Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1162-04.02.2017-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ Հոդված 18-ի հոդվածի երկրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջանը ներառող յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռոյալթիի իրացման շրջանառությունը 20 տոկոս կամ ավելի չափով ցածր է նույն ամսվա ընթացքում մատակարարված խտանյութում՝ մետաղների վերջնական պարունակության եւ նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա՝ այդ ամսվա համար իրացման շրջանառություն է համարվում մատակարարված խտանյութում պարունակվող մետաղների վերջնական պարունակության եւ նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային միջին գների 80 տոկոսի արտադրյալը»։

Հոդված 2. Օրենքի՝  18-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն օրենքի կիրառության իմաստով՝ մետաղի միջազգային միջին գին է համարվում ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի, իսկ որեւէ մետաղի դեպքում նշված աղբյուրի կողմից տվյալներ չհրապարակվելու դեպքում՝ համանման միջազգային այլ հեղինակավոր աղբյուրի տվյալների հիման վրա յուրաքանչյուր ամսվա համար հրապարակված գինը (հրապարակելով նաեւ՝ աղբյուրի վերաբերյալ տեղեկությունները)»։

Հոդված 3. Վճար վճարողներն ազատվում են Օրենքի 18 հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությամբ սահմանված կարգով հասույթի վերահաշվարկման արդյունքում՝ մինչեւ 2016 թվականը ներառյալ ընդգրկող հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերվող ռոյալթիների գծով հաշվարկված տույժերից եւ տուգանքներից։

Հոդված 4. Օրենքի 18 հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության համաձայն՝ մինչեւ 2016 թվականը ներառյալ հաշվետու ժամանակաշրջանների հասույթի վերահաշվարկման արդյունքում առաջացած պարտավորությունները կարող են մարվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն կազմված՝ հարկային մարմնի ղեկավարի եւ վճար վճարողի միջեւ դրանց աստիճանական մարման ժամանակացույցով։

Հոդված 5. Սույն օրենքի Հոդված 1-ի եւ Հոդված 2-ի կիրառությունը տարածվում է 2017 թվականի հաշվետու տարվա ռոյալթիների հաշվարկման հարաբերությունների վրա։  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ ռոյալթիների հաշվարկման եւ վճարման նոր կարգն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից։ Օրենսգրքի 202 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ռոյալթիի հաշվարկման բազա է համարվում հանքաքարի վերամշակման արդյունքում ստացված վերջնական արտադրանքի (մասնավորապես՝ խտանյութի կամ ձուլվածքի) իրացման շրջանառությունը։ Որպես ռոյալթիի բազայի որոշման առաջին մոտեցում՝ հիմք է ընդունվելու վերջնական արտադրանքի իրացման պայմանագրային արժեքը, սակայն մետաղների ներկա միջազգային գների պայմաններում դա լինելու է չկիրառվող մոտեցում եւ ռոյալթիի հաշվարկման բազան որոշվելու է օրենսգրքով նախատեսված երկրորդ մոտեցմամբ՝ իրացման հաշվարկային (ըստ էության՝ արհեստականորեն գերագնահատված) արժեքից (հաշվարկելով խտանյութում պարունակվող մետաղների արժեքի 90%-ից):

Մետաղական խտանյութի դեպքում իրացման շրջանառությունը որոշելու նպատակով միջազգային պրակտիկայում հաշվի են առնվում մատակարարման պայմանագրով սահմանված հետեւյալ չորս հիմնական գործոնները.

- դրանց իրացման դիմաց ստացվող պայմանագրային արժեքը չի ներառում պայմանագրի համաձայն վճարվող չհամարվող մետաղների որոշ քանակությունը։ Պղնձի խտանյութերի դեպքում դա սովորաբար խտանյութում պարունակվող պղնձի 1 տոկոսային կետն է, ոսկու՝ 10%-ը, բայց ոչ պակաս, քան՝ 1 գրամը, իսկ արծաթի դեպքում՝ 10%, բայց ոչ պակաս, քան՝ 30 գրամը.

- Վերջնական արտադրանքի իրացման պայմանագրային գինը որոշվում է՝ ելնելով համաշխարհային շուկաներում ձուլարանների եւ խտանյութ արտադրող կազմակերպությունների միջեւ վերամշակման եւ զտման ծախսերի (Treatment costs and Refining costs, TC/RC) փաստացի մակարդակներից։ Ընդ որում, պայմանագրի կողմերն առաջնորդվում են համաշխարհային առաջատար ընկերությունների (շուկաներում մեծ մասնաբաժին եւ որոշիչ դեր ունեցող ձեռնարկությունների) միջեւ տարեկան պայմանագրերի պայմանների վերաբերյալ կայացված համաձայնություններով։ Այդ արժեքային մեծությունները հրապարակվում են բանակցությունների ավարտից անմիջապես հետո, ունեն հրապարակային  բնույթ եւ հասանելի են շուկայի այլ մասնակիցների համար.

- Արտադրանքի իրացման պայմանագրով որոշված իրացման արժեքի հիմքում ընկած են մետաղների շուկայում ձեւավորված բորսայական փաստացի գները (օրինակ, Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ձեւավորվող գնանշումները).

- Արտադրանքի իրացման պայմանագրային արժեքը չի ներառում արտադրանքի առաքման հետ կապված տրանսպորտային ծախսերը։ Այդպիսի տրանսպորտային ծախսերը որոշվում են՝ ելնելով արտադրանքը մինչեւ մոտակա նավահանգիստ տեղափոխելու համար անհրաժեշտ ցամաքային փոխադրումների արժեքից (որպես կանոն` հիմք են ընդունվում վրացական նավահանգիստները), ծովային փոխադրումների համար անհրաժեշտ նավահանգստային ծախսերի չափից եւ ծովային փոխադրումների միջին արժեքներից։ Հաճախ, պայմանագրի կողմերը տրանսպորտային ծախսերի մասով կատարվող հանումը կարգավորում են ոչ թե առանձին տողով, այլ՝ այն ներառում են արտադրանքի վերամշակման ծախսերի (Treatment costs) կազմում։

Հետեւաբար, օրենսգրքով նախատեսված՝ հասույթի որոշման հաշվարկային մեթոդը նույնպես պետք է լինի այնպիսին, որ մի կողմից՝ կանխարգելի բազան նվազեցնելու միջոցով ռոյալթիների բազայի արհեստականորեն կրճատումը, եւ մյուս կողմից՝ համապատասխանի մետաղների գների ներկա պայմաններում ձեւավորված իրականությանը։

Միաժամանակ, առաջարկվում է կարգավորումը տարածել 2017 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների նկատմամբ։ Այդ նպատակով համապատասխան փոփոխություններ են առաջարկվել նաեւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքներում։

Օրենքների փոփոխությամբ կարգավորման նպատակը.

Ներկայացված նախագծերի նպատակն է՝

- Հարկային մարմնի կողմից ռոյալթիի բազայի անուղղղակի գնահատման եղանակի կիրառության դեպքում 80% սահմանաչափ կիրառելը (ներկայում սահմանված 90%-ի փոխարեն),

- Կառավարությանն իրավասություն վերապահել՝ վճարվող մետաղների կազմը սահմանելու համար (որպեսզի հստակեցվի, թե անուղղակի եղանակով հաշվարկման ժամանակ ո՞ր մետաղներն են ներառվում հաշվարկում)

- Կառավարությունն իրավասություն վերապահել՝ մետաղներից յուրաքանչյուրի համար չվճարվող առավելագույն սահմանաչափեր սահմանելու համար, որպեսզի կրճատվեն արհեստականորեն հարկման բազան նվազեցնելու հնարավորություններն այն ժամանակ, երբ մետաղների գները կլինեն համապատասխանաբար բարձր եւ կկիրառվի բազայի որոշման առաջին՝ հիմնական մեթոդը.

- Լոնդոնի մետաղների բորսայից բացի, առաջարկվում է լրացնել եւ համանման այլ հեղինակավոր աղբյուրներից օգտվելու հնարավորությունը, քանի որ մի շարք մետաղների դեպքում նշված աղբյուրը տվյալներ չի հրապարակում (մասնավորապես, ոսկի, արծաթ),

- Հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով ռոյալթիների վերահաշվարկման դեպքում տույժերից եւ տուգանքներից ազատումը,

- Անուղղակի եղանակով վերահաշվարկված ռոյալթիների համար հարկային մարմնի ղեկավարին ժամանակացույց սահմանելու իրավասության վերապահումը,

- 2017-ի հունվարի 1-ից առաջարկված փոփոխությունների կիրառության կարգավորումը։