Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1116-14.11.2016-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

1. Սույն օրենքով կարգավորվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման պետական քաղաքականության հիմնական նպատակի, սկզբունքների եւ ուղղությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համար անհրաժեշտ կազմակերպական եւ իրավական հիմքերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ հաշմանդամության կանխարգելման, բժշկասոցիալական փորձաքննության (վերափորձաքննության) իրականացման, բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում որոշումների ընդունման, հաշմանդամության սահմանման, հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման, իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համար մատչելի պայմանների եւ հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված այլ հարաբերություններ:

2. Սույն օրենքի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ անձանց հետ համահավասար հիմունքներով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված, ինչպես նաեւ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմանների, հասարակության կյանքում նրանց հավասար մասնակցության եւ արդյունավետ սոցիալական ներառման ապահովումը:

ՀՈԴՎԱԾ 2. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ու սոցիալական ներառման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

2. Հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակների եւ նպաստների նշանակման, վճարման, կասեցման, վերահաշվարկման, վճարումը դադարեցնելու եւ վերսկսելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նորմերը:

ՀՈԴՎԱԾ 3. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Սույն oրենքում oգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`

1) հաշմանդամություն` մարմնի կառուցվածքի խախտումներով կամ օրգանիզմի ֆունկցիայի (ֆունկցիաների) երկարատեւ կամ կայուն խանգարումներով պայմանավորված կենսագործունեության սահմանափակումների եւ անհատական գործոնների ու միջավայրային արգելքների փոխազդեցության արդյունքում առաջացող իրավիճակ (երեւույթ), որը խոչընդոտում է կամ կարող է խոչընդոտել անձի` մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակության կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը.

2) հաշմանդամություն ունեցող անձ (երեխա)` բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում որպես այդպիսին ճանաչված անձ, որն ունի մարմնի կառուցվածքի խախտումներով կամ օրգանիզմի ֆունկցիայի (ֆունկցիաների) երկարատեւ կամ կայուն խանգարումներով պայմանավորված կենսագործունեության սահմանափակումներ, որոնք անհատական գործոնների եւ միջավայրային արգելքների հետ փոխազդեցության արդյունքում խոչընդոտում են մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակության կյանքին նրա լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը.

3) օրգանիզմի ֆունկցիաներ` օրգան համակարգերի ֆիզիոլոգիական, ներառյալ՝ հոգեկան ֆունկցիաները.

4) մարմնի կառուցվածք` մարմնի անատոմիական մասեր, ինչպիսիք են օրգանները, վերջույթները եւ դրանց բաղադրիչները.

5) խանգարումներ (խախտումներ)՝ ընդունված որոշակի բժշկակենսաբանական նորմերից մարմնի կառուցվածքի եւ օրգանիզմի ֆունկցիաների էական շեղումներ.

6) ֆիզիկական միջավայր՝ անձին շրջապատող նյութական աշխարհն իր բոլոր դրսեւորումներով, բնակության եւ գործունեության այն վայրը, որտեղ անձն ապրում է, կրթվում, աշխատում, տեղաշարժվում եւ կազմակերպում իր անձնական կյանքը.

7) սոցիալական միջավայր` անձին շրջապատող եւ նրա գոյության ու գործունեության հասարակական, տնտեսական, սոցիալական, մշակութային, հոգեւոր պայմանների ամբողջությունը.

8) միջավայրային գործոններ` անձի վրա որոշակի ազդեցություն ունեցող ֆիզիկական եւ սոցիալական միջավայր, այդ թվում՝ հասարակության կողմից անձանց նկատմամբ դրսեւորվող վերաբերմունքը.

9) միջավայրային արգելքներ՝ անձի միջավայրում այնպիսի խոչընդոտող գործոններ (ներառյալ՝ ոչ հասանելի ֆիզիկական միջավայրը, համապատասխան օժանդակ տեխնիկական միջոցների բացակայությունը, հաշմանդամության նկատմամբ մարդկանց բացասական վերաբերմունքը), որոնք իրենց առկայությամբ կամ բացակայությամբ սահմանափակում են անձի ֆունկցիոնալությունը, խանգարում են հասարակության կյանքին առողջական խնդիր ունեցող անձանց ներգրավմանը եւ նպաստում են հաշմանդամության առաջացմանը.

10) կենսագործունեություն` անձի ինքնասպասարկման, ինքնուրույն տեղաշարժվելու, կողմնորոշվելու, հաղորդակցվելու, սեփական վարքը հսկելու, ուսումնառելու, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու (երեխաների համար` խաղալու), հասարակության կյանքին մասնակցելու ունակությունների (կարողությունների) եւ հնարավորությունների համակցություն.

11) կենսագործունեության սահմանափակումներ՝ ֆիզիկական եւ (կամ) հոգեկան եւ (կամ) մտավոր եւ (կամ) զգայական երկարատեւ կամ կայուն խանգարումների արդյունքում սույն ենթակետում նշված մեկ կամ մի քանի ունակությունների (կարողությունների) եւ հնարավորությունների, այն է՝ ինքնասպասարկման, ինքնուրույն տեղաշարժվելու, կողմնորոշվելու, հաղորդակցվելու, սեփական վարքը հսկելու, ուսումնառելու, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու (երեխաների համար` խաղալու), հասարակության կյանքին մասնակցելու լրիվ կամ մասնակի կորուստ.

12) բժշկասոցիալական փորձաքննություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով իրականացվող եւ վարչական ակտի ընդունմամբ եզրափակվող գործընթաց՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մեկ կամ մի քանի նպատակով.

13) աշխատունակություն` անձի առողջական վիճակով պայմանավորված՝ աշխատանքի բովանդակությանը, ծավալին եւ որակին ներկայացվող պահանջներին համապատաuխան աշխատանքային գործունեություն իրականացնելու ունակությունը.

14) աշխատանքային գործունեությամբ զբաղվելու ունակություն (կարողություն)` անձի մասնագիտական կրթությանը եւ որակավորմանը համապատասխանող կամ լրացուցիչ մասնագիտական ուսուցում կամ որակավորման բարձրացում պահանջող աշխատանք իրականացնելու ունակություն (կարողություն), իսկ մասնագիտական կրթություն եւ որակավորում չունեցող անձի համար՝ վարձատրվող կամ եկամուտ ստանալուն ուղղված ցանկացած այնպիսի աշխատանք իրականացնելու ունակություն (կարողություն), որը չի պահանջում մասնագիտական կրթություն եւ որակավորում կամ պահանջում է մասնագիտական կամ վարպետային ուսուցում՝ մինչեւ վեց ամիս ժամկետով.

15) սոցիալական ներառում` հասարակության կյանքին անհատի լիարժեք ներգրավվածությունը եւ ակտիվ մասնակցությունը.

16) համընդհանուր դիզայն` ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների դիզայն, որն առանց շտկումների եւ մասնագիտացված դիզայնի անհրաժեշտության, յուրաքանչյուր անձի համար առավելագույն կերպով մատչելի է դարձնում ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների օգտագործումը՝ անհրաժեշտության դեպքում չբացառելով հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար օժանդակ հարմարանքների առկայությունը.

17) վերականգնման տեխնիկական միջոցներ եւ այլ oժանդակ պարագաներ (այսուհետ նաեւ` պարագաներ)` կենuագործունեության uահմանափակումների լրիվ կամ մաuնակի հաղթահարման, փոխհատուցման (փոխարինման) համար նախատեuված հատուկ uարքեր եւ տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ.

18) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագիր (այսուհետ նաեւ՝ համալիր ծրագիր)՝ փաստաթուղթ, որին համապատասխան իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում պետական քաղաքականությունը.

19) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագիր (այսուհետ նաեւ՝ տարեկան ծրագիր)՝ համալիր ծրագրի շրջանակներում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում իրականացվող ամենամյա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը ներառող փաստաթուղթ.

20) խտրականություն՝ հաշմանդամության պատճառով ցանկացած տարբերակում, բացառում կամ սահմանափակում (այդ թվում նաեւ՝ խելամիտ հարմարեցումների տրամադրման մերժումը), որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ ցանկացած այլ ոլորտում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսեւորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով օրենքով սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման եւ (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տարբերակումը, բացառումը կամ սահմանափակումն օբյեկտիվորեն արդարացված են հետապնդվող իրավաչափ նպատակով եւ այդ նպատակին հասնելու համար կիրառվող միջոցները համաչափ են, նպատակահարմար ու անհրաժեշտ.

21) հատուկ կարիք՝ սույն օրենքի իմաստով` հաշմանդամությամբ պայմանավորված անհատական առանձնահատուկ պահանջմունք, որն անհրաժեշտ է հասարակության կյանքին հաշմանդամություն ունեցող անձի լիարժեք ու արդյունավետ մասնակցության ապահովման համար եւ որի չբավարարումը հանգեցնում է հոգեբանական եւ(կամ) ֆունկցիոնալ անբավարարվածության զգացողության.

22) խելամիտ հարմարեցումներ` հաշմանդամություն ունեցող անձանց կրթության եւ ուսուցման, աշխատանքի, հաղորդակցման, մշակութային, մարզական գործունեության եւ հասարակության կյանքին մասնակցության այլ ձեւերի ապահովմանը նպաստող, հատուկ կարիքների բավարարմանն ուղղված պայմաններ եւ հարմարեցումներ (շտկումներ).

23) հաղորդակցություն` տեղեկատվության փոխանցման, ընդունման եւ փոխանակման գործընթաց, որն իրականացվում է տարբեր եղանակներով եւ տարատեսակ միջոցների օգտագործմամբ՝ միջանձնային շփման եւ անորոշ թվով անձանց շրջանում տեղեկությունների տարածման նպատակով.

24) անհատական գործոններ՝ անձի սեռը, ռասսան, տարիքը, ապրելակերպը, սովորությունները, դաստիարակությունը, մարզավիճակը, հարմարվողականության մեխանիզմները, սոցիալական ծագումը, կրթությունը, մասնագիտությունը, կենսափորձը, վարքագիծը, բնավորությունը, անհատական հոգեբանական որակները եւ առողջական վիճակի մաս չհամարվող այլ հատկանիշներ, որոնցից յուրաքանչյուրն առանձին կամ համակցմամբ կարող են ազդել հաշմանդամության սահմանման վրա` կենսագործունեության սահմանափակումների եւ միջավայրային արգելքների հետ փոխազդեցության արդյունքում.

25) հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման բազային ծրագիր` պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող եւ հաշմանդամություն ունեցող անձանց անվճար տրամադրվող նվազագույն վերականգնողական միջոցառումների, մատուցվող ծառայությունների, հատկացվող տեխնիկական եւ oժանդակ միջոցների երաշխավորված ցանկ:

ՀՈԴՎԱԾ 4. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող եւ բնակվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա, եթե սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:

2. Սույն օրենքով սահմանված՝ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող դրույթները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը եւ սոցիալական ներառումը կարգավորող հարաբերությունները հավասարապես տարածվում են հաշմանդամություն ունեցող երեխաների վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ չի բխում դրանց կարգավորման առանձնահատկություններից եւ (կամ) որքանով որ դրանք կիրառելի են հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

ԳԼՈՒԽ II.

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԴՐԱ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 5. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համակարգը պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց եւ նրանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ու սոցիալական ներառման ապահովման շրջանակներում իրականացվող գործառույթների (լիազորությունների) եւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված համալիր միջոցառումների ամբողջություն է:

2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համակարգն ընդգրկում է պետության կողմից երաշխավորված տնտեսական, սոցիալական, առողջապահական, իրավական, կրթական, մշակութային, մարզական եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ բնույթի միջոցառումներ:

3. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համակարգն ուղղված է վարչական, կազմակերպչական, մարդկային, նյութական, տեղեկատվական եւ այլ ռեսուրսների լիարժեք, արդյունավետ, նպատակային օգտագործման եւ համագործակցության միջոցով առավելագույնս բացահայտել, նվազեցնել եւ վերացնել հաշմանդամության առաջացմանը նպաստող գործոնները, ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց լրիվ կամ մասնակի վերականգնումը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակության կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը:

4. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համակարգի հիմնական բաղադրիչներն են՝

1) hաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ նաեւ՝ լիազորած մարմին),

2) պետական կառավարման այլ մարմինները եւ տեղական ինքնակառավարման մարմինները,

3) սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված՝ hաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը (այսուհետ նաեւ՝ Ազգային հանձնաժողով),

4) «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝

ա. համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը,

բ. սոցիալական համագործակցության համաձայնագրի կողմերը (աջակցող ցանցը),

գ. միջգերատեսչական սոցիալական համագործակցության կողմերը,

5) հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական, մասնագիտական եւ սոցիալական վերականգնումն իրականացնող սուբյեկտները,

6) սույն մասի 4-րդ կետի բ) ենթակետում նշված աջակցող ցանցում չընդգրկված, ինչպես նաեւ սույն մասի 5-րդ կետում չնշված այլ կազմակերպություններ եւ ֆիզիկական անձինք, որոնք մասնակցում են սույն հոդվածի 3-րդ մասում նշված նպատակների իրականացմանը,

7) սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված տեղեկատվական շտեմարանը:

ՀՈԴՎԱԾ 6. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համակարգի ֆինանսավորումն իրականացվում է՝

1) պետական բյուջեի միջոցներից.

2) համայնքի բյուջեի միջոցներից.

3) իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հատկացրած միջոցներից.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

ԳԼՈՒԽ III.

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 7. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման միասնական պետական քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման պետական քաղաքականությունն իրականացվում է համալիր եւ տարեկան ծրագրերին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական եւ տարածքային կառավարման մարմիններն իրենց ոլորտների զարգացման ծրագրերում հաշվի են առնում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման պետական քաղաքականության հիմնական սկզբունքները եւ ուղղությունները` այդ ծրագրերում ներառելով համապատասխան միջոցառումներ:

4. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման պետական քաղաքականության հիմնական նպատակն է՝

1) հաշմանդամության կանխարգելումը,

2) հաշմանդամություն ունեցող անձանց լրիվ կամ մասնակի վերականգնումը, դրա համար անհրաժեշտ երաշխիքների եւ պայմանների հետեւողական ապահովումը,

3) հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավումը,

4) հաշմանդամություն ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով իրենց իրավունքները եւ ազատություններն իրականացնելու եւ օրինական շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ պայմանների ապահովումը,

5) հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակության կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության նպատակով մատչելի պայմանների եւ հնարավորությունների ապահովումը:

ՀՈԴՎԱԾ 8. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`

1) խտրականության արգելումը,

2) հաշմանդամություն ունեցող անձի հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, հաշմանդամություն ունեցող անձի պատվի եւ արժանապատվության, անձնական կյանքի անկախության նկատմամբ հարգանքը,

3) հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակությունից մեկուսացման բացառումը եւ սոցիալական ներառումը,

4) հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ գոյություն ունեցող կարծրատիպերի եւ նախապաշարումների բացառումը,

5) հնարավորությունների հավասարությունը՝ անկախ հաշմանդամությունից օրենքի առաջ բոլորի հավասարությունը, հաշմանդամություն ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով իրենց իրավունքները եւ ազատություններն իրականացնելու, օրինական շահերը պաշտպանելու հնարավորություններ ունենալը,

6) հասցեականությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումների հասցեականության ապահովումը,

7) հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացող հնարավորությունների եւ իրենց անհատականությունը պահպանելու իրավունքի նկատմամբ հարգանքը,

8) համագործակցությունը եւ սոցիալական գործընկերության ապահովումը:

ՀՈԴՎԱԾ 9. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են`

1) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման նպատակով մատչելի (հասանելի) պայմանների, հավասար հնարավորությունների, կազմակերպական եւ իրավական հիմքերի ապահովումը` անկախ հաշմանդամության առաջացման պատճառից, բնույթից, ծանրության աստիճանից եւ այլ հանգամանքներից,

2) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ապահովումը,

3) համընդհանուր դիզայնի հետազոտմանը, նախագծմանը եւ կատարելագործմանը միտված աշխատանքների իրականացումը եւ (կամ) դրանց խրախուսումն ու խթանումը, դրանց արդյունքների առկայությանը եւ օգտագործմանը սատարելը, ինչպես նաեւ չափորոշիչների եւ ուղեցույցերի մշակման ընթացքում համընդհանուր դիզայնի կիրառման անհրաժեշտությունը հաշվի առնելը,

4) հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ վերականգնման տեխնիկական միջոցների եւ այլ oժանդակ պարագաների, աջակցող տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ներդրման խթանումը,

5) այնպիսի նոր տեխնոլոգիաների, վերականգնման տեխնիկական միջոցների եւ այլ օժանդակ պարագաների ստեղծմանը եւ կիրառմանը միտված աշխատանքների, ծրագրերի, միջոցառումների իրականացումը եւ (կամ) խրախուսումն ու խթանումը, որոնք առավելապես կհամապատասխանեն հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ կարիքներին եւ կնպաստեն նրանց կենսագործունեության սահմանափակումների լրիվ կամ մասնակի հաղթահարմանը եւ փոխարինմանը (փոխհատուցմանը), հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը,

6) հաշմանդամություն ունեցող անձանց կենսագործունեության սահմանափակումը նվազեցնող օժանդակ սարքերի եւ աջակցող տեխնոլոգիաների, ինչպես նաեւ նրանց հատուկ կարիքների բավարարմանն ուղղված ծառայությունների եւ հաստատությունների վերաբերյալ մատչելի տեղեկատվության տրամադրման ապահովումը,

7) հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, այդ թվում՝ շինությունների, սարքավորումների, համընդհանուր օգտագործման ապրանքների, ինչպես նաեւ տեղեկատվության եւ հաղորդակցության (այդ թվում՝ տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների), այլ ծառայությունների հասանելիության եւ մատչելիության ապահովումը,

8) հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կյանքի, ընտանեկան կամ դրան մոտ միջավայր ապահովելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը եւ դրանց բարելավումը,

9) հաշմանդամություն ունեցող անձանց` բնակավայր, կրթություն, մասնագիտություն, աշխատանք, ապրելու եւ ինքնադրսեւորվելու համար անհրաժեշտ միջավայր ընտրելու, ինչպես նաեւ որակյալ բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքի իրականացման ապահովումը,

10) հաշմանդամություն ունեցող անձանց համար վերականգնման բազային ծրագրով երաշխավորված վերականգնողական միջոցառումների, մատուցվող ծառայությունների եւ տրամադրվող պարագաների մատչելիության, հասանելիության եւ հասցեականության ապահովումը,

11) վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնումը՝ դրա իրականացման համար մատչելի պայմանների, անհրաժեշտ երաշխիքների, կազմակերպական եւ իրավական հիմքերի ապահովմամբ,

12) հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող համապատասխան մասնագետների ուսուցման, վերապատրաստման եւ վերաորակավորման գործընթացի ապահովումը,

13) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը:

ՀՈԴՎԱԾ 10. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) մշակում եւ իրականացնում է միասնական պետական քաղաքականությունը,

2) հաստատում է`

ա. համալիր ծրագիրը,

բ. տարեկան ծրագիրը եւ այն պետական բյուջեի կազմում ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով,

գ. վերականգնման բազային ծրագիրը,

դ. բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը եւ բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները,

ե. վերականգնողական անհատական ծրագրերի կազմման եւ իրականացման կարգը,

զ. հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայություններ տրամադրելու կարգերը,

է. հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը նպաստող ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության եւ հաղորդակցության մատչելիությունն ապահովող ընդհանուր պահանջները,

3) իրականացնում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

ՀՈԴՎԱԾ 11. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը՝

1) իր իրավասությունների շրջանակներում մշակում եւ իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում պետական քաղաքականությունը,

2) մշակում է համալիր եւ տարեկան ծրագրերի նախագծերը եւ դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը,

3) իր իրավասությունների շրջանակներում վերահսկողություն է իրականացնում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ,

4) իր իրավասությունների շրջանակներում, մշակում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում նորմատիվ իրավական ակտերի նախագծերը եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն,

5) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում հանդիսանում է իրավասու պետական մարմին եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝

ա. իրականացնում է վարչական գործերի քննություն, քննում է վարչական ակտի, վարչական մարմնի գործողության (գործողությունների) եւ անգործության (անգործությունների) դեմ բերված վարչական բողոքները, ընդունում է բժշկասոցիալական փորձաքննական, բժշկասոցիալական վերափորձաքննական որոշումներ եւ այլ վարչական ակտեր, ինչպես նաեւ կատարում է սույն օրենքով, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված՝ վարչական գործի քննարկման, վարչական ակտի ընդունման եւ դրա մասին իրազեկման համար անհրաժեշտ բոլոր գործառույթները,

բ. կազմում է հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը, իր իրավասությունների շրջանակներում կազմակերպում է եւ (կամ) իրականացնում է վերականգնողական անհատական ծրագրում ներառված միջացառումները, ցուցաբերում է աջակցություն այլ սուբյեկտների կողմից վերականգնողական անհատական ծրագրում ներառված միջոցառումների իրականացմանը,

գ. իրականացնում է վերահսկողություն վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների նկատմամբ, այդ թվում՝ վերականգնման բազային ծրագրով նախատեսված նվազագույն վերականգնողական միջոցառումների տրամադրման, ծառայությունների մատուցման, տեխնիկական եւ oժանդակ միջոցների հատկացման նկատմամբ, գնահատում է վերականգնողական անհատական ծրագրում ներառված բժշկական, մասնագիտական եւ սոցիալական վերականգնման ծրագրերի իրականացման արդյունքները (դրանցում ընդգրկված միջոցառումների արդյունավետությունը),

դ. աշխատանքային խեղումների եւ (կամ) վնասվածքների եւ մասնագիտական հիվանդությունների դեպքերում գործատուներից ստանում է անհրաժեշտ տվյալներ համապատասխան անձանց աշխատանքի բնույթի, պայմանների, ծավալի վերաբերյալ,

ե. իր իրավասությունների շրջանակներում հաստատում է բժշկասոցիալական փորձաքննություն (վերափորձաքննություն) իրականացնող ստորաբաժանումների կազմը, հաստիքների թիվը, սպասարկման տարածքները, նորմացույցերը եւ աշխատանքային ժամանակացույցը,

զ. ապահովում է բժշկասոցիալական փորձաքննության բնագավառի մասնագետների վերապատրաստումը,

է. բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ,

6) հաստատում է հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագրի ձեւը,

7) իր իրավասությունների շրջանակներում մասնակցում է հաշմանդամության կանխարգելմանն ուղղված աշխատանքներին (միջոցառումներին, ծրագրերին, գործողություններին),

8) համագործակցում է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական ծառայություններ մատուցող (այդ թվում նաեւ՝ հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնումը կազմակերպող եւ իրականացնող սուբյեկտների), հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետում նշված այլ կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ աջակցող ցանցի հետ,

9) իր իրավասությունների շրջանակներում կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող համապատասխան մասնագետների ուսուցման, վերապատրաստման եւ վերաորակավորման գործընթացը,

10) իր իրավասությունների շրջանակներում աջակցում է հաշմանդամության հիմնահարցերի լուծմանն ուղղված հետազոտությունների իրականացմանը,

11) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման վերաբերյալ մշակում եւ հաստատում է մեթոդական ուղեցույցներ,

12) ստեղծում եւ վարում է սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված տեղեկատվական շտեմարանը (շտեմարանները),

13) զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակում է մատչելի տեղեկատվություն` հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների, դրանց կարգավորմանն ուղղված ծառայությունների եւ հաստատությունների վերաբերյալ, էլեկտրոնային պաշտոնական կայքէջում հրապարակում է բժշկասոցիալական փորձաքննությունների ժամանակացույցը, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված ծրագրերի, միջոցառումների մասին տեղեկատվություն,

14) իրականացնում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

ՀՈԴՎԱԾ 12. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ

1. Համալիր ծրագիրն ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում պետական քաղաքականության համակարգված, նպատակային, շարունակական եւ արդյունավետ իրականացումը: Համալիր ծրագիրը կազմվում է, հաշվի առնելով սույն օրենքով սահմանված՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման պետական քաղաքականության հիմնական նպատակն ու հիմնական ուղղությունները:

2. Համալիր ծրագիրը ներառում է՝

1) հիմնական նպատակը (ները),

2) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում իրավիճակի, վիճակագրական եւ այլ տվյալների վերլուծությունը, գնահատումներն ու կանխատեսումները,

3) իրականացվելիք աշխատանքների (միջոցառումների, ծրագրերի, գործողությունների) բնույթը, ծավալները, առաջնահերթությունները եւ ժամկետները, այդ թվում՝

ա. հաշմանդամության կանխարգելման նպատակով անհրաժեշտ երաշխիքների եւ պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները,

բ. հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման նվազագույն չափորոշիչները, հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման համար անհրաժեշտ, մատչելի պայմանների եւ երաշխիքների ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները,

գ. հաշմանդամություն ունեցող անձանց համար բարենպաստ միջավայրային գործոնների ապահովման համար իրականացվելիք աշխատանքները, այդ թվում՝ նրանց համար ֆիզիկական միջավայրի, ինչպես նաեւ տեղեկատվության եւ հաղորդակցության, այլ ծառայությունների հասանելիության եւ մատչելիության ապահովման պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները,

դ. հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված այլ պայմանների ստեղծման համար անհրաժեշտ գործողությունները,

ե. հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպություններին ցույց տրվող պետական աջակցության եղանակները,

4) սույն մասի 3-րդ կետում նշված յուրաքանչյուր աշխատանքի կատարման համար պատասխանատու մարմինը,

5) սույն մասի 3-րդ կետում նշված աշխատանքների ֆինանսավորման աղբյուրները,

6) ակնկալվող արդյունքները՝ ընթացիկ եւ վերջնական թիրախային ցուցանիշները,

7) սույն մասի 3-րդ կետում նշված աշխատանքների նկատմամբ մոնիթորինգի իրականացման ընթացակարգերը,

8) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են համալիր ծրագրի համակողմանի ներկայացման համար:

3. Համալիր ծրագրի նախագիծը մշակում է լիազորած մարմինը:

4. Լիազորած մարմինը համալիր ծրագրի նախագիծը ներկայացնում է Ազգային հանձնաժողով, որը քննարկում եւ ներկայացնում է իր գրավոր դիրքորոշումը դրա վերաբերյալ: Ազգային հանձնաժողովի դիրքորոշումն ստանալուց եւ սահմանված կարգով շրջանառության մեջ դնելուց հետո լիազորած մարմինը համալիր ծրագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն: Համալիր ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Համալիր ծրագիրը մշակվում է առնվազն հինգ տարվա ժամանակահատվածի համար, իսկ աշխատանքների տարեկան համամասնություններն արտացոլվում են տարեկան ծրագրում:

ՀՈԴՎԱԾ 13. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

1. Տարեկան ծրագիրը ներառում է բյուջետային տարում իրականացման ենթակա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը՝ համալիր ծրագրի շրջանակներում: Տարեկան ծրագիրը, ի թիվս սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ կետերով սահմանված տեղեկությունների, պետք է ներառի նաեւ՝

1) տարեկան ծրագրի հիմնական խնդիրները,

2) հիվանդությունների կանխարգելման եւ հաշմանդամության ցուցանիշների նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող (նախատեսվող) միջոցառումները,

3) հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանված (սահմանվելիք) արտոնությունները, դրանց ծավալները, ձեւերը, այդ թվում՝ այն բոլոր ծառայությունները, որոնցից հաշմանդամություն ունեցող անձինք պետք է օգտվեն անվճար կամ արտոնյալ հիմունքներով, այդ ուղղությամբ ձեռնարկվող (նախատեսվող) միջոցառումները,

4) հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող (տրամադրվելիք) սոցիալական օգնության ծավալները, ձեւերը եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող (նախատեսվող) միջոցառումները,

5) հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական կողմնորոշման, մասնագիտական ուսուցման (որակավորման բարձրացման, վերամասնագիտացման, նախնական մասնագիտական պատրաստման, արհեստագործական ուսուցման) եւ հարմար աշխատանքի տեղավորման ուղղությամբ ձեռնարկվող (նախատեսվող) միջոցառումները,

6) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են տարեկան ծրագրի համակողմանի ներկայացման համար։

2. Լիազորած մարմինը, յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հաջորդ բյուջետային տարվա տարեկան ծրագրի նախագիծը:

3. Լիազորած մարմինը տարեկան ծրագրի նախագիծը ներկայացնում է Ազգային հանձնաժողով, որը քննարկում եւ ներկայացնում է իր գրավոր դիրքորոշումը դրա վերաբերյալ: Ազգային հանձնաժողովի դիրքորոշումն ստանալուց եւ սահմանված կարգով շրջանառության մեջ դնելուց հետո լիազորած մարմինը տարեկան ծրագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

4. Տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում: Տարեկան ծրագրի իրականացման հետ կապված նոր օրենքների ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելու անհրաժեշտության դեպքում, համապատասխան օրինագծերը Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում տարեկան ծրագրի հետ միասին:

5. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության բաղկացուցիչ մասն է:

ՀՈԴՎԱԾ 14. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

1. Ազգային հանձնաժողովը ստեղծվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում պետական քաղաքականությանն աջակցելու նպատակով: Ազգային հանձնաժողովը խորհրդակցական մարմին է եւ գործում է հասարակական հիմունքներով` սույն օրենքին եւ իր աշխատակարգին համապատասխան:

2. Ազգային հանձնաժողովի անհատական կազմը եւ աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ լիազորած մարմնի ներկայացմամբ: Ազգային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են գործադիր իշխանության հանրապետական կառավարման մարմինների եւ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները (համաձայնությամբ)՝ հավասար քանակով ներկայացուցչության սկզբունքով: Ազգային հանձնաժողովի կազմում, իրենց համաձայնությամբ կարող են ընդգրկվել նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Ազգային հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

3. Ազգային հանձնաժողովի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում պետական քաղաքականության իրականացմանն աջակցելն է:

4. Ազգային հանձնաժողովն օրենքով եւ իր աշխատակարգով սահմանված կարգով`

1) քննարկում է համալիր եւ տարեկան ծրագրերի նախագծերը եւ դրանց վերաբերյալ իր գրավոր դիրքորոշումները ներկայացնում լիազորած մարմին,

2) ուսումնասիրում է տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը եւ դրա վերաբերյալ լիազորած մարմնին ներկայացնում իր առաջարկությունները,

3) ուսումնասիրում է հաշմանդամության առաջացմանը նպաստող գործոնները եւ լիազորած մարմին ներկայացնում դրանց նվազեցմանը եւ (կամ) վերացմանն ուղղված առաջարկություններ,

4) լիազորած մարմին է ներկայացնում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրականացմանը խոչընդոտող գործոնների վերացման վերաբերյալ առաջարկություններ,

5) լիազորած մարմին է ներկայացնում հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, այդ թվում՝ շինությունների, սարքավորումների, համընդհանուր օգտագործման ապրանքների, ինչպես նաեւ տեղեկատվության եւ հաղորդակցության (այդ թվում՝ տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների), այլ ծառայությունների հասանելիությունը եւ մատչելիությունն ապահովող միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ,

6) լիազորած մարմին է ներկայացնում առաջարկություններ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում օրենսդրության կատարելագործման ուղղությամբ,

7) համագործակցում է լիազորած մարմնի, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման այլ մարմինների եւ կազմակերպությունների հետ,

8) աջակցում է պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների եւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետում նշված սուբյեկտների՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում համագործակցության աշխատանքներին,

9) մասնակցում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար մատչելի պայմանների եւ հավասար հնարավորությունների ապահովման նկատմամբ մոնիթորինգի եւ գնահատման գործընթացին,

10) քննարկում է բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության արդյունքները եւ համապատասխան դիտարկումները, առաջարկություններ է ներկայացնում լիազորած մարմին` վերհանած խնդիրների կարգավորման ուղղությամբ,

11) կարող է հանդես գալ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների կարգավորման վերաբերյալ հայտարարություններով:

5. Ազգային հանձնաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, Հայաստանի Հանրապետության մարզերում եւ Երեւան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման խնդիրների համապարփակ կարգավորմանն աջակցելու նպատակով ստեղծվում են նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Երեւան քաղաքի եւ մարզային հանձնաժողովներ (այսուհետ` Հանձնաժողովներ), որոնք խորհրդակցական մարմիններ են եւ գործում են հասարակական հիմունքներով` սույն օրենքին եւ իրենց աշխատակարգին համապատասխան: Հանձնաժողովների անհատական կազմերը եւ աշխատակարգերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության մարզպետների, իսկ Երեւանում` Երեւանի քաղաքապետի կողմից: Հանձնաժողովների կազմում ընդգրկվում են տեղական ինքնակառավարման մարմինների եւ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները (համաձայնությամբ)՝ հավասար քանակով ներկայացուցչության սկզբունքով: Հանձնաժողովների նիստերին կարող են հրավիրվել շահագրգիռ այլ կազմակերպություններ կամ անձիք:

ԳԼՈՒԽ IV.

ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 15. ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

1. Մարմնի կառուցվածքի խախտումների կամ օրգանիզմի ֆունկցիայի (ֆունկցիաների) երկարատեւ կամ կայուն խանգարումների (խախտումների) եւ դրանցով պայմանավորված՝ կենսագործունեության սահմանափակումների պատճառ կարող են լինել`

1) մանկուց հիվանդությունը (մինչեւ տասնութ տարեկան հասակը ձեռք բերած հիվանդությունը կամ uտացած խեղումը կամ վնաuվածքը),

2) ընդհանուր հիվանդությունը,

3) աշխատանքային խեղումը կամ վնաuվածքը,

4) մաuնագիտական հիվանդությունը,

5) բնական, տեխնածին եւ այլ աղետների հետեւանքով, ինչպեu նաեւ դրանց վերացման աշխատանքների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած խեղումը կամ վնաuվածքը, այդ թվում՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի եւ այլ ճառագայթային աղետների վերացման աշխատանքների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ uտացած խեղումը կամ վնաuվածքը,

6) Հայրենական մեծ պատերազմի եւ այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ uտացած խեղումը կամ վնաuվածքը,

7) Հայաuտանի Հանրապետության պաշտպանության ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ uտացած խեղումը կամ վնաuվածքը,

8) զինվորական ծառայության ժամանակ կամ զինվորական պարտականությունները կատարելիu ձեռք բերած հիվանդությունը կամ uտացած խեղումը կամ վնաuվածքը,

9) հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը մասնակցելիս կամ հատուկ առաջադրանք կատարելիս ձեռք բերած հիվանդությունը կամ uտացած խեղումը կամ վնաuվածքը,

10) մարտական գործողությունների հետեւանքով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում uտացած խեղումը կամ վնաuվածքը,

11) Հայաստանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված այլ դեպքեր:

ՀՈԴՎԱԾ 16. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

1. Հաշմանդամության կանխարգելումը բնակչության առողջ կենսաձեւի ապահովման, բժշկական, սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային, բնապահպանական անվտանգության, մանկավարժական, աշխատանքի անվտանգ պայմանների ապահովման եւ սոցիալ-տնտեսական համալիր այլ միջոցառումների համակարգ է, որն ուղղված է՝

1) անձանց ֆիզիկական, հոգեկան, մտավոր եւ զգայական երկարատեւ կամ կայուն խանգարումների առաջացումը, ինչպես նաեւ այդ խանգարումների հետեւանքով կենսագործունեության սահմանափակումը եւ հաշմանդամության առաջացումը կանխելուն,

2) հիվանդությունները վաղ շրջանում ախտորոշելուն եւ կենսագործունեության սահմանափակումները՝ դրանց ի հայտ գալուց հետո, հնարավորինս արագ հայտնաբերելուն,

3) հաշմանդամության առաջացման հաճախականության եւ ծանրության աստիճանի նվազեցմանը:

2. Հաշմանդամության կանխարգելմանն ուղղված աշխատանքները (միջոցառումները, ծրագրերը, գործողությունները) արտացոլվում են համալիր եւ տարեկան ծրագրերում:

3. Հաշմանդամության կանխարգելումն իրականացվում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասում նշված այլ սուբյեկտների մասնակցությամբ եւ աջակցությամբ:

ԳԼՈՒԽ V.

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՁԻՆ ՈՐՊԵՍ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉԵԼԸ

ՀՈԴՎԱԾ 17. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նման իրավազորություն ունեցող՝ լիազորած մարմնի առանձնացված եւ կառուցվածքային ստորաբաժանումները (այդ թվում՝ առանձնացված ստորաբաժանման համապատասխան տարածքային մարմինները)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով:

2. Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է.

1) անձին որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու կամ դրա ճանաչելը մերժելու (հաշմանդամության ճանաչման կամ չճանաչման) մասին որոշման (վարչական ակտի) ընդունման նպատակով,

2) հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակը վերանայելու նպատակով,

3) կենսագործունեության սահմանափակման պատճառական կապի փոփոխությունը պարզելու նպատակով,

4) մահվան պատճառական կապը որոշելու համար՝ կապված աշխատանքային պարտականությունների կատարմամբ պայմանավորված խեղման, մասնագիտական հիվանդության, զինվորական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հանգամանքների հետ,

5) մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու համար՝աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման կամ վնասվածքի, մասնագիտական հիվանդության, առողջությանը հասցված այլ վնասի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում,

6) վերականգնողական անհատական ծրագիր չունեցող՝ նախկինում անժամկետ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածների համար վերականգնողական անհատական ծրագրի կազմման, անժամկետ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածների վերականգնողական անհատական ծրագրի իրականացման ժամկետի ավարտից հետո նոր վերականգնողական անհատական ծրագրի կազմման համար՝ այդպիսի անհրաժեշտության առկայության դեպքում, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող այլ անձանց վերականգնողական անհատական ծրագրում այնպիսի փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելու համար, որոնց կատարումը հնարավոր չէ առանց բժշկասոցիալական փորձաքննության իրականացման,

7) ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու թույլատվության (կամ չթույլատրելու) մասին որոշում ընդունելու նպատակով:

3. Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է՝

1) անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա, կամ

2) լիազորած մարմնի նախաձեռնության հիման վրա` սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված դեպքերում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում, անձն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դիմում է իր բնակության վայրի տարածքը սպասարկող, լիազորած մարմնի առանձնացված ստորաբաժանման համապատասխան տարածքային մարմին (այսուհետ նաեւ՝ տարածքային մարմին): Մահվան պատճառական կապը որոշելու համար բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնելու նպատակով դիմումը ներկայացնում է մահացածի իրավահաջորդը:

5. Բժշկասոցիալական փորձաքննության ենթակա անձը, նրա ներկայացուցիչը, ինչպես նաեւ այլ անձինք (այդ թվում՝ վկաներ, թարգմանիչ, այլ մարմինների ներկայացուցիչներ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, պատշաճ կերպով ծանուցվում են դիմումի կամ լիազորած մարմնի նախաձեռնության հիման վրա վարչական վարույթի հարուցման, բժշկասոցիալական փորձաքննության իրականացման օրվա, ժամի, վայրի մասին:

6. Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 18. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Բժշկասոցիալական վերափորձաքննությունը կրկին անգամ իրականացվող բժշկասոցիալական փորձաքննությունն է:

2. Բժշկասոցիալական վերափորձաքննությունն իրականացվում է՝

1) անձի դիմումի (կամ բողոքի) հիման վրա՝

ա. հաշմանդամության ճանաչման, հաշմանդամության խմբի (կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակի) սահմանման ժամկետը լրանալու դեպքում,

բ. առողջական վիճակի փոփոխության (վատթարացման կամ բարելավման) դեպքում,

գ. բժշկասոցիալական փորձաքննական որոշման (վարչական ակտի) բողոքարկման դեպքում,

դ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում.

2) լիազորած մարմնի նախաձեռնության հիման վրա՝

ա. բժշկասոցիալական փորձաքննական որոշումն ընդունած վարչական մարմնի կողմից, իր ընդունած բժշկասոցիալական փորձաքննական որոշման վերանայման դեպքում,

բ. բժշկասոցիալական փորձաքննական որոշումն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմնի կողմից՝ վերադասության կարգով ստորադաս վարչական մարմնի ընդունած բժշկասոցիալական փորձաքննական որոշման վերանայման դեպքում,

գ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերով սահմանված դեպքերում, անձն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դիմում է իր բնակության վայրի տարածքը սպասարկող, լիազորած մարմնի առանձնացված ստորաբաժանման համապատասխան տարածքային մարմին, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված դեպքում՝ բժշկասոցիալական փորձաքննական որոշումն ընդունած վարչական մարմնին եւ (կամ) բժշկասոցիալական փորձաքննական որոշումն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմնին: Մահվան պատճառական կապի վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական որոշումը բողոքարկելու վերաբերյալ դիմումը (բողոքը) ներկայացնում է մահացածի իրավահաջորդը:

4. Լիազորած մարմնի նախաձեռնության հիման վրա բժշկասոցիալական վերափորձաքննությունն իրականացվում է, եթե առկա են բավարար հիմքեր կանխատեսելու, որ բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվել է եւ (կամ) բժշկասոցիալական փորձաքննական որոշումն ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների (այդ թվում՝ հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակի որոշման համար սահմանված չափորոշիչների) խախտմամբ եւ (կամ) բժշկասոցիալական փորձաքննության համար ներկայացված կամ բժշկասոցիալական փորձաքննական որոշման ընդունման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը կամ տեղեկությունները կեղծ են կամ ոչ լիարժեք եւ (կամ) դրանցից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

5. Դիմումի կամ լիազորած մարմնի նախաձեռնության հիման վրա բժշկասոցիալական վերափորձաքննության իրականացման մասին ծանուցման հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են սույն օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջները:

6. Լիազորած մարմնի նախաձեռնության հիման վրա իրականացվելիք բժշկասոցիալական վերափորձաքննության օրվա, ժամի, վայրի եւ այլ պայմանների մասին պատշաճ ձեւով իրազեկված անձի՝ բժշկասոցիալական վերափորձաքննությունից խուսափելու կամ հրաժարվելու հնարավոր բացասական հետեւանքների ռիսկը կրում է այդ անձը:

7. Բժշկասոցիական վերափորձաքննությունը կարող է չիրականացվել սույն օրենքի 20-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքերում:

8. Բժշկասոցիալական վերափորձաքննություններն իրականացվում եւ դրա հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատած՝ բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգով:

ՀՈԴՎԱԾ 19. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԿԱՐՃՈՒՄԸ ԵՎ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ

1. Բժշկասոցիալական փորձաքննության (վերափորձաքննության) իրականացման նպատակով հարուցված վարչական վարույթը լիազորած մարմնի կողմից կասեցման, կարճման, ինչպես նաեւ վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատած՝ բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգով:

ՀՈԴՎԱԾ 20. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ (ՎԵՐԱՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ) ՈՐՈՇՈՒՄԸ

1. Բժշկասոցիալական փորձաքննության (վերափորձաքննության) արդյունքում ընդունվում է բժշկասոցիալական փորձաքննական (վերափորձաքննական) որոշում (վարչական ակտ): Բժշկասոցիալական փորձաքննական (վերափորձաքննական) որոշումն ընդունվում է գրավոր ձեւով՝ սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:

2. Բժշկասոցիալական փորձաքննական (վերափորձաքննական) որոշումն ընդունում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նման որոշում ընդունելու իրավազորություն ունեցող՝ լիազորած մարմնի առանձնացված եւ կառուցվածքային ստորաբաժանումները (այդ թվում՝ առանձնացված ստորաբաժանման համապատասխան տարածքային մարմինները):

3. Բժշկասոցիալական փորձաքննական (վերափորձաքննական) որոշումն ընդունվում է համապատասխան վարչական վարույթի հարուցման օրվանից ոչ ուշ, քան երեսուն օրացուցային օրվա ընթացքում, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով: Սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերում նշված նպատակներով իրականացվող բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում բժշկասոցիալական փորձաքննական որոշումներն ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգով սահմանված ժամկետներում, բայց ոչ ուշ, քան համապատասխան վարչական վարույթի հարուցման օրվանից հետո տաս օրացուցային օրվա ընթացքում:

4. Բժշկասոցիալական փորձաքննական (վերափորձաքննական) որոշումների ձեւերին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները, դրանց ընդունման կարգը եւ պայմանները սահմանվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատած՝ բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգով եւ այլ իրավական ակտերով: Անձին, որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու (hաշմանդամության ճանաչման) մասին բժշկասոցիալական փորձաքննական (վերափորձաքննական) որոշումը, ի թիվս այլ տվյալների, պետք է ներառի նաեւ հաշմանդամության ճանաչման եւ հաշմանդամության խմբի (կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակի) տրման ժամկետները եւ կենսագործունեության սահմանափակման պատճառական կապը:

5. Բժշկասոցիալական փորձաքննական (վերափորձաքննական) որոշումն ընդունված է համարվում այդ որոշումն իրավասու պաշտոնատար անձի (անձանց) կողմից ստորագրվելու օրվանից:

6. Բժշկասոցիալական փորձաքննական (վերափորձաքննական) որոշումն ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրությամբ առձեռն հանձնվում է վարչական ակտի հասցեատիրոջը: Այն դեպքում, երբ որեւէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն առկա չէ, այդ թվում, եթե վարչական ակտի հասցեատերն ինքն է խնդրել օգտագործելու հանձնման այլ միջոցներ, ապա բժշկասոցիալական փորձաքննական (վերափորձաքննական) որոշումը հանձնվում է փոստով պատվիրված նամակով՝ ստանալու մասին ծանուցմամբ եւ (կամ) օրենքով սահմանված այլ եղանակներով:

7. Բժշկասոցիալական փորձաքննական (վերափորձաքննական) որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման մասին` սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով:

8. Բժշկասոցիալական փորձաքննական (վերափորձաքննական) որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

9. Բժշկասոցիալական փորձաքննական (վերափորձաքննական) որոշումը վերանայվում եւ դրա արդյունքում համապատասխան վարչական ակտը (որոշումը) ընդունվում է առանց անձի բժշկասոցիական վերափորձաքննության՝ բժշկասոցիալական փորձաքննության գործում առկա փաստաթղթերի հիման վրա՝

1) եթե ընդունվել է «հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչելը մերժելու (հաշմանդամության չճանաչման) մասին բժշկասոցիալական փորձաքննական որոշում, մինչդեռ վարչական գործում առկա փաստաթղթերի եւ վերանայվող որոշման բովանդակություններից ակնհայտ է, որ բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչներով անձը ենթակա էր ճանաչման որպես հաշմանդամություն ունեցող անձ եւ այդ որոշման վերանայման արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ (որոշում),

2) եթե բժշկասոցիալական վերափորձաքննության օրվա, ժամի, վայրի եւ այլ պայմանների մասին պատշաճ ձեւով իրազեկված անձը մեկ անգամից ավելի անգամ անհարգելի պատճառով չի ներկայանում բժշկասոցիալական վերափորձաքննության կամ խուսափում է բժշկասոցիալական վերափորձաքննության իրականացումից,

3) եթե վարչական վարույթն իրականացվել է դրա իրավունքը չունեցող պաշտոնատար անձի կողմից կամ վարչական վարույթն իրականացրել է կոլեգիալ մարմինը, որի կազմում եղել է վարչական վարույթին մասնակցելու իրավունք չունեցող պաշտոնատար անձը,

4) եթե բժշկասոցիալական փորձաքննական որոշումը ստորագրված չէ վարչական վարույթն իրականացրած պաշտոնատար անձի (անձանց) կողմից կամ ստորագրված է այն ստորագրելու իրավունք չունեցող անձի (անձանց) կողմից,

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

ՀՈԴՎԱԾ 21. ԱՆՁԻՆ ՈՐՊԵՍ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉԵԼԸ

1. Լիազորած մարմինն անձին, որպես հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչում սույն oրենքով, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչներին համապատասխան:

2. Անձին, որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու (hաշմանդամության ճանաչման) վերաբերյալ վարչական վարույթը հարուցվում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով:

3. Անձը որպես հաշմանդամություն ունեցող անձ կարող է ճանաչվել՝

1) բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում՝ բժշկասոցիալական փորձաքննական որոշման հիման վրա,

2) բժշկասոցիալական փորձաքննական (վերափորձաքննական) որոշման վերանայման արդյունքում`

ա. բժշկասոցիալական վերափորձաքննական որոշման հիման վրա,

բ. սույն օրենքի 20-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում ընդունվող որոշման (վարչական ակտի) հիման վրա:

4. Անձը, որպես հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվում սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում նշված պատճառական որեւիցե կապով կենսագործունեության այնպիսի սահմանափակման առկայության դեպքում, որոնք միջավայրային արգելքների հետ փոխազդեցության արդյունքում խոչընդոտում են կամ կարող են խոչընդոտել մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակության կյանքին այդ անձի լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը:

5. Հաշմանդամություն ունեցող անձին տրվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ եւ 3-րդ խումբ), իuկ մինչեւ 18 տարեկան երեխաներին` «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչներին համապատասխան:

6. Հաշմանդամության ճանաչման, հաշմանդամության խմբերի, «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակի ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչներով: Տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած հաշմանդամություն ունեցող, ինչպես նաեւ վերականգնման ոչ ենթակա կենսագործունեության սահմանափակում ունեցող անձանց եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչներով սահմանված այլ դեպքերում՝ հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ: Եթե առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության դիմած տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հայտնաբերվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչներին համապատասխան կենսագործունեության սահմանափակում(ներ), տրամադրվում է միայն վերականգնողական անհատական ծրագիր` համապատասխան սոցիալական ծառայությունը ստանալու համար:

7. Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող եւ բնակվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց հաշմանդամության ճանաչման հետ կապված հարաբերությունների առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած՝ բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով:

ԳԼՈՒԽ VI.

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 22. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

1. Հաշմանդամություն ունեցող անձի վերականգնումը հաշմանդամություն ունեցող անձի կենսագործունեության սահմանափակման լրիվ կամ մասնակի վերացումն է կամ հնարավորինս փոխհատուցումը, ինչպես նաեւ սոցիալական ներառումը:

2. Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնումը ներառում է՝

1) բժշկական վերականգնումը,

2) մասնագիտական (աշխատանքային) վերականգնումը,

3) սոցիալական վերականգնումը:

3. Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնումն իրականացվում է վերականգնողական անհատական ծրագրի համաձայն՝ բժշկական, մասնագիտական (աշխատանքային) եւ սոցիալական վերականգնողական համապատասխան միջոցառումների իրականացման միջոցով:

ՀՈԴՎԱԾ 23. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

1. Բժշկական վերականգնումը հաշմանդամություն ունեցող անձի մարմնի կառուցվածքի խախտումների եւ օրգանիզմի ֆունկցիայի (ֆունկցիաների) երկարատեւ կամ կայուն խանգարումների (խախտումների) հանգեցրած հիվանդությունների, վնասվածքների, խեղումների բուժումն է կամ դրանց զարգացումն ու ծանրացումը կանխելը:

2. Բժշկական վերականգնումն իրականացվում է վերականգնողական անհատական ծրագրում ներառված՝ բժշկական վերականգնման ծրագրին համապատասխան:

3. Բժշկական վերականգնմանն ուղղված բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպվում է հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային ձեւով՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձի հատուկ կարիքները:

4. Բժշկական վերականգնում իրականացնող անձինք (մարմինները, կազմակերպությունները, հիմնարկները) սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով:

ՀՈԴՎԱԾ 24. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ) ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

1. Մասնագիտական (աշխատանքային) վերականգնումը հաշմանդամություն ունեցող անձի հատուկ կարիքներին համապատասխան, սույն մասում նշված մեկ կամ մի քանի ակնկալվող արդյունքների ապահովումն է, այն է՝

1) հաշմանդամություն ունեցող անձի մասնագիտական ունակությունների, հմտությունների եւ կարողությունների պահպանելն ու զարգացնելը,

2) մասնագիտական նոր հմտությունների եւ ունակությունների ձեռքբերելը,

3)աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությունների վերականգնելը կամ զարգացնելը,

4) հարմար աշխատանքի տեղավորելը եւ այդ նպատակով մատչելի պայմանների ստեղծելը:

2. Մասնագիտական (աշխատանքային) վերականգնումն իրականացվում է վերականգնողական անհատական ծրագրում ներառված՝ մասնագիտական (աշխատանքային) վերականգնման ծրագրին համապատասխան:

3. Մասնագիտական (աշխատանքային) վերականգնումն իրականացվում է զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից, զբաղվածության ապահովման անհատական ծրագրով, «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ այլ իրավական ակտերի համաձայն: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, մասնագիտական (աշխատանքային) վերականգնումը կարող է իրականացվել նաեւ մասնագիտական վերականգնման օգնություն տրամադրող այլ մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) կողմից:

ՀՈԴՎԱԾ 25. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

1. Սոցիալական վերականգնումը հաշմանդամություն ունեցող անձի հատուկ կարիքներին համապատասխան, սույն օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում նշված մեկ կամ մի քանի միջոցառումների իրականացման արդյունքում հաշմանդամություն ունեցող անձի համար սոցիալական, ինչպես նաեւ ինքնուրույն ապրելու հմտությունների վերականգնումն է եւ հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառումը:

2. Սոցիալական վերականգնումն իրականացվում է վերականգնողական անհատական ծրագրում ներառված՝ սոցիալական վերականգնման ծրագրին համապատասխան:

3. Սոցիալական վերականգնումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի uոցիալական աջակցության տարածքային գործակալությունների եւ համայնքների՝ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի առանձնացված uտորաբաժանումներ հանդիսացող սոցիալական աջակցության տարածքային բաժինների (այսուհետ՝ uոցիալական աջակցության տարածքային ստորաբաժանումներ) սոցիալական աշխատանքի մասնագետները, համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետները, խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատանքի մասնագետները՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, սոցիալական վերականգնումը կարող է իրականացվել նաեւ սոցիալական վերականգնման օգնություն տրամադրող այլ մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) կողմից:

ՀՈԴՎԱԾ 26. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

1. Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման բազային ծրագրում ընդգրկված վերականգնողական միջոցառումները, ծառայությունների մատուցում ու տեխնիկական եւ oժանդակ միջոցների հատկացում նախատեսող միջոցառումներն, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձի հատուկ կարիքները, ներառվում են հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագրում:

2. Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման բազային ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 27. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

1. Հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը սահմանված որոշակի վավերապայմաններով եւ ձեւով, լրացման համար անհրաժեշտ դաշտեր պարունակող փաստաթուղթ է, որի համաձայն իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձի վերականգնումը:

2. Վերականգնողական անհատական ծրագիրը կազմվում է լիազորած մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդպիսի իրավազորություն ունեցող համապատասխան ստորաբաժանումների (այդ թվում՝ առանձնացված ստորաբաժանման համապատասխան տարածքային մարմինների եւ կառուցվածքային ստորաբաժանումների) կողմից՝ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:

3. Վերականգնողական անհատական ծրագիրը կազմվում է՝

1) անձին որպես «հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչելու (այդ թվում նաեւ՝ բժշկասոցիալական փորձաքննական որոշումների վերանայման արդյունքում անձին որպես «հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչելու) դեպքում,

2) վերականգնողական անհատական ծրագիր չունեցող՝ նախկինում անժամկետ «հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչվածների համար՝ այդպիսի անհրաժեշտություն առաջանալու պարագայում,

3) անժամկետ «հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչվածների համար, նրանց վերականգնողական անհատական ծրագրի իրականացման ժամկետի ավարտից հետո, այդպիսի անհրաժեշտության առկայության դեպքում,

4) այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում:

4. Վերականգնողական անհատական ծրագիրը ներառում է բժշկական, մասնագիտական (աշխատանքային) եւ սոցիալական վերականգնման ծրագրեր, որոնցում համապատասխանաբար սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձի վերականգնման համար նախատեսված բժշկական, մասնագիտական եւ սոցիալական վերականգնողական միջոցառումները:

5. Վերականգնողական անհատական ծրագրում ներառված բժշկական, մասնագիտական (կամ աշխատանքային) եւ սոցիալական վերականգնողական միջոցառումներն ուղղված են հաշմանդամություն ունեցող անձի առողջության, աշխատունակության, ինքնուրույն ապրելու հմտությունների պահպանմանը եւ (կամ) վերականգնմանը, ֆիզիկական, մտավոր ու մասնագիտական հմտությունների եւ ունակությունների պահպանմանը եւ զարգացմանը, նոր հմտությունների եւ ունակությունների ձեռքբերմանը, բարենպաստ միջավայրային գործոնների ստեղծմանը, միջավայրային արգելքների հաղթահարմանը, ինչն իր հերթին նպաստում է հաշմանդամություն ունեցող անձի նյութական եւ սոցիալական անկախությանը, հասարակության կյանքին համակողմանի մասնակցությանը:

6. Վերականգնողական անհատական ծրագրում, ի թիվս այլ տեղեկությունների, նշվում են հաշմանդամության խմբի (կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակի), հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական միջոցառումների տեսակների եւ ժամկետների, դրանց կատարողների, վերականգնողական միջոցառումներում կատարվող փոփոխությունների եւ լրացումների, վերականգնողական միջոցառումների իրականացման արդյունքների մասին համապատասխան տվյալներ:

7. Վերականգնողական անհատական ծրագրերի կազմման եւ իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ դրա ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները` լիազորած մարմինը:

8. Հաշմանդամություն ունեցող անձի համար վերականգնողական անհատական ծրագիրն ունի երաշխավորական բնույթ: Հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի հրաժարվելու ինչպես վերականգնողական անհատական ծրագրի իրականացումից՝ ամբողջությամբ, այնպես էլ վերականգնողական անհատական ծրագրում ներառված որեւէ ծրագրի (բժշկական, մասնագիտական (աշխատանքային), սոցիալական) կամ դրանցում ընդգրկված որեւէ միջոցառման իրականացումից:

9. Վերականգնողական անհատական ծրագրում ընդգրկված վերականգնողական միջոցառումների իրականացումը կազմակերպվում եւ դրանք իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված համապատասխան մարմինների (անձանց, կազմակերպությունների, հիմնարկների) կողմից՝ սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված դեպքերում, կարգով եւ ժամկետներում: Վերականգնողական անհատական ծրագրում ընդգրկված վերականգնողական միջոցառումների կազմակերպման եւ իրականացման նկատմամբ հսկողությունն ապահովում է լիազորած մարմինը:

10. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաեւ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող (երբ սոցիալական կարիքների գնահատման արդյունքում պարզվում է, որ առկա են բավարար եւ էական նախադրյալներ, բացասական գործոններ, որոնց ազդեցությունը կարող է հանգեցնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելուն) հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրում ներառված բժշկական, մասնագիտական եւ սոցիալական վերականգնման ծրագրերում ընդգրկված միջոցառումների տրամադրման գործընթացը, հաշմանդամություն ունեցող անձի կամահայտնության (համաձայնության) առկայության պարագայում, կազմակերպվում է uոցիալական աջակցության տարածքային ստորաբաժանումների սոցիալական աշխատանքի մասնագետների կողմից՝ օրենքներով, վերականգնողական անհատական ծրագրերի կազմման եւ իրականացման կարգով, այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան: Այն դեպքում, երբ հաշմանդամություն ունեցող անձը գրավոր կերպով հրաժարվում է վերականգնողական անհատական ծրագրում ներառված որեւէ ծրագրի կամ միջոցառման իրականացումից կամ դրանց տրամադրման գործընթացը uոցիալական աջակցության տարածքային ստորաբաժանումների սոցիալական աշխատանքի մասնագետների միջոցով կազմակերպելու հնարավորությունից, ապա uոցիալական աջակցության տարածքային ստորաբաժանումների սոցիալական աշխատանքի մասնագետների միջոցով կազմակերպվում է վերականգնողական անհատական ծրագրում ներառված այն ծրագրի կամ վերականգնողական անհատական ծրագրում ներառված բժշկական, մասնագիտական եւ սոցիալական վերականգնման ծրագրերում ընդգրկված այն միջոցառման (միջոցառումների) տրամադրման գործընթացը, որից հաշմանդամություն ունեցող անձը չի հրաժարվել եւ որի տրամադրման գործընթացը համաձայն է կազմակերպել uոցիալական աջակցության տարածքային ստորաբաժանումների սոցիալական աշխատանքի մասնագետների միջոցով: Ընդ որում, եթե հաշմանդամություն ունեցող անձն ունի հաղորդակցվելու կարողության այնպիսի սահմանափակում, որը հնարավորություն չի ընձեռում լիարժեք ընկալել ստացվող տեղեկատվությունը եւ արտահայտել իր կամահայտնությունն իրավունքների իրականացման ծավալի եւ վերականգնմանն ուղղված միջոցառումների ստացման եղանակների մասին, ապա սույն մասում նշված համաձայնությունը ձեռք է բերվում հաշմանդամություն ունեցող անձի ներկայացուցչից, իսկ այդպիսին չունենալու դեպքում՝ հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամներից:

11. Վերականգնողական անհատական ծրագիրը համապատասխան մարմինների (անձանց, կազմակերպությունների, հիմնարկների) կողմից ենթակա է պարտադիր կատարման, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքերի:

12. Վերականգնողական անհատական ծրագրում ներառված բժշկական, մասնագիտական եւ սոցիալական վերականգնման ծրագրերի իրականացման արդյունքները (դրանցում ընդգրկված միջոցառումների արդյունավետությունը) գնահատում է լիազորած մարմինը:

13. Վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված վերականգնողական միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցների հաշվին:

ՀՈԴՎԱԾ 28. ԲԺՇԿԱԿԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ) ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

1. Վերականգնողական անհատական ծրագրում ներառված բժշկական վերականգնման ծրագիրը տարբեր հիվանդությունների, վնասվածքների, խեղումների, ֆիզիկական, մտավոր եւ այլ խանգարումների բուժման, դրանց զարգացումն ու ծանրացումը կանխելուն ուղղված միջոցառումների համակարգ է:

2. Բժշկական վերականգնման ծրագրում, ըստ անհրաժեշտության, ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած՝ հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման բազային ծրագրով սահմանված բժշկական վերականգնողական միջոցառումները, ինչպես նաեւ վերականգնողական բժշկական օգնություն, վերականգնման տեխնիկական միջոցներով եւ այլ օժանդակ պարագաներով ապահովում նախատեսող եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումներ՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձի կարիքները:

3. Վերականգնողական անհատական ծրագրում ներառված մասնագիտական (աշխատանքային) վերականգնման ծրագիրը հաշմանդամություն ունեցող անձի մասնագիտական կողմնորոշմանը, մասնագիտական կրթությանը, մասնագիտական ուսուցմանը (որակավորման բարձրացմանը, վերամասնագիտացմանը, նախնական մասնագիտական պատրաստմանը, արհեստագործական ուսուցմանը), մասնագիտական հարմարվողականությանը, հարմար աշխատանքի տեղավորմանը եւ այդ նպատակով մատչելի պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների համակարգ է:

4. Սոցիալական վերականգնման ծրագիրը սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-իրավական եւ օրենքով չարգելված այլ միջոցառումների համակարգ է՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական վերականգնմանը: Սոցիալական վերականգնման ծրագրում, հաշմանդամություն ունեցող անձի հատուկ կարիքներին համապատասխան, ի թիվս այլ միջոցառումների, ընդգրկվում են սոցիալ-հոգեբանական խորհրդատվությունը, սոցիալ-կենցաղային հարմարեցմանը եւ սոցիալ-միջավայրային կողմնորոշմանը (հարմարեցմանը) ուղղված միջոցառումներ:

5. Բժշկական, մասնագիտական (աշխատանքային) եւ սոցիալական վերականգնման ծրագրերում ընդգրկված միջոցառումներն իրականացվում են սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:

ՀՈԴՎԱԾ 29. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

1. Վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան հաշմանդամություն ունեցող անձի բժշկական, մասնագիտական (աշխատանքային) եւ սոցիալական վերականգնումը կազմակերպող եւ իրականացնող բոլոր սուբյեկտները (ֆիզիկական անձինք, կազմակերպությունները, մարմինները, հիմնարկները), անկախ կազմակերպական-իրավական ձեւից եւ գերատեսչական ենթակայությունից, լիազորած մարմնին տրամադրում են իրենց կողմից կազմակերպվող (կազմակերպված) եւ իրականացվող (իրականացված) վերականգնողական միջոցառումների տեսակների եւ ծավալների, ինչպես նաեւ բժշկական, մասնագիտական եւ սոցիալական վերականգնման ծրագրերի իրականացման արդյունքների (դրանցում ընդգրկված միջոցառումների արդյունավետության) գնահատման համար լիազորած մարմնին անհրաժեշտ այլ տեղեկություններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով:

2. Լիազորած մարմինը, իր իրավասությունների շրջանակներում, համագործակցում է սույն հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպությունների հետ, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով՝ նաեւ համակարգում եւ վերահսկում դրանց գործունեությունը:

ԳԼՈՒԽ VII.

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ԴՐԱՆՑ ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 30. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, նրանց իրավունքների իրականացման ու պարտականությունների կատարման համար, կարող են սահմանվել առավել բարենպաստ պայմաններ, այդ թվում՝ մյուսների հետ համահավասար հնարավորություններ ապահովելու նպատակով: Սույն մասով սահմանված դեպքերը, ինչպես նաեւ այն բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ համահավասար հնարավորություններ ապահովելուն, չեն կարող դիտարկվել որպես խտրականություն, եթե դրանք համաչափ են, նպատակահարմար ու անհրաժեշտ՝ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար:

2. Պետությունն ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը եւ աջակցում է դրանց լիակատար իրականացմանը` առանց հաշմանդամության պատճառով որեւէ խտրականության, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովվում է հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով, ուղղակիորեն կամ ազատ կերպով ընտրված ներկայացուցիչների միջոցով արդյունավետ ու լիարժեք մասնակցությունը քաղաքական ու հասարակական կյանքին, ներառյալ քվեարկելու եւ ընտրվելու նրանց իրավունքը եւ հնարավորությունը։

3. Հաշմանդամություն ունեցող երեխաներին վերաբերող բոլոր ոլորտների քաղաքականություններում եւ ծրագրերում, այլ միջոցառումներում եւ գործողություններում, պետությունը, որպես կարեւորագույն նկատառում է ճանաչում հաշմանդամություն ունեցող երեխայի լավագույն շահերը եւ առաջնորդվում է դրանց առավելագույն պաշտպանության անհրաժեշտությամբ: Երեխայի հայացքները, համոզմունքները եւ կարծիքը ենթակա են նրա տարիքին եւ հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության: Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող երեխաներին հաշմանդամությունից բխող եւ տարիքին համապատասխան օժանդակության տրամադրումը՝ իրենց իրավունքներն իրականացնելու համար:

4. Հաշմանդամություն ունեցող անձինք՝ ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկման դատապարտված անձանց պահելու համար նախատեսված վայրերում, առողջական վիճակից ելնելով, ապահովվում են համապատասխան պայմաններով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համալիր եւ տարեկան ծրագրերի համաձայն: Ազատազրկման վայրում եւ նախնական կալանքի տակ գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է անհրաժեշտ իրավաբանական, բժշկական, սոցիալ-հոգեբանական օգնություն եւ տեղեկատվություն` իրենց համար մատչելի (հասանելի) եղանակով, ինչպես նաեւ իրականացվում են այդ անձանց վերականգնմանն ուղղված համապատասխան միջոցառումներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 31. ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ (ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ)

1. Հասանելիությունը, որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման նպատակով մատչելի պայմանների եւ հավասար հնարավորությունների ապահովման թիրախային ուղղություն, ներառում է՝

1) ֆիզիկական միջավայրի հասանելիությունը (մատչելիությունը),

2) տեղեկատվության եւ հաղորդակցության, ներառյալ` տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների եւ համակարգերի հասանելիությունը (մատչելիությունը):

2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները` անկախ կազմակերպական-իրավական ձեւից եւ ֆիզիկական անձինք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ պայմաններին համապատասխան, իրենց իրավասությունների շրջանակներում, հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովում են ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության եւ հաղորդակցության հասանելիությունը, այդ թվում՝ բնակելի, հասարակական, արտադրական եւ այլ գործառնական նշանակություն ունեցող շենքերի եւ շինությունների մատչելիության, տրանսպորտային համակարգից, տեղեկատվության եւ հաղորդակցության միջոցներից, հանգստի եւ ժամանցի վայրերից անարգել կերպով օգտվելու պայմանների ստեղծումը:

ՀՈԴՎԱԾ 32. ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ (ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ)

1. Հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի հասանելիությունը (մատչելիությունը) ապահովվում է հետեւյալ հիմնական գործընթացների միջոցով.

1) ֆիզիկական միջավայրի մատչելիությունն ապահովող պահանջների, ինչպես նաեւ համընդհանուր դիզայնի պահանջների եւ չափանիշների մշակումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավմամբ եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից դրանց հաստատումը,

2) ֆիզիկական միջավայրը նվազ կամ ոչ հասանելի դարձնող միջավայրային արգելքների վերացումը,

3) հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ կարիքները բավարարելու համար եւ նրանց համար ֆիզիկական միջավայրի հասանելիությունն ապահովող՝ համընդհանուր դիզայնի հետազոտմանը, նախագծմանը եւ կատարելագործմանը միտված աշխատանքների իրականացումը եւ (կամ) դրանց խրախուսումն ու խթանումը,

4) տարածքային պլանավորման, շենքերի եւ շինությունների, տրանսպորտային համակարգի, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների նախագծման, մշակման, արտադրության եւ շահագործման ընթացքում համընդհանուր դիզայնի պահանջները հաշվի առնելը,

5) արդեն իսկ շահագործման հանձնված եւ համընդհանուր դիզայնի պահանջները չբավարարող շենքերի եւ շինությունների հնարավորինս հարմարեցումը հաշմանդամություն ունեցող անձանց համար, ընդ որում, համընդհանուր դիզայնի պահանջների լրիվ կամ մասնակի ապահովման անհնարինության դեպքում, պետք է ապահովվի օժանդակ հարմարանքների առկայությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանք առավելագույնս օգտագործելի դարձնելու նպատակով,

6) հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային համակարգի եւ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների հարմարեցման ծրագրի մշակումն ու իրականացումը, ընդ որում, ծրագրում առնվազն պետք է նախատեսվեն՝

ա. համընդհանուր դիզայնի պահանջներին համապատասխան, իսկ դրա լրիվ կամ մասնակի ապահովման անհնարինության դեպքում՝ օժանդակ հարմարանքներով օդանավակայանների, ճոպանուղիների, երկաթուղու եւ մետրոպոլիտենի կայարանների, ավտոկայարանների, ավտոկայանների, կանգառների վերասարքավորման համար անհրաժեշտ միջոցառումները եւ դրանց իրականացման ժամկետները,

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի անցկացման կարգում, որպես մրցութային պայման, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոբուսների նվազագույն քանակի ամրագրումը,

գ. մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգով (իսկ անհրաժեշտության դեպքում՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորող համապատասխան այլ իրավական ակտերով), մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի (բացառությամբ 1-3 մարդատար-տաքսի ավտոմոբիլ ունեցող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի) համար, որպես պարտադիր պահանջ, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված մարդատար-տաքսի ավտոմոբիլների նվազագույն քանակի ամրագրումը,

դ. հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված տրոլեյբուսների նվազագույն քանակի ամրագրումը,

ե. հաշմանդամություն ունեցող անձանց համար երթեւեկության սահմանված գրաֆիկներով հատուկ երթուղիների կազմման համար իրականացվող միջոցառումները,

զ. հաշմանդամություն ունեցող անձանց համար նախընտրելի եւ անհրաժեշտ վայրերում տրանսպորտային միջոցների կանգառների սահմանումը,

7) վերականգնողական անհատական ծրագրերին համապատասխան, հաշմանդամություն ունեցող անձանց սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող բնակելի տարածքների (շինությունների) սարքավորումը օժանդակ հարմարանքներով` բնակելի ֆոնդի ընթացիկ եւ կապիտալ վերանորոգման համար հատկացվող կամ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին,

8) իրենց մասնագիտության եւ աշխատանքի բնույթով պայմանավորված՝ տարածքային պլանավորման, շենքերի եւ շինությունների, տրանսպորտային համակարգի, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների նախագծմամբ, մշակմամբ, ստեղծմամբ զբաղվող, ինչպես նաեւ փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ կատարող անձանց (մասնագետներին, այդ թվում՝ ճարտարապետներին, ինժեներ-շինարարներին) եւ կազմակերպություններին՝ միջավայրային արգելքների, դրանց վերացման, համընդհանուր դիզայնի եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի հասանելիությունը (մատչելիությունը) ապահովելու վերաբերյալ պետության կողմից որդեգրած քաղաքականությունն առավելագույնս հասանելի դարձնելը,

9) շարժունակության եւ կողմնորոշման հմտությունների վերաբերյալ ուսուցումների կազմակերպումը՝ այդպիսի կարիք ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց եւ նրանց հետ աշխատող անձնակազմի համար:

2. Համալիր եւ տարեկան ծրագրերով կարող է նախատեսվել նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի հասանելիությունը (մատչելիությունը) ապահովող այլ գործընթացների իրականացում:

3. Չի թույլատրվում բնակավայրերի նախագծումն ու կառուցապատումը, շենքերի եւ շինությունների, տրանսպորտային համակարգի շինարարությունն ու վերակառուցումը, եթե դրանք չեն բավարարում համընդհանուր դիզայնի պահանջներին կամ այլ կերպ հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործման համար:

4. Հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային համակարգի եւ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների հարմարեցման ծրագրի հիմնական սկզբունքներն ու լրացուցիչ պահանջները հաստատվում են տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից:

ՀՈԴՎԱԾ 33. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

1. Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ իրենց համար մատչելի եւ նախընտրելի ձեւաչափերով տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը:

2. Պետության կողմից ժեստերի լեզուն ընդունվում է որպես հաղորդակցման, ուսուցման եւ թարգմանչական ծառայությունների տրամադրման միջոց: Հանրային հեռուստառադիոընկերությունը եւ Հայաստանի Հանրապետությունում գործող այն մասնավոր հեռուստաընկերությունները, որոնք հեռարձակում են նաեւ մանկական եւ (կամ) լրատվական հեռուստահաղորդումներ, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողական խանգարումներ ունեցող՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը, օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական եւ լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով:

3. Տեսողության խանգարումներ ունեցող՝ հաշմանդամություն ունեցող (ներառյալ ուշ տարիքում տեսողությունը կորցրած) անձանց համար պետությունը երաշխավորվում է Բրայլյան համակարգի ուսուցման եւ Բրայլյան համակարգով կատարվող ուսուցման (անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ ուսուցման), խոշոր տառատեսակների կիրառման ապահովումը:

4. Մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց համար պետությունը երաշխավորում է խոսքի մատչելի ըմբռնման ուսուցման համակարգի կազմակերպումը:

5. Խոսքի եւ հաղորդակցման խանգարումներ ունեցող` հաշմանդամություն ունեցող անձանց հաղորդակցումն ապահովելու համար, վերականգնողական անհատական ծրագրերին համապատասխան, տրամադրվում են վերականգնման տեխնիկական միջոցներ:

6. Սույն հոդվածի 1-5-րդ մասերով սահմանված երաշխիքներից եւ միջոցառումներից բացի, հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության եւ հաղորդակցության, ներառյալ` տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների եւ համակարգերի հասանելիությունը (մատչելիությունը) ապահովվում է նաեւ հետեւյալ գործընթացների միջոցով.

1) տեղեկատվության եւ հաղորդակցության մատչելիությունն ապահովող պահանջների մշակումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավմամբ եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից դրանց հաստատումը,

2) հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության եւ հաղորդակցության հասանելիությունն ապահովող՝ համընդհանուր դիզայնի հետազոտմանը, նախագծմանը եւ կատարելագործմանը միտված աշխատանքների իրականացումը եւ (կամ) դրանց խրախուսումն ու խթանումը,

3) կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվայնացման, հաղորդակցության ոլորտներում իրավական ակտերի, այդ թվում՝ դրանցով հաստատվող առանձին բաղկացուցիչ մասերի (կարգերի, հրահանգների, տեխնիկական ակտերի, կանոնների, կանոնակարգերի, ստանդարտների եւ այլն) նախագծման ընթացքում համընդհանուր դիզայնի պահանջները հաշվի առնելը,

4) տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների եւ համակարգերի նախագծման, մշակման, արտադրության եւ շահագործման ընթացքում համընդհանուր դիզայնի պահանջները հաշվի առնելը, իսկ համընդհանուր դիզայնի պահանջների լրիվ կամ մասնակի ապահովման անհնարինության դեպքում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանք առավելագույնս օգտագործելի դարձնելը,

5) սույն հոդվածի 2-րդ մասում նշված հեռուստաընկերությունների կողմից ժեստերի լեզվով համաժամանակյա թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով հեռարձակվող հեռուստատեսային հաղորդումների եթերաժամերի քանակի աստիճանական եւ շարունակական ավելացման նպատակով, համապատասխան օրենսդրական բարեփոխումների մշակումը եւ իրականացումը՝ համալիր եւ տարեկան ծրագրերով սահմանված ժամանակացույցի համաձայն,

6) զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվության եւ հաղորդակցության հասանելիությանը միտված աշխատանքների, միջոցառումների, ծրագրերի պարբերաբար լուսաբանումն ապահովելը, ընդ որում սույն կետով նախատեսված տեղեկությունները պետք է հրապարակվեն նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի (հասանելի) եղանակով,

7) հաշմանդամություն ունեցող անձանց համար համացանցից (ինտերնետից) օգտվելու մատչելիությունն ապահովելու նպատակով համապատասխան միջոցառումների իրականացումը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված էլեկտրոնային կայքերի հարմարեցումը տեսողության խանգարումներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ համալիր եւ տարեկան ծրագրերով սահմանված ժամանակացույցի համաձայն:

7. Համալիր եւ տարեկան ծրագրերով կարող է նախատեսվել նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության եւ հաղորդակցության հասանելիությունը (մատչելիությունը) ապահովող այլ գործընթացների իրականացում:

ՀՈԴՎԱԾ 34. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

1. Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն այլ անձանց տրամադրվող բժշկական օգնության եւ սպասարկման որակին եւ չափանիշներին համապատասխանող բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք եւ հաշմանդամություն ունեցող երեխաներն ըստ դեղատոմսերի դեղերով ապահովվում են անվճար, իսկ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք՝ հիսուն տոկոս զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից: Հաշմանդամություն ունեցող անձանց անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգը սահմանում է առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

3. Հաշմանդամություն ունեցող անձինք, ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում եւ դեղատներում, օգտվում են առաջնահերթ կարգով սպասարկվելու իրավունքից:

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված երաշխիքներից բացի, առողջապահության ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման նպատակով մատչելի պայմանները եւ հավասար հնարավորություններն ապահովվում են նաեւ հետեւյալ գործընթացների միջոցով.

1) հիվանդությունները վաղ շրջանում ախտորոշելուն եւ բուժելուն, ինչպես նաեւ կենսագործունեության սահմանափակումները՝ դրանց ի հայտ գալուց հետո, հնարավորինս արագ հայտնաբերելուն ուղղված միջոցառումների իրականացումը՝ uոցիալական աջակցության տարածքային ստորաբաժանումների եւ համայնքների սոցիալական աշխատանքի մասնագետների ներգրավմամբ,

2) հաշմանդամություն ունեցող անձի բժշկական վերականգնմանն ուղղված՝ մատչելի եւ որակյալ միջոցառումների իրականացումը,

3) որպես մասնագիտական գործունեության տեսակ՝ բժշկասոցիալական աշխատանքի ներդրման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը, սոցիալական աշխատանքի մասնագետների եւ բուժանձնակազմի միջեւ համագործակցության կազմակերպական եւ իրավական հիմքերի սահմանումը,

4) հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ կարիքների, նրանց սոցիալական ներառմանը խոչընդոտող գործոնների, հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնության եւ սպասարկման, բժշկական վերականգնման միջազգային առաջավոր փորձի վերաբերյալ բուժանձնակազմին պարբերաբար եւ շարունակական իրազեկումը՝ սեմինարների անցկացման, տեղեկատվական թերթիկների, մասնագիտական գրականության տրամադրման եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով,

5) գյուղական բնակավայրերում եւ սահմանամերձ շրջաններում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց համար առաջնային բժշկական օգնության կազմակերպման մատչելի պայմանների ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

5. Համալիր եւ տարեկան ծրագրերով կարող է նախատեսվել նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահության ոլորտում մատչելի պայմանները եւ հավասար հնարավորություններն ապահովող այլ գործընթացների իրականացում:

ՀՈԴՎԱԾ 35. ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

1. Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց` այլ անձանց հետ համահավասար լիարժեք կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմանների եւ հավասար հնարավորությունների ստեղծումը:

2. Կրթության եւ գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը, առողջապահության համակարգի հիմնարկների եւ կազմակերպությունների, uոցիալական աջակցության տարածքային ստորաբաժանումների եւ համայնքների սոցիալական աշխատանքի մասնագետների հետ համատեղ, հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, ապահովում են հաշմանդամություն ունեցող երեխաների նախադպրոցական կրթության եւ հաշմանդամություն ունեցող անձանց կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

3. Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության եւ դաստիարակության համար մատչելի պայմանները եւ հավասար հնարավորություններն ապահովվում են սույն հոդվածի 1-2-րդ մասերով ամրագրված երաշխիքներով ու միջոցառումների իրականացմամբ, սույն օրենքի 37-րդ, 38-րդ հոդվածներով սահմանված պահանջների կատարմամբ եւ հետեւյալ գործընթացների ապահովման միջոցով.

1) կրթության եւ գիտության բնագավառներում պետական քաղաքականության մշակման եւ իրականացման ընթացքում հաշվի են առնվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, օրինական շահերը եւ սոցիալական ներառման անհրաժեշտությունը,

2) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովվում են պետական աջակցությունը եւ կրթության առանձնահատուկ պայմանները՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան,

3) տեսողության, լսողական, խոսակցական խանգարումներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց համար կրթության իրականացումն ապահովվում է նրանց հատուկ կարիքներին համապատասխան հաղորդակցության այնպիսի մեթոդների, միջոցների եւ տեխնոլոգիաների օգտագործմամբ, որոնք առավելապես կնպաստեն հաշմանդամություն ունեցող տվյալ անձանց կրթական եւ սոցիալական զարգացմանը,

4) իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձանց դաստիարակությամբ եւ կրթությամբ զբաղվող համապատասխան աշխատողների, այդ թվում՝ մանկավարժների ուսուցում եւ վերապատրաստում,

5) իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձանց ընդունակությունների բացահայտման, ստեղծագործական մտքի զարգացման, կրթական եւ գիտական ներուժի իրացման համար ծրագրավորված եւ շարունակական միջոցառումներ:

4. Համալիր եւ տարեկան ծրագրերով կարող է նախատեսվել նաեւ hաշմանդամություն ունեցող անձանց կրթության եւ դաստիարակության համար մատչելի պայմանները եւ հավասար հնարավորություններն ապահովող այլ գործընթացների իրականացում:

ՀՈԴՎԱԾ 36. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

1. Հաշմանդամություն ունեցող նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակության եւ վերականգնման համար առավել բարենպաստ հնարավորություններ ստեղծելու նպատակով, նախադպրոցական կրթության ծրագիր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատություններում եւ ընդհանուր տիպի մանկական նախադպրոցական այլ հիմնարկներում նրանց համար ստեղծվում են հատուկ պայմաններ եւ ապահովվում խելամիտ հարմարեցումներ՝ հաշվի առնելով վերականգնողական անհատական ծրագրերում ընդգրկված միջոցառումները:

2. Եթե հաշմանդամություն ունեցող նախադպրոցական տարիքի երեխայի առողջական վիճակով պայմանավորված, հնարավոր չէ նրա դաստիարակությունն իրականացնել նախադպրոցական կրթության ծրագիր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատություններում կամ ընդհանուր տիպի մանկական նախադպրոցական այլ հիմնարկներում, ապա երեխայի ծնողի (կամ այլ օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ, այն կարող է իրականացվել տնային պայմաններում՝ նախադպրոցական կրթության ծրագիր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատության կամ ընդհանուր տիպի նախադպրոցական այլ հիմնարկի եւ համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի աջակցությամբ՝ պետական բյուջեի կամ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: Այս դեպքում երեխայի խնամքն ու դաստիարակությունը փաստացի իրականացնող ծնողին (կամ այլ օրինական ներկայացուցչին) տրամադրվում է նյութական ապահովություն կամ արտոնություններ: Սույն մասով սահմանված՝ նախադպրոցական կրթության ծրագիր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատության կամ ընդհանուր տիպի մանկական նախադպրոցական այլ հիմնարկի եւ համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի կողմից երեխայի դաստիարակությանն աջակցության, դրա ֆինանսավորման, ինչպես նաեւ երեխայի խնամքն ու դաստիարակությունը փաստացի իրականացնող ծնողին (կամ այլ օրինական ներկայացուցչին) նյութական ապահովությունը կամ արտոնությունները տրամադրելու կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 37. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

1. Հաշմանդամություն ուենցող անձանց տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագույն մասնագիտական կրթությունն իրականացվում է ընդհանուր հանրակրթական եւ մասնագիտական ուսումնական հաստատություններում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հատուկ ուսումնական (կրթական) հաստատություններում, եթե հաշմանդամություն ունեցող տվյալ անձի մտավոր եւ (կամ) հոգեկան զարգացման առանձնահատկություններով պայմանավորված, հնարավոր չէ հաշմանդամություն ունեցող անձի կրթությունն իրականացնել ընդհանուր հանրակրթական եւ մասնագիտական ուսումնական հաստատություններում:

2. Պետությունը, կրթության եւ գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի միջոցով, հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովում է`

1) ներառական, հասանելի եւ մատչելի կրթություն` կրթության բոլոր մակարդակներում,

2) ողջ կյանքի ընթացքում ուսուցման իրականացման հնարավորություն:

3. Ուսումնական հաստատություններում քննությունների (այդ թվում՝ ընդունելության), ստուգարքների, մրցույթների եւ ուսուցման ողջ ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար պայմաններ ստեղծելու նպատակով ապահովվում են խելամիտ հարմարեցումներ եւ իրականացվում անհրաժեշտ այլ միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

4. Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամություն ունեցող անձինք, վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում, այլ հավասար պայմանների դեպքում, oգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու նախապատվության (առաջնահերթության) իրավունքից:

5. Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած եւ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերի համար առնվազն անցումային միավորներ հավաքած 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն եւ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են համապատասխան ուսումնական հաստատությունների անվճար համակարգեր:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքով պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն եւ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե ուսումնառության ընթացքում կատարված բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքում նրանց հաշմանդամություն չի սահմանվել:

7. Պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորողները տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության անվճար ուսուցման համակարգ, եթե ուսումնառության ընթացքում ճանաչվել են որպես 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ կամ հաշմանդամություն ունեցող երեխա:

8. Սույն հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասերով սահմանված հիմքերով պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում առկա (ստացիոնար) ձեւով ուսուցանող՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն եւ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անձինք, հերթական քննությունները եւ ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում, ստանում են կրթաթոշակ՝ հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակն ունենալու ողջ ժամանակահատվածում, անկախ ստացվող այլ նպաստներից, թոշակներից կամ այլ դրամական վճարումներից: Այդ անձանց կրթությունը եւ ուսուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ:

9. Վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան առողջապահության համակարգի հիմնարկներում եւ կազմակերպություններում բժշկական վերականգնում անցնող՝ հաշմանդամություն ունեցող անձի համար, կարող են կազմակերպվել ուսումնական պարապմունքներ՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով եւ պայմաններին համապատասխան, պետական բյուջեի կամ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

ՀՈԴՎԱԾ 38. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

1. Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց` զբաղված եւ չզբաղված լինելու միջեւ ընտրություն կատարելու իրավունքը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

2. Զբաղվածության ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման նպատակով մատչելի պայմաններ եւ հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով՝

1) հաշմանդամություն ունեցող անձանց աշխատուժն օգտագործող կազմակերպությունների, հիմնարկների, անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների նկատմամբ պետությունն իրականացնում է արտոնյալ ֆինանսատնտեսական քաղաքականություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով,

2) կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձեւից, սահմանվում է աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (այսուհետ` քվոտա) հաշմանդամություն ունեցող եւ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձանց աշխատանքի տեղավորման համար,

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, պետությունը խրախուսում է գործատուների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը,

4) ուսումնական հաստատություններում եւ մասնագիտական ուսուցման դասընթացներում սովորող, ինչպես նաեւ վարձու աշխատող հանդիսացող՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար, վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, ապահովվում են համապատասխանաբար ուսուցման եւ աշխատանքի համար պատշաճ, անվտանգ եւ առողջության համար անվնաս պայմաններ, իսկ անհրաժեշտության դեպքում, նաեւ խելամիտ հարմարեցումներ,

5) հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով տրամադրվում է աշխատատեղի հարմարեցման աջակցություն,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, պետությունը խրախուսում է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության կազմակերպումը եւ իրականացումը, այդ թվում՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այդ նպատակով անհրաժեշտ պայմանների ստեղծման, հումքի ձեռքբերման եւ արտադրանքի իրացման գործում օժանդակելու միջոցով,

7) վերականգնողական անհատական ծրագրերին համապատասխան, իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական (աշխատանքային) վերականգնում՝ սույն օրենքի 24-րդ հոդվածով եւ 28-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների համաձայն,

8) իրականացվում են համալիր եւ տարեկան ծրագրերով սահմանված միջոցառումներ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական կողմնորոշման ապահովմանը, ստեղծագործական ներուժի բացահայտմանը եւ զարգացմանը, մասնագիտական ընդունակությունների եւ աշխատանքային կարողությունների արդյունավետ օգտագործմանը,

9) իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման համար անհրաժեշտ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումներ:

3. Գործատուի ընդունած ներքին եւ անհատական իրավական ակտերով, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերով չեն կարող սահմանվել այնպիսի պայմաններ, որոնք, պայմանավորված աշխատողի հաշմանդամություն ունենալու հանգամանքով, այլ աշխատողների համեմատ, վատթարացնում են նրա դրությունը: Այդպիսի պայմաններն իրավաբանական ուժ չունեն:

4. Գործատուների մեղքով աշխատանքային խեղում կամ մասնագիտական հիվանդություն ստացած եւ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված աշխատողների վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:

5. Համալիր եւ տարեկան ծրագրերով կարող է նախատեսվել նաեւ hաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության համար մատչելի պայմաններ եւ հավասար հնարավորություններ ապահովող այլ գործընթացների իրականացում:

ՀՈԴՎԱԾ 39. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ՇԱՀԵՐԸ

1. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ապահովությունը եւ սոցիալական այլ շահերի պաշտպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, սույն օրենքին եւ այլ իրավական ակտերին համապատասխան՝ դրամական վճարումների ձեւով, վերականգնմանն ուղղված միջոցառումների, այդ թվում՝ վերականգնման տեխնիկական միջոցներով եւ այլ օժանդակ պարագաներով ապահովմամբ, հատուկ տառատեսակներով տպագիր արտադրանքի, «Խոսող գրքերի» անվճար տրամադրմամբ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով:

2. Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակների, նպաստների եւ այլ դրամական վճարումների տրամադրումը՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ծավալով ու ձեւերով: Հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով եւ այլ իրավական ակտերով:

4. Խնամքի անհրաժեշտության դեպքում, հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է խնամք՝ տնային պայմաններում, բնակչության uոցիալական պաշտպանության հաuտատություններում, uոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ինչպես նաեւ հոսպիսներում՝ ոչ բարենպաստ ելքի կանխատեսումով հիվանդության վերջին շրջանում գտնվող հաշմանդամություն ունեցող անձին ամոքիչ (պալիատիվ) բժշկական oգնություն ցուցաբերելու նպատակով: Խնամքի տրամադրման կարգը եւ պայմանները uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, հաշմանդամություն ունեցող անձանց խնամք կարող է տրամադրվել նաեւ սույն հոդվածի 4-րդ մասում չնշված՝ սոցիալական սպասարկում իրականացնող այլ կազմակերպություններում, կենտրոններում, հիմնարկներում, խնամատար ընտանիքներում:

6. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ապահովության եւ սոցիալական այլ շահերի պաշտպանության նպատակով, ի թիվս սույն օրենքով սահմանված այլ գործընթացների

1) իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձանց բնակարային պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումներ՝ պետական համապատասխան ծրագրերում հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկելու կամ սոցիալական բնակարանային ֆոնդում նրանց համար որոշակի չափաքանակ սահմանելու միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններին համապատասխան, ընդ որում, հաշմանդամություն ունեցող անձանց բնակելի տարածությունները տրամադրելիս, հաշվի են առնվում հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ կարիքները, սոցիալական ենթակառուցվածքների հեռավորությունը,

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, պետությունը խրախուսում է հաշմանդամություն ունեցող անձանց խնամքն ու դաստիարակությունն իրականացնող, ինչպես նաեւ տեսողությունը կորցրած եւ ծանր հենաշարժական խնդիրներից հաշմանդամություն ունեցող անձանց անձնական ուղեկցողի ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց՝ արտոնությունների տրամադրման եւ (կամ) որոշակի ծախսերի հատուցման եւ (կամ) դրամական վճարումների տեսքով,

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, պետությունը խրախուսում է հաշմանդամություն ունեցող անձանց` աշխատանք փնտրելու եւ հարմար աշխատանքի տեղավորմանն ուղղված ջանքերը, ինչպես նաեւ նյութական ապահովման եւ շահույթ ստանալուն ուղղված ինքնoգնության ունակությունների զարգացումը,

4) իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանությանը եւ կենսամակարդակի բարելավմանն ուղղված հասցեական այլ ծրագրեր եւ միջոցառումներ:

7. Համալիր եւ տարեկան ծրագրերով կարող է նախատեսվել նաեւ hաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ապահովության եւ սոցիալական այլ շահերի պաշտպանության համար մատչելի պայմաններ եւ հավասար հնարավորություններ ապահովող այլ գործընթացների իրականացում:

ՀՈԴՎԱԾ 40. ՄԱՍՆԱՎՈՐ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

1. Հաշմանդամություն ունեցող անձինք, այլ անձանց հետ համահավասար հիմունքներով, ունեն մասնավոր ու ընտանեկան կյանքի ազատության իրավունք:

2. Հաշմանդամություն ունեցող անձանց մասնավոր եւ ընտանեկան կյանքի ազատությունը, այդ թվում՝ այլ անձանց կողմից իրենց մասնավոր ու ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը, անձեռնմխելիության իրավունքը երաշխավորված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ:

ՀՈԴՎԱԾ 41. ՄՇԱԿՈՒՅԹԸ

1. Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ անձանց հետ համահավասար հիմունքներով հասարակության մշակութային կյանքում ներգրավվելու, մշակութային կյանքին մասնակցելու, դրա պահպանմանն ու զարգացմանը նպաստելու իրավունքը եւ ապահովում է այդ իրավունքի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական եւ իրավական հիմքերը:

2. Մշակութային միջոցառումների ժամանակ կազմակերպիչները պարտավոր են հենաշարժական եւ տեղաշարժման խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսել խելամիտ հարմարեցումներ:

3. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, աջակցում եւ խրախուսում են հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը բոլոր մակարդակներում անցկացվող մշակութային միջոցառումներին:

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով ամրագրված երաշխիքներից ու միջոցառումներից բացի, մշակույթի ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման նպատակով մատչելի պայմանները եւ հավասար հնարավորություններն ապահովվում են նաեւ սույն օրենքի 33-րդ հոդվածով սահմանված պահանջների իրականացմամբ եւ հետեւյալ գործընթացների միջոցով՝

1) հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի հասանելիությունը (մատչելիությունը) ապահովող գործընթացների շրջանակներում, իրականացվում են թատրոնների, թանգարանների, կինոթատրոնների, գրադարանների, մշակութային նշանակություն ունեցող այլ շինությունների մատչելիության ապահովմանը եւ դրանցից անարգել կերպով օգտվելու պայմանների ստեղծմանը միտված աշխատանքներ, ընդ որում, համընդհանուր դիզայնի պահանջների լրիվ կամ մասնակի ապահովման անհնարինության դեպքում, ապահովվում է օժանդակ հարմարանքների առկայությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանք առավելագույնս հասանելի դարձնելու նպատակով,

2) իրականացվում են միջոցառումներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար պատմամշակութային հուշարձանների պահպանական գոտիներ եւ դրանց շրջապատող պատմական միջավայր մուտք գործելը հնարավորինս դյուրացնելու համար,

3) իրականացվում են միջոցառումներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մշակութային բարիքներն առավելապես հասանելի դարձնելու եւ դրանցից օգտվելը հնարավորինս դյուրացնելու համար, այդ թվում՝ ֆիլմերը, ներկայացումները, հեռուստատեսային ծրագրերը, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործությունները, մշակույթի եւ արվեստի երկերը, ինչպես նաեւ բնակչության մշակութային պահանջմունքների բավարարման նպատակով այլ մշակութային ծառայությունները եւ իրացվող մշակութային արտադրանքը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ձեւաչափով մատուցելու նպատակով,

4) հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանվում է մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, հիմնարկների վճարովի ծառայություններից օգտվելու արտոնությունների կարգ,

5) Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով եւ պայմաններին համապատասխան, պետությունը խրախուսում է հասարակության մշակութային կյանքում հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական կարողությունների եւ մտավոր ներուժի օգտագործումը:

5. Համալիր եւ տարեկան ծրագրերով կարող է նախատեսվել նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար մշակույթի ոլորտում մատչելի պայմանները եւ հավասար հնարավորություններն ապահովող այլ գործընթացների իրականացում:

ՀՈԴՎԱԾ 42. ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ

1. Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ հանգստի իրավունքը, այլ անձանց հետ համահավասար հիմունքներով ժամանցը կազմակերպելու եւ անցկացնելու, հասարակության մարզական կյանքին մասնակցելու, ֆիզկուլտուրայով եւ սպորտով զբաղվելու իրավունքը եւ ապահովում է այդ իրավունքի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական եւ իրավական հիմքերը:

2. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, աջակցում եւ խրախուսում են հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը բոլոր մակարդակներում անցկացվող մարզական միջոցառումներին: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, պետությունն աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց համար տարբեր մարզաձեւերով անցկացվող մրցաշարերի, սուրդլիմպիկ խաղերի, մտավոր խնդիրներ ունեցող՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ օլիմպիադաների կազմակերպմանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը պարալիմպիկ խաղերին եւ այլ միջազգային մրցաշարերին: Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմինը եւ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները իրականացնում են իրազեկման աշխատանքներ` փոխելու հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց մարզական կյանքի մեջ ներգրավելու հարցի առնչությամբ:

3. Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող երեխաների՝ այլ երեխաների հետ համահավասար հիմունքներով ֆիզկուլտուրային-առողջարարական միջոցառումներ կազմակերպելու եւ անցկացնելու, ֆիզիկական դաստիարակության պետական ծրագրերին մասնակցելու հնարավորությունները:

4. Մարզական միջոցառումների ժամանակ կազմակերպիչները պարտավոր են հենաշարժական եւ տեղաշարժման խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսել խելամիտ հարմարեցումներ:

5. Սույն հոդվածի 1-4-րդ մասերով ամրագրված երաշխիքներից ու միջոցառումներից բացի, հանգստի կազմակերպման եւ մարզական կյանքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման նպատակով մատչելի պայմանները եւ հավասար հնարավորություններն ապահովվում են նաեւ սույն օրենքի 33-րդ հոդվածով սահմանված պահանջների իրականացմամբ եւ հետեւյալ գործընթացների միջոցով՝

1) հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի հասանելիությունը (մատչելիությունը) ապահովող գործընթացների շրջանակներում, իրականացվում են մարզական կառույցների մատչելիության ապահովմանը եւ դրանցից անարգել կերպով օգտվելու պայմանների ստեղծմանը միտված աշխատանքներ, ընդ որում, համընդհանուր դիզայնի պահանջների լրիվ կամ մասնակի ապահովման անհնարինության դեպքում, ապահովվում է օժանդակ հարմարանքների առկայությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանք առավելագույնս հասանելի դարձնելու նպատակով,

2) սույն օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխան, ապահովվում է հանգստի եւ ժամանցի վայրերից հաշմանդամություն ունեցող անձանց անարգել կերպով օգտվելու պայմանների ստեղծումը,

3) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ցուցաբերվում է աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում ֆիզկուլտուրային եւ մարզական ծրագրերի իրականացմանը,

4) առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը եւ լիազորած մարմինն աջակցում են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող մարզական հասարակական կազմակերպություններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ պայմաններին համապատասխան,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններին համապատասխան, հաշմանդամություն ունեցող անձանց միավորող մարզական հասարակական կազմակերպություններին, միություններին եւ ընկերություններին տրամադրվում է մարզական գույք,

6) պրոֆեսիոնալ մարզիկների` մարզական գործունեության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերելու («հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչվելու) դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովվում է նրանց սոցիալական պաշտպանությունը,

7) կրթության եւ գիտության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից կազմակերպվում է ուսումնական հաստատություններում ուսուցանող՝ հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների ֆիզիկական ունակությունների զարգացումը,

8) լիազորած մարմնի կողմից ցուցաբերվում է աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզկուլտուրայի եւ սպորտի ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքներին:

6. Համալիր եւ տարեկան ծրագրերով կարող է նախատեսվել նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար հանգստի կազմակերպման եւ մարզական կյանքում մատչելի պայմանները եւ հավասար հնարավորություններն ապահովող այլ գործընթացների իրականացում:

ՀՈԴՎԱԾ 43. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆԸ

1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, սոցիալական ներառման համար մատչելի պայմանների եւ հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված քաղաքականության մշակման եւ իրականացման, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացը համակարգելու, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն, վիճակագրական եւ հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով ձեւավորվում եւ վարվում է (վարվում են) հաշմանդամության ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտի տեղեկատվական շտեմարան (շտեմարաններ):

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված շտեմարանը (շտեմարանները) ձեւավորվում է (ձեւավորվում են) անհրաժեշտ տվյալներն առցանց ինքնաշխատ ստանալու եղանակով, բժշկասոցիալական փորձաքննության (վերափորձաքննության) իրականացման նպատակով դիմող անձի ներկայացրած փաստաթղթերում ներառված տվյալներով, բժշկասոցիալական փորձաքննական (վերափորձաքննական) որոշումներում առկա տվյալներով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքներով չարգելված այլ եղանակներով տեղեկությունների ստացման միջոցով:

3. Հաշմանդամության ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտի տեղեկատվական շտեմարանում (շտեմարաններում) ներառված տվյալները չեն կարող օգտագործվել սույն հոդվածի 1-ին մասում չնշված այլ նպատակներով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի: Այդ շտեմարանի (շտեմարանների) ձեւավորման եւ օգտագործման գործընթացում երաշխավորվում է էթիկայի սկզբունքների պահպանումը, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող տեղեկատվության խորհրդապահական բնույթը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

4. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտի տեղեկատվական շտեմարանը (շտեմարանները) տիրապետում է լիազորած պետական մարմինը, սպասարկում եւ շահագործում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպությունը:

5. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտի տեղեկատվական շտեմարանում (շտեմարաններում) պետք է ապահովվի դրանում (դրանցում) ներառված տեղեկատվության բաղդատելիությունը, որոշակի հատկանիշներով համակարգումը եւ ըստ անհրաժեշտության՝ վիճակագրական տվյալների արտածման հնարավորությունը:

ԳԼՈՒԽ VIII.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 44. OՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման նորմեր պարունակող իրավական ակտերն uույն oրենքին համապատաuխանեցնելը` դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակաuում uույն oրենքին:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ հարուցված, սակայն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դեռեւս չավարտված վարչական վարույթներն իրականացվում են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող օրենսդրության համաձայն, եթե դիմողը, իսկ լիազորած մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի դեպքում` ընդունվելիք վարչական ակտի հասցեատերը, գրավոր չեն պահանջում, որ վարույթի չավարտված մասն իրականացվի սույն օրենքին համապատասխան:

4. Սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 33-րդ հոդվածի 6-րդ, 34-րդ հոդվածի 4-րդ, 35-րդ հոդվածի 3-րդ, 38-րդ հոդվածի 2-րդ, 39-րդ հոդվածի 6-րդ, 41-րդ հոդվածի 4-րդ, 42-րդ հոդվածի 5-րդ մասերում նշված գործընթացներն իրականացվում են փուլային կերպով, համալիր եւ տարեկան ծրագրերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, պայմաններով եւ ժամկետներում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-57-ՀՆ-0800-1 օրենքը: