Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-835-14.07.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի  ՀՕ-308 օրենքի  105-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.

«Բանավոր հարցը պետք է վերաբերի Կառավարության մեկ անդամի իրավասությանը վերապահված ոլորտին:»,

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը եւ Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր եւ գրավոր հարցերին՝ եթե բանավոր հարցերին պատասխանելուց հետո նիստի ժամանակը չի սպառվում կամ պատգամավորը չի հրաժարվում իր գրավոր հարցը հնչեցնելուց: Եթե բանավոր հարցերին պատասխանելուց հետո նիստի ժամանակը  սպառվում է, ապա պատգամավորը պահպանում է հերթական նստաշրջանի հաջորդ չորսօրյա նիստերի չորեքշաբթի օրվա վերջին նիստում իր գրավոր հարցը հնչեցնելու իրավունքը:»,

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 3.1-ին եւ 3.2-րդ մասերով.

«3.1. Բանավոր հարցերը տրվում են սույն հոդվածի 3.2-րդ կետով եւ սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով, հետեւյալ հերթականությամբ՝

ա) ընդդիմադիր խմբակցությունների 2-ական հերթագրված պատգամավորների հարցերը.

բ) ոչ ընդդիմադիր խմբակցությունների 2-ական հերթագրված պատգամավորների հարցերը.

գ) խմբակցություններում կամ պատգամավորական խմբերում չընդգրկված 2-ական հերթագրված պատգամավորների հարցերը.

դ) հերթագրված մյուս պատգամավորների հարցերը:

3.2. Պատգամավորը երկու րոպեի ընթացքում խոսափողից տալիս է իր բանավոր հարցը կամ ներկայացնում է Կառավարությանն ուղղած իր գրավոր հարցը, որին հետեւում է վարչապետի կամ Կառավարության անդամի՝ մինչեւ երկու րոպե տեւողությամբ պատասխանը: Պատգամավորը կարող է մեկ րոպեի ընթացքում արտահայտել իր կարծիքը պատասխանի վերաբերյալ, որին վարչապետը կամ Կառավարության անդամը կարող է արձագանքել մինչեւ մեկ րոպե տեւողությամբ պատասխանով:»,

4) 4-րդ մասի  մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Գրավոր հարցը պատգամավորը հանձնում է Աշխատակազմ, որը նույն օրն այն ուղարկում է Կառավարություն: Հարցն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, վարչապետը կամ նրա հանձնարարությամբ՝ Կառավարության համապատասխան անդամը գրավոր պատասխանում է հարցին: Գրավոր հարցերի պատասխաններն Ազգային ժողովի նիստում տրվում են սույն հոդվածի 3-րդ եւ 3.2-րդ կետով սահմանված կարգով՝ ըստ դրանց ստացման հաջորդականության՝ պատասխանը պատրաստ լինելուն պես:»,

5) 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 7.1-ին մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Առաջարկվող օրենքի նախագծի հիմնական նպատակն է կանոնակարգել ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածով եւ «Ազգային ժողովի կանոնակարգը» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածով նախատեսված պատգամավորների՝ ՀՀ կառավարությանը հարցերով դիմելու կարգը:

Հաշվի առնելով, որ պատգամավորները հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում կարող են ՀՀ կառավարությանը դիմել գրավոր եւ բանավոր հարցերով, ընդ որում՝ սահմանված կարգով առաջինը հնչում են ՀՀ կառավարությանն ուղղված գրավոր հարցերը, երբեմն գրավոր հարցերի առատության պատճառով պատգամավորները զրկվում են բանավոր հարցերով հանդես գալու հնարավորությունից, այդ պատճառով ավելի նպատակահարմար է նիստի սկզբում առաջինը հնչեցնել բանավոր հարցերը, այնուհետեւ՝ գրավոր հարցերը:

Նախագծով հստակեցվում է նաեւ բանավոր հարցերով ՀՀ կառավարությանը դիմելու կարգը:

Գործող կարգով առաջինը բանավոր հարցերով կարող են հանդես գալ ընդդիմադիր խմբակցությունների 3-ական հերթագրված պատգամավորներ, որից հետո   բանավոր հարցերով հանդես են գալիս հերթագրված մյուս պատգամավորները: Նշված կարգով ստեղծվում է մի իրավիճակ, որի պայմաններում ոչ ընդդիմադիր եւ անկախ պատգամավորները շատ հաճախ չեն կարողանում հասցնել նիստի ընթացքում իրենց հարցը հնչեցնել: Ներկայացված նախագծով առաջարկվում է փոխել այս կարգը: Ներկայացված նախագծով առաջինը հնչում են ընդդիմադիր խմբակցությունների 2-ական հերթագրված պատգամավորների, այնուհետեւ, ոչ ընդդիմադիր խմբակցությունների 2-ական հերթագրված պատգամավորների եւ դրանից հետո խմբակցություններում կամ պատգամավորական խմբերում չընդգրկված 2-ական  պատգամավորների հարցերը: Այսպիսով, ներկայացված ընթացակարգի շնորհիվ առավել շատ պատգամավորներ հնարավորություն կստանան կարցեր ուղղել կառավարությանը:

Առաջարկվում է նաեւ կրճատել կառավարությանն ուղղվող հարցի ներկայացման եւ դրան տրվելիք պատասխանի, պատասխանի վերաբերյալ պատգամավորի կարծիք արտահայտելու  եւ վերջինիս վերաբերյալ կառավարության անդամի արձագանքի համար օրենքով սահմանված ժամանակը: Օրենսդրական այս փոփոխությունը եւս կնպաստի մեկ նիստի ընթացքում կառավարությանն  ավելի շատ հարցերով դիմելուն:

Այսպիսով, նախագծի շնորհիվ կստեղծվեն ՀՀ կառավարությանը հարցեր տալու համար համեմատաբար հավասար պայմաններ թե՜ ընդդիմադիր, թե՜ ոչ ընդդիմադիր եւ թե՜ անկախ պատգամավորների համար: