Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9191-12.12.2015,15.12.2015-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՀՕ-97 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում լրացնել նոր պարբերություններ՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«մասնավոր մուլտիպլեքսոր՝ Ազգային հանձնաժողովի կողմից լիցենզավորված իրավաբանական անձ, որն ապահովում է մուլտիպլեքսի տարածման կամ հեռարձակման ենթակառուցվածքի տեխնիկական շահագործում.

Հանրային մուլտիպլեքսոր՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է հանրային հեռարձակման թվային ցանցի շահագործումը:

Հանրային հեռարձակման թվային ցանց՝ Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետությանը 100 տոկոս պատկանող ընկերության սեփականությունը հանդիսացող հեռարձակման թվային ցանց:

Տեղական հեռուստառադիոընկերություն՝ մինչեւ 2015 թվականի հունվարի մեկը գործող եւ դրանից հետո գործունեությունը չդադարեցրած, եւ միայն մեկ համայնքի եւ դրան հարակից տարածքում հեռարձակող հեռուստառադիոընկերություն»։

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում լրացնել 3-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«3. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հեռուստառադիո ծրագրերի վերահեռարձակման ժամանակ գովազդի, ներառյալ վերահեռարձակող գովազդի հեռարձակումն արգելվում է: Օրենքով կամ միջազգային պայմանագրերով կարող են սահմանվել այլ կարգավորումներ:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել նոր 6.1 գլխով հետեւյալ բովանդակությամբ՝


«
ԳԼՈՒԽ 6.1. ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 55.1. Ընդհանուր դրույթներ մասնավոր մուլտիպլեքսորի վերաբերյալ

1. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով Ազգային հանձնաժողովի կողմից տրված լիցենզիայի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված իրավաբանական անձի կողմից, որի հիմնադրման (ստեղծման) ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի հեռարձակող կազմակերպության որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի հիսուն տոկոսից: Ավելի մեծ բաժնեմաս կարող է սահմանվել միջպետական պայմանագրերով:

2. Մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է մուլտիպլեքսն իրականացնել սեփական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով, որի սփռման տարածքը չպետք է լինի ավելի փոքր, քան Հայաստանի Հանրապետության հանրային հեռարձակման թվային ցանցի սփռման տարածքը։

3. Մասնավոր մուլտիպլեքսորի ցանցի բաղադրիչները, ներառյալ ռադիոկայանները, մալուխները, հեռարձակող սարքավորումները, պետք է լինեն մասնավոր մուլտիպլեքսորի սեփականությունը:

4. Մասնավոր մուլտիպլեքսորն իրավունք չունի մատուցելու այլ ծառայություններ, քան այնպիսիները, որոնք բացառապես կապված են հաղորդակցության ցանցի գործունեության եւ շահագործման հետ։

5. Մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է իր մուլտիպլեքսիհեռուստառադիո ծրագրերի քսան տոկոսը Ազգային հանձնաժողովի սահմանած ժամկետում, բայց ոչ շուտ, քան երեք ամսում տրամադրել Ազգային հանձնաժողովի կողմից լիցենզավորված հեռուստառադիոընկերություններին՝ հեռուստառադիո հեռարձակում իրականացնելու համար, իսկ մնացած հեռուստառադիոծրագրերը կարող է օգտագործել անձամբ կամ տրամադրել վճարովի կամ անվճար հիմունքներով հեռուստառադիոընկերություններին՝ բացառապես սույն օրենքով նախատեսված կարգով վերահեռարձակում իրականացնելու նպատակով: Սույն հոդվածում նշված հեռուստածրագրերը Ազգային հանձնաժողովը տրամադրում է սույն օրենքի 48-49-րդ հոդվածներով սահմանված մրցույթ հայտարարելու միջոցով նոր լիցենզիա ստացած ընկերություններին:

Սույն հոդվածում նշված հեռուստառադիոծրագրերը չեն կարող տրամադրվել Հանրային հեռարձակման թվային ցանցում հեռարձակման իրավունք ունեցող հեռուստառադիոընկերությանը, բացառությամբ, եթե այդ ընկերությունը հրաժարվում է Հանրային հեռարձակման թվային ցանցում հեռարձակման իրավունքից:

Հոդված 55.2. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու մրցույթը

1. Ազգային հանձնաժողովը մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու առաջին մրցույթը հայտարարում է մինչեւ 2016թ-ի մայիսի 1-ը: Մրցույթի չկայանալու կամ մրցույթում հաղթող չլինելու դեպքում` դրա հայտարարելուց մեկ տարի հետո Ազգային հանձնաժողովը հայտարարում է նոր մրցույթ:

2. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու մրցույթը հայտարարելուց հետո, երեք ամսվա ընթացքում, սույն օրենքի 55.1-րդ հոդվածի պայմաններին համապատասխանող իրավաբանական անձը Ազգային հանձնաժողով պետք է ներկայացնի

ա) դիմում

բ) հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագիծը, ներառյալ ցանցի գործարկման ժամանակացույցը

գ) ապացույցներ դիմողի մոտ հեռարձակման թվային ցանցը ստեղծելու եւ շահագործելու համար անհրաժեշտ տեխնիկական եւ ֆինանսական կարողությունների առկայության մասին:

3. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիայի համար դիմումում պետք է նշվի՝

ա) որ դիմումն ուղղված է Ազգային հանձնաժողովին.

բ) դիմողի գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության իրականացման հասցեն.

գ) նշում որ դիմումը ներկայացվում է մասնավոր մուլտիպլեքսորի լիցենզիա ստանալու համար,

դ) նշում մուլտիպլեքսի կառուցման եւ գործարկման համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների մասին, ընդ որում հաճախականությունները պետք է ներառված լինեն Ազգային Հանձնաժողովի կառավարման ներքո տրամադրված հաճախականություններից:

4. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման համար դիմումների ներկայացման ժամկետի ավարտից հետո Ազգային հանձնաժողովը ցանցի ստեղծման նախագիծը եւ ժամանակացույցը իր ընտրած փորձագետներին ներկայացնում է տեխնիկական փորձաքննության, որը պետք է իրականացվի առավելագույնը 6 ամսվա ընթացքում:

5. Եթե վեց ամսվա ընթացքում հանձնաժողովը չի տալիս տեխնիկական եզրակացությունը, ապա համարվում է, որ այն համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին:

6. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո առավելագույնը 15-օրյա ժամկետում Ազգային հանձնաժողովը կազմակերպում է հանրային լսումներ, որոնց անցկացման վայրի եւ ժամի մասին հայտարարություն է հրապարակում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (www.azdarar.am):

7. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո առավելագույնը երկու ամսվա ընթացքում՝ հիմք ընդունելով փորձաքննության եւ հանրային լսումների արդյունքները, Ազգային հանձնաժողովը որոշում է ընդունում լիցենզիա տրամադրելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ:

8. Մրցույթի կազմակերպման առանձնահատկությունները, ներառյալ գնահատման չափանիշները, սահմանվում են Ազգային հանձնաժողովի որոշմամբ:

Հոդված 4. Օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .

«3 . Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործունեությունը այն հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների եւ նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում, որտեղ առկա է ութ կամ ավել հեռուստացույց, կարող է իրականացվել միայն Ազգային հանձնաժողով ծանուցում ներկայացնելուց հետո» բառերը:

Հոդված 5. Օրենքի 57-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .

«Հոդված 57 . Հյուրանոցների,հյուրանոցային համալիրների, հանգստյան տների եւ նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում հեռուստառադիոհաղորդումների վերահեռարձակման մասին ծանուցումը

1 . Սույն օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ծանուցումը հեռուստառադիոհաղորդումներ հեռարձակողը պարտավոր է Ազգային հանձնաժողով ներկայացնել հեռուստառադիոհաղորդումների կազմակերպումից հինգ օր առաջ:

2 . Ծանուցման մեջ պետք նշվեն այն բոլոր հեռուստաընկերությունների անվանումները, որոնք ծանուցում ներկայացնողը պատրաստվում է վերահեռարձակել, ինչպես նաեւներկայացվում են վերը նշված հեռուստառադիոընկերությունների իրավատերերի հետ կնքված պայմանագրերի լուսապատճենները։

3 . Հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների եւ նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումը իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով։

Հոդված 6. Օրենքի 60-րդ հոդվածը լրացնել նոր22-րդ եւ 23-րդ մասերով հետեւյալ բովանդակությամբ .

«22 . Առանց սույն օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ծանուցման վերահեռարձակում իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

23 . Սույն հոդվածի 22-րդ մասով սահմանված հիմքերով վարչական տույժի ենթարկված իրավաբանական անձի կողմից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Հոդված 7. Օրենքը լրացնել 61.1-րդ հոդվածով հետեւյալ խմբագրությամբ՝

« Հոդված 61.1. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիայի դադարեցումը

Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիան դադարեցվում է լիցենզավորման մասին ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ, եթե

1) մուլտիպլեքսորը չունի օրենքով պահանջվող թվային ցանց,

2) տեխնիկական պատճառներով նրա գործունեության խափանումը տեւում է երեք ամսից ավել։

Հոդված 8. Օրենքի 62-րդ հոդվածի 13-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 62-րդ հոդվածը լրացնել 16-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ՝

«16. Մինչեւ մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության սկիզբ Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է տեղական հեռուստառադիոընկերությունների գործունեությունը՝ գործող լիցենզիաների՝ առանց փոփոխությունների երկարաձգման միջոցով: Ազգային հանձնաժողովը սահմանում է տեղական հեռուստառադիոընկերությունների լիցենզիաների երկարաձգման կարգը եւ պայմանները, որը սակայն չի կարող պարունակել հավելյալ պահանջներ, բացի ընկերության կողմից կիրառվող հեռարձակող սարքերի մասին, ընկերության գործունեության (տեւողության մասին) եւ ընկերության մասին տեղեկատվության ներկայացում հանձնաժողով: Լիցենզիան երկարաձգվում է յուրաքանչյուր տարածքում մինչեւ նշված տարածքը ներառող մարզում հեռարձակման նոր մրցույթի անցկացումը եւ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելը: Սույն մասում նշված ընկերություններից լիցենզիայի երկարաձգման եւ տարեկան պետական տուրքեր չեն գանձվում:

Հոդված 10. Անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016թ. հունվարի 1-ից։