրամադրելիս պահանջվող փաստաթղթերի ցանկը,

2) սահմանել դրույթ, որի համաձայն, օրենսդրությամբ նապատեսված դեպքերում, քաղաքացին իրավունք կունենա անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար լուսանկարվել եւ մատնադրոշմներ հանձնել նաեւ ոստիկանության մարմնից դուրս,

3) անձնագրի եւ նույնականացման քարտի համար օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի համալրման 5-օրյա ժամկետները վերացնել,

4) հստակեցնել անձնագիրը կամ նույնականացման քարտը տպագրելուց հետո մերժման հիմքերի բացահայտման դեպքում կանոնակարգող իրավահարաբերությունները:

Ելնելով վերոգրյալից՝ վերը նշված նախագծերի ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:
 

ԵԶՐԱԿԱՑԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: