Armenian ARMSCII Armenian
Կ-8844-22.05.2006-ՊԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 հունիսի 1998 թվականի, ՀՕ-233, այսուհետ` օրենք) 16-րդ, 19-րդ եւ 20.2-րդ հոդվածների 4-րդ, 5-րդ եւ 7-րդ  կետերը:

Հոդված 2. Օրենքի 16-րդ, 19-րդ եւ 20.2-րդ հոդվածների 2-րդ կետերը «կարգապահությանը» բառից հետո լրացնել «, նրանց կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի երկրորդ, 20-րդ հոդվածի երրորդ եւ  20.3-րդ հոդվածի երկրորդ մասերից հանել «` կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան» բառերը:

Հոդված 4. Օրենքի 20.1-րդ հոդվածի երրորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց 15 օր հետո: Վերաքննիչ վարույթի կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:»:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 21. Վճռաբեկ դատարանի հասկացությունը, կազմը, տեղաբաշխումը

1. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը եւ նպաստել իրավունքի զարգացմանը:

2. Վճռաբեկ դատարանն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական եւ քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով վերանայում է ստորադաս դատարանների դատական ակտերը:

3. Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ վճռաբեկ դատարան:

4. Վճռաբեկ դատարանը կազմված է`

1) վճռաբեկ դատարանի նախագահից.

2) քաղաքացիական պալատից.

3) քրեական պալատից:

Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր պալատ կազմված է պալատի նախագահից եւ պալատի հինգ դատավորներից: Վճռաբեկ դատարանի պալատների կազմերը կայացնում են որոշում վճռաբեկ դատարանի անունից:

5. Վճռաբեկ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է: Վճռաբեկ դատարանի նստավայրը Երեւան քաղաքում է:»:

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. Վճռաբեկ դատարանի նախագահը

1. Վճռաբեկ դատարանը գլխավորում է վճռաբեկ դատարանի նախագահը:

2. Վճռաբեկ դատարանի նախագահն իրականացնում է վճռաբեկ դատարանի պալատի նախագահին եւ դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները:

3. Վճռաբեկ դատարանի նախագահը՝

1) ապահովում է վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը.

2) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.

3) հրավիրում եւ վարում է վճռաբեկ դատարանի պալատների նիստերը.

4) վճռաբեկ դատարանի դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.

5) հետեւում է վճռաբեկ դատարանի դատավորների աշխատանքային կարգապահությանը, նրանց կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը.

6) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով կարգապահական վարույթ է հարուցում վճռաբեկ դատարանի պալատի նախագահի եւ դատավորի նկատմամբ.

7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

4. Որպես Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահ` վճռաբեկ դատարանի նախագահը`

1) ներկայացնում է դատական իշխանությունը այլ մարմինների հետ հարաբերություններում.

2) ապահովում է դատարանների բնականոն գործունեությունը.

3) հետեւում է դատավորի վարքագծի կանոնագրքի պահանջների պահպանմանը.

4) նախագահում է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի նիստերը, դատարանների նախագահների խորհուրդը.

5) առաջին ատյանի, տնտեսական կամ վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու կամ ժամանակավոր բացակայության դեպքերում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար.

6) դատավորի վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս հաղորդում է ներկայացնում այդ մասին համապատասխանաբար դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին կամ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին.

7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:»:

Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «` կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան» բառերը:

Հոդված 8. Օրենքի 5-րդ գլխի վերնագիրը «Դատարանների նախագահների խորհուրդը» բառերից առաջ լրացնել «Դատավորների ընդհանուր ժողովը եւ» բառերով:

Հոդված 9. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25.1-րդ հոդվածով.

«Հոդված 25.1.  Հայաստանի Հանրապետության  դատավորների ընդհանուր  ժողովը

1. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմինն է: Ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից:

2. Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին առնվազն երկու անգամ` վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրվել դատավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի, դատարանների նախագահների խորհրդի կամ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի կողմից:

3. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը`

1) քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող ցանկացած հարց, այդ թվում՝ դատարանների նախագահների խորհրդի իրավասությանը վերապահված, այդ հարցերի վերաբերյալ կայացնում է որոշումներ, հրապարակում ուղերձներ.

2)  ընտրում է արդարադատության խորհրդի անդամ դատավորներին.

3) հաստատում է իր կանոնակարգը:

4. Ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի 1/2-ից ավելին: Ժողովում որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ: Արդարադատության խորհրդի անդամ դատավորների ընտրությունն իրականացվում է քվեաթերթիկներով՝ գաղտնի քվեարկությամբ: Ժողովի կանոնակարգով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ ժողովի որոշմամբ կարող է իրականացվել փակ քվեարկություն:

5. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը նախագահում է վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ կանոնակարգով սահմանված անձը:»:

Հոդված 10. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 26-րդ հոդվածի երրորդ մասը:

Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածում`

1) առաջին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող հարցեր եւ ընդունում որոշումներ.».

2) առաջին մասի 6-րդ կետը «կանոնագիրքը» բառից հետո լրացնել «եւ «Դատական ծառայողի վարքագծի կանոնները» բառերով.

3)  առաջին մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8)  իր կազմից ձեւավորում է էթիկայի եւ այլ հանձնաժողովներ.».

4)    ուժը կորցրած ճանաչել առաջին մասի 9-րդ կետը:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: