Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-8563-23.09.2015,11.12.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր  մասով.

«Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում` վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների` էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից ստացվող հատուցման գումարները, ինչպես նաեւ հավասար փոխհոսքերի դեպքում ինքնավար էներգաարտադրողների կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց էլեկտրական էներգիայի տեսքով ստացվող փոխհատուցումները:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «թ)» ենթակետով.

«թ) ինքնավար էներգաարտադրողների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության հետ կապված ծախսերը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  տասներորդ օրը եւ տարածվում է վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջեւ 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

««Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք)  փոփոխությունները եւ լրացումները անհրաժեշտ են Էներգետիկ փորձաքննության իրականացման պայմանների կատարելագործման, Օրենքի դրույթները այլ օրենքներին («Հավատարմագրման մասին», «Ստանդարտացման մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին» եւ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքներին), էներգետիկայի բնագավառում ստեղծված անհրաժեշտություններին եւ փաստացի իրավիճակին համապատասխանեցնելու համար, ինչպես նաեւ.

Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի համաձայն եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (Հանձնաժողով) 2005 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված կարգով (այսուհետ՝ կարգ) նախատեսվում է ապահովել վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների` էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանով էլեկտրաէներգետիկական համակարգի հետ համատեղ աշխատանքը, իսկ 2006 թվականի ապրիլի 7-ի Հանձնաժողովի թիվ 45-Ն որոշմամբ հաստատվել է էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մատակարար-սպառող (միկրոէլեկտրակայան ունեցող ինքնավար արտադրող)) պայմանագրի օրինակելի ձեւը: Նշված ակտերով սահմանվում են ինքնավար արտադրողների միկրոէլեկտրակայանների էլեկտրաէներգետիկական համակարգին միանալու եւ զուգահեռ աշխատանքի, ինչպես նաեւ այդ աշխատանքի ընթացքում էլեկտրաէներգիայի հաշվառման պայմանները:

««Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակման ընթացիկ իրավիճակը.

ա. Նախագծի 1-ին հոդված. վերականգնվող էներգետիկ առանձին ռեսուրսների  համար բացակայում են սահմանումները, ինչը բազմիցս առաջացրել է տարամեկնաբանություններ;

բ. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մաս եւ 5-րդ հոդված. Օրենքի կարգավորման շրջանակներից դուրս է մնացել բաշխման գործառույթը;

գ. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մաս, 4-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ հոդվածներ. անհրաժեշտ է նշված դրույթները խմբագրել` հստակեցնելու նպատակով եւ համապատասխանեցնել այլ օրենքներին;

դ. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մաս. Ըստ Օրենքի էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի  ոլորտի պետական քաղաքականությունը հիմնված է այդ գործունեության շրջանակներում ներգրավվող կողմերի կամավորության սկզբունքի վրա, ինչը հնարավորություն չի տալիս տնտեսության տարբեր բնագավառներում էներգախնայողության եւ էներգաարդյունավետության միջոցառումների, ինչպես նաեւ վերականգնվող էներգիայի օգտագործման համար սահմանել պարտադիր պահանջներ;

2-րդ մաս. ՀՀ իրավական ակտերում տնտեսության ճյուղերը դասակարգված չեն ըստ էներգատարության, ինչպես նաեւ օրենսդրությամբ կարգավորված չեն պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության եւ էներգաարդյունավետության պարտադիր պահանջները;

ե. Նախագծի 6-րդ հոդված. ՀՀ օրեսդրությամբ կարգավորված չեն բարձր էներգասպառում ունեցող սարքերի, սարքվածքների եւ արտադրանքի շրջանառության սահմանափակումները, այդ թվում դրանց փոխարինող էներգաարդյունավետ  վտանգավոր արտադրանքի հետագա օգտահանումը ներքին սպառման շուկայում, ինչը հանգեցնում է ավելորդ էներգիայի սպառմանը եւ կարող է հանգեցնել շրջակա միջավայրի վիճակի եւ մարդկանց առողջության վատթարացմանը;

զ. Նախագծի 7-րդ հոդված. Օրենքը չի սահմանում էներգետիկ հաշվեկշիռ կազմելու եւ հրապարակելու պատասխանատու մարմիններին;

է. Վերջին շրջանում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն եւ Հանձնաժողով են դիմում մի շարք ինքնավար էներգաարտադրողներ տեղեկացնելով, որ վերը նշված ակտերի համաձայն էլեկտրաէներգետիկական համակարգին միացումը եւ էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագրի կնքումը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից չեն իրականացվում՝ հարկային օրենսդրության համաձայն հարկային ձեւակերպումների կատարման առնչությամբ առաջացած խնդիրների պատճառով: Այս ամենի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ, փաստորեն հարկային օրենսդրությամբ հաշվի չեն առնված էներգետիկայի բնագավառը կարգավորող օրենսդրությամբ ինքնավար էներգաարտադրողների համար նախատեսված կարգավորման առանձնահատկությունները, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանով էլեկտրաէներգետիկական համակարգի հետ ինքնավար էներգաարտադրողների զուգահեռ աշխատանքը եւ համապատասխան կարգերի կիրառությունը դարձել են անհնար:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

ա. Նախագծի 1-ին հոդված. տրվում են վերականգնվող էներգետիկ առանձին ռեսուրսների սահմանումները:

բ. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մաս եւ 5-րդ հոդված. առաջարկվում է Օրենքի կարգավորման շրջանակները լրացնել բաշխման գործառույթով;

գ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մաս, 4-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ հոդվածներ. նշված դրույթները ներկայացվում են խմբագրված` այլ օրենքներին համապատասխան;

դ. Նախագծի 3-րդ հոդված.  1-ին մաս.  առաջարկվում է, որ էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականությունը հիմնվի նաեւ պարտադիր պահանջների վրա` էներգատար համապատասխան ճյուղերում էներգախնայողությունը եւ էներգաարդյունավետությունը ապահովելու համար:

2-րդ մաս առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տնտեսության ճյուղերը դասակարգել ըստ էներգատարության, որպեսզի հետագայում պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում կիրառվեն էներգախնայողության եւ էներգաարդյունավետության համապատասխան պարտադիր պահանջներ, իսկ այդ պահանջների ծավալները բխելու են էներգատարության կարգերից: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ դեպքում լրացուցիչ կապիտալ ներդրումները կարող են կազմել առավելագույնը 15%, իսկ էներգախնայողության արդյունքը` մինչեւ 50%:

ե. Նախագծի 6-րդ հոդված. առաջարկվում է բարձր էներգասպառում ունեցող սարքերի, սարքվածքների եւ արտադրանքի շրջանառության սահմանափակումները, այդ թվում դրանց փոխարինող էներգաարդյունավետ վտանգավոր արտադրանքի օգտահանումը ներքին սպառման շուկայում սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ;

զ. Նախագծի 7-րդ հոդված. առաջարկվում է Օրենքով սահմանել էներգետիկ հաշվեկշիռ կազմելու եւ հրապարակելու պատասխանատու մարմիններին;

է. Նախագծով եւ փաթեթով ներկայացվող «Հարկերի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտային հարկի մասին» եւ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում համապատասխան լրացումները եւ(կամ) փոփոխությունները կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (Օրենքների Նախագծեր) առաջարկվում է ապահովել վերականգնող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների եւ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման փոխհոսքերը, իսկ կարգավորման դաշտից հանել վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող էլեկտրական էներգիա արտադրող այն ինքնավար էներգաարտադրողներին, որոնց տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի տեղակայված իրենց սպառիչների ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավել քան 150 կիլովատտը: Օրենքների նախագծերի ընդունումն ուղղված է ՀՀ-ում էներգախնայողության իրականացման եւ վերականգնվող էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության եւ դրա իրագործման մեխանիզմների ապահովմանը` ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացմանը, ՀՀ տնտեսական եւ էներգետիկ անկախության ամրապնդմանը, ՀՀ տնտեսական եւ էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը, էներգախնայողությունը եւ վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը եւ ծառայությունների կազմակերպմանը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցությունների նվազեցմանը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ  անձիք եւ նրանց դիրքորոշումը

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն,  շահագրգիռ կազմակերպություններ:

4. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է, որ Օրենքի դրույթները կհամապատասխանեցվեն «Էներգետիկայի մասին», «Հավատարմագրման մասին» եւ «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքների դրույթներին, էներգետիկ բնագավառում ստեղծված անհրաժեշտություններին եւ փաստացի իրավիճակին:

Կանխատեսվում է, որ Օրենքների Նախագծերի ընդունմամբ միջնաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում կստեղծվեն նորագույն եւ մաքուր («կանաչ») տեխնոլոգիաների կիրառմամբ  արտադրական մի շարք նոր հզորություններ, այդ թվում արեւային էներգիայի կիրառմամբ, որոնք զգալիորեն կթեթեւացնեն էներգետիկ համակարգում գործող արտադրական հզորությունների բեռը` նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից, այդպիսով կդիվերսիֆիկացվի ՀՀ տնտեսությունը` էներգակիրների մատակարարման (ներկրման եւ(կամ) արտադրության) այլընտրանքային ուղիների ապահովման եւ նորագույն տեխնոլոգիաների կիրառման տեսակետից եւ կբարձրանա էներգետիկ անկախության աստիճանը: