Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-1131-09.12.2016,03.02.2017-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«15) կենսաթոշակային հաշիվ՝ մասնակիցների ռեեստրը վարողի մոտ սոցիալական վճար կատարող կամ Օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերած անձի անունով բացված հաշիվ, որտեղ հաշվառվում են ձեռք բերված պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերը, ինչպես նաեւ տեղեկություններ  պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակի, այդ փայերի հաշվարկային արժեքի, այդ փայերի ձեռք բերման համար կատարված կուտակային հատկացումների վերաբերյալ, օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված այլ տեղեկություններ.».

2) 28-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«28) մասնակից՝ սույն օրենքով սահմանված կարգով սոցիալական վճար կատարող (կատարած) անձ, որի համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվել է կուտակային հատկացում կամ որի համար (օգտին) կատարվում են կամավոր կենսաթոշակային վճարներ, կամ անձ, որը օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր: Սույն Օրենքի իմաստով մասնակից չի հանդիսանում կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը.».

3) 29-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«29) մասնակիցների ռեեստր` մասնակիցների եւ նրանց անունով բացված կենսաթոշակային հաշիվներում հաշվառվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի վերաբերյալ տվյալների միասնական համակարգ: Մասնակիցների ռեեստրում առկա ամբողջ տեղեկատվությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը.»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 6-րդ մասը վերջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն մասով սահմանված առավելագույն սահմանաչափերը չեն տարածվում սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքերի վրա:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ եւ 12-րդ մասերով.

«11. Անձը կարող է ընտրել իր նկատմամբ չկիրառելու սույն հոդվածի 6-րդ մասով եւ 81-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված առավելագույն սահմանաչափերը` այդ մասին ներկայացնելով դիմում հարկային մարմին: Սույն մասով սահմանված դիմումը ներկայացրած անձի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի գումարը չի կարող գերազանցել սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի «ա» եւ «բ» եւ 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված սահմանաչափերը: Անձը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել սույն մասով կատարված ընտրությունից` ներկայացնելով դիմում հարկային մարմնին: Սույն մասում նշված դիմումները վարձու աշխատողը (բացի հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողից) հարկային մարմին է ներկայացնում գործատուի միջոցով:

12. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դիմումները հարկային մարմին ներկայացնելու կարգը, դիմումի ձեւը սահմանում է հարկային ոլորտի ՀՀ կառավարության լիազոր մարմինը:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 8-րդ մասի 1-ին կետը «սերիան» բառից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով.

2) 8-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցի չափը.»:

Հոդված 4 . Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «եթե կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի» բառերից հետո լրացնել «կամ սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումի հիման վրա կամ դատարանի որոշման հիման վրա» բառերը:

2) լրացնել 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ՝

«4. Օտարերկրյա պետությունում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադառնալու եւ (կամ) բնակություն հաստատելու դեպքում այդ պետությունում նրանց անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգից այդ անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում բացված կուտակային կենսաթոշակային հաշվիներին գումարները փոխանցելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության պետական լիազոր մարմինը:»:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը առաջին անգամ անձին ներկայացվում է կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումում նշված հասցեով՝ թղթային տարբերակով, եթե նա այլ տարբերակ չի ընտրել: Երկրորդ եւ հետագա անգամները սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը թղթային տարբերակով ստանալու համար անձը յուրաքանչյուր անգամ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1 մասով.

«2.1. Եթե անձը մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող որեւէ դիմումում մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն ստանալու համար ընտրել է էլեկտրոնային եղանակը, ապա առաջին եւ հետագա անգամները սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը անձին ներկայացվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված որեւէ դիմումում նշված էլեկտրոնային հասցեով: Եթե անձը ցանկանում է դադարեցնել սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվության ստացումը, ապա սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին:».

3) 3-րդ մասի 1-ին նախադասությունում «բնակչության պետական ռեգիստրում նշված՝» բառերը փոխարինել «մասնակիցների ռեեստրը վարողի մոտ առկա՝» բառերով.

4) 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձն իրավունք չունի սույն օրենքով սահմանված կարգով ընտրելու պարտադիր կենսաթոշակային ֆոնդ կամ ֆոնդի կառավարիչ, փոխանակելու փայերը, դիմելու կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման եւ մարման արդյունքում ձեւավորված դրամական միջոցները ստանալու համար, ինչպես նաեւ կենսաթոշակային ֆոնդի փայերը մարելու եւ արդյունքում ձեւավորված դրամական միջոցները փոխանցելու օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին մինչեւ մասնակիցների ռեեստրը վարողին սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված դիմումը ներկայացնելը:».

2) 14-րդ մասում «կենսաթոշակային տարիքը լրանալը:» բառերը փոխարինել «կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելը:» բառերով:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11) ժառանգների կամահայտնության հիման վրա փոխանցում է մահացած մասնակցի կենսաթոշակային հաշվին պահվող փայերը ժառանգի կենսաթոշակային հաշվին կամ մարում է այդ փայերը եւ արդյունքում ձեւավորված դրամական միջոցները փոխանցում ժառանգի բանկային հաշվին, իսկ փայերն անժառանգ ճանաչվելու դեպքում մարում է կենսաթոշակային փայերը եւ ձեւավորված դրամական միջոցները փոխանցում պետական բյուջե.»:

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10) այն մասնակիցների թիվը, որոնց համար (օգտին) տվյալ կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդին կատարվում են կուտակային հատկացումներ տարեկան պարբերականությամբ:»:

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «ժառանգներին» բառից հետո լրացնել «եւ նոտարին» բառերով:

2) 1-ին մասը «ներկայացրել» բառից հետո լրացնել «եւ նոտարներին, եթե ժառանգական գործի շրջանակներում վերջիններիս կողմից համապատասխան հարցում է ներկայացվել:» բառերով:

Հոդված 10. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է ֆինանսական տարվա ավարտից հետո` մինչեւ մայիսի 1-ը, http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել իր եւ իր կողմից կառավարվող ֆոնդերի տարեկան ֆինանսական հաշվետվությունները եւ դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը:»:

Հոդված 11. Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը «համար» բառից հետո լրացնել «՝ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով» բառերով:

Հոդված 12. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 1-ին կետում «անձնագրի սերիան» բառերը փոխարինել «անձը հաստատող փաստաթղթի սերիան (առկայության դեպքում)» բառերով.

2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) մասնակցի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը,  էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում),  մասնակցի կողմից նշված հասցեն եւ այլն).»:

Հոդված 13. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Եթե անձը չի ներկայացրել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում, ապա մասնակիցների ռեեստրը վարողը տվյալ անձի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ կենսաթոշակային ֆոնդի ընտրությունից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին թղթային՝ մասնակիցների ռեեստրը վարողի մոտ առկա` Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով կամ էլեկտրոնային (առկայության դեպքում) ձեւով տեղեկացում է ուղարկում տվյալ անձին (բացառությամբ այն դեպքի, երբ անձը ներկայացրել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դիմում): Ընդ որում, սույն մասի առաջին նախադասությամբ նախատեսված տեղեկացումը պետք է պարունակի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տեղեկությունները:»:

Հոդված 14. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասում «10 օրվա» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա» բառերով.

2) 10-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կանոնների համաձայն` ֆոնդի կանոններով սահմանված հիմքերով: Ընդ որում, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կանոններով կարող են սահմանվել միայն Կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ որոշմամբ սահմանված փայերի հետգնման (մարման) կամ նոր ֆոնդերի փայերի թողարկման կասեցման հիմքերը: Սույն կետով սահմանված դեպքում փոխանակման ենթակա փայերի հետգնումը (մարումը) կամ նոր ֆոնդերի փայերի թողարկումը կարող է կասեցվել ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով` նախապես տեղեկացնելով Կենտրոնական բանկին, մասնակիցների ռեեստրը վարողին եւ պահառուին փայերի հետգնման (մարման) կամ նոր ֆոնդերի փայերի թողարկման կասեցման մասին՝ նշելով դրա հիմքերը, ինչպես նաեւ այդ մասին տեղեկատվությունը երեք օրվա ընթացքում հրապարակելով մասնակիցների ռեեստրը վարողի եւ կառավարչի պաշտոնական ինտերնետային կայքում:»:

Հոդված 15. Օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի իմաստով բաժնային արժեթղթերը չեն ներառում այն ներդրումային ֆոնդերի փայերը (բաժնետոմսերը), որոնց կանոնների (կանոնադրության) համաձայն` ֆոնդի ակտիվների առնվազն 90 տոկոսը կարող են ներդրվել միայն սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված բանկային ավանդներում, պարտքային արժեթղթերում:»:

Հոդված 16. Օրենքի 39-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության համայնքների,» բառերը.

2) 9-րդ մասի երկրորդ նախադասությունում «2 տոկոսը» բառերը փոխարինել «10 տոկոսը» բառերով.

3) 15-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մեկ անձի հետ ածանցյալ գործիքով կնքված գործարքի չափը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների արժեքի 10 տոկոսը, եթե գործարքի կողմը բանկ է կամ գործարքը կնքվել է կարգավորվող շուկայում, եւ չի կարող գերազանցել 5 տոկոսը մնացած այլ դեպքերում:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24-րդ մասով.

«24. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել նոր թողարկված արժեթղթերում, որոնց թողարկման եւ (կամ) առաջարկի պայմանների համաձայն` դրանք պետք է թույլատրվեն սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասով նախատեսված որեւէ կարգավորվող շուկայում դրանց թողարկմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում:»:

Հոդված 17. Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում «ժառանգված» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր ֆոնդի» բառերը:

Հոդված 18. Օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Եթե հատուցման դեպքն առաջացել է որեւէ անձի անօրինական գործողությունների կամ անգործության (այդ թվում՝ կառավարչի ֆիդուցիար պարտականությունների խախտման) հետեւանքով, ապա երաշխավորված պարտադիր կուտակային հատկացումների` ճշգրտված տարեկան գնաճով հատուցումն իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը եւ երաշխիքային ֆոնդը հետադարձ պահանջի իրավունք են ձեռք բերում տվյալ անձի նկատմամբ, այն վնասի չափով, որի համար տվյալ անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:»:

Հոդված 19. Օրենքի 52-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ եւ 8-րդ մասերով.

«7. Անուիտետի միջոցով կենսաթոշակ ստանալու մասնակցի իրավունքը իրացնելու եւ մասնակիցների ռեեստրը վարողի կողմից նշված գործընթացը կազմակերպելու նպատակով ապահովագրական ընկերությունը պարտավոր է մասնակցի հետ սույն հոդվածով նախատեսված անուիտետի պայմանագիրը կնքելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնել հետեւյալ տեղեկությունները՝

1) մասնակցի անունը եւ ազգանունը,

2) մասնակցի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

3) կնքված անուիտետի պայմանագրի համարը,

4) պայմանագրի կնքման ամսաթիվը եւ գործողության ժամկետը:

8. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում ապահովել ստացված տվյալների գրանցումը:»:

Հոդված 20. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասը նոր պարբերությունից լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկի առկայության մասին համապատասխան բնագավառի (սոցիալական ապահովության կամ առողջապահության) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը տեղեկացնում է մասնակիցների ռեեստրը վարողին` այդ հիմքերի առկայությունը հավաստող փաստաթուղթը անձին տրամադրելու օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկատվության տրամադրման կարգը եւ կազմը սահմանում է սույն մասով սահմանված համապատասխան բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը:»:

Հոդված 21. Օրենքի 58-րդ հոդվածում.

1) 2-րդ մասի 1-ին կետում «անձնագրի սերիան եւ» բառերը փոխարինել «անձը հաստատող փաստաթղթի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Կենսաթոշակային փայերի ժառանգման գործընթացը կազմակերպելու նպատակով նոտարը պարտավոր է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգելու մասին ժառանգության իրավունքի վկայագրում առկա տեղեկատվությունը տրամադրել մասնակիցների ռեեստրը վարողին՝ դրանք ժառանգին տրամադրելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն մասով սահմանված տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:»:

Հոդված 22. Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Դիմումը մերժելու եւ դրա պատճառների մասին մասնակիցների ռեեստրը վարողը տեղեկացնում է դիմում ներկայացրած ժառանգին, այն եղանակով, որ եղանակով դիմումը ներկայացվել է:»:

Հոդված 23.   Օրենքի 81-րդ հոդվածի 8-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն մասով սահմանված առավելագույն սահմանաչափերը (շեմերը) չեն տարածվում սույն օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքերում:»:

Հոդված 24. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն  ուժի մեջ է մտնում սույն Օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դիմումի ձեւն ու ներկայացման կարգը հարկային ոլորտի ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից սահմանված նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց 6 ամիս հետո:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
«Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է վերոնշյալ օրենքների կիրառման ընթացքում մինչ այժմ ի հայտ եկած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ օրենսդրությամբ ներկայումս նախատեսված ներդրումային ֆոնդերի կառավարիչների ֆիդուցիար պարտականությունների կարգավորումը կարիք ունի բարելավման՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը եւ դրա միտումները:

Օրենքը կառավարչի կողմից պայմանագրային ներդրումային ֆոնդի (այդ թվում՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի) մասնակիցներին պատճառած վնասի հատուցման համար նախատեսում է միայն վնաս կրած մասնակիցների համար կառավարչի հաշվին փայերի թողարկան տարբերակը՝ անհարկիորեն սահմանափակելով ֆոնդին դրամական միջոցներով հատուցման տարբերակը: Մինչդեռ ուղղակիորեն կենսաթոշակային ֆոնդին դրամական միոցներով հատուցելու տարբերակը միանգամայն տրամաբանական է այն դեպքերում, երբ վնաս կրել են բոլոր մասնակիցները, այլ ոչ թե կոնկրետ մասնակիցներ:

Հստակ չէ նաեւ հատուցման ընթացակարգը, այդ թվում՝ ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում բացահայտված սխալի ճշգրտման դեպքերում, ինչը նմանատիպ դեպքերի ի հայտ գալու պարագայում կարող է առաջացնել լրացուցիչ խնդիրներ:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, եթե անձի ամսական (տարեկան) համախառն եկամուտը չի գերազանցում 500 000 (6 000 000) դրամը, ապա տվյալ անձի համար կատարվող կուտակային հատկացման չափը կազմում է նրա համախառն եկամտի 10 տոկոսը: Սակայն, եթե անձի ամսական (տարեկան) համախառն եկամուտը գերազանցում է 500 000 (6 000 000) դրամը, ապա օրենքում առկա սոցիալական վճարի առավելագույն չափի սահմանափակումների պայմաններում անձի օգտին կատարվող կուտակային հատկացման չափը կազմում է համախառն եկամտի 10 տոկոսից պակաս: Դա նշանակում է, որ անձը չի կարող կուտակել 10 տոկոս (կատարել 5 տոկոսից ավելի սոցիալական վճար), ինչպես դա արվում է ավելի ցածր եկամուտ ունեցող անձանց դեպքում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի դեպքում ֆոնդերի ակտիվների արժեքի հաշվարկը փաստացի իրականացնում են արտասահմանյան կազմակերպություններ, ապա տարվա ընթացքում որոշակի օրերին ֆոնդերի ակտիվների արժեքի հաշվարկը դառնում է խնդրահարույց: Մասնավորապես այն օրերին, երբ Հայաստանում աշխատանքային է, իսկ համապատասխան օտարերկրյա պետությունում՝ ոչ աշխատանքային, օրինակ՝ ՀՀ կառավարության որոշմամբ աշխատանքային օրերի տեղափոխության դեպքերում:

Ներդրումային եւ կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների կանոնները կարիք ունեն բարելավման՝ միջազգային լավագույն փորձի ներդրման, ֆոնդերի եկամուտների ավելացման, ինչպես նաեւ կենսաթոշակային խնայողությունների հաշվին տնտեսության ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն իր կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տարեկան հաշվետվություն ստանալու համար անձը պարտավոր է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դիմում ներկայացնել մասնակիցների ռեեստրը վարողին: Ընդ որում, վերոնշյալ դիմումը անհրաժեշտ է ներկայացնել տեղեկատվությունը ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով ստանալու համար: Դա լրացուցիչ անհարմարություն է ստեղծում այն անձանց համար, ովքեր մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված որեւէ դիմումով ընտրել են տեղեկատվության ստացման էլեկտրոնային եղանակը՝ նշելով իրենց էլեկտրոնային փոստի հասցեները, քանի որ վերջիններս ստիպված են եւս մեկ անգամ դիմում ներկայացնել մասնակիցների ռեեստրը վարողին՝ նշելով էլեկտրոնային փոստի հասցեն:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող որոշ դիմումներին կից անհրաժեշտ է նաեւ ներկայացնել համապատասխան փաստաթղթեր տրված նոտարի կամ պետական լիազոր մարմնի կողմից: Ներկայումս մասնակիցների ռեեստրը վարողը վերոնշյալ փաստաթղթերում առկա տեղեկատվությունը ստանում է դիմումատուից, ինչի արդյունքում առկա է դիմումատուի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու ռիսկ: Միեւնույն ժամանակ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն համապատասխան փաստաթղթերում առկա տեղեկատվությունը համարվում է «անձնական տվյալ» եւ փաստաթղթերը տրամադրած մարմինը իրավասու չէ այդ տեղեկատվությունը տրամադրել մասնակիցների ռեեստրը վարողին: Սա խոչընդոտում է զեղծարարության ռիսկը հնարավորինս նվազեցնելու համար գործընթացում ներգրավված իրավասու մարմինների եւ կազմակերպությունների միջեւ տեղեկությունների փոխանակմանը:

«Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածում սահմանված կառավարչի եւ կառավարչի արտաքին աուդիտն իրականացնող անձի միջեւ կնքվող պայմանագրում նախատեսված դրույթները հստակ չեն եւ կարող են տարբեր կերպ մեկնաբանվել, ինչի հետեւանքով կառավարչի կողմից արտաքին աուդիտի համար կատարվող ծախսերը կարող են աճել: Օրինակ, հստակ չէ, թե ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող որ հաշվետվությունների վերաբերյալ պետք է եզրակացություն ներկայացնի արտաքին աուդիտն իրականացնող անձը:

«Կուտակային կենսաթոշակների մասին» եւ «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքներում որոշ հասկացություններ հստակ չեն կամ հակասում են միմյանց, ինչը կարող է տարակարծությունների եւ տարընկալումների տեղիք տալ: Օրենքներում առկա են նաեւ տեխնիկական սխալներ:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում՝

Միջազգային լավագույն փորձի հիման վրա հստակեցվել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասների հատուցման գործընթացը, այդ թվում՝ կառավարիչների ֆիդուցիար պարտականությունների շրջանակը:

Համաձայն նախագծերի, կառավարիչը եւ պահառուն հնարավորություն կունենան նաեւ հատուցումն իրականացնել համապատասխան ֆոնդին դրամական եղանակով վճարելու միջոցով (օրինակ, երբ վնասը պատճառվել է բոլոր մասնակիցներին): Սա կկրճատի միջոցների ավելորդ հոսքերը, նվազեցնելով գործառնական ռիսկերը: Միասնական մոտեցում է սահմանվում նաեւ ֆոնդերի պահառուների համար:

Նախագծերով հնարավորություն է տրվում ֆոնդի կառավարչին որոշակի աշխատանքային օրերի չհաշվարկելու եւ չհրապարակելու ֆոնդի զուտ ակտիվների արժեքը, եթե դրա հաշվարկումը պատվիրակված է արտասահմանյան կազմակերպության, եւ այդ օրերը նախապես հրապարակվել են կառավարչի ինտերնետային կայքում: Ընդ որում, այդ օրերը կարող են ներառել միայն վերը նշված արտասահմանյան կազմակերպության համար ոչ աշխատանքային օրերը, ինչպես նաեւ շաբաթ եւ կիրակի օրերը (անկախ դրանց աշխատանքային լինելու հանգամանքից):

Նախագծերի համաձայն կենսաթոշակային ֆոնդերը կարող են ներդրումներ կատարել նաեւ նոր թողարկված այնպիսի արժեթղթերում, որոնք ենթակա են ցուցակման ֆոնդային բորսայում, սակայն դեռեւս չեն ցուցակվել: Այս մոտեցումը գործում է այլ ներդրումային ֆոնդերի դեպքում, համապատասխանում է միջազգային փորձին, եւ էական խթան կարող է հանդիսանալ տարբեր կազմակերպությունների կողմից նոր թողարկումների համար:

Տնտեսության համար կենսաթոշակային խնայողությունների հասանելիությունը բարձրացնելու նպատակով բարելավվել են ֆոնդերի ներդրումների սահմանափակումները, ինչը կխթանի զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտներում կենսաթոշակային կուտակումների հաշվին ներդրումները:

Ելնելով ինչպես ցածր, այնպես էլ բարձր եկամուտ ստացող անձանց հավասար իրավունքներ եւ հնարավորություններ ընձեռելու անհրաժեշտությունից՝ նախագծերով հնարավորություն է տրվում բարձր եկամուտ ստացող անձանց կամավորության սկզբունքով կատարելու ներկայիս 25000 դրամը սահմանաչափը գերազանցող չափով սոցիալական վճարներ, որպեսզի կենսաթոշակային հաշվին փոխանցվող գումարը կազմի համախառն եկամտի 10 տոկոսը (կամ որ նույնն է՝ անձը կարող է ընտրել իր նկատմամբ չկիրառելու սոցիալական վճարի համար օրենքով նախատեսված առավելագույն սահմանաչափերը): Անձը կարող է ցանկացած պահի դադարեցնել ավել վճարելը եւ վերադառնալ 25000 դրամ շեմին: Արդյունքում, բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան ձեւավորելու իրենց եկամտին համարժեք կենսաթոշակային խնայողություններ:

Օրենքների նախագծերով հնարավորություն է տրվում անձանց էլեկտրոնային եղանակով ստանալ կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը առանց լրացուցիչ դիմում մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու:

Օրենքների նախագծերով կարգավորվել է տեղեկատվության փոխանակման մեխանիզմները մասնակիցների ռեեստրը վարողի եւ նոտարի ու պետական լիազոր մարմնի միջեւ: Նախագծերով հնարավորություն է տրվում վերոնշյալ մարմիններին փոխանակել/տրամադրել պարտադիր կենսաթոշակային համակարգի մասնակիցների վերաբերյալ  անձնական տվյալներ, ինչի արդյունքում հնարավորինս կնվազեցվի զեղծարարության ռիսկը:

Օրենքների նախագծերով հստակեցվում են կառավարչի եւ կառավարչի արտաքին աուդիտն իրականացնող անձի միջեւ կնքվող պայմանագրի բովանդակության նկատմամբ պահանջները:

Նախագծերի ընդունման արդյունքում հստակեցվում են հասկացությունները, ինչպես նաեւ տեխնիկական շտկումներ են կատարվում:

Վերը նշված փոփոխությունները հաշվի են առնում ոչ միայն առկա խնդիրները, այլ միջազգային լավագույն փորձը: Կատարվող փոփոխությունները նպատակ են հետապնդում մեխանիզմներ ստեղծել կենսաթոշակային եւ ներդրումային ֆոնդերի մասնակիցների շահերի լիարժեք պաշտպանության եւ համակարգի նկատմամբ վստահության բարձրացման համար:

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներ եւ անձինք

Նախագծերի մշակման աշխատանքներին մասնակցել են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: