Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-757-11.04.2015,14.05.2015-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ (ՄՈՆԻԹՈՐԻՆԳ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածներով,

Նկատի առնելով Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի կարեւոր դերն ու նշանակությունը երկրի կայուն զարգացման եւ էներգետիկ անվտանգության ապահովման գործում`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Ի գիտություն ընդունել «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի» եզրակացությունը եւ Ազգային ժողովում դրա քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունները (այսուհետեւ` եզրակացություն):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով) իրականացնել եզրակացությամբ արված առաջարկությունների քննարկում Հայաստանի Հանրապետության կառավարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետությում գազամատկարարման համակարգում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ եւ առաջարկությունների կատարման արդյունքների մասին մինչեւ հինգերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը? յուրաքանչյուր հերթական նստաշրջանում մեկ անգամ ներկայացնել եզրակացություն: Եզրակացության վերաբերյալ առարկություններ ունեցող Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները կցվում են եզրակացությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող օրվանից:

Որոշման ընդունման հիմնավորումը

Առաջարկվող որոշումը հնարավորություն է տալիս Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի կատարած մեծածավալ աշխատանքը վերածել գործադրվող քաղաքականության՝ մեծացնելով կատարվող աշխատանքի արդյունավետությունը:

Կարեւորագույն խնդիր է Հայաստանի Հանրապետության գազամատակարարաման համակարգի պոտենցիալի ամբողջական իրացման եւ համակարգի զարգացման վերաբերյալ հայեցկարգային մոտեցումների մշակումն ու գործադրումը՝ նպատակ ունենալով բարձրացնել երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը, հանրության, տնտեսական միավորների եւ պետության համար հուսալի, վստահելի եւ առավել մատչելի դարձնել մատուցվող ծառայությունները, խթանել տեխնոլոգիական նորարարությունները եւ էներգախնայաղությունը, ընդլայնել գազամատակարարման համակարգի ծառայություններից օգտվողների շրջանակը եւ գազասպառման ծավալները, նպաստել երկրի կայուն զարգացմանը:

Նշված խնդիրների լուծման գործում ԱԺ-ի անմիջական մասնակցության հնարավորությունը իրացնելու համար առաջարկվում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին վերապահել քննարկումներ իրականացնելու եւ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունով առաջարկվող մոտեցումները (ներառյալ Ազգային ժողովում եզրակացության քննարկումների ժամանակ արված առաջարկությունները) կյանքի կոչելու լիազորությամբ: Առաջադրվող խնդիրների արդյունավետ լուծման համար սկզբունքային նշանակություն ունի դրանում շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունը, արդյունավետ երկխոսությունը, սոցիալ-տնտեսական իրողությունների ճշգրիտ գնահատումն ու համընդհանուր շահերով առաջնորդվելու մոտեցումը: Այս նպատակով է, որ որոշման նախագծով առաջարկվում է քննարկումներում ներգրավվել ոչ միայն ՀՀ կառավարությանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, այլ նաեւ գազամատակարարման համակարգում գործունեություն իրականացնող հիմնական սուբյեկտներին, սպառողների շահերի պաշտպանության հասարակական կառույցներին: ԱԺ կանոնակարգ օրենքի 30.2-րդ, 18-րդ եւ այլն հոդվածներով ընձեռած հնարավորություններով համադրվելով, որոշումը հնարավորություն է տալիս նաեւ բարձրացված խնդիրների լուծման համար, անհրաժեշտության դեպքում օգտվել նաեւ փորձագիտական ծառայություններից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ (ՄՈՆԻԹՈՐԻՆԳ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածներով, նկատի առնելով Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի կարեւոր դերն ու նշանակությունը երկրի կայուն զարգացման եւ էներգետիկ անվտանգության ապահովման գործում`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Ի գիտություն ընդունել «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի» եզրակացությունը եւ Ազգային ժողովում դրա քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունները (այսուհետ` եզրակացություն):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով) իրականացնել եզրակացությամբ արված առաջարկությունների քննարկում Հայաստանի Հանրապետության կառավարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետությունում գազամատակարարման համակարգում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ եւ առաջարկությունների կատարման արդյունքների մասին մինչեւ հինգերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը յուրաքանչյուր հերթական նստաշրջանում մեկ անգամ ներկայացնել եզրակացություն: Եզրակացության վերաբերյալ առարկություններ ունեցող Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները կցվում են եզրակացությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ

23 հունիսի 2015 թվականի,
քաղ. Երեւան
ԱԺՈ - 168 - Ն