Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-940-03.02.2016,01.04.2016-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 06-ի ՀՕ-112 օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հանձնաժողովի անդամը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ։»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

Հիմնավորում

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

Նախագծերի սույն փաթեթի ընդունումը պայմանավորված է համապատասխան կառույցների քաղաքական չեզոքության ապահովման անհրաժեշտությամբ: Մասնավորապես.

1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով՝ օրենքով սահմանված խնդիրներն ու գործառույթներն իրականացնելիս հանձնաժողովն անկախ է պետական այլ մարմիններից: Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ հանձնաժողովի անդամները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել ներկայացուցչական որեւէ մարմնի անդամ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացառությամբ գիտական, ստեղծագործական կամ մանկավարժական գործունեության: Ակնհայտ է, որ հանձնաժողովն իր լիազորությունների անաչառ իրականացման համար, որպես հիմնաքարային պայման, պետք է անկախ լինի պետական մարմիններից, առանձին պաշտոնատար անձանցից, տնտեսվարող սուբյեկտներից ու նշվածների հետ փոխկապակցված անձանցից: Փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսվարող սուբյեկտներն ու քաղաքական եւ այլ պաշտոններ զբաղեցնող անձիք չափազանց հաճախ նույնանում են, եւ անձը, լինելով միաժամանակ ինչպես այդ հանձնաժողովի, այնպես էլ որոշակի կուսակցության անդամ, չի կարող անկաշկանդ իրականացնել իր լիազորությունները, եւ այստեղ, ըստ էության, անխուսափելի է շահերի բախումը: Այսինքն, ակնհայտ է, որ անձը չի կարող անաչառ լինել այն քաղաքական թիմի, որի անդամ է նաեւ ինքը, որեւէ այլ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ համապատասխան դեպքերում վարչական վարույթ հարուցելու, խախտումները գրանցելու եւ որակելու, սանկցիա կիրառելու ընթացքում:

2. Նույն բացն առկա է նաեւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում:

Վերոնշյալ խնդրի լուծմանն է ուղղված ներկայացված նախագիծը:

3. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները չեն կարող լինել կուսակցության ղեկավար մարմնի անդամ, ինչպես նաեւ չեն կարող իրենց կարգավիճակը գործադրել ի շահ կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների: Այսինքն, գործող կարգավորմամբ՝ անձը կարող է լինել կուսակցական, սակայն տվյալ կուսակցությունում որեւէ ղեկավար մարմնի անդամ չլինել եւ նշվածն արգելք չի հանդիսանա Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ ընտրվելու կամ նշանակվելու համար: Մինչդեռ, քննարկվող օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ի թիվս այլնի, հանձնաժողովի գործունեության սկզբունքներից է անաչառությունը: Հարց է առաջանում՝ ինչու՞ չի պահպանվել քաղաքական չեզոքության պահանջի դասական ձեւակերպումը (մասնավորապես՝ առհասարակ կուսակցական պատկանելության արգելքը), այլ հեղինակը սահմանափակվել է միայն կուսակցության ղեկավար մարմնի անդամ լինելու արգելքի սահմանմամբ; մյուս կողմից՝ արդյո՞ք որոշակի կուսակցության անդամ հանդիսացող հանձնաժողովի անդամը կարող է դեմ գնալ իր կուսակցության շահերին՝ 36-րդ հոդվածով սահմանված իր լիազորություններն իրականացնելիս: Ակնհայտ է, որ շահերի բախումն անխուսափելի է:

Ավելին, քննարկվող նախագծով առաջարկվող խմբագրությանը համանման՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների 197-րդ հոդվածի 5-րդ մասով առաջարկվել է հետեւյալ ձեւակերպումը՝ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն:

4. Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատին, ապա գործող օրենքով կուսակցական պատկանելության որեւէ սահմանափակում նախատեսված չէ պալատի նախագահի եւ խորհրդի անդամների նշանակման համար, ինչը գործող օրենքի բացերից է: Մասնավորապես, ինչպե՞ս կարող է որեւէ կուսակցության անդամ հանդիսացող խորհրդի անդամը կամ նախագահն իրականացնել «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված իր լիազորությունները նույն կուսակցության այլ անդամների կողմից ղեկավարվող պետական մարմիններում, որոնց թվում են նախարարություններ եւ այլ գերատեսչություններ ու մարմիններ, խուսափել շահերի բախումից եւ լինել անկողմնակալ: Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների փաթեթում այս մասով եւս անդրադարձ է կատարվել եւ 199-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվել է, որ Հաշվեքննիչ (ներկայումս՝ Վերահսկիչ) պալատի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: Քննարկվող նախագծերի փաթեթով նույնաբովանդակ լրացում է առաջարկվում կատարել գործող օրենքում: